ԶԵՆԻՖԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ – Նրա ժողովրդի մի պատմություն, այն ժամանակից ի վեր, երբ նրանք թողեցին Զարահեմլայի երկիրը, մինչև այն ժամանակը, երբ նրանք ազատվեցին Լամանացիների ձեռքից:
Ընդգրկելով 9–22 գլուխները ներառյալ:
Գլուխ 9
Զենիֆը Զարահեմլայից առաջնորդում է մի խմբի՝ տիրելու Լեքի-Նեփիի երկիրը – Լամանացիների թագավորը թույլ է տալիս նրանց՝ ժառանգելու երկիրը – Լամանացիների և Զենիֆի ժողովրդի միջև պատերազմ է: Մոտ 200–187թթ. Ք.ծ.ա.:
1 Ես՝ Զենիֆս, սովորեցված լինելով Նեփիացիների բոլոր լեզուները և գիտելիք ունենալով Նեփիի երկրի մասին, կամ մեր հայրերի առաջին ժառանգության երկրի մասին, և որպես լրտես ուղարկված լինելով Լամանացիների մեջ, որպեսզի լրտեսեի նրանց ուժերը, որ մեր բանակը գար նրանց վրա և կործաներ նրանց, բայց երբ ես տեսա այն լավը, ինչ նրանց մեջ էր, ցանկացա, որ նրանք չկործանվեն:
2 Հետևաբար, ես վիճեցի իմ եղբայրների հետ անապատում, քանզի ես կամենում էի, որ մեր ղեկավարը նրանց հետ պայմանագիր կնքեր. բայց նա, լինելով դաժան և արյունռուշտ մի մարդ, հրամայեց, որ ինձ սպանեն. բայց ես, շատ արյուն թափելով, ազատվեցի. քանզի հայրը կռվում էր հոր դեմ, և եղբայրը կռվում էր եղբոր դեմ, մինչև մեր բանակի մեծ մասն անապատում կործանվեց. և մեզանից նրանք, ովքեր խնայվել էին, վերադարձան դեպի Զարահեմլայի երկիրը, այդ պատմությունը պատմելու նրանց կանանց ու երեխաներին:
3 Եվ ես, դեռևս լինելով չափից ավելի գերեռանդ՝ ժառանգելու մեր հայրերի երկիրը, հավաքեցի բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին գնալ վեր՝ տիրելու երկրին, և սկսեցինք մեր ճամփորդությունը դեպի անապատ՝ գնալու վեր դեպի այդ երկիրը. բայց մենք սովով ու դառը չարչարանքներով զարկվեցինք. քանզի մենք դանդաղ էինք Տիրոջը՝ մեր Աստծուն հիշելիս:
4 Այնուամենայնիվ, անապատում շատ օրեր թափառելուց հետո, մենք մեր վրանները խփեցինք այն տեղում, որտեղ սպանվել էին մեր եղբայրները, որը մոտ էր մեր հայրերի երկրին:
5 Եվ եղավ այնպես, որ ես կրկին իմ մարդկանցից չորսի հետ գնացի քաղաք՝ թագավորի մոտ, որպեսզի իմանայի թագավորի վերաբերմունքի մասին, և որպեսզի իմանայի՝ արդյո՞ք ես կարող էի իմ ժողովրդի հետ ներս գնալ և խաղաղությամբ տիրել երկրին:
6 Եվ ես գնացի ներս՝ թագավորի մոտ, և նա ուխտեց ինձ հետ, որ ես կարող էի տիրել Լեքի-Նեփիի երկրին ու Սիլոմի երկրին:
7 Եվ նա հրամայեց նաև, որ իր ժողովուրդը հեռանար երկրից, և ես ու իմ ժողովուրդը մտանք երկիրը, որպեսզի տիրեինք դրան:
8 Եվ մենք սկսեցինք շենքեր կառուցել, վերանորոգել քաղաքի պատերը, այո, այսինքն՝ Լեքի-Նեփիի քաղաքի պատերը, և Սիլոմի քաղաքը:
9 Եվ մենք սկսեցինք ցանել հողում, այո, այսինքն՝ բոլոր ձևի սերմեր՝ եգիպտացորենի և ցորենի, գարու և նեուսի և շեումի սերմեր, և բոլոր ձևի մրգերի սերմեր. և մենք սկսեցինք երկրում բազմանալ ու բարգավաճել:
10 Արդ, դա թագավոր Լամանի խորամանկությունն ու նենգությունն էր՝ իմ ժողովրդին ճորտության բերելու, որ նա զիջեց երկիրը, որպեսզի մենք տիրենք դրան:
11 Հետևաբար, եղավ այնպես, որ մենք տասներկու տարիների ընթացքում երկրում բնակվելուց հետո, թագավոր Լամանը սկսեց անհանգստանալ, որ չլիներ թե ինչ-որ ձևով իմ ժողովուրդը զորանար երկրում, և որ իրենք չկարողանային հաղթել նրանց ու բերեին նրանց ճորտության:
12 Այժմ նրանք մի ծույլ և կռապաշտ ժողովուրդ էին. հետևաբար, նրանք ուզում էին բերել մեզ ճորտության, որ կարողանային իրենց հագեցնել մեր ձեռքերի աշխատանքով. այո, որ նրանք կարողանային խրախճանալ մեր դաշտերի հոտերով:
13 Հետևաբար, եղավ այնպես, որ թագավոր Լամանը սկսեց դրդել իր ժողովրդին, որ նրանք կռվեին իմ ժողովրդի հետ. ուստի, երկրում պատերազմներ ու կռիվներ սկսվեցին:
14 Այլ խոսքով ասած, Նեփիի երկրում, իմ թագավորման տասներեքերորդ տարում, Սիլոմ երկրի հեռավոր հարավում, երբ իմ ժողովուրդը ջրում էր և արածեցնում իր հոտերը, և մշակում իր հողերը, Լամանացիների մի ստվար զորք եկավ նրանց վրա և սկսեց նրանց սպանել, և հափշտակել նրանց հոտերը, և նրանց դաշտերի եգիպտացորենը:
15 Այո, և եղավ այնպես, որ բոլոր նրանք, ովքեր չէին բռնվել, փախան մինչև Նեփիի քաղաքը և պաշտպանություն խնդրեցին ինձանից:
16 Եվ եղավ այնպես, որ ես զինեցի նրանց աղեղներով ու նետերով, սրերով ու թրերով, և մահակներով ու պարսատիկներով, և բոլոր ձևի զենքերով, որոնք մենք կարող էինք հնարել, և ես ու իմ ժողովուրդն առաջ գնացինք՝ ճակատամարտելու Լամանացիների դեմ:
17 Այո, Տիրոջ ուժով մենք առաջ գնացինք՝ ճակատամարտելու Լամանացիների դեմ. քանզի ես և իմ ժողովուրդն ուժգնորեն աղաղակեցինք առ Տերը, որ նա ազատեր մեզ մեր թշնամիների ձեռքից, քանզի մենք սթափվեցինք հիշելու մեր հայրերի ազատման մասին:
18 Եվ Աստված լսեց մեր աղաղակներն ու պատասխանեց մեր աղոթքներին. և մենք նրա զորությամբ առաջ գնացինք. այո, մենք առաջ գնացինք Լամանացիների դեմ, և մեկ օրում և մի գիշերում կոտորեցինք երեք հազար և քառասուներեքի. մենք կոտորեցինք նրանց այնքան, մինչև որ դուրս քշեցինք նրանց մեր երկրից:
19 Եվ ես ինքս՝ իմ իսկ ձեռքերով օգնեցի թաղել նրանց մեռելներին: Եվ ահա, ի մեծ վիշտ և սուգ մեզ՝ մեր եղբայրներից երկու հարյուր և յոթանասունինը սպանվել էին: