Սեմինարիա
Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18


Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18

Ակնարկ

Հիսուս Քրիստոսը պատասխանեց հարցերին և ճշմարտություններ ուսուցանեց ամուսնության և ամուսնալուծության մասին: Նա սիրով առաջարկեց հարուստ երիտասարդ մարդուն վաճառել իր ունեցվածքը և հետևել Իրեն: Նա պատմեց նաև այգու մշակների առակը, որը ցուցադրում է Նրա և Երկնային Հոր՝ մեր հանդեպ ունեցած սերն ու գթությունը:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Մատթեոս 19․1-12

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն իրենց ինչ հնարավորություն են պարգևել՝ ապագայում երջանիկ, հավերժական ամուսնություն ունենալու համար:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե նրանք ինչ կարող են հիմա անել՝ երջանիկ ամուսնությանը պատրաստվելու համար: Հորդորեք նրանց խորհուրդ հարցնել իրենց որևէ ծանոթից, ով երջանիկ և արդար է իր ամուսնության մեջ:

  • Առարկա. Հեծանիվի անիվ կամ առանցք ունեցող մեկ այլ անիվ:

  • Հրավիրյալ խոսնակ. Կարող եք տեղական ծխից, ճյուղից, ցցից կամ շրջանից որևէ ամուսնական զույգի հրավիրել, որպեսզի նրանք բացատրեն, թե ինչպիսի երջանկություն է ամուսնությունը բերում նրանց, և Փրկիչն ինչպես է օգնել նրանց իրենց ամուսնության մեջ: Դասարան հրավիրելուց առաջ անպայման ստացեք նրա քահանայության ղեկավարի և սեմինարիաների և ինստիտուտների տեղական համակարգողի համաձայնությունը:

  • Տեսանյութ. «Սիրո արտահայտումներ», (3:26), «Ամուսնության հավերժական օրհնությունները» (15:02, դիտել 6:23-8:40-ը)

  • Առցանց ուուցման առաջարկ. Կարող եք օգտագործել առցանց ուսումնասիրության գործիքը, որպեսզի ուսանողները կարողանան դասից առաջ առանց անունը նշելու արտահայտեն իրենց զգացմունքները ամուսնության մասին:

Մատթեոս 19.16-30, Մարկոս 10.17-31

Դասի նպատակը. Այս դասը կքաջալերի ուսանողներին Փրկիչից սովորել, թե Նա ինչ կկամենար, որ իրենք անեին՝ Նրան ավելի լավ հետևելու համար:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողերին առաջարկեք հիշել որևէ դեպք, երբ նրանք երախտապարտ էին որևէ մեկին՝ իրենց ուղղելու համար: Ինչպե՞ս կարող է սիրո նշան լինել այն, որ ուրիշներն օգնում են մեզ ավելի լավը դառնալ:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք օգտագործել գաղափարը, որը ներկայացված է «Լրացուցիչ ուսումնական ուսումնական վարժություններ» բաժնում. «Հավերժական կյանք ստանալու համար մենք պետք է լինենք պատրաստակամ՝ հրաժարվելու այն ամենից, ինչ Տերը պահանջի մեզանից» վերնագրով ուսուցչի ձեռնարկում: Այն նաև ներկայացնում է նրանց, ովքեր ընդունել են Փրկիչի փոխվելու հրավերը՝ նույնիսկ մեծ զոհաբերությունների գնով:

Մատթեոս 20․1-16

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին հուսալ, որ նրանք կստանան այն օրհնությունները, որոնք Հիսուս Քրիստոսն առաջարկում է Իր Քավության միջոցով:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք թվարկել այն օրհնությունները, որոնք նրանք ստացել են Տիրոջից, որովհետև նրանք ուսումնասիրում են ավետարանը երիտասարդ տարիքից: Նրանք կարող են նաև թվարկել այն հնարավորությունները, որոնք մարդիկ կարող են կորցնել, եթե նրանք մինչև հիմա չեն ուսումնասիրել ավետարանը: Խնդրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչ կարող են սովորել այդ ցուցակից:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարությունը կարդալու փոխարեն կարող եք կիսվել «Այգու մշակները» տեսանյութով, որի մեջ կա տվյալ հայտարարությունը:

Վարդապետության սերտման կրկնություն 8

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մտապահել սուրբ գրությունների որոշ հղումներն ու հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման առաջին 11 հատվածներից:Նշում. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք դասարան բերել Եկեղեցու հին նյութեր, որոնք նրանք կկարողանան կտրտել՝ վարդապետության սերտման հատվածների մտապահմանն օգնող նկարներ պատրաստելու համար:

  • Թերթիկ. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածների և համապատասխան հիմնական արտահայտությունների ցուցակը

  • Նյութեր. Գրելու պարագաներ, թուղթ և, հնարավորության դեպքում, մկրատ, սոսինձ և Եկեղեցու հին ամսագրեր կամ նկարներով ձեռնարկներ

  • Առցանց ուսուցման առաջարկ. Ուսանողները կարող են ստեղծել թվային կոլաժ: Երբ ավարտեն, նրանք կարող են կիսվել իրենց էկրանով՝ կոլաժը դասարանին ցուցադրելու համար:

Գնահատեք ձեր գիտելիքները 4

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց նպատակները, ինչպես նաև՝ ինչպիսի մասնագիտական և անձնական աճ են ունեցել Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպիսի հոգևոր աճ են ունեցել Նոր Կտակարանի ուսումնասիրության ընթացքում: Արդյո՞ք Նոր Կտակարանի ուսումնասիրությունն օգնում է նրանց ճանաչել, սիրել և ծառայել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ինչպիսի՞ նշանակալից փորձառություններ են նրանք ունեցել:

  • Նկարներ. Հացի և ոչխարի նկարներ

  • Նկարչական պարագաներ. Թուղթ և գունավոր մատիտներ կամ մարկերներ

  • Առցանց ուսուցման առաջարկ. Ուսանողներին առաջարկեք տեսախցիկի միջոցով կիսվել իրենց շնորհակալական քարտերով կամ սոցիալական ցանցերում տեղադրված հաղորդագրությամբ: