Ինստիտուտ
Դաս 24. Դասի նախապատրաստական նյութ․ Հոգեկան առողջությունը հույսի և կարեկցանքի ներքո


«Դաս 24․ Դասի նախապատրաստական նյութ. Հոգեկան առողջությունը հույսի և կարեկցանքի ներքո», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 24․ Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Նկար
գրկախառնված երկու կին

Դաս 24․ Դասի նախապատրաստական նյութ

Հոգեկան առողջությունը հույսի և կարեկցանքի ներքո

Մեր հոգեկան և հուզական առողջությունը ազդում է մեր մտքերի, զգացմունքների, վարքի, կայունության և այլնի վրա: Նույնիսկ եթե մենք առողջ ապրելակերպով ենք ապրում, կարող ենք ունենալ հոգեկան առողջության խնդիրներ, ինչպիսիք են անհանգստությունը և ընկճախտը: Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչ կարող եք անել ձեր հոգեկան առողջությունը բարելավելու համար: Մտածեք նաև այն մասին, թե ինչպես կարող եք ավելի նմանվել Փրկիչին, երբ շփվում եք ընտանիքի անդամների և այլ մարդկանց հետ, ովքեր կարող են ունենալ նման դժվարություններ կամ ինքնասպանության մտքեր:

Բաժին 1

Ես ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ավելի ուշադիր լինեմ իմ հոգեկան, զգայական և հոգևոր բարեկեցության հանդեպ։

Բոլորիս մոտ էլ լինում են օրեր կամ ժամանակաշրջաններ, երբ տխրություն, լարվածություն կամ անհանգստություն ենք զգում: Կարևոր է ուշադիր լինել այն բանի հանդեպ, թե մենք ինչ ենք զգում, ինչպես ենք զգում և անել հնարավոր ամեն բան, որպեսզի կարողանանք ճիշտ կառավարել այդ զգացմունքները։

Երբ Փրկիչը ճանապարհորդում էր Իսրայելի երկրում, Նա, անշուշտ, զգում էր Իր առաքելության ծանրությունը: Նա ուսուցանում էր Իր առաքյալներին և համբերատար էր նրանց թուլությունների նկատմամբ։ Մարդկանց բազմությունները ճնշում էին Նրան՝ ականատես լինելու Նրա հրաշքներին կամ բժշկվելու: Նրա թշնամիները անընդհատ հնարավորություններ էին փնտրում նրան հրապարակայնորեն վարկաբեկելու համար: Նրան ծաղր ու ծանակի էին ենթարկել, մերժել էին և դավաճանել։ Իսկապես, Նա «հարուածների տէր եւ ցաւի տեղեակ» մարդ էր (Եսայիա 53․3

Հիսուսը հաճախ էր գնում այնպիսի տեղեր, որտեղ կարող էր մենակ լինել և հաղորդակցվել Աստծո հետ (տես Մատթեոս 14․22-23, Մարկոս 1․35, 6․31, 46, Ղուկաս 5․16)։ Եթե հետևենք Նրա օրինակին, կամրապնդվի մեր հոգեկան, զգայական և հոգևոր առողջությունը: (Նշում․ Հոգեկան առողջության լուրջ խնդիրների կամ ինքնասպանության մտքերի դեպքերում ավելի լավ է լինել ուրիշների հետ, քան՝ միայնակ)։

Տասներկու Առաքյալների քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդը դիմել է չափահաս երիտասարդներին․

Նկար
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

Դուք ունե՞ք հանգստի անձնական ժամանակ։ …

Երբ մեր աշխարհը դառնում է ավելի պայծառ, ավելի հնչեղ և զբաղված, մենք ավելի շատ ենք դժվարանում զգալ Հոգին մեր կյանքում: Եթե ձեր կյանում չկա հանգիստ ժամանակ, հենց այսօր երեկոյան մտածեք, թե ինչպես ստեղծել այն։ (“Be Still, and Know That I Am God” [Church Educational System devotional for young adults, May 4, 2014], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Նկար
չափահաս երիտասարդը մտորում է
Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Գտեք մի հանգիստ տեղ, որտեղ կարող եք խորհել ձեր հոգեկան, զգայական և հոգևոր բարեկեցության մասին, դիտարկելով հետևյալ հարցերը․

  1. Ես ամեն օր ժամանակ հատկացնո՞ւմ եմ, որ խորացնեմ իմ հարաբերությունները Աստծո հետ։ Ես ակտիվորեն փնտրո՞ւմ եմ ուղիներ՝ ընտանիքիս անդամների և ընկերներիս հետ առողջ հարաբերություններ զարգացնելու համար: Արդյո՞ք ես ամեն օր մարզվում եմ, առողջարար սնունդ ուտում և բավականաչափ քնում։ Արդյո՞ք ես իմաստալից աշխատանք ունեմ և ժամանակ հատկացնում եմ օգտակար հանգստի համար:

  2. Որքա՞ն ուշադիր եմ ես իմ հուզական բարեկեցությանը: Կարո՞ղ եմ հասկանալ, երբ որոշակի հույզեր եմ ունենում, ինչու եմ այդպես զգում։ Արդյո՞ք գիտեմ, թե ինչ առողջարար եղանակներով կարող եմ հաղթահարել բացասական հույզերը։ Երբ լարված ու անհանգիստ եմ, արդյոք ունե՞մ օգտակար եղանակներ՝ մտավոր ընդմիջումներ անելու և հանգստանալու համար:

  3. Ինչպե՞ս կօրհնվի իմ կյանքը, երբ ես ժամանակ հատկացնեմ և մտածեմ իմ հոգեկան, հուզական և հոգևոր բարեկեցության մասին:

Կարող եք լսել “Slow Down” (6:07) երգը երգչուհի Սիսելի, Թաբերնաքլի երգչախմբի և նվագախմբի կատարմամբ՝ Տաճարային Հրապարակում։

Բաժին 2

Ես ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ավելի լավ հասկանամ հոգեկան առողջության խնդիրներ ունենալու փորձառությունը։

Փրկիչը երկրային ծառայության ընթացքում բժշկում էր մարդկանց ամեն տեսակի տկարություններից (տես Մատթեոս 4․23): Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ․ Օուքսը ասել է․ «Անխոս, այդ բժշկությունները ներառում էին այն մարդկանց, ում հիվանդությունները զգայական, հոգեկան կամ հոգևոր էին» (“He Heals the Heavy Laden,” Liahona, Nov. 2006, 6):

Նկար
Բուժող ձեռքերը, հեղինակ՝ Ադամ Աբրամ

Ինչպես արդեն նշվել է, մենք բոլորս ունենում ենք պահեր կամ օրեր, երբ լինում ենք ծանրաբեռնված, տխուր կամ անհանգիստ։ Եթե մենք երկար ժամանակ պայքարում ենք այս կամ նմանատիպ զգացմունքների դեմ, կամ եթե այդ զգացմունքները սկսում են խանգարել մեր առօրյա կյանքին, ապա կարևոր է օգնության դիմել (տես “How can I tell if I’m just having a hard time right now or if I’m struggling with a mental health challenge?,” ChurchofJesusChrist.org

Թեև մեղք գործելը կարող է առաջացնել հոգեկան, զգայական, և հոգևոր տառապանք, շատ կարևոր է, որ մենք բոլոր նման մարտահրավերները չվերագրենք մեղքին կամ հավատքի պակասին: Տիրոջ ամենահավատարիմ զավակներից ոմանք ունենում են հոգեկան առողջության խնդիրներ, ինչպիսիք են ծայրահեղ անհանգստությունը կամ կլինիկական ընկճախտը: Թեև մենք ամեն ինչ չգիտենք հոգեկան հիվանդության մասին, մենք գիտենք, որ դա բարդ բան է։ Հոգեկան հիվանդությունը կարող է կապված լինել ուղեղում քիմիական անհավասարակշռության, գենետիկական և շրջակա միջավայրի գործոնների, վնասվածքաբանական դեպքերի, ուղեղի վնասվածքի կամ թմրամիջոցների չարաշահման հետ: Մեր օրերում «չորս մարդկանցից մեկը իր կյանքի որոշակի փուլում ունենում է հոգեկան կամ զգայական հիվանդություն» (Բոննի Լ․ Օսկարսոն, “5 Resources to Help Youth Facing Emotional and Mental Illness,” Nov. 21, 2017, ChurchofJesusChrist.org

Եթե հոգեկան խնդիր եք զգում, առողջարար կլինի ծոմ պահել ու աղոթել, ինչպես նաև քահանայության օրհնություններ խնդրելով ու տաճար այցելելով կարող եք ուժ և բժշկություն ձեռք բերել: Այլապես, հիվանդությունը կձգձգվի։ Եթե դա տեղի ունենա, իմացեք, որ ձեր ջանքերն իզուր չեն (տես Բ Կորնթացիս 12․7-10)։ Տերը հսկում է ձեզ և կարող է սրբացնել այս փորձառությունը ձեր բարօրության համար (տես Վարդապետություն և Ուխտեր 122․7

Մտածեք, թե ինչպես հետևյալ սկզբունքները կարող են աջակցել ձեզ ձեր հոգեկան առողջությունը պահպանելու կամ բարելավելու ջանքերում․

  • Կենտրոնացած մնացեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա: Հատկապես, երբ դժվար է զգալ Նրանց ազդեցությունը, գործեք հավատքով Նրանց հանդեպ: Մտաբերեք այն ժամանակները, երբ դուք զգացել եք Նրանց ազդեցությունը։ Հիշեք, որ Փրկիչը միշտ կարող է օգնել, քանի որ Նա «իջավ բոլոր բաներից ցած» (Վարդապետություն և Ուխտեր 88․6): Նա հիանալի հասկանում է հոգեկան հիվանդություն ունեցողների հուսահատությունն ու հիասթափությունը։ Մարգարե Ալման վկայել է, որ Հիսուս Քրիստոսը գիտի «ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12):

  • Կիսվեք ձեր ապրումներով ձեր մտերիմների հետ։ Հոգեկան հիվանդությունը գաղտնի պահելը կխորացնի մեկուսացման զգացումը և կխոչընդոտի, որ ստանաք անհրաժեշտ, նույնիսկ կյանքը փրկող օգնությունը: Եթե օգնեք ուրիշներին հասկանալ, թե դուք ինչ եք զգում, նրանք ավելի լավ կկարողանան ձեզ աջակցել:

  • Դիմեք որակավորված բժիշկների օգնությանը։ Տասներկու Առաքյալների քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հետևյալ խորհուրդն է տվել.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Եթե խնդիրները շարունակում են խոչընդոտել մեր առաջ շարժվելուն, փնտրեք վերապատրաստում անցած, հեղինակավոր մարդկանց խորհուրդները, ովքեր ունեն մասնագիտական հմտություններ և կրում են լավ արժեքներ: Նրանց հետ անկեղծ եղեք ձեր անցյալի և ձեր մաքառումների վերաբերյալ: («Ինչպես կոտրված անոթ», Լիահոնա, նոյ. 2013, 41)

Եթե ունեք ընտանիքի այդպիսի անդամներ կամ գիտեք ուրիշների, ովքեր ունեն հոգեկան հիվանդություն, մտածեք, թե այս սկզբունքներն իմանալով, ինչպես կարող եք աջակցել նրանց:

Երբ ինչ-որ մեկը կիսվում է ձեզ հետ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով, լսեք սիրով և զերծ մնացեք դատելուց: Սփոփող Միության գերագույն նախագահությունից Քույր Ռեյնա Ի․ Ըբարթոն ուսուցանել է.

Նկար
Քույր Ռեյնա Ի. Ըբարթո

Սիրով լսելը ամենամեծ նվերներից մեկն է, որը մենք կարող ենք առաջարկել, և մենք կարող ենք օգնել՝ կրելով կամ հոգեպես բարձրացնելով այն ծանր ամպերը, որոնք խեղդում են մեր սիրելիներին և ընկերներին [տես Հռովմայեցիս 2․19, 13․12], որպեսզի մեր սիրո միջոցով նրանք կարողանան մի անգամ ևս զգալ Սուրբ Հոգին և ընկալել այն լույսը, որը ճառագում է Հիսուս Քրիստոսից:(«Ամպերի և արևի շողերի միջով, Տե՛ր մնա ինձ հետ», Լիահոնա, նոյ. 2019, 58)

Նկար
ինչ-որ մեկը բռնել է մյուսի ձեռքը
Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք, թե հոգեկան առողջության խնդիրներն ավելի լավ հասկանալու ձգտումը ինչպես կմեծացնի ձեր համբերությունն ու կարեկցանքը նրանց հանդեպ, ովքեր այդպիսի խնդիրներ ունեն։ Կարող եք դիտել տեսանյութ՝ “Like a Broken Vessel” (11:36), որում հոգեկան հիվանդություն վերապրած մարդկանց անձնական պատմություններն են, ինչպես նաև՝ Երեց Հոլլանդի խորհուրդը:

Բաժին 3

Ես ի՞նչ կարող եմ անել, որպեսզի կանխեմ ինչ-որ մեկի ինքնասպանությունը կամ օգնեմ մարդկանց, ում մտերիմն ինքնասպան է եղել

Հոգեկան առողջության լուրջ խնդիրները ինքնասպանության ռիսկային գործոններից են: «Մարդկանց մեծ մասը, ովքեր փորձում են ինքնասպանություն գործել, չեն ցանկանում մեռնել․ նրանք պարզապես ցանկանում են ազատվել ֆիզիկական, մտավոր, զգացմունքային կամ հոգևոր ցավից, որից տառապում են» (“Preventing Suicide and Responding after a Loss,” ChurchofJesusChrist.org

Նկար
չափահաս երիտասարդը կծկված նաստած է

Եթե դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկը ինքնասպանության մտքեր ունի, անհապաղ օգնության դիմեք։ Դա կարող եք անել հիվանդանոցի շտապ օգնության սենյակ գնալով կամ ճգնաժամային օգնության թեժ գծին զանգահարելով: (Գտեք օգնությանւ թեժ գծերի կապուղիներ ամբողջ աշխարհում “In Crisis? հղման ներքո, Talk Now,” abuse.ChurchofJesusChrist.org կայքում:)

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մոսիա 18․8-9-ը և մտածեք, թե այս հատվածն ինչպես կառաջնորդի ձեզ օգնելու նրանց, ովքեր պայքարում են հոգեկան առողջության խնդիրների կամ ինքնասպանության մտքերի հետ: (Այս հատվածները կարդալուց հետո օգտակար կլինի կարդալ “How to Help Someone in Crisis” հոդվածը՝ ChurchofJesusChrist.org կայքում:)

Երբ ինչ-որ մեկը վերջ է դնում իր կյանքին, մենք կարող ենք անմխիթար վիշտ զգալ: Տասներկու Առաքյալների քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդն ասել է, որ կարող է երկար ժամանակ պահանջվել, որպեսզի մարդն ապաքինվի ինքնասպանության պատճառով մտերիմին կորցնելու վշտից: Ապա նա տվել է հետևյալ խորհուրդը.

Նկար
Երեց Դեյլ Գ. Ռենլանդ

Փորձեք պարզապես հաղթահարել հաջորդ օրը, իսկ հետո՝ դրա հաջորդ օրը և այդպես շարունակ … Տերը կօգնի մեզ, որ դա անենք … Նա ամեն օր մեր կողքին է։ (“Grieving after a Suicide” [video], ChurchofJesusChrist.org)

Հիսուս Քրիստոսը կատարյալ հասկացողություն ունի, կարեկցանք և սեր: Մենք կարող ենք և պետք է ողջ դատը հանձնենք Նրա ձեռքը: Նախագահ Բալլարդն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

Ակնհայտորեն մենք չգիտենք յուրաքանչյուր ինքնասպանությանը ուղեկցող բոլոր հանգամանքները: Միայն Տերը գիտի բոլոր մանրամասները, և Նա է, որ կդատի մեր գործողություններն այստեղ` երկրի վրա:

Երբ Նա իրոք դատի մեզ, ես կարծում եմ, որ ամեն բան հաշվի կառնի. մեր ծագումնաբանությունը և քիմիական կառուցվածքը, մեր հոգեվիճակը, մեր մտավոր կարողությունները, մեր ստացած կրթությունը, մեր հայրերի ավանդույթները և այլն: (“Suicide: Some Things We Know, and Some We Do Not,” Ensign, Oct. 1987, 8)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ որպեսզի օգնեք կանխել ինքնասպանությունը։ Գաղափարների համար տես Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության խորհրդական քույր Քերոլ Ֆ. Մակքոնկիի խորհուրդը “Preventing Suicide” (1:43) տեսանյութում։