2024
Գտնենք սփոփանք Աստծո հետ մեր ուխտի հարաբերություններում
Սեպտեմբեր 2024


«Գտնենք սփոփանք Աստծո հետ մեր ուխտի հարաբերություններում», Լիահոնա, սեպտեմբեր 2024։

Գտնենք սփոփանք Աստծո հետ մեր ուխտի հարաբերություններում

Հիսուս Քրիստոսը մաքուր սիրո, բժշկության, երջանկության և սփոփանքի աղբյուրն է։

Հիսուսը Երկրորդ Գալուստի ժամանակ

Հատված կտավից․ Նա կրկին գալիս է իշխելու և թագավորելու, հեղինակ՝ Մերի Ռ․ Սաուեր

Աստծո հետ մեր ուխտի փոխհարաբերությունների միջոցով սփոփանք գտնելը որոշ ժամանակ եղել է իմ մտքում և սրտում։ Քանի որ Տիրոջ մարգարեն ուսուցանել և հորդորել է մեզ սովորել ուխտերի, տաճարների և քահանայության զորության մասին, ես սկսեցի փնտրել, սիրել և սնվել զորացնող ճշմարտություններով, որոնք բխում են ուխտերից։

Մեզ համար նախատեսված էր հզոր կերպով համագործակցել Տիրոջ հետ մեր ուխտերի միջոցով։ Նա ցանկանում է մեզ հետ լինել մեր մտահոգությունների ժամանակ և որոշումներ կայացնելիս։ Պետք չէ միայնակ անցնել կյանքի դժվարությունների, վշտերի, անորոշությունների ու տառապանքների միջով։ Նա կլինի մեր կողքին։ Նա ասել է․ «Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ» (Հովհաննես 14.18

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկարագրել է Աստծո էությունը և Նրա մեծ սերը մեր հանդեպ, երբ ուսուցանել է, որ «ուխտի ուղին հիմնված է Աստծո հետ մեր հարաբերությունների վրա»։ Նա ասել է․ «Երբ ես և դուք ուխտ ենք կապում Աստծո հետ, Նրա հետ մեր հարաբերությունները շատ ավելի սերտ են դառնում, քան մինչ մեր ուխտն էին»։ Մենք դառնում ենք կապված միմյանց հետ։ Աստծո հետ ունեցած մեր ուխտի շնորհիվ Նա չի դադարի օգնել մեզ, և մենք երբեք չենք սպառի Նրա ողորմած համբերատարությունը մեր հանդեպ։ Յուրաքանչյուրս հատուկ տեղ ունենք Աստծո սրտում։ Նա մեզ հետ կապված մեծ հույսեր ունի»։

Խաղաղության իմ ամենամեծ աղբյուրը

Որպես քույր, որը դեռ ամուսնացած չէ, այս սիրառատ և ողորմած ուխտային հարաբերությունն իմ Երկնային Հոր և Փրկչի հետ առանցքային է իմ կյանքում և եղել և շարունակում է մնալ իմ մեծագույն սփոփանքն ու խաղաղությունը։ Անկախ մեր ամուսնական կարգավիճակից կամ ծագումից, Տերը ցանկանում է, որ մենք համագործակցենք Իր հետ հզոր ձևով․ լինենք «մեկ» (3 Նեփի 19․23) Նրա հետ «[մեր] բոլոր գործերում» (Ալմա 37․37)։ Երբ մենք կանչում ենք առ Տերը մեզ աջակցելու համար և ասում՝ «թող [մեր] սրտի գորովանքը դրված լինի [Նրա] վրա հավիտյան» (Ալմա 37․36, շղագրերն ավելացված են), մեր կյանքը կարող է լցված լինել այս գեղեցիկ ուխտի կապով։

Մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք սփոփանք գտնել, երբ միայնակ դիմակայում ենք կյանքի դժվարություններին։

Մենք բոլորս ունենք մտահոգություններ և կարիքներ, որոնց մեջ կարող ենք մեզ միայնակ զգալ։ Նա հոգ է տանում մեր մտահոգությունների մասին, անկախ նրանից, թե որքան մեծ կամ փոքր են դրանք։ Ես զգացել եմ Նրա օգնության կարիքը, երբ անհանգստացել եմ թվացյալ փոքր բաների մասին, ինչպես օրինակ՝«տան վերանորոգումը», որը մշտական խնդիր է։ Չունենալով ամուսին, ում հետ կարող էի խորհրդակցել, ես միայնակ անհանգստացել եմ ճիշտ կապալառու ընտրելու, համապատասխան ծախսերի, աշխատանքից շուտ տուն գալու, և իմ ֆինանսների ու տան վրա լավ տնտես լինելու համար։ Օրեր առաջ ավտոտնակիս դուռը վերանորոգելը հաղթանակ էր ինձ համար։ Տերը լսեց իմ մտահոգությունը։ Եվ չնայած առկա խնդիրների մեջ ամենափոքրն էր, բայց Նա պատասխանեց իմ աղոթքին։ Ինչպե՞ս։ Բարի հարևանի, Հոգու և YouTube-ի տեսահոլովակի օգնությամբ ես օրհնվեցի իմանալու, թե ինչ անել դուռը վերանորոգելու համար։

Եթե Տերը ուշադիր է փոքր կարիքների հանդեպ, պատկերացրեք Նրա ցանկությունը՝ օրհնելու և աջակցելու մեզ սրտի և հոգու հետ կապված ավելի մեծ հարցերում, որոնք քիչ չեն՝ չարաշահում, կախվածություն, դժվար ընտանեկան հարաբերություններ, կորուստ և հիասթափություն, շարունակական մտավոր և ֆիզիկական առողջության խնդիրներ, ֆինանսական դժվարություններ, ծնող լինելու մշտական մտահոգություն, մշտական խնամք ծնողի համար, պայքար անձնական հավատքի համար, երեխայի կամ ամուսնու, որոնք չեն ցանկանում մասնակցել ավետարանում։

Իմ կյանքի լարված և անորոշ պահերին ես մեծապես ապավինել եմ Աստծո հետ իմ ուխտի փոխհարաբերությունների վրա և ամուր պահել դրանք։ Երբ ես վստահել եմ Նրա սիրառատ խնամքին և փորձել իմ լավագույնն անելով նվիրաբերել իմ կյանքը Նրան, Նա սփոփել է ինձ Իր քահանայության զորությամբ և եղել է իմ Մատակարարը իմ հոգևոր և նյութական կարիքների մեջ։ Նա ազատում է վախից, ազատում է անապահովությունից, ազատում է հպարտությունից, ազատում է մեղքից, ազատում է մենակությունից, ազատում է վշտից։

Նախագահ Նելսոնը պարզ և հստակ ուսուցանել է, որ «Աստծո հետ ուխտեր պահելու պարգևը երկնային զորություն է՝ մի զորություն, որն ուժ է տալիս մեզ ավելի լավ դիմակայել մեր փորձություններին, գայթակղություններին ու ցավերին»։

Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք սփոփանք գտնել, երբ միայնակ դիմակայում ենք կյանքի դժվարություններին։

Քույր Յին երկու այլ քույրերի հետ

Քույր Յին երկու քույրերի հետ Միկրոնեզիայում, ովքեր մեծացնում են ծնողների կողմից լքված երեխաներին։

Քույրերը «ծովի կղզիների վրա»

Մինչ ես խորհում էի Աստծո հետ ունեցած ուխտի օրհնությունների շուրջ, ես մտածեցի Ասիայի Հյուսիսային Տարածք այցելելու իմ հանձնարարության մասին։

Ես արտոնություն եմ ունեցել ճանապարհորդելու Միկրոնեզիայի Չուկ կղզիներ, որ գտնվում են Ճապոնիայից մոտ 1500 մղոն (2400 կմ) դեպի հարավ-արևելք։ Վենոյից (Չուկ) երկու քույրեր իրենց կյանքը նվիրել են ծնողների կողմից լքված երեխաներին մեծացնելու գործին։ Այս երկու քույրերը զգացին, որ կարևոր է մեծացնել այս երեխաներին ավետարանում։ Այս քույրերից մեկը ամուրի է և աշխատում է լրիվ դրույքով որպես դպրոցում խորհրդատու։

Ես նրանց հետ կիսվեցի Եկեղեցու քույրերին ուղղված նախագահ Նելսոնի ուղերձով, որն այն է, որ դուք, քույրեր, սիրված, անհրաժեշտ և թանկագին եք։

Մի գեղեցիկ ամուրի քույր, ով մեծացնում է իր զարմուհիներին և զարմիկներին, լաց եղավ և ասաց, որ վերջին շրջանում իրեն թանկագին չի զգում. նա իրեն մոռացված է զգում։ Բայց նա վկայեց, որ մարգարեի խոսքերում զգացել է Աստծո սերը և հոգատարությունը իր հանդեպ, որ նա իսկապես «թանկարժեք» է, և նա գիտի, որ դա ճշմարիտ է։ Նա զգաց Աստծո բժշկող սերը․ նա զգաց սփոփանք։

Տերն ասել է․ «Չգիտե՞ք, որ ես՝ Տերս, ձեր Աստվածը, ստեղծել եմ բոլոր մարդկանց, և որ ես հիշում եմ նրանց, ովքեր ծովի կղզիների վրա են» (2 Նեփի 29․7

Այս քույրերին իրենց Երկնային Հայրը և Փրկիչը ճանաչում են։ Նրանք մենակ չեն։ Եվ ոչ էլ ես ու դու՝ մեր փորձությունների ու մարտահրավերների մեջ։ Տերն ինձ ուղարկեց մոտավորապես 8500 մղոն (13700 կմ) անցնելու ինքնաթիռով, գնացքով, մեքենայով և նավով, որպեսզի Աստծո սերն ու սփոփանքը փոխանցեմ ծովի կղզիներում գտնվող «մեկին»։ Եվ այսպես, Նա կգտնի ձեզ և ինձ մեր անձնական կղզիներում, որտեղ մենք կարող ենք մեզ միայնակ զգալ մտահոգությունների և բեռների տակ, որոնք կրում ենք մեր սրտում։ Նա ներկա է և պատրաստ է մեզ օրհնել, առաջնորդել և մխիթարել։

«Ես կարող եմ գալ քեզ մոտ»

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) մի անգամ նկարագրել է մի փորձառություն, որի միջով անցել է «յոթ երեխա ունեցող մի ամուսնալուծված միայնակ մայր, որոնք 7-ից մինչև 16 տարեկան հասակի էին։ Նա պատմել է, որ դուրս էր եկել գնալու փողոցի մյուս կողմը՝ հարևանին ինչ-որ բան տալու»։ Ահա կնոջ խոսքերը, որոնք հիշել է մարգարեն․

«Երբ ես շրջվեցի ետ դառնալու տուն, ես տեսա, որ իմ տունը լույսերով էր ողողված: Մտքումս հնչում էին երեխաներիս ձայները, երբ մի քանի րոպե առաջ լսել էի դուրս գալիս: Նրանք ասում էին. «Մայրիկ, ի՞նչ ենք ուտելու ճաշին»։ «Կարո՞ղ ես ինձ գրադարան տանել»։ «Այսօր ինձ պաստառի համար թուղթ է հարկավոր»։ Հոգնած և ուժասպառ, ես նայեցի այդ տանը և տեսա բոլոր սենյակների լույսերը վառ: Ես մտածեցի բոլոր այդ երեխաների մասին, ովքեր տանն էին և սպասում էին ինձ՝ բավարարելու իրենց կարիքները: Իմ բեռներն ավելի ծանր էին թվում, քան ես կարող էի դրանք տանել:

Հիշում եմ ինչպես արցունքների միջից նայեցի դեպի երկինք և ասացի. «Սիրելի Հայր, ես ուղղակի չեմ կարող դա անել այս երեկո: Ես շատ եմ հոգնած: Ես չեմ կարող դիմակայել դրան: Ես չեմ կարող գնալ տուն և միայնակ հոգ տանել բոլոր այդ երեխաներին: Կարելի՞ է, որ գամ Քեզ մոտ և մնամ Քեզ մոտ միայն մեկ գիշեր …»։

Ես իրականում չլսեցի պատասխանի խոսքերը, բայց ես դրանք լսեցի մտքումս։ Պատասխանն էր. «Ոչ, փոքրիկս, դու չես կարող ինձ մոտ գալ այժմ։ … Բայց ես կարող եմ գալ քեզ մոտ»։

«Ես կարող եմ գալ քեզ մոտ»։ Նա եկավ այդ կնոջ մոտ, և Նա կգա ձեզ և ինձ մոտ, ճիշտ ինչպես Փրկիչը եկավ կնոջ մոտ այն ջրհորի մոտ, որտեղ նա աշխատել և տքնել էր իր օրերում (տես Հովհաննես 4․3-42)։ Նա քաջալերեց նրան, ուսուցանեց նրան, հայտարարեց Իր մեսիա լինելու մասին և սիրեց նրան, մինչ կինն ինքն իրեն չէր սիրում։ Ջրհորի մոտ գտնվող կնոջը, յոթ երեխաների երիտասարդ մորը, ձեզ և ինձ, Հիսուս Քրիստոսը պատրաստ է սփոփել։ Ես վկայում եմ, որ մենք կարող ենք սփոփվել սիրառատ Աստծո հետ մեր ուխտի կապի միջոցով։

Հավանաբար, դուք, ինչպես և ես, աղերսել եք օգնություն, որպեսզի ձեր կյանքի ամենաէմոցիոնալ, ֆիզիկապես և հոգեպես դժվար պահերին մենակ չլինեք։ Այս ինտենսիվ աճի պահերը հոգու վրա թողնում են այնպիսի հետք, որը ես կոչում եմ «հոգևոր ձգվող նշաններ»։ Բայց ես վկայում եմ, որ Նա տարավ ինձ, և Նա կտանի ձեզ։ Նա փորագրել է ձեզ Իր ձեռքերի ափերի մեջ (տես Եսայիա 49․16, 1 Նեփի 21․16)։ Նա այնտեղ էր, երբ դուք փորձում էիք «արդար լինել խավարի մեջ»։ Նա ինձ չի լքել, ոչ էլ ձեզ կլքի։ Ուստի, ես կսիրեմ նրան ընդմիշտ։

Թանկագին քույրեր և եղբայրներ, մաքուր սիրո, բժշկության, երջանկության և սփոփանքի աղբյուրը բխում է Հիսուս Քրիստոսից։ Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը սփոփանք է։

Նա ցանկանում է հոգ տանել ձեր մասին, օրհնել և ներել ձեզ։ Նա եկել է հենց այս նպատակով, որպեսզի տա ձեզ այն անհրաժեշտ սփոփանքը, որը դուք փնտրում եք։ Նա աշխարհի Քավիչն է, և ես վկայում եմ, որ Նա ապրում է և որ սիրում է ձեզ։

Բրիգամ Յանգ Համալսարանում կայացած Կանանց համաժողովի ելույթից, որը հնչել է 2023 թվականի մայիսի 3-ին։