2000–2009 թթ․
Օ՜, հիշիր, հիշիր
Հոկտեմբեր 2007


Օ՜, հիշիր, հիշիր

«Օ՜, հիշիր, հիշիր», հաճախ են աղերսել Մորմոնի Գրքի մարգարեները։1 Իմ նպատակն է հորդորել ձեզ եղանակներ գտնել՝ տեսնելու և հիշելու Աստծո բարությունը։

Ես երախտապարտ եմ այս առավոտ երգչախմբի հեռարձակման համար, որը Փրկիչի մասին էր, և երախտապարտ եմ՝ տեսնելով, որ նրանց կատարած «Սա է Քրիստոսը» երգի խոսքերը գրվել են Նախագահ Ջեյմս Է․ Ֆաուստի կողմից։ Երբ նստեցի Եղբայր Նյուելի կողքին, թեքվեցի դեպի նա և հարցրի․ «Ինչպե՞ս են ձեր երեխաները»։ Նա ասաց․ «Երբ Նախագահ Ֆաուստն էր նստում այդ աթոռին, նա միշտ այդ հարցն էր տալիս»։ Ես չեմ զարմանում, որովհետև Նախագահ Ֆաուստը միշտ կատարյալ աշակերտի օրինակ է եղել, որի նկարագիրը այսօր տրվեց Երաժշտություն և Խոսք հաղորդաշարում։ Միշտ ցանկացել եմ, որ երբ մեծանամ, նմանվեմ Նախագահ Ֆաուստին։ Գուցե դեռևս ժամանակ ունեմ։

Երբ մեր երեխաները շատ փոքր էին, ես սկսեցի ամեն օր գրի առնել տվյալ օրվա իրադարձություններից մի քանիսը։ Թույլ տվեք ինձ պատմել, թե ինչպես դա սկսվեց։ Ես կատարում էի Եկեղեցու հանձնարարությունը, որի պատճառով ուշ տուն վերադարձա։ Արդեն մութ էր։ Աներս, որ մեր հարևանությամբ էր ապրում, զարմացրեց ինձ, երբ ես մեր տան դռանն էի մոտենում։ Նա մի քանի խողովակ ուսին արագ քայլում էր, և աշխատանքային շորերով էր։ Ես գիտեի, որ նա ջրհան համակարգ էր պատրաստում, որով պետք է ջուրը բարձրանար ներքևում հոսող գետից դեպի մեր տարածքը։

Նա ժպտաց, մեղմորեն խոսեց և մթության մեջ արագ անցավ կողքովս՝ շարունակելու իր գործը։ Ես մի քանի քայլ արեցի դեպի տուն, մտածելով, թե նա որքան բան էր անում մեզ համար, և հենց հասա դռանը, մտքումս, ոչ իմ ձայնով, լսեցի այս խոսքերը. «Ես այս փորձառությունները չեմ տալիս միայն քեզ համար։ Գրի առ դրանք»։

Ես ներս մտա։ Ես չգնացի քնելու։ Թեպետ հոգնած էի, ես թուղթ վերցրի և սկսեցի գրել։ Եվ այդ ընթացքում ես հասկացա իմ մտքում հնչած ուղերձը։ Ես պետք է գրառումներ անեի իմ երեխաների համար, որ նրանք մի օր հետագայում կարդային, թե ինչպես եմ տեսել Աստծո ձեռքը՝ մեր ընտանիքին օրհնելիս։ Պապիկը պարտական չէր անել այն, ինչ նա անում էր մեզ համար։ Նա կարող էր ինչ-որ մեկին հանձնարարել անել դա կամ ընդհանրապես չաներ այդ գործը։ Բայց նա ծառայում էր մեզ՝ իր ընտանիքին, այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսի ուխտյալ աշակերտներն են միշտ ծառայում։ Եվ ես գիտեի, որ դա ճիշտ էր։ Ուստի, ես գրեցի այդ ամենը, որպեսզի իմ երեխաները կարողանային հիշողություններ ունենալ, եթե մի օր դրա կարիքն ունենային։

Տարիներ շարունակ ես ամեն օր մի քանի տող գրում էի։ Ես երբեք բաց չէի թողնում որևէ օր՝ անկախ նրանից, թե որքան հոգնած էի կամ որքան վաղ պետք է սկսեի հաջորդ օրը։ Նախքան գրելը, ես խորհում էի այս հարցի շուրջ. «Արդյո՞ք տեսել եմ Աստծո ձեռքը, որն օգնության է հասել մեզ, մեր երեխաներին կամ մեր ընտանիքին այսօր»։ Երբ սկսեցի դրա վրա կենտրոնանալ, սկսեց ինչ-որ բան կատարվել։ Երբ ետ էի նայում այդ օրվան, տեսնում էի, թե ինչ էր Աստված արել մեզանից որևէ մեկի համար, ինչը չէի նկատել օրվա զբաղված պահերին։ Երբ դա տեղի էր ունենում, իսկ դա հաճախ էր տեղի ունենում, ես հասկացա, որ երբ փորձում էի հիշել, Աստված ցույց էր տալիս, թե Ինքն ինչ էր արել։

Իմ սիրտը սկսեց լցվել երախտագիտութունից ավելի բարձր զգացումով։ Վկայությունս աճեց։ Առավել քան երբևէ, ես համոզվում էի, որ մեր Երկնային Հայրը լսում է և պատասխանում աղոթքներին: Ես ավելի մեծ երախտագիտություն զգացի, քանի որ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ես մեղմացա ու զտվեցի։ Եվ ես ավելի վստահ դարձա, որ Սուրբ Հոգին կարող է ինձ հիշեցնել ամեն ինչ, նույնիսկ բաներ, որոնք մենք չէինք նկատել կամ ուշադրություն դարձրել, երբ դրանք տեղի էին ունեցել։

Տարիներ են անցել։ Տղաներս դարձել են հասուն մարդիկ։ Թե՛ այժմ, և թե՛ այն ժամանակ նրանցից մեկը կզարմացներ ինձ ասելով․ «Հայրի՛կ, ես կարդում էի օրագրի իմ օրինակն այն մասին, երբ …», և ապա նա պատմում էր ինձ, թե ինչպես է վաղուց տեղի ունեցած ինչ-որ դեպք օգնել իրեն նկատել այն, ինչ Աստված արել էր տվյալ օրը։

Իմ նպատակն է հորդորել ձեզ եղանակներ գտնել տեսնելու և հիշելու Աստծո բարությունը։ Այն կզարգացնի մեր վկայությունները։ Դուք, հնարավոր է, օրագիր չեք պահում։ Գուցե դուք չեք տալիս ձեր գրառումները նրանց, ում սիրում և ծառայում եք։ Բայց դուք և նրանք կօրհնվեն, երբ հիշեք՝ ինչ է Տերն արել։ Դուք հիշում եք երգը, որը հաճախ ենք երգում․ «Օրհնություններդ հաշվիր, թվիր մեկ առ մեկ։ Տես թե Աստված ինչ է տվել քեզ»։2

Հեշտ չի լինի հիշելը։ Ապրելով քողը մեր աչքերին՝ մենք չենք կարողանում հիշել, թե ինչպիսին էր նախաերկրային աշխարհը մեր Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդի Հիսուս Քրիստոսի հետ. ոչ էլ կարող ենք մեր ֆիզիկական աչքերով կամ միայն դատելով տեսնել Աստծո ձեռքը մեր կյանքում։ Նման բաները տեսնելու համար պետք է ունենալ Սուրբ Հոգին։ Հեշտ չէ արժանանալ Սուրբ Հոգու ընկերակցությանն ամբարիշտ աշխարհում։

Ահա թե ինչու աշխարհի սկզբից ի վեր Աստծուն մոռանալը մշտական խնդիր է եղել Նրա զավակների համար։ Մտածեք Մովսեսի ժամանակների մասին, երբ Աստված մանանա տվեց, հրաշքով ու տեսանելի միջոցներով առաջնորդեց և պահպանեց Իր զավակներին։ Այնուամենայնիվ, մարգարեն նախազգուշացնում էր մեծապես օրհնված ժողովրդին, ինչպես մարգարեները միշտ նախազգուշացրել են և միշտ էլ կնախազգուշացնեն․ «Միայն զգոյշ եղիր եւ քո հոգիին շատ զգուշութիւն արա, որ մի գուցէ մոռանաս այն բաները որ քո աչքերը տեսան, եւ մի գուցէ նորանք սրտիցդ դուրս գան քո կենաց բոլոր օրերումը»։3

Իսկ հիշելը միշտ էլ եղել է ամենադժվար խնդիրը նրանց համար, ովքեր լիառատ օրհնվել են։ Նրանք, ովքեր հավատարիմ են Աստծուն, պաշտպանվում և բարգավաճում են։ Դա տեղի է ունենում Աստծուն ծառայելու և Նրա պատվիրանները պահելու արդյունքում։ Սակայն այդ օրհնությունների հետ գալիս է դրանց աղբյուրը մոռանալու գայթակղությունը։ Հեշտությամբ մեզ պարուրում են զգացողությունները, որ օրհնությունները ոչ թե շնորհվել են սիրող Աստծո կողմից, ումից մենք կախման մեջ ենք, այլ մեր ուժերով ենք հասել դրանց։ Մարգարեները կրկին ու կրկին աղաղակել են այդ մասին․

«Եվ այսպիսով, մենք կարող ենք տեսնել, թե որքան կեղծ և նաև անկայուն են մարդկանց զավակների սրտերը. այո, մենք կարող ենք տեսնել, որ Տերն իր անսահման մեծ բարությամբ օրհնում ու բարգավաճեցնում է նրանց, ովքեր դնում են իրենց վստահությունը նրա վրա։

Այո, և մենք կարող ենք տեսնել՝ հենց այն ժամանակ, երբ նա բարգավաճեցնում է իր ժողովրդին, այո, իրենց դաշտերի, իրենց հոտերի ու իրենց նախիրների, ոսկու և արծաթի և ամեն ձևի, ամեն տեսակի ու տիպի թանկարժեք բաների աճով. խնայելով նրանց կյանքը, և ազատելով նրանց իրենց թշնամիների ձեռքից. փափկացնելով նրանց թշնամիների սրտերը, որ նրանք չհայտարարեն պատերազմներ նրանց դեմ. այո, և ի վերջո, անելով բոլոր բաներն իր ժողովրդի բարօրության ու երջանկության համար. այո, այդ ժամանակ է, որ նրանք կարծրացնում են իրենց սրտերը և մոռանում են Տիրոջը՝ իրենց Աստծուն, և իրենց ոտքերի տակ կոխ են տալիս Սուրբին,– այո՛, և դա՝ իրենց բարեկեցության և իրենց խիստ մեծ բարգավաճման պատճառով»։

Եվ մարգարեն շարունակելով, ասում է․ «Այո, որքան արագ են նրանք հպարտությունից բարձրամտանալիս. այո, որքան արագ՝ պարծենալիս և այն ամենն անելիս, ինչն անօրինություն է. և որքան դանդաղ են Տիրոջը՝ իրենց Աստծուն հիշելիս և նրա խորհուրդներին ականջ դնելիս, այո, որքան դանդաղ են իմաստության ուղիներում քայլելիս»։4

Տխուր է, սակայն բարգավաճումը միակ պատճառը չէ, որ մարդիկ մոռանում են Աստծուն։ Նաև դժվար է հիշել Նրան, երբ մեր կյանքը վատթարանում է։ Երբ մենք մաքառում ենք, ինչպես շատ շատերը, ծանր աղքատության մեջ, կամ երբ թշնամիները գերիշխում են մեզ վրա, կամ երբ հիվանդությունը չի բուժվում, մեր հոգիների թշնամին կարող է ուղարկել իր չար ուղերձը, որ Աստված չկա կամ եթե Նա գոյություն ունի, Նա մեր մասին չի մտածում։ Այդ ժամանակ դժվար կլինի Սուրբ Հոգու համար մեր հիշողություն վերադարձնել կյանքի այն ժամանակահատվածը, երբ Տերը օրհնություններ է տվել մեզ՝ մեր մանկությունից ի վեր և մեր վշտի պահերին։

Աստծուն, Նրա օրհնությունները և մեզ ուղղված Նրա ուղերձները մոռանալու սոսկալի ախտի դեմ մի հասարակ դեղամիջոց կա։ Հիսուս Քրիստոսը խոստացավ դա Իր աշակետներին, երբ մոտ էր Նրա խաչելությունը, հարությունը, իսկ հետո՝ իրենցից հեռանալը՝ համբարձվելով Իր Հոր փառքի մեջ։ Նրանք մտահոգվում էին, թե ինչպես պետք է համբերեն, երբ Նա այլևս իրենց հետ չլինի։

Ահա այդ խոստումը։ Այն ժամանակ դա կատարվեց իրենց համար։ Դա կարող է կատարվել այժմ բոլորիս համար․

«Այս խօսեցի ձեզ հետ՝ քանի որ ձեզ մօտ եմ։

Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կ’ուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի»։5

Հիշողության բանալին, որը բերում և պահում է վկայությունը, հանդիսանում է Սուրբ Հոգուն որպես ընկերակից ստանալը։ Սուրբ Հոգին է, որ օգնում է մեզ տեսնել, թե Աստված ինչ է արել է մեզ համար։ Սուրբ Հոգին է, որ կարողանում է օգնել նրանց, ում մենք ծառայում ենք, տեսնել, թե ինչ է Աստված արել իրենց համար։

Երկնային Հայրը մեզ տվել է մի պարզ միջոց, որով կարելի է ստանալ Սուրբ Հոգին ոչ թե մեկ անգամ, այլ մշտապես մեր առօրյա զբաղված կյանքում։ Դա ներկայացված է հաղորդության աղոթքում․ մենք խոստանում ենք, որ միշտ կհիշենք Փրկիչին։ Մենք խոստանում ենք վերցնել Նրա անունը մեզ վրա։ Մենք խոստանում ենք պահել Նրա պատվիրանները։ Եվ մեզ խոստացվել է, որ եթե մենք անենք դա, Նրա Հոգին մեզ հետ կունենանք։6 Այդ խոստումները միասին հրաշալի ձևով աշխատում են՝ ամրապնդելով մեր վկայությունները և իր ժամանակին, Քավության շնորհիվ, փոխելու մեր բնույթը, եթե մենք պահում ենք խոստման մեր մասը։

Սուրբ Հոգին է վկայում, որ Հիսուս Քրիստոսը Սիրելի Որդին է Երկնային Հոր, ով սիրում է մեզ և ցանկանում է, որ ընտանիքներով հավերժական կյանք ունենանք Իր հետ։ Այդ վկայության հենց սկզբից մենք ցանկություն ենք զգում ծառայելու Նրան և պահելու Նրա պատվիրանները։ Երբ մենք շարունակաբար կատարում ենք դա, մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևները, որոնք մեզ ուժ են տալիս ծառայելու։ Մենք տեսնում ենք Աստծո ձեռքն ավելի հստակ, այնքան հստակ, որ ժամանակի հետ մենք ոչ միայն հիշում ենք Նրան, այլև սկսում ենք սիրել Նրան և Քավության զորությամբ ավելի նման ենք դառնում Նրան։

Դուք կարող եք հարցնել․ «Բայց ինչպե՞ս կարող է սկսել այս գործընթացը նա, ով ոչինչ չգիտի Աստծո մասին և հոգևոր փորձառության մասին ոչ մի հիշողություն չունի»։ Ամեն ոք ունեցել է հոգևոր փորձառություններ, որ միգուցե չի ընկալել։ Այս աշխարհ եկող ամեն մարդու տրվում է Քրիստոսի Հոգին։ Մորոնիի գրքում նկարագրվում է, թե ինչպես է այդ հոգին աշխատում․

«Քանզի ահա, Քրիստոսի Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից. ուստի, ես ցույց եմ տալիս ձեզ դատելու ուղին. քանզի ամեն բան, որ հրավիրում է անել բարիք, և համոզում է հավատալ Քրիստոսին, առաջանում է Քրիստոսի զորությամբ ու պարգևով. ուստի, դուք կարող եք կատարյալ իմացությամբ իմանալ՝ դա Աստծուց է։

Բայց ինչ բան, որ համոզում է մարդկանց գործել չարիք, և չհավատալ Քրիստոսին, և ուրանալ նրան, և չծառայել Աստծուն, այդ դեպքում դուք կարող եք իմանալ մի կատարյալ իմացությամբ՝ դա դևից է. քանզի այս ձևով է դևը գործում, քանզի նա ոչ մի մարդու չի համոզում բարիք գործել, ո՛չ, ոչ մեկին. ո՛չ էլ նրա հրեշտակներն են անում այդ. ո՛չ էլ նրանք են անում այդ, ովքեր ենթարկվում են նրան։

Ուստի, ես աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ դուք ջանասիրաբար քննեք Քրիստոսի լույսով, որ կարողանաք բարին տարբերել չարից. և եթե դուք որդեգրեք այն ամենը, ինչ բարի է, և չդատապարտեք այն, դուք, անշուշտ, կլինեք Քրիստոսի զավակը»։7

Այսպիսով, մարդիկ սկսում են Սուրբ Հոգու պարգևները ստանալ՝ նախքան որպես Եկեղեցու անդամներ հաստատվելը, և նույնիսկ մկրտությունից առաջ Սուրբ Հոգին կհաստատի նրանց համար ճշմարտությունը, որ ունեն հոգևոր փորձառություններ։ Իրենց մանկությունից ի վեր արդեն իսկ Քրիստոսի Հոգին նրանց հուշել է կատարել բարին և զգուշացրել չարի դեմ։ Նրանք այդպիսի փորձառությունների մասին հիշողություններ ունեն անգամ, եթե չեն ճանաչել դրա աղբյուրը։ Այդ հիշողությունը ետ կգա, երբ մենք կամ միսիոներներն ուսուցանեն նրանց Աստծո խոսքը, և նրանք լսեն այն։ Նրանք կհիշեն ուրախության և տխրության զգացումը, երբ ուսուցանվեն ավետարանի ճշմարտությունները։ Եվ Քրիստոսի Հոգու մասին այդ հիշողությունը կփափկացնի նրանց սրտերը, որպեսզի թույլ տա Սուրբ Հոգուն վկայել իրենց։ Դա նրանց կօգնի պահել պատվիրանները և նրանք կցանկանան վերցնել Փրկիչի անունն իրենց վրա։ Իսկ երբ նրանք դա անեն մկրտության ջրերում, և երբ լսեն հաստատման խոսքերը՝ «Ստացի՛ր Սուրբ Հոգին», որը կասվի Աստծո լիազորված ծառայի կողմից, Աստծուն միշտ հիշելու զորությունը կավելանա։

Ես վկայում եմ ձեզ, որ ձեր ջերմ զգացողությունները, որոնք գալիս են այս համաժողովին ճշմարտությունը լսելիս, Սուրբ Հոգուց են։ Փրկիչը, ով խոստացել է, որ Սուրբ Հոգին կգա, մեր Երկնային Հոր սիրված, փառավորված Որդին է։

Այսօր և վաղը երեկոյան դուք կարող եք աղոթել և խորհել, հարցնելով․ Արդյո՞ք Աստված այս ուղերձն ուղարկեց ինձ համար։ Արդյո՞ք տեսել եմ Նրա ձեռքը իմ կամ իմ երեխաների կյանքում։ Ես այդպես եմ անելու։ Եվ ապա ես միջոց կգտնեմ պահպանելու այդ հիշողությունն այն օրվա համար, երբ ես և իմ սիրելիները կարիք կունենանք հիշելու, թե որքան շատ է Աստված սիրում մեզ և որքան շատ նրա կարիքն ունենք։ Ես վկայում եմ, որ Նա սիրում և օրհնում է մեզ, ավելի, քան մեզանից շատերը մինչ այժմ հասկացել են։ Ես գիտեմ, որ դա ճիշտ է, և Նրան հիշելն ինձ ուրախություն է պարգևում։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։