Գլուխ 29
Ալման հրեշտակային ջերմեռանդությամբ ցանկանում է ապաշխարություն աղաղակել – Տերն ուսուցիչներ է շնորհում բոլոր ազգերին – Ալման հրճվում է Տիրոջ գործով և Ամմոնի ու նրա եղբայրների հաջողությամբ: Մոտ 76թ. Ք.ծ.ա.:
1 Ա՜խ, երանի ես մի հրեշտակ լինեի, և կարողանայի ունենալ իմ սրտի իղձը, որ ես առաջ գնայի և խոսեի Աստծո փողով, երկիրը ցնցելու ձայնով, և ապաշխարություն աղաղակեի ամեն ժողովրդի:
2 Այո, ես ամեն հոգու կհայտարարեի, որոտի ձայնի պես, ապաշխարություն և փրկագնման ծրագիրը, որպեսզի նրանք ապաշխարեին և գային դեպի մեր Աստվածը, որպեսզի ողջ երկրի երեսին այլևս վիշտ չլիներ:
3 Բայց ահա, ես մարդ եմ և մեղանչում եմ իմ իղձում. քանզի ես պետք է գոհ լինեմ այն բաների համար, որոնք Տերը բաշխել է ինձ:
4 Ես չպետք է իմ ցանկություններով տակնուվրա անեմ անխախտ հրամանն արդար Աստծո, քանզի ես գիտեմ, որ նա մարդկանց շնորհում է ըստ իրենց ցանկության, լինի դա ի մահ, թե ի կյանք. այո, ես գիտեմ, որ նա մարդկանց բաժին է տալիս, այո, նրանց համար հրամանագրեր է հրամանագրում, որոնք անփոփոխելի են, ըստ նրանց կամքի, լինեն դրանք ի փրկություն, թե ի կործանում:
5 Այո, ես գիտեմ, որ բարին ու չարը եկել են բոլոր մարդկանց առաջ. նա, որ բարին չի զանազանում չարից, անմեղ է. բայց նա, որ բարին զանազանում է չարից, նրան տրվում է՝ համաձայն իր ցանկությունների, արդյոք նա ցանկանում է բարի, թե չար, կյանք, թե մահ, ուրախություն, թե խղճի խայթ:
6 Արդ, տեսնելով, որ ես գիտեմ այս բաները, ինչո՞ւ պետք է ես ցանկանամ ավելին, քան այն գործը կատարելը, որին կանչված եմ:
7 Ինչո՞ւ պետք է ես ցանկանամ հրեշտակ լինել, որպեսզի կարողանամ խոսել աշխարհի բոլոր ծայրերի համար:
8 Քանզի, ահա, Տերը շնորհում է բոլոր ազգերին, իրենց սեփական ազգից և լեզվից, սովորեցնելու իր խոսքը, այո, իմաստությամբ, այն բոլորը, որ նա հարմար է տեսնում, որ նրանք ունենան. հետևաբար, մենք տեսնում ենք, որ Տերը խրատում է իմաստությամբ, համաձայն նրա, ինչ արդար է ու ճշմարիտ:
9 Ես գիտեմ այն, ինչ Տերը պատվիրել է ինձ, և հրճվում եմ դրանով: Ես չեմ հրճվում ինձանով, այլ հրճվում եմ նրանով, ինչ Տերը պատվիրել է ինձ. այո, և սա է իմ հրճվանքը, որ գուցե կարողանամ Աստծո ձեռքում գործիք լինել, որ ինչ-որ մի հոգու ապաշխարության բերեմ. և այս է իմ ուրախությունը:
10 Եվ ահա, երբ ես տեսնում եմ իմ եղբայրներից շատերին՝ իսկապես զղջացող, և եկող դեպի Տերը՝ իրենց Աստվածը, այդ ժամանակ է իմ հոգին լցվում ուրախությամբ. այդ ժամանակ եմ ես հիշում, թե ինչ է Տերն արել ինձ համար, այո, հենց այն, որ նա լսել է իմ աղոթքը. այո, այդ ժամանակ ես հիշում եմ նրա ողորմած բազուկը, որը նա մեկնեց դեպի ինձ:
11 Այո, և ես նաև հիշում եմ իմ հայրերի գերությունը. քանզի ես հաստատ գիտեմ, որ Տերն ազատեց նրանց՝ ճորտությունից և սրանով հիմնեց իր եկեղեցին. այո, Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, ազատեց նրանց ճորտությունից:
12 Այո, ես միշտ հիշել եմ իմ հայրերի գերությունը. և այն նույն Աստվածը, որն ազատել էր նրանց Եգիպտացիների ձեռքից, ազատեց նրանց ճորտությունից:
13 Այո, և այդ նույն Աստվածն է ստեղծել իր եկեղեցին նրանց մեջ. այո, և այդ նույն Աստվածն է սուրբ կոչումով կանչել ինձ՝ իր ժողովրդին քարոզելու խոսքը, և տվել է ինձ մեծ հաջողություն, որում իմ ուրախությունը լիուլի է:
14 Բայց ես չեմ ուրախանում իմ սեփական հաջողությամբ միայն, այլ իմ ուրախությունն ավելի լիուլի է իմ եղբայրների հաջողության պատճառով, ովքեր եղել են Նեփիի երկրում:
15 Ահա, նրանք չափից դուրս տքնեցին, և առաջ բերեցին շատ պտուղ. և որքան մեծ կլինի նրանց վարձքը:
16 Այժմ, երբ ես մտածում եմ իմ այս եղբայրների հաջողության մասին, իմ հոգին տարվում է հեռուն, մինչև իսկ կարծես թե անջատվելն իմ մարմնից, այնքան մեծ է իմ ուրախությունը:
17 Եվ այժմ, թող Աստված տա իմ այս եղբայրներին, որ նրանք կարողանան նստել Աստծո արքայությունում. այո, և նաև բոլոր նրանց, ովքեր նրանց ջանքերի պտուղն են, որ նրանք այլևս դուրս չգնան, այլ որ նրանք կարողանան գովք անել նրան հավիտյան: Եվ թող Աստված տա, որ դա արվի՝ համաձայն իմ խոսքերի, ճիշտ ինչպես ես խոսեցի: Ամեն: