2010–2019 թթ․
Որ նրանք միշտ հիշում են Նրան
Հոկտեմբեր 2015


10:46

Որ նրանք միշտ հիշում են Նրան

Ես սիրում եմ ուսումնասիրել և խորհել Նրա կյանքի մասին, ով ամեն ինչ տվեց ինձ և մեզ բոլորիս:

Ես սիրում եմ Երեխաների Միության երգը, որտեղ ասվում է.

Պատմիր ինձ այսօր Հիսուսի մասին,

Այն, ինչ ինքը կպատմեր, եթե այստեղ լիներ:

Պատմությունները երկրի, և ծովի,

Հիսուսի մասին, ինձ այսօր պատմիր:

Ես հավատում եմ, որ մեր երեխաներին և ընտանիքներին Հիսուսի մասին պատմություններ պատմելու ավանդույթ ձևավորելը մեր տներում կիրակին սուրբ պահելու մի յուրահատուկ եղանակ է:

Դա, անկասկած, հատուկ ոգով կպարուրի մեր տները և մեր ընտանիքներն իրենց առջև կունենան Փրկչի օրինակը:

Ես սիրում եմ ուսումնասիրել և խորհել Նրա կյանքի մասին, ով ամեն ինչ տվեց ինձ և մեզ բոլորիս:

Ես սիրում եմ կարդալ Նրա անմեղ կյանքի մասին պատմող սուրբ գրությունների հատվածները, և Նրա մասնակցությամբ այդ իրադարձությունների մասին կարդալուց հետո, ես փակում եմ աչքերս և փորձում պատկերացնել այդ սուրբ պահերը, որոնք ուսուցանում և հոգեպես զորացնում են ինձ:

Օրինակ, նման պահեր են՝

  • Երբ Նա թքեց գետնի վրա, թքից ցեխ շինեց, և ցեխը քսելով կույրի աչքերին՝ ասաց. «Գնա լուացվիր Սելովամի ավազանումը»: Եվ այդ մարդը հնազանդվեց «և գնաց լվացվեց, և եկավ ու տեսնում էր»:

  • Երբ Նա բժշկեց այն կնոջը, ով արյունահոսություն ուներ և դիպավ Փրկչի զգեստի փեշին, հավատալով, որ կբժշկվեր՝ միայն թե դիպչեր Նրան:

  • Երբ Նա հայտնվեց Իր աշակերտներին՝ քայլելով ծովի վրայով:

  • Երբ Նա քայլեց աշակերտների հետ Էմմաուսի ճանապարհով և մեկնաբանեց սուրբ գրությունները նրանց համար:

  • Երբ Նա հայտնվեց մարդկանց Ամերիկաներում, կանչեց նրանց Իր մոտ և ասաց, որ իրենց ձեռքերը դնեն Իր կողերի մեջ և շոշափեն մեխերի տեղերը Իր ձեռքերի և Իր ոտքերի վրա, որպեսզի նրանք իմանային, որ Ինքն էր «Իսրայելի Աստվածը, և ամբողջ երկրագնդի Աստվածը, և սպանվել [էր] աշխարհի մեղքերի համար»:

Ես ուրախանում եմ, երբ իմանում եմ, որ կան ծնողներ, ովքեր Քրիստոսի մասին պատմություններ են պատմում իրենց երեխաներին: Ես նկատում եմ դա, երբ նայում եմ երեխաներին՝ Եկեղեցում Երեխաների ծրագրերի և այլ միջոցառումների ժամանակ:

Ես երախտապարտ եմ իմ ծնողներին, ովքեր ուսուցանել են ինձ Քրիստոսի մասին: Ես տեսնում եմ նաև, թե ինչպես է Փրկչի օրինակն օգնում իմ սիրելի կնոջը և ինձ՝ մեր երեխաներին սովորեցնելիս:

Սիրտս լցվում է ուրախությամբ, երբ տեսնում եմ, թե ինչպես են իմ երեխաները Քրիստոսի մասին պատմում են իմ թոռներին: Դա ինձ հիշեցնում է սուրբ գրությունների իմ սիրելի հատվածներից մեկը, որը գտնվում է Գ Հովհաննես, գլուխ 1, հատված 4-ում, այնտեղ ասվում է. «Սորանից ավելի մեծ ճշմարտություն չունիմ, որ լսում եմ թե իմ որդիները ճշմարտության մեջ են գնում»: Իսկ ինչո՞ւ ոչ նաև մեր թոռները:

Ես երախտապարտ եմ մեր ղեկավարների համար, ովքեր մեզ մշտապես ուսուցանում են Քրիստոսի, կիրակին սուրբ պահելու և յուրաքանչյուր կիրակի, ի պատիվ Փրկչի, հաղորդությունից ճաշակելու մասին:

Կիրակին և հաղորդությունը շատ ավելի իմաստալից են դառնում, երբ ուսումնասիրում ենք Քրիստոսի մասին պատմությունները: Այդպիսով, մեր հավատքն ու վկայությունը կերտող ավանդույթներ ենք ձևավորում և նաև պաշտպանում մեր ընտանիքները:

Մի քանի շաբաթ առաջ կրկին անգամ ուսումնասիրելով վերջին գերագույն համաժողովին արտասանած Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուղերձը և խորհելով կիրակի օրվա մասին, ես խորը երախտագիտություն զգացի հաղորդությունից ճաշակելու օրհնության և արտոնության համար: Ինձ համար դա անչափ խորհրդավոր, սուրբ և հոգևոր պահ է: Ես մեծ բավականություն եմ ստանում հաղորդության ժողովից:

Մտքումս խորհելով ես մանրակրկիտ քննել եմ հացի և ջրի օրհնությունները: Կարդացել և խորհրդածել եմ հաղորդության աղոթքների և հաղորդության արարողության շուրջ: Ես սկսեցի իմ մտքում և սրտում անդրադառնալ հաղորդության հետ կապված իրադարձություններին:

Խորհրդածության ոգով ես անդրադարձել եմ բաղարջակերաց առաջին օրվան, երբ Հիսուսն ի պատասխան Իր աշակերտների հարցին, թե որտեղ պիտի պատրաստեին Զատիկը, ասաց. «Գնացեք քաղաքն՝ այսինչի մոտ, և ասեցեք նորան. Վարդապետն ասում է՝ Իմ ժամանակը մոտ է. քեզ մոտ եմ անելու զատիկն իմ աշակերտների հետ»:

Ես փորձել եմ մտովի պատկերացնել աշակերտներին, ովքեր ուտելիք էին գնում և խնամքով սեղան պատրաստում՝ այդ հատուկ օրը Նրա հետ ճաշելու համար, իսկ սեղանը 13 հոգու՝ Նրա և Իր սիրելի տասներկու աշակերտների համար էր:

Ես արտասվել եմ՝ պատկերացնելով նրանց հետ սեղանի շուրջը նստած Քրիստոսին, որ հայտարարեց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մեկը կմատնե ինձ»:

Ես մտածել եմ վշտացած աշակերտների մասին, ովքեր հարցրեցին Նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէր»:

Իսկ երբ Հուդան Նրան տվեց այդ նույն հարցը, Նա հանգիստ պատասխանեց. «Դու ասացիր»:

Ես կարող եմ պատկերացնել բժշկող, մխիթարող, շենացնող և օրհնող ձեռքերը, որոնք կտրում էին հացը, երբ Հիսուսն ասաց. «Առեք կերեք, այս է իմ մարմինը»:

Այնուհետև Նա վերցրեց գինով լի բաժակը, գոհացավ, նրանց տվեց և ասաց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղաց»:

Մտքում ես տեսել եմ աշակերտներին, մեկ առ մեկ, և նկատել նրանց աչքերում մտահոգություն Վարդապետի համար, ում նրանք անչափ սիրում էին: Կարծես թե նստած էի նրանց հետ, և նայում էի ամեն ինչին: Ես անտանելի ցավ զգացի իմ սրտում՝ լի տխրությամբ ու թախիծով այն ամենի համար, որ Նա պետք է կրեր ինձ համար:

Հոգիս լցվեց ավելի լավ մարդ լինելու անհաղթահարելի ցանկությամբ: Ապաշխարությամբ և ցավով ես սրտանց ցանկացա չորացնել և կանխել Գեթսեմանում հեղված Նրա արյան գոնե մի քանի կաթիլը:

Այնուհետև, ես խորհեցի հաղորդության շուրջ, որ ամեն շաբաթ մենք ճաշակում ենք՝ ի հիշատակ Նրա: Այդ ժամանակ ես խորհեցի հացի և ջրի օրհնությունների յուրաքանչյուր բառի շուրջ: Ես խորապես մտածեցի «և միշտ հիշել նրան» խոսքերի շուրջ՝ հացի օրհնության մեջ և «որ նրանք միշտ հիշում են նրան» խոսքերի շուրջ՝ ջրի օրհնության մեջ:

Ես մտածել եմ, թե ինչ է նշանակում՝ միշտ հիշել Նրան:

Ինձ համար դա նշանակում է, որ՝

  • Հիշում եմ Նրա նախամահկանացու կյանքը, երբ Նա արարեց այս գեղեցիկ երկրագունդը:

  • Հիշում եմ Նրա համեստ ծնունդը մսուրում՝ Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում:

  • Հիշում եմ, որ դեռևս լինելով 12 տարեկան պատանի, տաճարում Նա ուսուցանեց և քարոզեց դպիրներին:

  • Հիշում եմ, երբ Նա առանձնացավ մի ամայի վայրում, որպեսզի պատրաստվի Իր մահկանացու ծառայությանը:

  • Հիշում եմ, երբ Նա կերպարանափոխվեց Իր աշակերտների առաջ:

  • Հիշում եմ, որ Վերջին Ընթրիքի ժամանակ Իր աշակերտների հետ հաստատեց հաղորդությունը:

  • Հիշում եմ, որ Նա գնաց Գեթսեմանի պարտեզ և այնպիսի սոսկալի տառապանք կրեց մեր մեղքերի, ցավերի, հիասթափությունների, հիվանդությունների համար, որ արյունահոսեց յուրաքանչյուր ծակոտիից:

  • Հիշում եմ, որ այդքան շատ տառապանքից և սոսկալի ցավից հետո դեռևս Գեթսեմանում, Նրան համբուրելով դավաճանեց իր աշակերտներից մեկը, ում Նա ընկեր էր կոչում:

  • Հիշում եմ, որ Նրան տարան Պիղատոսի և Հերովդեսի մոտ՝ դատվելու:

  • Հիշում եմ, որ Նրան նվաստացրեցին, ապտակեցին, թքեցին նրա վրա, զարկեցին և խարազանեցին մտրակով, որը պատռեց Նրա մարմինը:

  • Հիշում եմ, երբ դաժանաբար փշե պսակ դրվեց Նրա գլխին:

  • Հիշում եմ, որ Նա ստիպված կրեց Իր խաչը Գողգոթա տանող ճանապարհին, որ Նրան գամեցին խաչին, և Նա կրեց հնարավոր ամեն ֆիզիկական և հոգևոր ցավ:

  • Հիշում եմ, որ խաչի վրայից ողորմածությամբ լցված նայեց իրեն խաչողներին և բարձրացնելով աչքերը դեպի երկինք աղերսեց. «Հայր, թողիր դորանց. որովհետև չգիտեն թե ինչ են անում»:

  • Հիշում եմ, որ իմանալով, որ իրականացրել է մարդկությանը փրկող Իր առաքելությունը, Իր հոգին ավանդեց Իր Հոր և մեր Հոր ձեռքը:

  • Հիշում եմ Նրա Հարությունը, որը երաշխավորում է մեր հարությունը և ողջ հավերժություն Նրա կողքին ապրելու հնարավորությունը, որը կախված է մեր ընտրություններից:

Բացի այդ, խորհելով հաղորդության աղոթքների շուրջ, այդ աղոթքների անչափ հատուկ ու իմաստալից խոսքերն ինձ հիշեցնում են, թե որքան հրաշալի է ստանալ խոստումը հաղորդության օրհնության ընթացքում, որ եթե միշտ հիշենք Նրան, մենք Նրա Հոգին միշտ մեզ հետ կունենանք:

Ես հավատում եմ, որ Տերն ունի մեզ հայտնություն տալու Իր ուրույն ժամանակը: Ես դա շատ հստակ հասկացել եմ, երբ ուսումնասիրել եմ Ժողովող 3.1, 6 հատվածները, որտեղ ասվում է.

«Ամեն բանի ժամանակ կա. և ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան: …

Որոնելու ժամանակ և կորցնելու ժամանակ. պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ»:

Հաղորդությունը նաև Երկնային Հոր համար Իր Սիրելի Որդու՝ մեր Քավչի, Հիսուս Քրիստոսի Քավության մասին մեզ ուսուցանելու ժամանակ է, իսկ մեզ համար՝ հայտնություն ստանալու ժամանակ: Դա ժամանակ է՝ «թակելու, և կբացվի մեզ համար», ժամանակ՝ խնդրելու և այս գիտելիքը ստանալու: Դա մեզ համար Աստծուց այս գիտելիքն ակնածանքով խնդրելու ժամանակ է: Եվ այդ դեպքում ես չեմ կասկածում, որ մենք կստանանք այդ գիտելիքը, որն անչափ կօրհնի մեր կյանքը:

Ես սիրում եմ Կիրակին, հաղորդությունը և դրանց նշանակությունը: Ես սիրում եմ Փրկչին՝ իմ ողջ հոգով: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. “Tell Me the Stories of Jesus,” Children’s Songbook, 57.

  2. Հովհաննես 9.7

  3. Տես Ղուկաս 8.43–48

  4. Տես Մարկոս 6.45–52

  5. Տես Ղուկաս 24.13–35

  6. 3 Նեփի 11.14

  7. Մատթեոս 26.18

  8. Մատթեոս 26.21

  9. Մատթեոս 26.22

  10. Մատթեոս 26.25

  11. Մատթեոս 26.26

  12. Մատթեոս 26.27–28

  13. Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79

  14. Տես Հովհաննես 1.1–3

  15. Տես Ղուկաս 2.1–7

  16. Տես Ղուկաս 2.41–52

  17. Տես Մատթեոս 4.1–11, Մարկոս 1.12–13, Ղուկաս 4.1–13

  18. Տես Մատթեոս 17.1–9

  19. Տես Մատթեոս 26.26–28; Ղուկաս 22.14–20

  20. Տես Ղուկաս 22.39–46

  21. Տես Ղուկաս 22.47–48

  22. Տես Ղուկաս 23.1–12

  23. Տես Մատթեոս 26:67, 27.26, 28, 30, Ղուկաս 22.63–65

  24. Տես Մատթեոս 27.29

  25. Տես Հովհաննես 19.16–18

  26. Ղուկաս 23.34

  27. Տես Ղուկաս 23.46

  28. Տես Ղուկաս 24.5–8

  29. Տես Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79

  30. Մատթեոս 7.7