Սեմինարիա
2 Նեփի 2.26–30. Ընտրելու ազատություն


«2 Նեփի 2.26–30. Ընտրելու ազատություն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 2.26–30», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 2.26–30

Ընտրելու ազատություն

Նկար
երիտասարդ տղաները երեկույթի ժամանակ

Ձեր կյանքի ընթացքում կհանդիպեք ընտրությունների: Ձեր կատարած ընտրություններից մի քանիսը երկարատև, երբեմն նույնիսկ՝ հավերժական հետևանքներ կունենան: Լեքին ուսուցանում էր, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ յուրաքանչյուրն «ազատ է՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք» կամ «գերություն և մահ» (2 Նեփի 2.27): Այս դասը կօգնի ձեզ օգտագործել ձեր կամքի ազատությունը՝ հետևելու Հիսուս Քրիստոսին:

Իմանալ յուրաքանչյուր սովորողի հանգամանքները Յուրաքանչյուր ուսանող տարբեր փորձառություններ և հարաբերություններ ունի, որոնք ազդում են ավետարանի ճշմարտությունների մասին նրանց մտածողության և զգացողության վրա: Փորձեք հասկանալ յուրաքանչյուր ուսանողի և նրա պատմությունը: Դասերին պատրաստվելիս և ուսուցանելիս մտածեք այն փոփոխական գործոնների մասին, որոնք կարող են ազդել ուսանողի արձագանքի վրա:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ 2 Նեփի 2.27 հատվածը և աղոթքով որոշել, թե իրենց կյանքի որ ընտրություններն են օգնում իրենց ավելի մոտ լինել Փրկչին և ստանալ Նրա առաջարկած օրհնությունները: Նրանց առաջարկեք նաև մտածել բոլոր այն ընտրությունների մասին, որոնք նրանք գուցե ցանկանային փոխել։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կատարել ընտրություններ

Գրատախտակին գրեք ստորև ներկայացվող ցանկը: Առաջարկեք ուսանողներին քննարկել զույգերով, փոքր խմբերով կամ դասարանով:

Մտածեք, թե ինչու տարբեր մարդիկ կարող են որոշել անել կամ չանել հետևյալը.

  • պարբերաբար աղոթել

  • հաճախել եկեղեցի

  • ապաշխարել

  • հնազանդվել իմաստության խոսքին

  • ներել ուրիշներին

Մտածեք, թե որոնք են ձեր պատճառները՝ ընտրելու անել կամ չանել այս գործողությունները: Նաև հաշվի առեք Հիսուս Քրիստոսի ավետարանում ներառված այլ պատվիրանները: Այս դասն ուսումնասիրելիս դիմեք Սուրբ Հոգու օգնությանը, որպեսզի հասկանաք, թե ինչպես եք օգտագործում ձեր կամքի ազատությունն այն եղանակներով, որոնք Տիրոջ հավանությունն ունեն, և ինչը կցանկանայիք բարելավել:

Ընտրելու ազատություն

Իր կյանքի ավարտին մոտենալիս Լեքին իր ընտանիքին ուսուցանեց Երկնային Հոր փրկության ծրագրի առանցքային մասերը: Նրա ուսմունքները Անկման, Փրկչի Քավության և կամքի ազատության մասին էին:

Կարդացեք 2 Նեփի 2.26 հատվածը և գտեք, թե Լեքին ինչ էր ուսուցանում այս երեք մասերի մասին:

  • Ի՞նչ եք սովորել։

    Երբ ուսանողները կիսվում են մտքերով, օգտակար կլինի մատնանշել «նրանք փրկագնված են անկումից» արտահայտությունը և հարցնել, թե ինչ են հիշում Անկման մասին:

  • Անկումը և Փրկության ծրագիրը ինչպես են հնարավոր դարձնում, որ մենք ունենանք կամքի ազատություն:

Կարդացեք 2 Նեփի 2.27 հատվածը: Գծեք մի պարզ գծապատկեր, որով ցույց կտաք, թե ինչ է ուսուցանում հատվածը, կամ ամփոփեք այն ձեր բառերով:

Ուսանողներին առաջարկեք ցույց տալ իրենց գծածը կամ հատվածի ամփոփումը: Ուսանողները կարող են ներկայացնել դա զույգերով, փոքր խմբերով կամ ամբողջ դասարանով:

2 Նեփի 2.27-ը վարդապետության սերտման հատված է: Կարող եք առանձնահատուկ ձևով նշել վարդապետության սերտման հատվածները, որպեսզի հեշտությամբ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք կիրառելու այս հատվածում ուսուցանված վարդապետությունը որևէ հարցի կամ իրավիճակի համար:

Կարող եք գրատախտակին գծապատկեր գծել, օրինակ՝ ներքևի գծապատկերի նման, կամ օգտագործել ուսանողների գծած որևէ տարբերակ: Ցույց տվեք գծապատկերը, երբ ուսանողները պատասխանում են ստորև ներկայացվող հարցերին: Կարող եք ամբողջ գծապատկերը միանգամից ցույց տալ, կամ կարող եք առաջինը ցույց տալ վերևի կեսը, այնուհետև ցույց տալ ներքևի կեսը՝ երրորդ և չորրորդ հարցերը քննարկելիս։

Սա այս հատվածը ներկայացնելու մի եղանակ է.

Նկար
«Ընտրելու ազատություն» գծապատկեր

Հատված 27-ում Փրկչի ուսուցանածն ամփոփելու եղանակներից մեկն է. մենք ազատ ենք՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք Հիսուս Քրիստոսի միջոցով, կամ ընտրելու գերություն և մահ:

Նկատեք, որ «Ընտրելու ազատություն» անվանումով վանդակի վերևում սլաքները սկսվում են կողք կողքի: Որոշ մարդիկ գուցե մտածեն, որ Հիսուս Քրիստոսին հետևելու համար կամքի ազատության դրսևորումը սահմանափակում է մեր ընտրությունները և իրականում զրկում է մեզ ազատությունից:

  • Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են համարել, որ Հիսուս Քրիստոսին հետևելը սահմանափակում է մեր ազատությունը:

Նկատեք, որ այս գծապատկերում, երբ հետևում ենք Հիսուս Քրիստոսին, սլաքներն ավելի լայն են բացվում: Իրականում Հիսուս Քրիստոսին հետևելը մեզ ավելի մեծ ընտրություն ու ավելի մեծ ազատություն է տալիս:

  • Հիսուս Քրիստոսին հետևելն ի՞նչ եղանակներով է տանում ազատության:

Նկատեք, որ գծապատկերի մյուս կողմում սլաքները սկսվում են միմյանցից բավական հեռու, ապա մոտենում են:

  • Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են համարել, որ Հիսուս Քրիստոսին չհնազանդվելը տանում է ազատության:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսին չհնազանդվելու ընտրությունը հանգեցնում գերության:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը նկարագրում է, թե Տիրոջը չհնազանդվելը ինչու է հանգեցնում ավելի պակաս ազատության.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Սատանան … դրդում է արարքների և ընտրությունների, որոնք սահմանափակում են մեր ընտրության ազատությունը՝ Սուրբ Հոգու ազդեցությունը փոխարինելով իր սեփական գերակայությամբ (տես Վ&Ու 29.40, 93.38–39): Նրա գայթակղություններին տեղի տալը հանգեցնում է ընտրությունների ավելի ու ավելի նեղ հնարավորությունների, մինչև որ դրանցից ոչ մեկը չի մնում, և կախվածությունների, որոնք մեզ անզոր են դարձնում դիմադրելու համար (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Բարոյական ազատ կամքը», Ensign, հունիս 2009թ., 49):

Ձեր սովորած ճշմարտության օրինակ տեսնելու համար կարող եք դիտել «Հեռացեք խնջույքից» տեսանյութը (6:26), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել, թե այս պատմությունն ինչպես է ներկայացնում նրանց բացահայտած սկզբունքը:

Կարդացեք 2 Նեփի 2.28–30 հատվածը և մի քանի րոպե խորհեք, թե ինչպես եք որոշում կիրառել ձեր կամքի ազատությունը:

Մտածեք հետևյալ հարցերի պատասխանների մասին.

  • Հիսուս Քրիստոսին հետևելու ձեր ընտրություններն ինչպե՞ս են ձեզ տանում դեպի ազատություն և հավերժական կյանք: Ինչպե՞ս է Տերն օրհնում ձեզ ձեր ջանքերի համար:

  • Ինչպե՞ս կարող են ձեր ընտրություններից մի քանիսը տանել ձեզ գերության: Ո՞րը կլինի փոփոխության ձեր առաջին քայլը: Տերն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ:

Վստահեցրեք ուսանողներին, որ ցանկացած վատ ընտրություն, որը նրանք արդեն իսկ կատարել են, կարող է հաղթահարվել Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով և ապաշխարությամբ: Վկայեք Փրկչի, Նրա Քավության և մեզ ուժեղացնելու Նրա կարողության մասին, երբ մենք կատարում ենք ընտրություններ, որոնք կտանեն դեպի երջանկություն և հավերժական կյանք: Օգտակար կլինի ուսանողներին հիշեցնել, որ նրանց եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը ունեն քահանայության բանալիները, որոնցով օգնում են բոլորին վերադառնալ ուխտի ճանապարհ: