Սեմինարիա
1 Նեփի 2. «Դու ջանասիրաբար փնտրել ես ինձ»


«1 Նեփի 2. «Դու ջանասիրաբար փնտրել ես ինձ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 2», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 2

«Դու ջանասիրաբար փնտրել ես ինձ»

Նկար
Նեփին՝ գետակի կողքին աղոթելիս

Տերը երբեմն պատվիրում է մեզ անել բաներ, որոնք հասկանալը կամ անելը դժվար է մեզ համար։ Երուսաղեմի ժողովրդին ապաշխարելու կոչ անելուց հետո Լեքին ընտանիքին տեղափոխեց անապատ՝ հնազանդվելով հայտնությանը։ Լամանի և Լեքիի նման տրտնջալու փոխարեն Նեփին լրացուցիչ հասկացողություն ստանալու համար դիմեց Տիրոջը և փափկացրեց իր սիրտը։ Այս դասը նպատակ ունի օգնել ձեզ Տիրոջը դիմելու ավելի մեծ ցանկություն զգալ, երբ Նա խնդրում է ձեզ դժվար բաներ անել։

Հիշենք օրինաստեղծին Աստծո օրենքների և պատվիրանների մասին ուսուցանելիս չմոռանաք ուսուցանել նաև օրինաստեղծի մասին։ Ուսանողներին օգնեք ընկալել, թե Աստծո պատվիրաններն ինչ են ուսուցանում Նրա մասին, իրենց ուղղորդելու և օրհնելու Նրա ցանկության և իրենց հանդեպ ունեցած Նրա սիրո մասին։ Ուսանողներին օգնեք հասկանալ, որ օրենքները տրվել են սիրող Երկնային Հոր կողմից, որպեսզի օգնեն իրենց ավելի նմանվել Նրան ու Նրա սիրելի Որդուն։

Ուսանողի նախապատրաստում. որևէ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հարցրեք. «Ե՞րբ եք փնտրել ու ստացել Տիրոջ օգնությունը Նրա խոսքերին հավատալու և հնազանդվելու համար, նույնիսկ երբ դա դժվար է եղել»։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Արձագանքել Տիրոջ խորհրդին

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող սցենարն ու հարցերը։ Ուսանողներին բավարար ժամանակ տվեք, որպեսզի մտածեն և քննարկեն, թե ինչպես կարող են պատասխանել հարցերին։

Պատկերացրեք, որ ներկա եք գերագույն համաժողովին, և Եկեղեցու նախագահը տալիս է խորհուրդ, որին հետևելը, կարծում եք, որ բարդ կլինի։ Համաժողովից հետո սկսում եք լսել, որ Եկեղեցու այլ անդամներ բողոքում են նրա խորհրդից և հարցնում են, թե մարգարեն ինչու խնդրեց մեզ անել դա։ Այդ փաստարկները լսելով՝ սկսում եք մտածել, թե դուք ինչ պետք է անեք։

  • Որո՞նք կարող են լինել անդամների բողոքներին ու քննադատությանն արձագանքելու որոշ բացասական ձևերը։

  • Որո՞նք են այս իրավիճակի դրական մոտեցումները։ Ի՞նչը կգոհացնի Տիրոջը։

1 Նեփի 2 հատվածում կտեսնեք, թե Լեքիի երեխաներն ինչ տարբեր ձևերով են արձագանքում Աստծո մարգարեության միջոցով իրենց տրված դժվար պատվիրանին։ Ուսումնասիրման ընթացքում փնտրեք սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ, եթե որևէ պահի թվա, որ մարգարեին հետևելը դժվար է։

Տերը Լեքիին պատվիրում է լքել Երուսաղեմը

Կհիշեք, որ Տերը Լեքիին պատվիրել էր նախազգուշացնել Երուսաղեմի ժողովրդին, որ կկործանվեն, եթե չապաշխարեն։ Կարդացեք 1 Նեփի 2.1–5 հատվածները և փնտրեք, թե ապաշխարություն քարոզելուց հետո Լեքին ինչ խորհուրդ ստացավ Տիրոջից։ Կարող եք դիտել նաև «Լեքին ընտանիքի հետ խորհրդակցում է Երուսաղեմը լքելու մասին» տեսանյութը (2:27), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

Կարող եք ցույց տալ ստորև ներկայացվող քարտեզը։ Որպեսզի օգնեք ուսանողներին տեսողական պատկերացում կազմել Լեքիի ընտանիքի անցած ճանապարհի մասին, կարող եք որպես օրինակ նշել նաև մի վայր, որը ձեր և ձեր ուսանողների գտնվելու վայրից մոտ 200 մղոն (320 կիլոմետր) հեռավորության վրա է։

Նկար
անապատում Լեքիի անցած հնարավոր ուղու քարտեզ

Հեռավորությունը Երուսաղեմից մինչև Կարմիր ծովի սահմանները, որը կարող էր անցած լինել Լեքիի ընտանիքը, կազմում էր մոտ 200 մղոն (320 կիլոմետր)։ Օրեր շարունակ նրանք ճամփորդում էին շոգ ու անբերրի մի երկրով, որը հայտնի էր ավազակներով, որոնք էլ սպասում էին, որ կողոպտեին անպատրաստ ճամփորդներին։

  • Եթե լինեիք Լեքիի երեխաներից մեկը, ձեր կարծիքով ինչպե՞ս կարձագանքեիք այս իրավիճակին։ Ինչո՞ւ։

  • Ի՞նչ հարցեր կունենայիք։

  • Ձեր կարծիքով, Երուսաղեմը լքելու պատվիրանում Տերն ինչպե՞ս ողորմություն ցուցաբերեց։

Այս գլուխն ուսումնասիրելու համար ուսանողներին օգնեք համեմատել և հակադրել Լամանի ու Լեմուելի, նաև Նեփիի ու Սամի արձագանքները։ Սուրբ գրություններում հիշատակվող անձանց համեմատումն ու հակադրումը սուրբ գրության ուսումնասիրման հմտություն է, որը կարող է օգնել ուսանողներին խորհել Աստծուն հետևելու սեփական ջանքերի շուրջ։ Կարող եք ուսանողների մոտ խորացնել այս հմտությունը՝ գրատախտակին պատկերելով ստորև բերված աղյուսակը։ Ուսանողներին առաջարկեք գրատախտակին գրել այն, ինչ բացահայտել են։ Կարող է նաև օգտակար լինել դա նշել որպես սուրբ գրությունների ուսումնասիրման հմտություն, որը նրանք կարող են կիրառել սուրբ գրություններն ինքնուրույն ուսումնասիրելիս։

Լամանի և Լեմուելի արձագանքը

Նեփիի և Սամի արձագանքը

Լամանի և Լեմուելի արձագանքը

1 Նեփի 2.11–13

Նեփիի և Սամի արձագանքը

1 Նեփի 2.16–21

Կարող եք դիտել նաև «Նեփին աղոթում է Լամանի և Լեմուելի համար» (6:02) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում և փնտրել այլ գաղափարներ, որոնք կարող եք ավելացնել ձեր աղյուսակում։

  • Ի՞նչ նկատեցիք՝ Լամանի և Լեմուելի գործողությունները Նեփիի և Սամի գործողությունների հետ համեմատելիս։

    Ուսանողներին առաջարկեք ամփոփել սովորածը, որը կարող է լավ միջոց լինել՝ օգնելու նրանց գտնել սուրբ գրությունների սկզբունքները։ Ուսանողները հաճախ բացահայտում են սկզբունքներ, որոնք նման են ուսուցչի ձեռնարկում նկարագրվածներին։ Եթե ուսանողները կիսվում են ճշմարտություններով, որոնք տարբերվում են ձեռնարկում նկարագրվածից, ուրեմն նրանց բացահայտումները կարող են ավելի իմաստալից լինել իրենց համար։ Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, որպեսզի որոշեք, թե որ սկզբունքներն ամենաիմաստալիցը կլինեն դասարանում քննարկելու համար։

  • Ինչպե՞ս մեկ նախադասությամբ կամփոփեիք այն, ինչ սովորեցիք Լամանի և Լեմուելի օրինակներից։ Ինչպե՞ս կամփոփեիք այն, ինչ սովորեցիք Նեփիի և Սամի օրինակներից։

Մի պահ վերանայեք ձեր գրածը։ Մտածեք, թե որ գործողությունները կամ շարժառիթներն են ամենաշատը նման ձեր սեփականին։ Այս համեմատությունը կատարելիս ի՞նչ ցանկություններ, մտքեր կամ զգացողություններ եք ունենում։

Լամանից և Լեմուելից գուցե բացահայտած լինեք այն, որ Տիրոջ գործերը չիմանալը և Նրա մարգարեներին չհավատալը կարող է մեզ տրտնջալու առիթ տալ։ Նեփիից գուցե սովորած լինեք այն, որ երբ մենք ջանասիրաբար փորձում ենք հասկանալ Տիրոջ պատվիրանները, Նա կարող է փափկացնել մեր սրտերը, որպեսզի օգնի մեզ հավատալ ու հնազանդվել։

Նեփիի մեկնաբանությունը, որ Տերը «փափկացրեց [իր] սիրտը» (1 Նեփի 2.16), ցույց է տալիս, որ Լամանի և Լեմուելի նման նրա համար հեշտ չէր այս պատվիրանին հնազանդվելը։ Մտածեք, թե այս իրավիճակում Տիրոջը դիմելու Նեփիի որոշումը ինչպես կարող է ազդել նրա մնացած կյանքի վրա։ Մտածեք, թե ինչ այլ շրջադարձ կարող էր ունենալ Լամանի և Լեմուելի կյանքը, եթե նրանք հետևեին Նեփիի օրինակին։

  • Որո՞նք են ձեզ հանդիպած կամ հնարավոր հանդիպող որոշ իրավիճակները, որոնցից դուք օգուտ կքաղեիք՝ հետևելով Նեփիի օրինակին։

  • Այս հանգամանքներում չհավատալու և տրտնջալու փոխարեն խոնարհաբար Տիրոջը դիմելը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ձեր կյանքի վրա այժմ և ապագայում։

  • Ի՞նչ եք հասկանում Աստծո մասին, որը կարող է օգնել ձեզ չտրտնջալ, երբ Նա խնդրում է ձեզ որևէ դժվար բան անել։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը պատմել է, թե ինչ կարող ենք անել, երբ սկզբում գուցե չհասկանանք Տիրոջ մարգարեի խորհորւդը կամ չհամաձայնենք այդ խորհրդին։

Մի զարմացեք, եթե ձեր անձնական տեսակետը սկզբում չի համընկնում Տիրոջ մարգարեի ուսմունքների հետ։ Դրանք սովորելու, խոնարհվելու պահեր են, երբ մենք ծնկի ենք իջնում՝ աղոթելու։ Մենք առաջ ենք գնում հավատքով, վստահելով Աստծուն, իմանալով, որ ժամանակի ընթացքում ավելի շատ հոգևոր հստակություն կստանանք մեր Երկնային Հորից։ Մի մարգարե այսպես է նկարագրել Փրկչի անզուգական պարգևը՝ «Որդու կամքը կուլ գնացած լինելով Հոր կամքին» [Մոսիա 15.7]։ Աստծո կամքին մեր կամքը հանձնելը, ըստ էության, ոչ թե հանձնվել է, այլ փառավոր հաղթանակի սկիզբ (Նիլ Լ. Անդերսեն, «Աստծո մարգարեն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 26)։

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել, երբ փորձել եք ձեր կամքը հանձնել Երկնային Հորը, ինչպես Հիսուսն ու Նեփին արեցին։

Գրանցեք ձեր մտքերը և հոգևոր տպավորությունները։ Ի՞նչ սովորեցիք, որը ցանկանում եք մտապահել։ Հիմնվելով այսօր ուսումնասիրածի վրա՝ ձեր կյանքում ի՞նչ շտկումներ կատարելու ոգեշնչում ունեք։