Սեմինարիա
Գաղատացիս 1


Գաղատացիս 1

«Ոչ թէ մարդկանցից… այլ Յիսուս Քրիստոսի… ձեռովը»

Նկար
Կինը տառապում է լարվածությունից և անհանգստությունից

Երբևէ շփոթված եղե՞լ եք աշխարհի բոլոր տարբեր կարծիքներից և փիլիսոփայություններից: Գաղատացի Սրբերը նմանատիպ փորձության միջով էին անցել, երբ ստիպված էին Քրիստոսի ճշմարիտ ավետարանից իրենց հեռացնող ուսմունքներ ուսումնասիրել: Այս դասը կարող է օգնել ձեզ սովորել, թե ինչպես խուսափել խաբեությունից և շփոթությունից՝ լսելով Հիսուս Քրիստոսի խոսքերը, որոնք տրվել են ինչպես հին, այնպես էլ ժամանակակից մարգարեներին:

Ինչպես վարվել կեղծ գաղափարների հանդիպելիս

Մտածեք, թե ինչպես կարձագանքեիք հետևյալ իրավիճակներին.

  1. Դուք տեսնում եք, որ ձեր ընկերներից շատերը սոցիալական ցանցերում կիսվում են հանրաճանաչ տեսանյութով կամ գրառումով: Այն պարունակում է գաղափարներ, որոնք հակասում են տանը և Եկեղեցում ձեր սովորածին:

  2. Դպրոցում ձեր ընկերներից մի քանիսը, որոնք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ են, կարծիքներ են հայտնում, որոնք հակասում են Եկեղեցու ուսունքներին:

    • Որքա՞ն հաճախ եք հանդիպում նման իրավիճակների:

    • Ձեր կարծիքով, դուք ի՞նչ պետք է անեք այսպիսի իրավիճակներում: Ինչո՞ւ։

Գաղատացի Սրբերը նույնպես հանդիպեցին նրանց ուսմունքներին, ովքեր ձգտում էին «Քրիստոսի աւետարանը փոխել» (Գաղատցիս 1.7): Օրինակ, որոշ հրեա քրիստոնյաներ աղավաղում էին ավետարանի ուսմունքները և կասկածի տակ էին դնում Պողոսի այն ուսմունքը, որ փրկությունը կարող է գալ միայն Հիսուս Քրիստոսի միջոցով:

Պողոսը զգուշացնում է գաղատացի Սրբերին, որ նրանք չհավատան կեղծ գաղափարներին

Պողոսը նամակ գրեց՝ պայքարելու Գաղատացի Սրբերի շրջանում տարածվող կեղծ ուսմունքների դեմ:

Կարդացեք Գաղատացիս 1.6-9: Փնտրեք, թե Պողոսն ինչ ասաց նրանց մասին, ովքեր քարոզում էին «ավետարան», հակառակ նրան, ինչ ինքն էր քարոզում՝ որպես Հիսուս Քրիստոսի առաքյալ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչն է կարևոր այս հատվածներում: Ինչո՞ւ։

Պողոսը զգուշացրեց գաղատացի Սրբերին մերժել ամեն «տարբեր բան» (Գաղատացիս 1.9)՝ Հիսուս Քրիստոսի ավետարանից բացի:

  • Որոնք են մեր օրերում կեղծ գաղափարների օրինակները, որոնք կարող են մարդկանց հեռացնել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանից:

  • Ո՞ր ճշմարիտ սկզբունքներն են սխալ ընկալվել կամ աղավաղվել աշխարհի կողմից:

  • Որո՞նք են այդ գաղափարներին կամ ուսմունքներին հետևելու հնարավոր հետևանքները: Ե՞րբ եք հանդիպել այդպիսի հետևանքների:

Հնարավորության դեպքում դիտեք «Աստվածայնորեն նշանակված աղբյուրները» տեսանյութը 3:14-4:43-ը՝ հետևանքների մի քանի օրինակներ տեսնելու համար: Այն կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

Մենք կարող ենք դիմել մարգարեներին և առաքյալներին՝ ճշմարտության համար

Գաղատացի Սրբերին ուղղված իր նամակում Պողոսը հիշեցրել է ավետարանի հիմնական ճշմարտությունների և իր իշխանության ու ուսմունքների աղբյուրի մասին:

Կարդացեք Գաղատացիս 1.1-5, 10-12-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչով է կիսվել, որն օգնեց Սրբերին խուսափել խաբեությունից և կեղծ ուսմունքներից:

  • Ավետարանական ո՞ր ճշմարտությունների մասին է Պողոսը հիշեցրել գաղատացիներին:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր կարծիքով, հատվածներ 3-5-ում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալն ինչպե՞ս կարող է օգնել մեզ խուսափել խաբված լինելուց:

  • Հատվածներ 1, 11-12-ում Պողոսն ի՞նչ է ուսուցանել գաղատացիներին այն մասին, թե նրանք ինչու պետք է հավատան իր ուսմունքներին:

Պողոսը հիշեցրեց գաղատացիներին, որ ինքն առաքյալ է, որը կանչվել է «ոչ թէ մարդկանցից… այլ Յիսուս Քրիստոսի… ձեռովը» (Գաղատացիս 1.1) և ստացել է ավետարանը «Յիսուս Քրիստոսի… ձեռովը» (Գաղատացիս 1.12): Պողոսի խոսքերում ներկայացված ճշմարտություններից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսը հայտնում է ճշմարիտ վարդապետությունը Իր մարգարեներին և առաքյալներին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը ուսուցանել է հին և ժամանակակից մարգարեների խոսքերի կարևորությունը.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենի պաշտոնական դիմանկարը (2010 թ․ օգոստոս)։

Երկաթյա ձողը ներկայացնում է Աստծո խոսքը: Ես նախընտրում եմ սրա մասին մտածել հետևյալ կերպ. Աստծո խոսքը պարունակում է երեք հզոր տարր, որոնք միահյուսվում են և պահպանում են միմյանց՝ ձևավորելով անշարժ ձող: Այս երեք տարրերը ներառում են. առաջինը՝ սուրբ գրությունները կամ հին մարգարեների խոսքերը:

Երկրորդ տարրն է անձնական հայտնությունը և ոգեշնչումը, որը գալիս է մեզ Սուրբ Հոգու միջոցով: …

… Երրորդ տարրը մի կարևոր հավելում է, որը միահյուսվելով մյուս երկուսի հետ[,] … ներկայացնում է կենդանի մարգարեների խոսքերը:

(Նիլ Լ․ Անդերսեն, «Կառչեք մարգարեների խոսքերից» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, մարտի 4, 2007], speeches.byu.edu)

  • Մեզ այդ աղբյուրները տրամադրելու Աստծո ջանքերն ի՞նչ են ուսուցանում Նրա մասին:

  • Քրիստոսի՝ հին և ժամանակակից մարգարեների կողմից մատուցած խոսքերին ականջ դնելով, ինչպե՞ս կարող եք խուսափել խաբված լինելուց:

  • Անձնական հայտնությունն ինչպե՞ս կարող է ձեզ օգնել խուսափել խաբված լինելուց:

Հնարավորության դեպքում դիտեք «Աստվածայնորեն նշանակված աղբյուրները» տեսանյութը 4:44-9:11-ը՝ տեսնելով, թե հին և ժամանակակից մարգարեների խոսքերը, ինչպես նաև անձնական հայտնությունն ինչպես է օգնել մի քանի երիտասարդների՝ ճշմարտություն գտնել և խուսափել խաբեությունից:

  • Ի՞նչն էր ձեզ համար առանձնահատուկ այն գործում, թե Տերն ինչպես օգնեց այս անհատներին արձագանքել իրենց դժվարին իրավիճակներին:

  • Այս տեսանյութը դիտելիս ի՞նչ մտքեր կամ զգացումներ եք ունեցել, որոնք կապված էին ձեր կյանքի հանգամանքների հետ:

Ձեր անձնական իրավիճակը

Մտածեք, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր: Սուրբ Հոգու միջոցով փնտրեք Երկնային Հոր օգնությունը և բացահայտեք, թե որ դեպքերում կարող եք խոցելի լինել խաբեության համար: Կեղծ ուսմունքներից կամ աշխարհիկ գաղափարներից որո՞նք կարող են վնասակար լինել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության համար: Արդյոք դուք կարդում եք, դիտում կամ լսո՞ւմ եք որևէ բան, որը կարող է ձեզ խաբել:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ եք սովորել այս դասից, որը ձեզ ամենից շատ է օգնել: Ինչո՞ւ։

  • Ի՞նչ փոփոխություններ եք ցանկանում կատարել ձեր կյանքում, որոնք ձեզ կպաշտպանեն խաբեությունից:

  • Ինչպես կարող եք ավելի լավ ականջ դնել Հիսուս Քրիստոսի՝ հին և ժամանակակից մարգարեների կողմից ներկայացված խոսքերին: Ի՞նչ ազդեցություն կունենա այն ձեր կյանքի վրա, եթե դուք դա անեք:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ  

Պողոսն արդյոք ուսուցանե՞լ է, որ մենք չպետք է լսենք երկնային հրեշտակներից ստացված ուղերձները

Գաղատացիս 1․8–10-ում գրված Պողոսի ուսմունքները, երբեմն, սխալմամբ են կիրառվում և վիճարկվում՝ ընդդեմ հրեշտակների տեսիլքների և վերականգնված ավետարանի քարոզման։ Սակայն, Պողոսը չէր ուսուցանում, որ հրեշտակների բոլոր հայտնությունները պետք է մերժել, քանի որ սուրբ գրություններն ուսուցանում են, որ իսկապես հրեշտակները վերջին օրերում կգան, որպեսզի ավետարանը նորովի քարոզեն (տես Հայտնություն 14․6)։ Փոխարենը՝ Պողոսն ուսուցանում էր, որ եթե հրեշտակը գա և շեղի մարդկանց ճշմարիտ ավետարանից, ապա այդ հրեշտակին պետք է մերժել (տես նաև Ալմա 30․53

Ճշմարտություն փնտրելիս ես ինչո՞ւ պետք է աստվածայնորեն նշանակված աղբյուրներ օգտագործեմ

Դիտեք «Բացահայտեք ճշմարտությունը» տեսանյութը (4:48) ChurchofJesusChrist.org կայքում: Այս տեսանյութում նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահությունից, համեմատություն է օգտագործել, որպեսզի բացատրի, թե աստվածային աղբյուրներում ճշմարտություն փնտրելը որքան ավելի կարևոր է, քան մարդկանց իմաստությանը վստահելը:

Պողոսի ուսմունքները որքանո՞վ են կիրառելի մեր օրերում

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքսի պաշտոնական դիմանկարը (2018 թ․ մարտ):

Մենք ապրում ենք մեծ տարածում ունեցող տեղեկատվության դարում։ Բայց այդ տեղեկություններից ոչ բոլորն են ճշմարիտ։ Մենք պետք է զգույշ լինենք ճշմարտությունը փնտրելիս և դա գտնելու համար անհրաժեշտ աղբյուրներն ընտրելիս։ Մենք չպետք է աշխարհիկ հռչակը կամ իշխանությունը համարենք ճշմարտության որակյալ աղբյուրներ։ Մենք պետք է զգույշ լինենք այն տեղեկատվությանը կամ խորհրդին վստահելիս, որոնք առաջարկում են ժամանցային աստղերը, հայտնի մարզիկները կամ համացանցի անանուն աղբյուրները: Մասնագիտական ունակությունը մեկ ոլորտում չի կարելի շփոթել մեկ այլ ոլորտում ճշմարտության մասին մասնագիտական ունակության հետ։

(Դալլին Հ․ Օուքս, «Ճշմարտությունը և ծրագիրը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 25)