Սեմինարիա
Գործք Առաքելոց 6–7


Գործք Առաքելոց 6–7

Ստեփաննոսը ծառայում էր Քրիստոսի նման

Նկար
Երիտասարդ տղան ու աղջիկը տարեց կնոջն օգնում են տանել իր պայուսակները։

Աղքատներին և կարիքավորներին օգնելը միշտ եղել է Քրիստոնյա լինելու մի կարևոր մաս: Երբ այրիները անտեսվեցին, առաքյալները ընտրեցին Ստեփաննոսին և վեց այլ մարդկանց՝ նրանց կարիքները հոգալու համար: Դժբախտաբար, չնայած Ստեփաննոսն Աստծո զորությամբ մեծ հրաշքներ էր գործում, հրեաները նրանց քարկոծեցին Հիսուս Քրիստոսի մասին վկայելու համար: Ուսումնասիրելիս խորհեք, թե ինչպես կարող եք օրհնել ուրիշներին՝ ձգտելով հետևել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին, նմանվել Նրանց և վկայել Նրանց մասին:

Ծխի խորհուրդը հատուկ կոչումներ ունեցող անդամների խումբ է (եպիսկոպոս, Սփոփող միության նախագահ, երեցների քվորումի նախագահ, Երիտասարդ կանանց գերագույն նախագահ, Երեխաների միության նախագահ և այլն), ովքեր պարբերաբար հանդիպում են՝ իրենց ծխի տարբեր իրավիճակներն ու մարտահրավերները քննարկելու համար: Պատկերացրեք, որ ձեր ծխում կամ ճյուղում հանդիպել եք հետևյալ իրավիճակին. Լիդիա անունով միայնակ մայրը ունի 16-ամյա տղա, 7-ամյա աղջիկ և 6 ամսական երեխա: Լիդիան այս շաբաթ վիրահատվելու է և պետք է մնա հիվանդանոցում հինգ օր: Ծխի խորհրդի տարբեր անդամները ինչպե՞ս կարող են օգնել այս ընտանիքին:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են կարևոր ծխի խորհուրդները կամ այլ նմանատիպ կազմակերպությունները:

  • Ի՞նչ կարող են զգալ նրանք, ովքեր աջակցություն են ստանում ծխի խորհրդից կամ նմանատիպ խմբից:

Կարդացեք Գործք Առաքելոց 6.1-ը՝ փնտրելով, թե վաղ շրջանի Եկեղեցին ինչ խնդիրներ է ունեցել:

Քանի որ այրիները չափազանց աղքատ էին կամ Եկեղեցու աջակցության կարիքն ունեին, Տասներկուսի անդամները այնքան ժամանակ էին տրամադրում նրանց օգնելուն, որ չէին հասցնում քարոզել ավետարանն այնպես, ինչպես Փրկիչն էր նրանց խնդրել:

Կարդացեք Գործք Առաքելոց 6.2-8-ը և բացահայտեք, թե Տասներկուսի անդամներն ինչ լուծում գտան:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Եկեղեցու և ծխի խորհուրդների այսօրվա կոչումները որքանո՞վ են նման վաղեմի առաքյալների կողմից առաջարկած լուծմանը:

  • Երբ կարդում եք այն յոթ մարդկանց մասին, ովքեր ընտրվել էին առաքյալներին օգնելու համար, ինչպիսի՞ Քրիստոսանման հատկանիշներ եք նրանց մոտ նկատում:

  • Ձեր կարծիքով, այս հատկանիշներից յուրաքանչյուրն ինչպե՞ս կարող է օգնել և օրհնել կարիքի մեջ գտնվող մարդկանց:

Այս հատվածներում մենք կարող ենք բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք զարգացնում ենք Քրիստոսանման հատկանիշներ, մենք սկսում ենք ավելի լավ ծառայել և օրհնել կարիքի մեջ գտնվող մարդկանց:

  • Հիսուս Քրիստոսն ի՞նչ լրացուցիչ հատկանիշներ ունի, որոնք օգնել են Նրան ծառայել կարիքավորներին:

Մի պահ խորհեք, թե որքան լավ եք դուք զարգացրել այդ Քրիստոսանման հատկանիշները: Արդյո՞ք այդ հատկանիշներից որևէ մեկը առնչվում է Երեխաների և երիտասարդների ծրագրի շրջանակներում դրված ձեր անձնական նպատակներից որևէ մեկ հետ: Եթե այո, ապա ձեր օրագրում գրեք, թե ձեզ որքանով է հաջողվում զարգացնել այդ հատկանիշը: Եթե ոչ, ձեր օրագրում ծրագիր կազմեք այն մասին, թե ինչ եք անելու՝ ձեզ մոտ այդ Քրիստոսանման հատկանիշը զարգացնելու և կարիքավորներին ավելի լավ ծառայելու և օրհնելու համար:

Ստեփաննոսի վկայությունը և մարտիրոսությունը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին (1915–1985) գրել է.

Նկար
Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկիի դիմանկարը:

Մեծ գործերը հեշտ չեն իրականցվում: Երկիրը ցնցող իրադարձությունները բախվում են դիմադրության սարերին:

(Բրյուս Ռ. Մակքոնկի, «Հազար տարին մեկ կամ երկու անգամ», Ensign, նոյեմբեր 1975, 18)

Երեց Մակքոնկիի հայտարարությունը վերաբերում է Ստեփաննոսին: Չնայած նա «մեծ մեծ հրաշքներ եւ նշաններ էր անում ժողովրդի մէջ, ․․․ վերկացան ոմանք այն ժողովարանից ․․․ եւ վիճաբանում էին [նրա] հետ» (Գործք Առաքելոց 6.8-9): Ստեփաննոսը կանգնեց հրեական խորհրդի առաջ և կեղծ վկայության զոհ դարձավ:

Ստեփաննոսը հրեական առաջնորդներին պատմեց այն մասին, թե հրեաների քանի սերունդներ չեն ընդունել Սուրբ Հոգուն և մերժել ու սպանել են Աստծո կողմից ուղարկված մարգարեներին: Այնուհետև Ստեփաննոսը վկայեց, որ այդ ապստամբ մոտեցումները շարունակվում էին կիրառվել, և որ մարդիկ սպանեցին նույնիսկ Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն (տես Գործք Առաքելոց 7.51-52):

Կարդացեք Գործք Առաքելոց 7.54-60-ը՝ փնտրելով, թե Ստեփաննոսն ինչպես գործեց՝ չնայած բարկությանն ու դիմադրությանը:

Նկար
Այս նկարում պատկերված է Ստեփանոսի քարկոծումը, ինչպես նկարագրված է Գործք Առաքելոց 7․54–60-ում։ Պառկած դիրքից Ստեփանոսը ժեստերի միջոցով ընդունում է Հոր և Որդու ներկայությունը, ովքեր սպիտակ հագուստով կանգնած են նկարի վերևում՝ բացված երկնքում: Ստեփաննոսին քարկոծողները դա անում են ատելությամբ և կոպիտ բռնությամբ։ Սավուղը պահում է նրանցից երկուսի զգեստները։ Երկու քահանաներ՝ անտարբեր հայացքներով, կանգնած են աջ կողմում։ Նկարի տակ ստորագրված է՝ «Վոլթեր Ռեյն»։
  • Ի՞նչն առավել տպավորեց ձեզ Ստեփաննոսի մարտիրոսության մասին այս պատմության մեջ:

Ինչպես ցույց է տալիս Ստեփաննոսի նահատակության պատմությունը, լավ մարդիկ և լավ գործերը հաճախ են հանդիպում «դիմադրության սարերի»:

  • Ինչպե՞ս է սա գործել ձեր կյանքում:

Ստեփաննոսի նման դուք նույնպես կարող եք հանդիպել դիմադրության և նույնիսկ հալածանքի՝ Փրկիչի և Նրա ավետարանի մասին ձեր համոզմունքներով և վկայությամբ կիսվելիս: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի պաշտոնական դիմանկարը: Լուսանկարված է 2018թ. հունվարին:

Ես դիմում եմ բոլորին և հատկապես՝ Եկեղեցու երիտասարդությանը, որ եթե դուք դեռ չեք կանչվել, ապա մի օր կկանչվեք` պաշտպանելու ձեր հավատը կամ, հավանաբար, դիմանալու անձնական անարգանքի՝ պարզապես այն բանի համար, որ դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք: Այդպիսի պահերը ձեզանից կպահանջեն՝ ինչպես քաջություն, այնպես էլ բարեկրթություն:

(Տես Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աշակերտ լինելու գինը և օրհնությունները», Լիահոնա, Մայիս 2014, 6)

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ արժե վկայել Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի մասին և պաշտպանել Նրանց:

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը ինչպե՞ս կարող են ձեզ օգնել, երբ դուք հալածվում եք՝ Նրանց մասին վկայելու և Նրանց պաշտպանելու համար:

Մի պահ խորհեք, թե դուք ինչպես կարող եք այս շաբաթվա ընթացքում վկայել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և պաշտպանել Նրանց:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Գործք Առաքելոց 6․1–6։ Այսօր ո՞վ է կանչված՝ աջակցելու առաքյալներին աշխարհիկ հարցերում

Ճիշտ, ինչպես Տերը կանչեց յոթ արժանավոր տղամարդկանց, որպեսզի աջակցեն Տասներկուսին Եկեղեցու աշխարհիկ կարիքները հոգալու համար, ինչպես գրված է Գործք Առաքելոց գրքում, այնպես էլ Տերն այսօր կանչել է Նախագահող Եպիսկոպոսությանը, որպեսզի աջակցեն Տասներկուսին՝ Եկեղեցու աշխարհիկ կարիքները հոգալու համար։ Նախագահող Եպիսկոպոսը և նրա երկու խորհրդականները ծառայում են Առաջին Նախագահության ղեկավարությամբ, որպեսզի վերահսկեն Եկեղեցու աշխարհիկ գործերը։ Ծոմի նվիրատվությունները կազմում են այս ծրագրի հիմնական մասը և ժամանակավորապես ապահովում են աղքատների կենսական կարիքները ողջ աշխարհում։ (Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Նախագահող Եպիսկոպոսություն» թեման newsroom.ChurchofJesusChrist.org կայքում։)

Արդյոք ես կհալածվե՞մ կամ ստիպված կլինե՞մ պաշտպանել իմ հավատքը

Դիտեք «Աշակերտ լինելու գինը և օրհնությունները» (ChurchofJesusChrist.org) կայքում) 1:01-2:31-ը, կամ կարդացեք ստորև ներկայացված հայտարարությունը:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից օրինակ է բերել մի մարդու, ով հալածվել է՝ Քրիստոսի մասին վկայելիս:

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի պաշտոնական դիմանկարը: Լուսանկարված է 2018թ. հունվարին:

Մի քույր միսիոներ վերջերս գրել էր ինձ. «Ես և զուգընկերս տեսանք քաղաքի հրապարակում նստարանին նստած մի մարդու, ով ուտում էր իր նախաճաշը: Երբ մոտեցանք, նա աչքերը բարձրացրեց և տեսավ մեր միսիոներական անվանապիտակները: Սարսափելի հայացքով նա վեր ցատկեց և բարձրացրեց ձեռքը, որ ինձ հարվածի: Ես ճիշտ պահին խույս տվեցի, նա միայն հասցրեց իր ուտելիքը ամբողջովին թքել ինձ վրա և սկսեց հայհոյել մեզ ամենասոսկալի բառերով: Մենք հեռացանք՝ առանց որևէ բան ասելու: Ես փորձում էի սրբել ուտելիքը երեսիցս, երբ զգացի, որ նա հետևից հարվածեց գլխիս կարտոֆիլի պյուրեով: Երբեմն դժվար է լինել միսիոներ, որովհետև հենց այդ պահին ես ցանկացա հետ գնալ, բռնել այդ փոքրամարմին մարդուն և ասել՝ «ՆԵՐԵՑԵ՜Ք»: Բայց ես դա չարեցի»:

Այս նվիրված միսիոներին ես ասում եմ, սիրելի՛ զավակ, դու քո իսկ խոնարհ ձևով մտել ես նշանավոր կանանց և տղամարդկանց մի շրջանակի մեջ, ինչպես Մորմոնի Գրքի մարգարե Հակոբն է ասել, ովքեր. «ըմբռնեցին Քրիստոսի մահը, և կրեցին նրա խաչը, և տարան աշխարհի ծաղրը» [Հակոբ 1.8]:

(Տես Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աշակերտ լինելու գինը և օրհնությունները», Լիահոնա, Մայիս 2014, 6)