2010–2019 թթ․
Պարզ և թանկարժեք ճշմարտություններ
Հոկտեմբեր 2015


Պարզ և թանկարժեք ճշմարտություններ

Վտանգավոր ժամանակներում ապրելու համար Երկնային Հոր տված լիարժեք փոխհատուցումն այն է, որ մենք նույնպես ապրում ենք ժամանակների լրության տնտեսության մեջ:

Սիրելի եղբայրներ և քույրեր, վերջին տասնամյակների ընթացքում չի եղել մի անգամ, որ գերագույն համաժողովներին Նախագահ Բոյդ Կ. Փաքերը, Երեցներ Լ. Թոմ Փերին և Ռիչարդ Գ. Սքոթը նստած չլինեին հենց ամբիոնի ետևում և իրենց խոսքը չհղեին նիստերից մեկում: Նրանց մասին մեր հուշերը վառ են, և ես իմ հարգանքի տուրքն եմ մատուցում նրանց, նրանցից յուրաքանչյուրն այնքան առանձնահատուկ կերպով տարբեր էր, բայց միևնույն ժամանակ այնքան ներդաշնակ՝ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին իրենց վկայությամբ:

Ավելին, ես ուզում եմ, որ դուք ուժ գտնեք և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին հաստատեք որպես մարգարե, տեսանող և հայտնող: Ես հիանում եմ նրա հավատարիմ և պարտաճանաչ առաքելական ծառայությամբ, որը ձգվում է արդեն ավելի քան 50 նշանակալից տարիներ:

Այս երեքշաբթի, առավոտյան 9:00-ին Ասիայի տարածքի նախագահության հետ Եպիսկոպոսության ժողովից անմիջապես հետո, ովքեր այստեղ են համաժողովին մասնակցելու նպատակով, ինձ կանչեցին հանդիպելու Նախագահ Մոնսոնի և նրա խորհրդականների հետ: Մի քանի րոպե անց, երբ մտա նրա գրասենյակին հարակից ժողովների սենյակ, պետք է որ նրա դիմաց նստած նյարդայնացած տեսք ունենայի, երբ նա սիրալիր խոսեց հանգստացնելով ինձ: Տարիքս ի նկատի ունենալով նա ասաց, որ բավականին երիտասարդ տեսք ունեմ և իմ տարիքից շատ երիտասարդ եմ երևում:

Այնուհետև, Նախագահ Մոնսոնը նշեց, որ Տիրոջ կամքով շարժվելով ինձ կանչում էր Տասներկու Առաքյալների Քվորում: Նա հարցրեց, թե արդյոք ընդունում եմ այդ կոչումը, որին, կարծում եմ, ոչ պատշաճ կերպով հոգոց հանելով և լիովին ցնցված ես դրական պատասխան տվեցի: Որից հետո, նախքան բառերով կարտահայտեի աննկարագրելի զգացմունքների տարափը, որոնց մեջ հիմնականում գերակշռում էր անհամապատասխանության զգացումը, Նախագահ Մոնսոնը սիրալիր տոնով ինձ պատմեց ինչպես է ինքը տարիներ առաջ Առաքյալ կանչվել Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի կողմից, և որ այդ ժամանակ ինքն էլ էր իրեն անհամապատասխան զգացել: Նա հանդարտ տոնով սովորեցրեց ինձ. «Եպիսկոպոս Սթիվենսոն, Տերը որակավորում է նրանց, ում կանչում է»: Մարգարեի արտասանած այդ սփոփիչ խոսքերն ինձ համար խաղաղության և հանգստության աղբյուր դարձան, երբ մեջս փոթորկում էր ցավալի ինքնաքննությունը, և քնքշորեն պարուրեցին ինձ դրանից հետո օր ու գիշեր տևող հոգևարքային ժամերի ընթացքում:

Այդ օրն ավելի ուշ ես այս նույնը նկարագրեցի սիրելի կնոջս՝ Լեսային, նստած Տաճարային Հրապարակի մի խաղաղ անկյունում, որտեղից մեր առաջ բացվում էր տաճարի և պատմական Թաբերնաքլի խաղաղ տեսարանը: Երբ փորձեցինք հասկանալ և վերլուծել այդ օրվա իրադարձությունները, մենք կայունություն գտանք՝ առ Հիսուս Քրիստոս մեր հավատքի և երջանկության մեծ ծրագրի մասին մեր գիտելիքի մեջ: Այնպես որ ուզում եմ իմ անչափ մեծ սերն արտահայտել Լեսայի հանդեպ: Նա իմ կյանքի արևաշողն է և Աստծո հրաշալի դուստրը: Նրա կյանքը նշանավորվել է անձնազոհ ծառայությամբ և բոլորի հանդեպ անվերապահ սիրով: Ես կձգտեմ արժանի մնալ մեր հավերժական միության օրհնությանը:

Ես իմ խորին սերն եմ արտահայտում մեր չորս որդիների և նրանց ընտանիքների հանդեպ, որոնցից երեքն այստեղ են իրենց հրաշալի կանանց հետ, ովքեր մեր վեց թոռների մայրերն են, իսկ չորրորդ որդին միսիոներ է, և հատուկ թույլտվությամբ արթուն է մնացել՝ միսիայի նախագահի և միսիայի նախագահի կնոջ հետ ուղիղ կապով դիտելու այս նիստերը Թայվանի միսիայի տնից: Ես սիրում եմ նրանց և հիացած եմ, թե ինչպես են նրանք սիրում Տիրոջը և ավետարանը:

Ես իմ սերն եմ արտահայտում իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ սիրելի ծնողներիս, ովքեր անցյալ տարի են մահացել, ովքեր իմ մեջ սերմանել են մի վկայություն, որն իմ մեջ վառ է մնացել իմ վաղ հիշողություններից: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում եղբորս, քույրերիս և նրանց հավատարիմ կողակիցներին, ինչպես նաև Լեսայի ընտանիքին, որոնցից շատերն այսօր ներկա են գտնվում այստեղ: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև մեր մեծ ընտանիքի բազմաթիվ անդամներին, ընկերներին, միսիոներներին, ղեկավարներին և ուսուցիչներին, ում ճանաչել եմ կյանքիս ընթացքում:

Ես օրհնվել եմ սերտ համագործակցելով Առաջին Նախագահության, Տասներկուսի, Յոթանասունի և օժանդակի գերագույն նախագահությունների անդամների հետ: Ես իմ սերն ու հարգանքն եմ հայտնում ձեզանից յուրաքանչյուրին, քույրեր և եղբայրներ, և կձգտեմ արժանի մնալ մեր շարունակվող համագործակցությանը: Նախագահող Եպիսկոպոսությունը գրեթե երկնային միաբանություն է վայելում: Ես կկարոտեմ Եպիսկոպոս Ջերալդ Կոսեի, Եպիսկոպոս Դին Մ. Դեյվիսի և աշխատակազմի հետ մեր ամենօրյա շփումները:

Ես կանգնած եմ ձեր առաջ որպես կենդանի ապացույց Տիրոջ այն խոսքերի, որոնք գրված են Վարդապետություն և Ուխտերի առաջին բաժնում. «Որ ավետարանի լրիվությունը թույլերի ու պարզամիտների միջոցով հռչակվի [երկրի] ծայրերում և թագավորների ու կառավարիչների առաջ»:1 Այս խոսքերին նախորդել էր Տիրոջ այն հայտարարությունը, որն արտահայտում է այն սերը, որ Հայրը տածում է Իր զավակների հանդեպ. «Ուստի, ես՝ Տերս, իմանալով այն աղետի մասին, որ պիտի գա երկրի բնակիչների վրա, կանչեցի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին, և երկնքից խոսեցի նրա հետ, և նրան պատվիրաններ տվեցի»:2

Մեր սիրելի Երկնային Հայրը և Նրա Որդին, Եհովան, ի սկզբանե իմանալով վերջը,3 բացեցին երկինքը և նոր տնտեսությունը, որպեսզի չեզոքացնեն այն աղետները, որոնք Նրանք գիտեին, որ պիտի գան: Պողոս Առաքյալը նկարագրել է այդ գալիք աղետները որպես «վտանգավոր ժամանակներ»:4 Ինձ համար, դա ենթադրում է, որ վտանգավոր ժամանակներում ապրելու համար Երկնային Հոր տված լիարժեք փոխհատուցումն այն է, որ մենք նաև ապրում ենք ժամանակների լրության տնտեսության մեջ:

Երբ այս շաբաթ ինձ տանջում էր իմ անհամապատասխան լինելու միտքը, ես հստակ տպավորություն ստացա, որը խրատեց և սփոփեց ինձ․ որ պետք է կենտրոնանամ ոչ թե նրա վրա, թե ինչ չեմ կարող անել, այլ՝ թե ինչ կարող եմ անել: Ես կարող եմ վկայել ավետարանի պարզ ու թանկարժեք ճշմարտությունների մասին:

Սրանք են այն խոսքերը, որոնք ես հարյուրավոր անգամներ վկայել եմ թե՛ Եկեղեցու անդամներին և թե՛ բազմաթիվ ոչ անդամներին. «Աստված մեր [սիրող] Երկնային Հայրն է: Մենք Նրա զավակներն ենք: … Նա արտասվում է մեզ հետ, երբ մենք տառապում ենք, և ուրախանում է, երբ մենք գործում ենք շիտակ: Նա ցանկանում է խոսել մեզ հետ, և մենք կարող ենք խոսել Նրա հետ անկեղծ աղոթքի միջոցով: …

Երկնային Հայրը մեզ՝ Իր զավակների համար ուղի է պատրաստել … որպեսզի վերադառնանք ապրելու Իր ներկայության մեջ: Մեր Երկնային Հոր ծրագրի առանցքը Հիսուս Քրիստոսի Քավությունն է»:5

Երկնային Հայրն Իր Որդուն ուղարկեց երկիր՝ քավելու ողջ մարդկության մեղքերը և հաղթելու մահին: Այս պարզ և թանկարժեք ճշմարտությունների մասին ես բերում եմ իմ վկայությունը՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: