2021
Ես չընտրվեցի մասնակցելու պարի խմբակին
Սեպտեմբեր 2021


«Ես չընտրվեցի մասնակցելու պարի խմբակին», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ․ 2021, 10-11։

Ես չընտրվեցի մասնակցելու պարի խմբակին

Իմ անունը չկար ցուցակում։ Ես հուսահատված էի։ Սակայն Տերն ուսուցանեց ինձ մի բան։

Նկար
բալետ պարողներ

Նկարների հեղինակ` Գաբրիել Քրակոլիսի

Ես սիրել եմ պարել երեք տարեկանից։ Ուստի, երբ ես սովորում էի միջնակարգ դպրոցում, շատ ուրախացա, երբ լսեցի պարի խմբակի ընդունելության փորձերի մասին։ Ոչ մի կասկած չունեի, որ իմ տաղանդով և փորձառությամբ ես հեշտությամբ կընդունվեի խմբակ։

Փորձերից մի քանի օր հետո հրապարակվեցին պարի խմբակում ընդգրկվածների անունները։ Ի զարմանս ինձ՝ ես ցուցակում ոչ մի տեղ չկարողացա գտնել իմ անունը։ Ես հուսահատված էի։ Գնացի տուն և լաց եղա անկողնուս վրա։ Ես բարկացած էի պարի ուսուցչի վրա և հուսահատված, որ ուժերս չներեց խմբակ ընդունվելու համար։ Մայրս լուռ մտավ իմ սենյակ և խորհուրդ տվեց, որ խնդրեմ Երկնային Հորը՝ ուժ տա ինձ հաղթահարելու իմ կյանքի այս դժվար պահը։ Ես դժկամությամբ համաձայնեցի և մի կարճ աղոթք ասացի։ Աղոթքից հետո ես ինձ ավելի լավ չզգացի, ուստի շարունակեցի տխուր ու դժբախտ զգալ ինձ։ Այդ գիշեր ես շատ վատ քնեցի։

Հաջորդ առավոտյան ես մի կերպ վեր կացա անկողնուց։ Իմ անհաջողության հիշողությունները դեռ թարմ էին իմ մտքում, և ես ուզում էի պարզապես վերադառնալ վերմակիս տակ։ Սակայն նախքան դա անելը ես հիշեցի մի խոստում, որը տվել էր իմ եպիսկոպոսը։ Նա ասել էր, որ եթե ես կարդամ իմ սուրբ գրություններն ամեն օր, նույնիսկ ընդամենը 15 րոպե, ապա ես կօրհնվեմ։ Եվ ահա եկել էր պահը, երբ ես ունեի օրհնության կարիք։

Մինչ ես կարդում էի, ես մի հատված բացահայտեցի Վարդապետություն և Ուխտերում․

«Ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ բարեկամնե՛ր. Մի՛ վախեցեք. թող ձեր սրտերը մխիթարվեն. այո՛, ամեն ժամանակ ուրախ եղեք, և ամեն ինչի համար գոհություն հայտնեք.

Համբերությամբ սպասելով Տիրոջը, քանզի ձեր աղոթքները հասել են Սաբաովթի Տիրոջ ականջին և գրված են այս կնիքով ու վկայությամբ,– Տերը երդվել և հրամանագրել է, որ դրանք կպարգևատրվեն:

Հետևաբար, նա այս խոստումն է տալիս ձեզ, անխախտ ուխտով, որ դրանք կկատարվեն. և բոլոր բաները, ինչով դուք չարչարվել եք, միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար և իմ անվան փառքի համար, ասում է Տերը» (Վարդապետություն և Ուխտեր 98․1–3

Ես ցնցված էի: Գիշերանոցով ու չհարդարված մազերով ես նստեցի ու սկսեցի մտածել, թե որքան շատ ունեի այս սուրբ գրությունների կարիքը։ Բարկության և տխրության բոլոր զգացողությունները հեռացան այդ երեք հատվածները կարդալու արդյունքում։ Ես զգացի իմ Երկնային Հոր սերը և գիտեի, որ Նա գիտեր, թե ինչի միջով էի ես անցնում։ Այս նոր հեռանկարով ես կարող էի տեսնել, որ պարի խմբակում չընտրվելը պարզապես մի փոքրիկ խոչընդոտ էր իմ կյանքի ճանապարհին։ Ես ծնկի իջա երախտագիտությամբ և շնորհակալություն հայտնեցի Երկնային Հորը։

Օրվա մնացած ժամերին ես կարողացա պահել Հոգին ինձ հետ և նայել իմ փորձություններին որպես աճելու հնարավորություններ։ Ես միշտ կպահեմ այդ հատվածները իմ սրտին մոտ։ Եվ ես կհիշեմ իմ եպիսկոպոսի խոստումը՝ սուրբ գրություններին անդրադառնալու օրհնությունների մասին։ Ես անչափ երախտապարտ եմ այս Եկեղեցու մասը լինելու և ավետարանի վերաբերյալ գիտելիք ունենալու համար։ Ես գիտեմ, որ Երկնային Հոր ծրագիրն իսկապես երջանկության ծրագիր է։