2010–2019 թթ․
Ձեր հաջորդ քայլը
Հոկտեմբեր 2015


Ձեր հաջորդ քայլը

Ձեզ սիրող Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը հրավիրում են, որ դուք ձեր հաջորդ քայլն անեք Նրանց ուղղությամբ։ Մի սպասեք։ Արեք այդ քայլը հիմա։

Ես տխրեցի վերջին օրերի հրաշալի սրբերի հետ վերջերս կայացած մեր հանդիպումից։ Հարց տրվեց. «Ո՞վ է ցանկանում կրկին ապրել Երկնային Հոր հետ»։ Բոլորը ձեռք բարձրացրին։ Հաջորդ հարցն էր՝ «Ո՞վ է վստահ, որ դա նրանկհաջողվի»։ Ցավոք և ի զարմանս մեզ, մեծամասնությունը իջեցրին իրենց ձեռքերը։

Երբ մենք սկսում ենք գիտակցել այն բացը, որը կա մեր այժմյան վիճակի և այն մարդու միջև, ինչպիսին մենք ցանկանում ենք դառնալ, մեզանից շատերը գայթակղվում են և կորցնում հավատքն ու հույսը։1

Քանի որ «ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Աստծո հետ»2 և կրկին Նրա հետ ապրելու համար մենք պետք է մաքրվենք մեղքից3 և սրբագործվենք։4 Եթե մենք դա միայնակ անենք, մեզանից և ոչ մեկը չի հաջողի։ Բայց մենք միայնակ չենք։ Ի դեպ, մենք երբեք միայնակ չենք։

Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ մեզ օգնության է գալիս երկինքը։5 Փրկիչն ասել է. «Եթե դուք հավատք ունենաք առ ինձ, ապա զորություն կունենաք՝ անելու ինչ-որ նպատակահարմար է ինձ»։6 Երբ հավատքը գործի է դրվում, այն աճում է։

Եկեք միասին քննարկենք երեք սկզբունք, որոնք կօգնեն մեզ՝դեպի մեր Երկնային Հոր մոտ վերադարձի ժամանակ։

Դառնալ երեխա

Մեր փոքր թոռը առաջին սկզբունքի արտահայտումն է։ Չոչ անելուց և կանգնելուց հետո, նա փորձում է քայլել։ Իր առաջին փորձերի ժամանակ նա ընկնում, արտասվում և մի հայացք է ընդունում, կարծես ասում է. «Ես երբեք այլևս դա չեմ կրկնի։ Ես պարզապես կշարունակեմ չոչ անել»։

Երբ նա սայթաքում և ընկնում է, նրա սիրասուն ծնողները չեն մտածում, որ նա անհույս է կամ երբեք չի քայլի։ Փոխարենը՝ նրանք պարզում են իրենց ձեռքերը և կանչում նրան, իսկ երեխան հայացքը նրանցից չկտրելով կրկին անգամ փորձում է շարժվել նրանց սիրող գիրկը։

Սիրող ծնողները միշտ պատրաստ են պարզած ձեռքերով ընդունել նույնիսկ մեր ամենափոքր քայլը, եթե այն ճիշտ ուղղությամբ է։ Նրանք գիտեն, որ անընդհատ փորձելու մեր ցանկությունը կհանգեցնի առաջընթացի և հաջողության։

Փրկիչն ուսուցանել է, որ Աստծո արքայությունը ժառանգելու համար, մենք պետք է դառնանք փոքր երեխա։7 Այսպիսով, հոգևոր տեսանկյունից, առաջին սկզբունքն այն է, որ մենք պետք է անենք այն, ինչ անում էինք երեխա ժամանակ։8

Երեխայական խոնարհությամբ ու ցանկությամբ կենտրոնանալով մեր Երկնային Հոր և մեր Փրկչի վրա, մենք քայլեր ենք անում Նրանց ուղղությամբ՝ երբեք չկորցնելով հույսը, եթե նույնիսկ ընկնենք։ Մեր սիրող Երկնային Հայրն ուրախանում է մեր յուրաքանչյուր փոքր քայլով, իսկ ընկնելու դեպքում Նա ուրախանում է մեր ոտքի կանգնելու և կրկին փորձելու համար։

Գործեք հավատքով

Երկու հավատարիմ սրբեր հանդիսանում են երկրորդ սկզբունքի օրինակը, որոնցից ամեն մեկը սրտանց ցանկանում էր հավերժական զուգընկեր ունենալ։ Երկուսն էլ հավատքով լի քայլեր արեցին այդ ուղղությամբ։

Յուրի անունով մի եկեղեցու անդամ, ով ապրում է Ռուսաստանում, զոհաբերության գնով խնայողություններ է անում տաճար գնալու համար։ Գնացքի մեջ նա մի գեղեցիկ արտաքինով կնոջ է նկատում և զգում է, որ պետք է կիսվի ավետարանով նրա հետ։ Չիմանալով ինչ անել, նա սկսում է կարդալ իր Մորմոնի Գրքից և հույս տածել, որ կինը կնկատի իրեն։

Յուրին չգիտեր, որ այդ կինը, որի անունը Մարիա էր, արդեն Եկեղեցու անդամ էր։ Չիմանալով, որ Յուրին ևս Եկեղեցու անդամ էր և զգալով, որ պետք է կիսվի ավետարանով նրա հետ, Մարիան ևս սկսում է կարդալ իր Մորմոնի Գրքից՝ հուսալով, որ տղան կնկատի իրեն։

Իսկ երբ նրանք միաժամանակ նայեցին իրար, Յուրին ու Մարիան զարմացան, տեսնելով Մորմոնի Գիրքն իրար ձեռքերում, և այո՛, սիրահարվելուց հետո նրանք կնքվեցին տաճարում։ Այսօր Յուրի և Մարիա Կուտեպովները որպես հավերժական զուգընկերներ ապրում են Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում և մեծապես նպաստում են Եկեղեցու աճին՝ Ռուսաստանում։

Այստեղ շեշտը չենք դնում այս զույգի միայն հավատքով գործելու պատրաստակամության վրա։ Այստեղ գործում է երկրորդ սկզբունքը՝ Տերն ավելի քան հավասարեցնում է հավատքով գործելու մեր պատրաստակամությունը։ Քայլ անելու մեր պատրաստակամությունը ոչ միայն բավարարվում է՝ այն գերազանցվում է Տիրոջ խոստացած օրհնություններով։

Երկնային Հայրն ու մեր Փրկիչը ցանկանում են օրհնել մեզ։ Ի վերջո, Նրանք միայն ցանկանում են մեկ տասներորդն այն օրհնությունների, որոնցով Նրանք օրհնել են մեզ և խոստանում են, որ երկնքի պատուհանները կբացվեն։9

Երբ մենք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով ենք գործում և մեկ քայլ առաջ գնում, հատկապես անհարմար մի քայլ, որը փոփոխություն կամ ապաշխարություն է պահանջում, ապա մեզ ուժ է տրվում։10

Ես վկայում եմ, որ Տերը կառաջնորդի մեզ դեպի հաջորդ քայլերը և հաջորդ քայլերի միջով։ Նա ավելի քան կհավասարեցնի մեր ջանքերն Իր զորության հետ, եթե մենք շարունակենք փորձել, ապաշխարել և առաջ շարժվել մեր Երկնային Հոր և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով։

Հոգևոր պարգևներ խոստացված են ոչ միայն նրանց, ովքեր սիրում են Աստծուն և պահում Նրա պատվիրանները, այլ նաև՝ ի ուրախություն մեզ բոլոր նրանց, ովքեր «[ձգտում] են այդպես վարվել»։11 Ուժը տրվում է նրանց, ովքեր շարունակում են ձգտել և փորձել։

Գոյություն ունեն երկու հիմնական ուղեցույցներ, որոնք ամեն շաբաթ գծում են մեր ուղին դեպի հետ՝ մեր Երկնային Հոր մոտ. դրանք են՝ հաղորդության արարողության հավերժական ուխտը և հանգստյան օրվա հիշատակումը։ Վերջին գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է մեզ, որ հանգստյան օրը մեզ տրված Տիրոջ պարգև է։ Յուրաքանչյուր շաբաթ հանգստյան օրվա նվիրված հիշատակումը նշան է հանդիսանում Տիրոջը, որ մենք սիրում ենք Նրան։12

Յուրաքանչյուր հանգստյան օր մենք վկայում ենք, որ «հոժար ենք [մեզ վրա վերցնել Նրա անունը], և միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները»։13 Ի պատասխան մեր ապաշխարող սրտին ու մեր պարտավորությանը, Տերը նորացնում է մեղքի խոստացված թողությունը և թույլ է տալիս մեզ «Նրա Հոգին միշտ [մեզ] հետ ունենալ»։14 Սուրբ Հոգու ազդեցությունը բարելավում, զորացնում, ուսուցանում և առաջնորդում է մեզ։

Ամեն հանգստյան օր Նրան հիշելով և այս երկու ուղեցույցների միջոցով մեր սրտերը դարձնելով դեպի Փրկիչը, մեր ջանքերը Տիրոջ կողմից կրկին անգամ ավելի քան հավասարեցվում են Նրա խոստացված օրհնություններին։ Մեզ խոստացված է, որ հանգստյան օրվա հավատարիմ հիշատակման դեպքում երկրի լիությունը մերը կլինի։15

Ճանապարհը դեպի հետ՝ մեր Երկնային Հոր մոտ, տանում է Տիրոջ տուն, որտեղ մենք օրհնված ենք՝ ստանալու փրկող արարողությունները մեզ համար և մեր մահացած մտերիմների համար։ Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ուսուցանել է, որ «արարողություններն ու ուխտերը դառնում են մեր հավատարմագրերը [Աստծո] ներկայություն ընդունվելու համար»։16 Ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը միշտ արժանի գտնվի և կանոնավոր կերպով ծառայելու համար օգտվի իր տաճարային երաշխավորագրից։

Հաղթահարել բնական մարդուն

Երրորդ սկզբունքը հետևյալն է՝ մենք պետք է հակազդենք բնական մարդու հակումներին՝ ձգձգել, հետաձգել կամ հանձնվել։17

Ուխտյալ ուղով քայլելիս մենք կկատարենք սխալներ, իսկ որոշները՝ բազմաթիվ անգամներ։ Մեզանից ոմանք պայքարում են այնպիսի վարքագծի կամ հակումների դեմ, որոնք, մեր կարծիքով, անզոր ենք հաղթահարել։ Սակայն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքը գործողության և զորության սկզբունք է։18 Եթե մենք հոժար ենք գործել, մենք կօրհնվենք ապաշխարելու և փոխվելու զորությամբ։

Մենք միայն կձախողենք, եթե մեկ այլ հավատարիմ քայլ չկատարենք առաջ։ Մենք չենք կարող և չենք ձախողի, եթե հավատարմորեն կապված մնանք Փրկչին՝ Նրան, ով երբեք չի ձախողել և թույլ չի տա, որ մենք ձախողենք։

Խոստացված օրհնություններ

Ես խոստանում եմ, որ հավատքով կատարված յուրաքանչյուր քայլ աջակցություն կստանա երկնքից։ Առաջնորդությունը կգա, եթե մենք աղոթենք Երկնային Հորը, ապավինենք մեր Փրկչին, հետևենք Նրան և լսենք Սուրբ Հոգուն։ Զորությունը կգա Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության շնորհիվ։19 Ապաքինումը և ներումը կգան Աստծո շնորհի միջոցով։20 Իմաստությունը և համբերությունը կգան՝ մեզ համար Տիրոջ նախապատրաստած ժամանակին վստահելուց։ Պաշտպանությունը կգա, եթե հետևենք Աստծո կենդանի մարգարեին՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին։

Դուք արարվել եք «որ [դուք] ուրախություն ունենաք»։21 Ուրախություն, որը դուք կզգաք, երբ արժանիորեն վերադառնաք ձեր Երկնային Հոր և ձեր Փրկչի մոտ և քայլ անեք դեպի Նրանց ջերմ գիրկը։

Ես վկայում եմ այս բացարձակ ճշմարտությունների մասին։ Ձեզ սիրող Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը ապրում են։ Նրանք ճանաչում են ձեզ։ Նրանք սիրում են ձեզ։ Նրանք սիրով հրավիրում են, որ դուք ձեր հաջորդ քայլն անեք Նրանց ուղղությամբ։ Մի սպասեք։ Արեք այդ քայլը հիմա։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։