Սեմինարիա
2 Նեփի 3. «Մի ընտրյալ տեսանող կբարձրացնեմ ես»


«2 Նեփի 3. «Մի ընտրյալ տեսանող կբարձրացնեմ ես», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 3. «Մի ընտրյալ տեսանող կբարձրացնեմ ես», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 3

«Մի ընտրյալ տեսանող կբարձրացնեմ ես»

Նկար
Ջոզեֆ Սմիթ

2 Նեփի գլուխ 3-ում Նեփին հիշատակում է մահից առաջ ասված Լեքիի խոսքերը՝ ուղղված իր կրտսեր որդի Ջոզեֆին: Լեքին հիշատակում էր Հովսեփի մի մարգարեություն, որը նա արել էր Քրիստոսի ծննդից մոտ 1700 տարի առաջ: Պատկերացրեք Ջոզեֆ Սմիթի զարմանքը, երբ նա բացահայտել է, որ Հովսեփի մարգարեության մեծ մասն իր մասին է եղել: Այս դասի նպատակն է օգնել ձեզ խորացնել մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման մասին ձեր վկայությունը:

Ուսուցանել սուրբ գրությունները և մարգարեական խոսքերը համոզմունքով և նպատակաուղղված կերպով: Սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների ու առաքյալների խոսքերը ճշմարտությունների աղբյուրն են: Հավաստիացեք, որ ձեր ուսուցանածը համապատասխանում է սուրբ գրություններին և մարգարեների խոսքերին: Ճշմարտության ուսուցումը կապահովի Սուրբ Հոգու ներկայությունը դասարանում:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ կամ դիտել երեց Նիլ Լ. Անդերսենի «Ջոզեֆ Սմիթ» ելույթը 2014թ. գերագույն համաժողովից (տես Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 28–31) և փնտրել, թե ինչու է կարևոր ունենալ անձնական վկայություն այն մասին, որ Ջոզեֆ Սմիթը կանչված էր Աստծո կողմից:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նկատի ունեցեք, որ այս դասը կենտրոնանում է Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելության վրա: Այս դասը կանդրադառնա 2 Նեփի 3.12 հատվածում նշված սուրբ գրությունների դերին:

Չորս Ջոզեֆները

Դիտարկենք հետևյալ հնարավորություններից մեկը. Դուք կարող եք ցուցադրել հետևյալ պատկերները և սուրբ գրությունների հղումները խառը հերթականությամբ, ապա հանձնարարել ուսանողներին համապատասխանեցնել հատվածը ճիշտ նկարի հետ: Կամ ցուցադրեք սուրբ գրությունների հղումները հարակից հատվածներով և հրավիրեք ուսանողներին բացահայտել, թե ովքեր են այդ անհատները: Խրախուսեք ուսանողներին իրենց օրագրերում գրանցել այդ անունները:

2 Նեփի 3 հատվածում ներկայացված չորս անհատները բոլորն էլ նույն անունն ունեն: Կարդացեք յուրաքանչյուր նկարին համապատասխանող հատվածները և նշեք, թե ովքեր են այդ չորս նկարներում պատկերված:

Նկար
4 Ջոզեֆների կոլաժը

2 Նեփի 3.3, 2 Նեփի 3.4, 2 Նեփի 3.11, 2 Նեփի 3.15

Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ նկարներում պատկերված են 1) Լեքիի որդի Ջոզեֆը, 2) Եգիպտոսի Հովսեփը, 3) մարգարե Ջոզեֆ Սմիթը և 4) Մարգարեի հայրը՝ Ջոզեֆ Սմիթ Ավագը:

2 Նեփի 3-րդ գլխի մեծ մասը կենտրոնանում է Եգիպտոսի Հովսեփի կատարած մարգարեության վրա, որում նա խոսում է «տեսանողի» և մարգարե Ջոզեֆ Սմիթի, նաև վերջին օրերում նրա առաքելության մասին:

Նախագահ Բրիգամ Յանգը (1801-77) հետևյալ խոսքերն է ասել Տիրոջ կողմից Ջոզեֆ Սմիթին առաքելության պատրաստման մասին.

Դա որոշված էր հավերժության խորհրդում, երկրի հիմքերը դնելուց շատ ժամանակ առաջ, որ նա` Ջոզեֆ Սմիթը, պետք է լինի այս աշխարհի վերջին տնտեսության այն մարդը, որն առաջ կբերի Աստծո խոսքը մարդկանց մեջ, և կստանա Աստծո Որդու Քահանայության բոլոր բանալիները և զորությունը: Տերը պահում էր իր աչքը նրա վրա և նրա հոր վրա, և նրա հոր հոր վրա, և նրանց նախնիների վրա` նույնիսկ մինչև … Ադամը: Նա հսկել է այդ ընտանիքին և այդ արյունը, մինչ այն շրջապտույտ է գործել իր սկզբնաղբյուրից մինչև այդ մարդու ծնունդը: Նա նախակարգվել է հավերժության մեջ, որպեսզի նախագահի վերջին տնտեսության վրա։ (Եկեղեցու նախագահների ուսմունքներ. Բրիգամ Յանգ [1997], 96343):

  • Ի՞նչ կարող են ուսուցանել մեզ այս խոսքերը Ջոզեֆ Սմիթի կոչման մասին:

  • Ի՞նչ կարող են ուսուցանել դրանք մեզ Տիրոջ մասին:

Մարգարեություններ Ջոզեֆ Սմիթի մասին

Ստորև ներկայացվող վարժության համար ուսանողներին կարող եք բաժանել զույգերի և մեկ ուսանողի հանձնարարել կարդալ 2 Նեփի 3.6–12 հատվածները, իսկ մյուս ուսանողին՝ 2 Նեփի 3.13–15, 24 հատվածները: Այնուհետև, յուրաքանչյուր ուսանող կարող է մյուսին ուսուցանել, թե ինչ է բացահայտել: Օգտակար կլինի շրջել դասարանում և օգնել հատվածների մասին հարցեր ունեցող ուսանողներին:

Իր որդի Ջոզեֆ Սմիթի հետ խոսելիս Լեքին հիշատակել էր արույրե թիթեղների վրա գրված Եգիպտոսի Հովսեփի մարգարեության մի մասը (տես Ջոզեֆ Սմիթ թարգմանություն, Ծննդոց 50.24–38 [Աստվածաշնչի հավելվածում]): Այս մարգարեությունը հիմնականում վերջին օրերում մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին էր: Կարդացեք 2 Նեփի 3.6–15, 24 հատվածները և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են ձեզ Ջոզեֆ Սմիթի մասին: (նկատի ունեցեք, որ «երանքի պտուղը» արտահայտությունը վերաբերում է երեխաներին կամ հետագա սերունդներին:)

  • Ի՞նչն է նշանակալից ձեզ համար Ջոզեֆ Սմիթի մասին:

    Ուսանողներին առաջարկեք գրատախտակին գրել իրենց տպավորած բառերն ու արտահայտությունները: Կարող եք գրատախտակի վրա ցույց տալ արտահայտությունները և ուսանողներին խնդրել ներկայացնել, թե ինչու էին այդ արտահայտություններն իմաստալից:

  • Ինչպե՞ս կամփոփեիք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին ուսմունքները, որոնք կարդում եք 2 Նեփի 3 գլխում:

Մի ճշմարտություն, որ կարող ենք սովորել, այն է, որ Տերը բարձրացրեց մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ օգներ առաջ բերել Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը:

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է կարևոր ունենալ այդ ճշմարտության անձնական վկայությունը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.

Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ բացասական կարծիքները կշատանան, որքան մոտենանք Փրկչի Երկրորդ Գալուստին: Կիսաճշմարտությունները և խորամանկ ստերը չեն պակասի: Կլինեն ընտանիքի անդամներ և ընկերներ, ովքեր ձեր օգնության կարիքը կունենան: …

Երիտասարդներին … ես հատուկ կոչ եմ անում. ձեռք բերեք անձնական վկայություն Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին (Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 30)

Լավագույնը կլինի հանձնարարել ուսանողներին լուռ խորհել և մտածել հաջորդ հարցի պատասխանների մասին: Կարող եք նույնիսկ խնդրել նրանց գրառել իրենց պատասխաններն օրագրում:

  • Որքանո՞վ եք վստահ զգում Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման վերաբերյալ:

Ուսանողների համար օգտակար կլինի հարցեր տալ Ջոզեֆ Սմիթի կամ նրա մարգարեական կոչման վերաբերյալ վկայություն ձեռք բերելու մասին: Ուսանողի նախապատրաստման համար առաջարկվող երեց Անդերսենի խոսքը կարող է օգտակար նյութ լինել իրենց հարցերի պատասխանները գտնելու համար: Այս դասին պատրաստվելու համար ելույթը կարդացած ուսանողները գուցե կարողանան պատասխանել իրենց դասընկերների որոշ հարցերի:

Վկայության ձեռքբերում Ջոզեֆ Սմիթի մասին

Պատկերացրեք հետևյալ իրավիճակը.

Երբ ձեր ընկեր Մարկոսն իմացավ, որ դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք եղել, սկսեց Եկեղեցու կայքում կարդալ Ջոզեֆ Սմիթի մասին: Նա զարմացել էր՝ իմանալով, որ Ջոզեֆ Սմիթն Աստծո մարգարեն է եղել: Երբ նա ձեզ հետ կիսվեց իր իմացած որոշ բաներով, հարցրեց. «Ինչպե՞ս կարող ենք ինքներս իմանալ, թե արդյոք Ջոզեֆ Սմիթը մարգարե է եղել»:

  • Ի՞նչ կասեիք Մարկոսին:

Ջոզեֆ Սմիթի՝ Տիրոջ մարգարեն լինելու մասին վկայություն ստանալու վերաբերյալ այլ գաղափարների համար դիտեք կամ կարդացեք, թե ինչ է առաջարկում երեց Անդերսենը.

Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին վկայությունը մեզանից յուրաքանչյուրը կարող է տարբեր կերպ ստանալ: Այն կարող է գալ, երբ ծնկի իջնեք ու աղոթեք և խնդրեք Աստծուն, որ հաստատի, որ նա ճշմարիտ մարգարե էր: Այն կարող է գալ, երբ դուք կարդաք մարգարեի Առաջին Տեսիլքի մասին պատմությունը: Վկայությունը կարող է կաթիլ առ կաթիլ ներթափանցել ձեր հոգին, երբ կրկին ու կրկին կարդաք Մորմոնի Գիրքը: Այն կարող է գալ, երբ դուք ձեր վկայությունը բերեք մարգարեի մասին կամ, երբ կանգնեք տաճարում և հասկանաք, որ Ջոզեֆ Սմիթի շնորհիվ սուրբ կնքման զորությունը վերականգնվեց երկրի վրա: Հավատքով և անկեղծ միտումով ձեր վկայությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին կզորանա: (Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 30)

Կարող եք դիտել «Մի ընտրյալ տեսանող կբարձրացնեմ ես. Վերականգնման մարգարեն» տեսանյութը (4:42), որում կլսեք Եկեղեցու երիտասարդների կողմից ներկայացվող վկայություններ Ջոզեֆ Սմիթի մասին:

Դա կարող է լավ հնարավորություն լինել՝ առաջարկելու ուսանողներին կիսվել Ջոզեֆ Սմիթի մասին իրենց վկայություններով: Կարող եք օգնել ուսանողներին պատրաստվել՝ առաջարկելով նրանց իրենց օրագրերում գրել ստորև ներկայացվող հարցերի իրենց պատասխանները: Երբ ուսանողներն ավարտեն գրելը, առաջարկեք կամավորներին կիսվել դասարանի հետ: Կարող եք կիսվել Ջոզեֆ Սմիթի մասին ձեր սեփական վկայությամբ։ Լավ կլինի նաև օգնել ուսանողներին ընկալել, որ Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչմանը հավատալու ընտրությունը արժանի է ընդունման, նույնիսկ, եթե անորոշություն կա: Նրանց հավատքը կարող է ամրապնդվել ժամանակի ընթացքում՝ փորձառության միջոցով:

  • Ի՞նչն օգնեց ձեզ հավատալ, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է:

  • Մարգարե Ջոզեֆ Սմիթն ի՞նչ օգնեց ձեզ հասկանալ կամ զգալ Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի խորացնեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին ձեր վկայությունը:

  • Ջոզեֆ Սմիթի մասին վկայություն ունենալն ինչպե՞ս կազդի (ինչպե՞ս է ազդում) ձեր կյանքի վրա: