2021
Ընտրություններ
Սեպտեմբեր 2021


«Ընտրություններ», Երիտասարդներին զորացնելու համար, սեպ․ 2021 թ․, 12-14։

Ընտրություններ

Նկար
գայլեր

Լուսանկարը վերցրած է Getty Images ֆոտոշարքից

Շատ տարիներ առաջ մեր Գերագույն Իշխանավորներից մեկը կիսվել է այս բարդ պատմությամբ։

Մի իմաստուն չերոկի՝ Միացյալ Նահանգների բնիկ ցեղերից մեկի ներկայացուցիչը, իր թոռանը պատմեց առակ կյանքի մասին։ «Իմ ներսում սարսափելի պայքար է ընթանում երկու գայլերի միջև»,- ասաց պապը։ «Մեկը չարն է՝ լի բարկությամբ և նախանձով, ինքնախղճահարությամբ և վշտով, ագահությամբ և ստով։ Մյուսը բարին է՝ լի բարությամբ և կարեկցանքով, խոնարհությամբ և ճշմարտությամբ, սիրով և ուրախությամբ։ Այդ պայքարը տեղի է ունենում մեզանից յուրաքանչյուրի մեջ»։

«Ո՞ր գայլը կհաղթի»,- հարցրեց թոռը։

«Կհաղթի նա, ում դու կկերակրես»,- իմաստությամբ պատասխանեց պապը։1

Երկու գայլերի այս առակը արտահայտում է հավերժական ճշմարտություն։ Աստծո զավակները ծնվել են, որպեսզի ընտրություն կատարեն բարու և չարի միջև։ Հակադրությունը մեզ թույլ է տալիս իմաստալից և արդար ընտրություններ կատարել։ Մորմոնի Գիրքն ուսուցանում է այդ ճշմարտությունը սուրբգրային լեզվով․ «Քանզի, անպայման պետք է, որ հակադրություն լինի բոլոր բաներում»։2

Մեր Երկնային Հոր ծրագիրն ապահովում է առնվազն երկու պարգև՝ աջակցելով այդ ընտրություններին․ (1) Նա տալիս է մեզ Սուրբ Հոգին, որպեսզի առաջնորդի մեր ընտրությունները, և (2) Նա տալիս է մեզ Փրկիչ, ում Քավությունը հնարավոր է դարձնում մեր ապաշխարությունը, հեռացնելով վատ ընտրությունների ազդեցությունները, երբ նրանք կերակրել էին չար գայլին։

Նկար
Հիսուս Քրիստոս

I. Ապաշխարություն և խոստովանություն

Երիտասարդների հետ զրուցելիս ինձ ուղղված ամենահաճախ տրվող հարցերից մեկը եղել է ապաշխարության մասին։ «Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ բավականաչափ ապաշխարել ենք»։ «Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ իսկապես ներվել ենք»։ Այս հարցերի պատասխանը գալիս է Սուրբ Հոգու՝ Աստվածագլխի անդամի միջոցով, ով ուղերձներ է բերում երկնքից։

Ապաշխարության պարգևը կոչվել է «ավետարանի բարի լուր»։3 Այն մեզ թույլ է տալիս ջնջել չար ընտրությունների ազդեցությունը, որոնք կերակրել են ամբարիշտ գայլին և թուլացրել են Սուրբ Հոգու հուշումները լսելու մեր ունակությունը։ Ապաշխարությունը ներառում է խոստովանություն, որ մենք սխալ ենք վարվել, այդ չարիքից հրաժարում և որոշում, որ մեր սրտերը կդարձնենք Աստծուն և Նրա պատվիրանների պահում։ Երբ մենք ապաշխարում ենք, մենք վկայակոչում ենք Հիսուս Քրիստոսի Քավության զորությունը, որը մեծացնում է մեր երախտագիտությունը և սերը Նրա հանդեպ՝ որպես մեր Փրկիչ։

Ապաշխարության անհրաժեշտությունը չի սահմանափակվում լուրջ մեղքերով, որոնք պետք է խոստովանվեն եպիսկոպոսին։ Ապաշխարությունն ամենօրյա անհրաժեշտություն է։ Շատ դեպքերում ապաշխարությունը ներառում է սեփական սխալն ընդունելը, փոխվելու վճռականությունը և հարաբերությունները կարգավորելը նրանց հետ, ում հանդեպ սխալ ենք թույլ տվել։ Երկու գայլերի առակի համաձայն ապաշխարության մաս է կազմում ամբարիշտ գայլին այլևս չկերակրելը նույնիսկ փոքր բաներով, ինչպես օրինակ, երբ մենք ընտրում ենք զայրույթը կամ նախանձը։ Մենք պետք է նաև ապաշխարենք (փոխվենք), եթե ընտրել էինք վատնել Աստծուց մեզ տրված ժամանակը բազում հնարավոր միջոցառումների վրա, որոնք ներուժ չունեն մեզ ավելի լավը դարձնելու։

II. Նկատել կարևոր տարբերությունը

Ապաշխարության հրաշալի արդյունք է Սուրբ Հոգու տպավորությունները ստանալու արժանիությունը վերականգնելը, ով օգնում է մեզ իմաստուն ընտրություններ կատարել և լցնում է մեզ ուրախությամբ։ Շատ երիտասարդներ նաև խորհում են․ «Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ իմ ստացած հուշումը կամ պատասխանն իսկապես Տիրոջից է և ոչ թե պարզապես իմ ցանկությունը»։

Որպեսզի հասկանանք, թե արդյոք հուշումը ուղերձ է Սուրբ Հոգու կողմից, թե անձնական ցանկություն, մենք պետք է կիրառենք երեք ճշմարտություն։

  1. Հաղորդության արարողության խոստումը, որ մենք «միշտ Հոգին [մեզ] հետ» կունենանք, հետևում է մեր խոստումին, որ մենք մեզ վրա կվերցնենք Նրա անունը և միշտ կհիշենք Նրան և կպահենք Նրա պատվիրանները։4 Երբ մենք դրժում ենք այս խոստումները, մենք կարող ենք շփոթել մեր զգացած հուշումների աղբյուրը։

  2. Տիրոջ հուշումները սովորաբար ստանում ենք լուռ պահերին կամ երկրպագության ժամանակ, սուրբ գրությունների ուսումնասիրության, աղոթքի կամ մեր կոչումներում ծառայելու ժամանակ, այլ ոչ թե եսասիրական հետապնդումների կամ աշխարհիկ միջոցառումների ժամանակ։

  3. Վերջապես, մենք պետք է առանձնապես զգայուն լինենք ուղղորդման նկատմամբ, որ փոխենք այն ուղին, որին մենք արդեն հետևում ենք։ Ուղղությունը փոխելու տպավորությունը կարող է ավելի հուսալի լինել, քան մեր ցանկություններին հետևելու տպավորությունը։

III. Ճիշտը մնում է ճիշտ

Իմ սիրելի երիտասարդ ընկերներ, դուք հասունանում եք մի աշխարհում, որը խիստ տարբերվում է ձեր ավագ սերունդների տեսած աշխարհից։ Դրա համար շատ կարևոր է, որ դուք հիշեք, որ հին արժեքները և պատվիրանները դեռևս ուժի մեջ են։ Մենք Աստծո զավակներն ենք, և Նրա պատվիրանները մնում են առանցքային, անկախ այն բանից՝ մենք ճամփորդում ենք սայլով, թե տիեզերանավով, շփվում ենք ձայնով, թե հաղորագրությամբ։

Ճիշտը մնում է ճիշտ, իսկ սխալը մնում է սխալ, անկախ այն բանից, թե ինչ են ասում կամ անում կինոյի աստղերը, հեռուստաաստղերը կամ սպորտի բնագավառի աստղերը։ Սուրբ գրությունների չափանիշները, կենդանի մարգարեների ուսմունքները և Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի արժեքները շարունակում են մնալ ձեր լավագույն ուղեցույցը անձնական ընտրությունների համար՝ սեռական մաքրության, ֆիզիկական առողջության, ազնվության, հագուստի և արտաքին տեսքի և գրքույկում քննարկվող մնացած բոլոր հարցերի շուրջ։ Հավատարմորեն հետևեք դրանց և դուք կօրհնվեք։ «Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը պետք է լինի ձեր չափանիշը»,- ուսուցանել է մեզ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը։ «Դա այն չափանիշն է, որը Տերն ակնկալում է, որ Իր բոլոր երիտասարդները կպահեն»։5

Երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաքի ժամանակ մեր մարգարեն խոստացել է․

«Եթե դուք անկեղծորեն և հաստատակամորեն կատարեք այն հոգևոր աշխատանքը, որն անհրաժեշտ է Սուրբ Հոգու հուշումները լսելու այդ վճռական և հոգևոր հմտությունը ձեռք բերելու համար, դուք կունենաք ողջ ուղղորդումը, որն անհրաժեշտ կլինի ձեր կյանքում։ Դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները Տիրոջ ուրույն ձևով և Նրա ուրույն ժամանակին»։6

Ես իմ խոստումը միացնում եմ նրա խոստումին, և ես վկայում եմ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին, ում ուսմունքները և Քավությունը հնարավոր է դարձնում այդ ամենը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։