Սեմինարիա
2 Նեփի 2.17–26. «Անկումից փրկագնված»


«2 Նեփի 2.17–26. «Անկումից փրկագնված» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 2.17–26. «Անկումից փրկագնված» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 2.17–26

«Անկումից փրկագնված»

Նկար
Հեռացում Եդեմի պարտեզից

Երբևէ մտածե՞լ եք, թե հազարավոր տարիներ առաջ Ադամի և Եվայի կատարած ընտրություններն ինչպես կարող են դեռևս ազդել ձեզ վրա: Լեքին իր զավակներին ուսուցանեց Ադամի ու Եվայի Անկման հետևանքների և այն մասին, որ Փրկչի օգնությամբ մենք կարող ենք հաղթահարել մահկանացու կյանքի բոլոր դժվարությունները: Այս դասը կօգնի ձեզ ավելի բարձր գնահատել Փրկչին և Նրա Քավությունը, երբ հասկանաք Ադամի ու Եվայի Անկումը:

Օգնեք ուսանողներին զարգացնել ավետարանի համոզմունքներն ուրիշների հետ քննարկելու կարողությունը Ուսանողներն ընդլայնում են իրենց ընկալումը, երբ բացատրում են ավետարանը: Ստեղծեք միջավայր, որտեղ ուսանողները հարմարվետ կզգան՝ ուրիշների հետ ավետարանի ճշմարտությունների իրենց հասկացողությամբ կիսվելու համար:

Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ հավատո երկրորդ հանգանակը և մտածել, թե ինչպես կբացատրեին այն մեկ ուրիշին: Նրանք կարող են նաև իրենց վստահելի մեկ կամ երկու մարդու խնդրել պատմել իրենց, թե ինչպես են հասկանում հավատո երկրորդ հանգանակը:

Այս պատրաստած նյութը կարելի է օգտագործել դասի սկզբում, կամ երբ ուսանողները ներկայացնեն, թե ինչ գիտեն Ադամի ու Եվայի Անկման մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հասկացողությունը հանգեցնում է գնահատման

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • 1-10-ը սանդղակով (որտեղ 1-ը նշանակում է «բոլորովին», իսկ 10-ը «լիովին») գնահատեք, թե ըստ ձեզ, ինչպես եք հասկանում և գնահատում Փրկիչ Հիսուս Քրիստոսին և Նրա զոհաբերությունը ձեզ համար: Ինչո՞ւ։

Ուսանողներին բավարար ժամանակ տվեք, որպեսզի նախքան առաջ շարժվելը խորհեն նախորդ հարցերի շուրջ: Ապա նրանց առաջարկեք կիսվել հետևյալ հարցի իրենց պատասխաններով.

  • Եթե որևէ մեկը ձեզ հարցներ, թե ինչ պետք է ինքն անի Հիսուս Քրիստոսի Քավությունը հասկանալու և գնահատելու համար, ի՞նչ կասեիք:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը նշել է Փրկչի Քավությունն ավելի լավ հասկանալու մեկ անհրաժեշտ քայլի մասին: Կարող եք դիտել «Որտեղ հանդիպում են արդարությունը, սերը և ողորմությունը» տեսանյութի 6:51-7:26 հատվածը կամ կարդալ հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Պարզ ճշմարտությունն այն է, որ մենք չենք կարող լիովին հասկանալ Քրիստոսի Քավությունն ու Հարությունը, և մենք պատշաճորեն չենք գնահատի Նրա ծննդյան կամ մահվան եզակի նպատակը … առանց հասկանալու, որ կար իրական Ադամ և Եվա, որոնք վտարվեցին իրական Եդեմից՝ բոլոր հետևանքներով հանդերձ, որ անկումը բերեց իր հետ (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Որտեղ հանդիպում են արդարադատությունը, սերը և ողորմածությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015 թ., 105):

Հետևյալ հարցերի մասին մտածելով՝ կօգնեք ձեզ գնահատել, թե ինչ գիտեք Ադամի ու Եվայի Անկման մասին.

  • Ի՞նչ է Ադամի ու Եվայի Անկումը:

  • Ի՞նչ ազդեցություն ունեցավ Անկումն աշխարհի ու ձեզ վրա:

  • Ինչո՞ւ էր Անկումն անհրաժեշտ Երկնային Հոր փրկության ծրագրում:

  • Ինչպե՞ս է Անկումն օգնում ձեզ հասկանալ և գնահատել Հիսուս Քրիստոսին և Նրա զոհաբերությունը ձեզ համար:

Ուսումնասիրելիս փնտրեք այս հարցերի պատասխանները և խորհեք, թե դրանց ըմբռնումն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ:

Ադամի ու Եվայի Անկման հետևանքները

Ստորև ներկայացվող պարբերությունը նախատեսված է օգնելու ուսանողներին հասկանալ, թե ինչպիսին էր Եդեմի պարտեզը, որպեսզի կարողանան խորապես հասկանալ Անկման հետևանքները: Կարող եք ուսանողներին առաջարկել պատմել, թե ինչ գիտեն այդ իրադարձությունների մասին և լրացնել կարևոր մանրամասները:

Երբ Լեքին պատրաստվում էր մահանալ, նա իր որդի Հակոբի հետ երկար զրուցեց Ադամի ու Եվայի Անկման մասին: Ադամը, Եվան և բոլոր կենդանի էակները երկրի վրա ապրում էին անմահության վիճակում, ենթակա չէին մահվան և վայելում էին Աստծո ներկայությունը: Այդ վիճակում նրանք չէին կարող հիվանդանալ կամ մահանալ, իսկ պարտեզը նրանց սնունդ էր ապահովում, որի համար նրանք ստիպված չէին աշխատել: Նրանք նաև ընտանիք չէին կարող ունենալ: Տերը նրանց նախազգուշացրեց, որ եթե ուտեն չարի ու բարու իմաստության ծառի պտղից, նրանք ինչ-որ պահի կմահանան (տես Մովսես 3.16–17, Աբրահամ 5.12–13): Այդ պտուղն ուտելու Ադամի ու Եվայի որոշումը և դրա հետևանքները նրանց և աշխարհի մյուս մարդկանց համար հայտնի են որպես Անկում:

Կարդացեք 2 Նեփի 2.19–23 և Ալմա 42.6–9 հատվածները և գտեք Անկման հետևանքները: Կարող եք նշել այն, ինչ գտաք:

Օգտակար կլինի հանձնարարել ուսանողներին աշխատել փոքր խմբերով կամ ամբողջ դասարանով գրել ցանկը գրատախտակին:

Ուսանողներին առաջարկեք զույգերով կամ փոքր խմբերով պատասխանել ստորև ներկայացվող երկու հարցի: Բացատրեք, որ այդ հարցերը կարծիք ներկայացնելու հարցեր են, որպեսզի ուսանողները կարողանան ազատ կիսվել մտքերով և չանհանգստանան «ճիշտ պատասխանի» համար:

  • Ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե լինեիք այդ հետևանքներն անմիջականորեն կրող Ադամն ու Եվան:

  • Ձեր կարծիքով այդ ազդեցություններն ինչպիսին են՝ լավ, վատ, թե՞ երկուսն էլ: Ինչո՞ւ։

Կարդացեք 2 Նեփի 2.24–25 հատվածները և մտածեք, թե ինչպես այդ հատվածներն ամփոփ կներկայացնեիք ձեր բառերով:

2 Նեփի 2.25-ը վարդապետության սերտման հատված է: Կարող եք առանձնահատուկ ձևով նշել վարդապետության սերտման հատվածները, որպեսզի հեշտությամբ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք կիրառելու այս հատվածում ուսուցանված վարդապետությունը որևէ հարցի կամ իրավիճակի համար:

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչպես ամփոփ կներկայացնեին այդ հատվածները: Գրատախտակին գրեք նրանց նշած ճշմարտությունները: Ստորև ներկայացված է մեկ ճշմարտության օրինակ, որ նրանք կարող են գտնել:

Լեքիի ուսուցանած ճշմարտություններից մեկն այն էր, որ Անկումը Երկնային Հոր Երջանկության ծրագրի կարևոր մասն էր:

Երբ կարդաք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի այս խոսքերը, մի փոքր մտածեք, թե ինչու էր Անկումը Երկնային Հոր ծրագրի կարևոր մասը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Անկումը Երկնային Հոր աստվածային ծրագրի կարևոր մասն էր: Առանց դրա Ադամն ու Եվան չէին ունենա մահկանացու զավակներ, չէր լինի մարդկային ընտանիք, որը կտեսներ ընդդիմություն և աճ, բարոյական ազատ կամք և հարություն, փրկություն և հավերժական կյանքի ուրախությունը [տես 2 Նեփի 222–27, Մովսես 5.11] (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հիսուս Քրիստոսի Քավությունը», Ensign, մարտ 2008, 35):

  • Ինչո՞ւ էր Անկումը Երկնային Հոր ծրագրի կարևոր մասը:

Որպես այս հարցի մաս՝ կարող եք ուսանողներին հանձնարարել նշել և քննարկել 2 Նեփի 2.25 հատվածի «մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» արտահայտությունը: Կարող եք տալ նմանատիպ հարցեր.

Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ նույնիսկ, երբ մենք բախվում ենք Անկման հետևանքներին, Երկնային Հայրն, այնուամենայնիվ, ուզում է, որ մենք ուրախություն զգանք: Ի՞նչ է սա ուսուցանում Նրա մասին։

Մենք, միևնույնն է, օգնության կարիք ունենք

Չնայած Անկման հետևանքները մեր Երկնային Հոր ծրագրի մասն են և նախատեսված են օգնելու մեզ առաջ գնալ, մենք չենք կարող առանց աստվածային օգնության իրական ուրախություն զգալ:

Կարող եք ստորև ներկայացված սուրբ գրությունները գրել գրատախտակին և ուսանողներին հանձնարարել լուռ ուսումնասիրել դրանք և ուշադրությամբ խորհել դրանց շուրջ:

Ուշադիր կարդացեք 2 Նեփի 2.26 հատվածը և գտեք, թե ինչպես հնարավոր կլինի հաղթահարել Անկման հետևանքները և ուրախություն զգալ: Ապա կարդացեք Մովսես 510–11 հատվածները՝ նկատելով, թե որ ճշմարտությունները դրդեցին Ադամին ու Եվային ուրախանալ:

  • Ի՞նչ եք սովորել։

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ Ադամն ու Եվան ուրախացան՝ իմանալով Անկման և Հիսուս Քրիստոսի Քավության մասին:

Երբ ուսանողները ներկայացնեն, կարող են վերադառնալ դասի սկզբի ինքնագնահատման չորս հարցերին և տեսնել, թե ինչպես կարող են այժմ պատասխանել այդ հարցերին: Անհրաժեշտության դեպքում կրկնեք դասի նյութը՝ նրանց հասկացողությունը ընդլայնելու համար: Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել դասի ընթացքում իրենց սովորածի մասին, կարող եք կիսվել նաև հետևյալ սցենարով և ուսանողներին առաջարկել կիսվել, թե ինչպես կարձագանքեին այդ իրավիճակին:

Պատկերացրեք, որ ընկերոջ հետ քննարկման ընթացքում նկատում եք, որ նա չի գնահատում Փրկչին կամ Նրա Քավությունը:

  • Ադամի և Եվայի Անկման մասին ո՞ր գիտելիքը կարող էր օգնել նրան գնահատել Փրկչին և Նրա Քավությունը:

Կարող եք դուք էլ վկայել այս դասի ընթացքում ուսուցանված ճշմարտությունների մասին: