Սեմինարիա
Վարդապետության սերտման նախաբան


Վարդապետության սերտման նախաբան

Վարդապետության սերտման նպատակը

Նկար
պատանին ուսումնասիրում է սուրբ գրությունները

Այս դասը ձեզ կներկայացնի, թե ինչ է վարդապետության սերտումը, այն ինչպես կարող է օրհնել ձեր կյանքը և օգնել ձեզ կառուցել ձեր հոգևոր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:

Կառուցել հիմքը Հիսուս Քրիստոսի վրա

Նկար
պտտահողմ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը զգուշացրել է հոգևոր պտտահողմերի մասին․

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Մարգարեացված երկրաշարժերից և պատերազմներից [վերջին օրերին] առավել մտահոգիչ են հոգևոր պտտահողմերը, որոնք կարող են պոկել ձեզ ձեր հոգևոր հիմքից և ձեր հոգին իջեցնել ձեզ համար աներևակայելի վայրերում, երբեմն էլ հազիվ կնկատեք, որ տեղաշարժվել եք։

(Տես նաև Նիլ Լ․ Անդերսեն, «Հոգևոր պտտահողմեր», Լիահոնա, մայիս 2014, 18)

  • Որո՞նք են այն հոգևոր պտտահողմերը, որոնք փորձում են արմատախիլ անել մեզ մեր հոգևոր հիմքերից:

Մտածեք թե ինչ պտտահողմի կարող եք հանդիպել: Կարդացեք Հելաման 5.12 հատվածը և ուղիներ փնտրեք այս պտտահողմին դիմակայելու համար:

  • Ի՞նչ նկատեցիք, որը կարող է օգնել ձեզ դիմակայել հոգևոր պտտահողմերին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում կառուցել հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:

  • Ի՞նչ ուղիներով դուք անձամբ օգուտ կքաղեիք Հիսուս Քրիստոսի վրա ամուր հիմք կառուցելուց:

Իմ հոգևոր հիմքը

Մտածեք ձեր հոգևոր հիմքի մասին և գնահատեք ձեզ հետևյալ հայտարարությունների հիման վրա՝ նշելով «Համաձայն եմ», «Որոշ չափով համաձայն եմ», «Որոշ չափով համաձայն չեմ» կամ «Համաձայն չեմ»:

  1. Ես ամուր հիմք եմ կառուցում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վեմի վրա:

  2. Ես ընդլայնում եմ իմ գիտելիքները Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության մասին։

  3. Ինձ համար հարմար է օգտվել սուրբ գրություններից՝ Հիսուս Քրիստոսի վարդապետությունը բացատրելու համար:

  4. Ես կարող եմ պատասխաններ գտնել ավետարանի վերաբերյալ իմ և ուրիշների ունեցած հարցերին:

Վարդապետության սերտում

Սեմինարիան կարող է օգնել ձեզ կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, երբ սովորեք Նրա վարդապետությունը, գաք Նրա մոտ և դառնաք Նրա աշակերտը (տես 3 Նեփի 11.39): Կարդացեք «Վարդապետության սերտման ներածություն» գլխի առաջին երկու պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022)՝ փնտրելով ուղիներ, որոնցով սեմինարիան կարող է օգնել ձեզ կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:

  • Ի՞նչ գտաք:

Վարդապետության սերտման երկու հիմնական արդյունք կա, որոնք կօգնեն ձեզ կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա: Կարդացեք վարդապետության սերտման երկու արդյունքները «Վարդապետության սերտման ներածություն» գլխից Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում:

Ամեն շաբաթ սեմինարիայում դուք կաշխատեք վարդապետության սերտման վրա: Այս դասերի մեծ մասում դուք կուսումնասիրեք Նոր Կտակարանի 24 սուրբ գրությունների հատվածներից մեկը, որոնք հայտնի են որպես վարդապետության սերտման հատվածներ: Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս, թե ինչ եք անելու վարդապետության սերտման դասերին:

Նկար
վարդապետության սերտման հերթականության աղյուսակը

Սովորեք և բացատրեք վարդապետությունը

Դասի սկզբում դուք ինքներդ գնահատեցիք, թե որքան հարմարավետ եք զգում օգտագործել սուրբ գրությունները Հիսուս Քրիստոսի վարդապետությունը բացատրելու համար: Անկախ նրանից, թե ինչպես եք գնահատում ինքներդ ձեզ, վարդապետության սերտման հատվածների ուսումնասիրությունը կավելացնի ձեր գիտելիքները Փրկչի և Նրա վարդապետության մասին։ Նրա վարդապետությունը սուրբ գրությունների միջոցով բացատրելու ձեր կարողությունը կաճի:

Վերանայեք Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածների ցուցակը և դրանց սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները: Դուք կարող եք գտնել այս ցուցակը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի վերջում: Ընտրեք վարդապետության սերտման հատվածներից մեկը, որը ձեզ համար հետաքրքիր է, կարող է օգնել անձնական կարիքի դեպքում կամ պատասխանել ձեր ունեցած հարցին:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Սուրբ գրության ո՞ր հատվածն եք ընտրել:

  • Այդ հատվածը ի՞նչ է ձեզ ուսուցանում Հիսուս Քրիստոսի կամ Նրա վարդապետության մասին:

  • Այդ հատվածի վարդապետությունը բացատրելու իմացությունն ինչպե՞ս կօրհնի ձեր կյանքը:

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ

Վարդապետության սերտման դասերում դուք հնարավորություն կունենաք ավելի լավ իմանալ և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, որոնք կօգնեն ձեզ պատասխանել անձնական և սոցիալական հարցերին, ինչպես նաև Եկեղեցու վարդապետության, գործելակերպի կամ պատմության վերաբերյալ հարցերին: Այս սկզբունքների մասին սովորելը և օգտագործելը կօգնի ձեզ կառուցել ձեր հիմքը Փրկչի վրա և դիմել Նրան, երբ հարցեր առաջանան: Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից երեքը, որոնք դուք կկիրառեք սեմինարիայում, հետևյալն են.

  • Գործել հավատքով

  • Քննել հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով

  • Ձգտել մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Եթե դուք անծանոթ եք այս սկզբունքներին, կարող եք կարդալ «Ձեռք բերել ոգևոր գիտելիքներ» բաժնի 5–12 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում:

2. Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

  • Ի՞նչ գիտեք այս սկզբունքների մասին:

  • Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել այդ սկզբունքների վերաբերյալ։

  • Ձեր կարծիքով, այս սկզբունքները ինչպե՞ս կարող են օգնել ձեզ կառուցել ձեր հիմքը Քրիստոսի վրա և դիմակայել հոգևոր պտտահողմերին:

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներ

Ամեն տարի սեմինարիայում ձեզ խորհուրդ կտան անգիր անել սուրբ գրության հիմնական արտահայտությունը վարդապետական սերտման սուրբ գրությունների 24 հատվածների համար:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթն (1928–2015) ուսուցանել է հատվածները անգիր սովորելու մասին։

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Մեծ զորություն ենք ստանում՝ մտապահելով սուրբ գրությունները: Մտապահելով սուրբ գրությունը՝ մենք, կարծես, նոր ընկեր ենք ձեռք բերում: Այն նման է նոր անձի հայտնաբերելուն, որը կարող է օգնել կարիքի ժամանակ, ոգեշնչում և սփոփանք պարգևել և լինել անհրաժեշտ փոփոխության լիցքի աղբյուր:

(Ռիչարդ Գ. Սքոթ, «Սուրբ գրությունների զորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2011, 6)

Մտածեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է օգտակար սուրբ գրությունների տարբեր հատվածների մտապահումը։

  • Ի՞նչ եք կարծում, սուրբ գրությունների մտապահումն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա և դիմակայել հոգևոր պտտահողմերին:

Մի քանի րոպե տրամադրեք՝ վերանայելու վարդապետության սերտման 24 հատվածները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի դասընթացի համար: Դուք կարող եք օգտագործել Վարդապետության սերտման հավելվածը կամ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթը: Դուք կարող եք անգիր սովորել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը ձեր կողմից նախկինում ընտրված հատվածի համար:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչո՞ւ է կարևոր վարդապետության սերտումը

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

«Վարդապետության սերտումը ․․․ կկենտրոնանա Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ուսանողների հավատքի կառուցման և զորացման վրա, ինչպես նաև կամրապնդի իրենց կյանքում ավետարանով ապրելու և այն կիրառելու նրանց աճող ունակությունը»։ Կիրառելով սուրբ գրություններն ու մարգարեների խոսքերը՝ նրանք կսովորեն, թե ինչպես գործել Քրիստոսի հանդեպ հավատքով, որպեսզի ձեռք բերեն հոգևոր գիտելիքներ և հասկացողություն՝ Նրա ավետարանի մասին: Եվ նրանք հնարավորություն կունենան սովորելու, թե ինչպես կիրառել Քրիստոսի վարդապետությունն ու ավետարանի սկզբունքները այն հարցերի և մարտահրավերների դեպքում, որոնք նրանք լսում ու տեսնում են ամեն օր՝ իրենց հասակակիցների շրջանում և սոցիալական ցանցերում:

(Մ. Ռասսել Բալլարդ, «ԵԿՀ ուսուցիչների հնարավորությունները և պարտականությունները 21-րդ դարում» [երեկո Բարձրագույն Իշխանավորի հետ, փետր.26, 2016], ChurchofJesusChrist.org)