«Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել ընդունելու Փրկչին» Լիահոնա, սեպտեմբեր 2024։
Եկ, հետևիր ինձ
Հելաման 10, 3 Նեփի
Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել ընդունելու Փրկչին
Ահա չորս ուղիներ, որոնցով դուք կարող եք Փրկչին ընդունել ձեր կյանք։
Նեփիացիները պետք է պատրաստվեին Փրկչին ֆիզիկապես իրենց ներկայություն ընդունելու համար։ Ի՞նչ կարող ենք մենք սովորել նրանց օրինակից, որ օգնի մեզ հոգեպես ընդունել Փրկչին մեր կյանքում։
Խորհեք Աստծո գործերի մասին
Այն ժամանակ․ Երբ մարգարե Նեփին իրեն «ընկճված» էր զգում, նա խորհեց «այն բաների վրա, ինչ Տերը ցույց էր տվել իրեն» (Հելաման 10․2-3)։
Այժմ․ Հիշելով այն, ինչ Աստված արել է մեզ համար՝ թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում, մենք ուժ ու քաջություն կգտնենք՝ մնալու Նրան մոտ և հավատքով դիմակայելու ապագային։
Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական նախագահ Հենրի Բ․ Այրինգը առաջարկել է ամեն օր խորհել մեր տպավորությունների շուրջ և արձանագրել դրանք։ Նա ասել է․ «Դուք կարող եք աղոթել և խորհել, հարցնելով․ Արդյո՞ք Աստված այս ուղերձն ուղարկեց ինձ համար։ Արդյո՞ք տեսել եմ Նրա ձեռքը իմ կամ իմ երեխաների կյանքում»։
Ինչպե՞ս եք այսօր տեսել Աստծո սերը, ոգեշնչումը կամ օրհնությունները ձեր կյանքում։
Ձեզ վրա վերցրեք Քրիստոսի անունը
Այն ժամանակ․ Մորմոնը համարձակորեն հայտարարել է, որ ինքը «Հիսուս Քրիստոսի մի աշակերտ[ է]» (3 Նեփի 5.13)։
Այժմ․ Յոթանասունից երեց Ջոնաթըն Ս․ Շմիտը առաջարկել է, որ մենք կարող ենք կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա՝ մեզ վրա վերցնելով Նրա տարբեր տիտղոսները։ Օրինակ՝ Հիսուսը «նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (1 Նեփի 10․18)։ Երեց Շմիտն առաջարկում է, որ մենք կարող ենք մեզ վրա վերցնել այդ տիտղոսը՝ հետևողական լինելով ավետարանով ապրելու հարցում։
Հիսուս Քրիստոսի ի՞նչ այլ անուններ կամ տիտղոսներ եք մտաբերում, որ կարող եք անձամբ կիրառել։
Թույլ տվեք Փրկչին հավաքել ձեզ Իր մոտ
Այն ժամանակ․ Հիսուս Քրիստոսը 3 Նեփի 10․4-6-ում նմանեցնում է Իրեն իր ճտերին թևերի տակ հավաքող հավի։ Սա գեղեցիկ համեմատություն է, որովհետև Նա միշտ կանչում է մեզ գալ Իր մոտ, որպեսզի Նա կարողանա պաշտպանել և սնուցել մեզ։ Բայց մենք պետք է ընտրենք գալ Իր մոտ։ Նա ասել է․ «Որքա՜ն հաճախ հավաքած կլինեի ես ձեզ, ինչպես հավն է հավաքում իր ճտերին, և դուք չկամեցաք» (հատված 5)։
Այժմ․ Հիսուսը շարունակում է մեզ հավաքել այսօր, բայց մենք պետք է թույլ տանք, որ հավաքվենք Նրա մոտ։ Դուք ձեզ թո՞ւյլ եք տալիս հավաքվել Փրկչի մոտ և պաշտպանություն գտնել Նրա մոտ, թե՞ հրաժարվում եք և ենթարկվում եք վտանգի։
Ի՞նչ հրավեր է ուղարկում ձեզ Փրկիչը, և ի՞նչ պետք է անեք այն ընդունելու համար։
Նայեք դեպի երկինք
Այն ժամանակ․ Նեփիացիներից երեք փորձ պահանջվեց Աստծո ձայնը լսելու համար։ «Երրորդ անգամ նրանք լսեցին ձայնը և բացեցին իրենց ականջները՝ լսելու այն. և նրանց աչքերը ձայնին էին ուղղված. և նրանք սևեռուն նայում էին դեպի երկինքը» (3 Նեփի 11․5)։
Այժմ․ Ուղիներից մեկը, որով մենք կարող ենք «սևեռուն նայ[ել] դեպի երկինքը», նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերով ասած՝ «սելեստիալ մտածելակերպ» ունենալն է։ Նա բացատրում է, որ սելեստիալ մտածելակերպ ունենալու ուղիներից մեկը «հոգևոր մտածելակերպ ունենալն է»։
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի շատ հոգևոր մտածելակերպ ունենաք և «սևեռուն նայ[եք] դեպի երկինք»։