Ա Կորնթացիս 11
Տղամարդու և կնոջ եզակի և աստվածային դերերը
Շարունակելով հրահանգներ տալ և հորդորել Կորնթացի Սրբերին՝ Պողոսն ուսուցանեց, որ տղամարդիկ և կանայք պետք է համագործակցեն և աջակցեն միմյանց՝ Տիրոջը հետևելիս: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե տղամարդիկ և կանայք ինչու միմյանց կարիքն ունեն՝ Երկնային Հոր ծրագրում ամենաբարձր օրհնություններ ստանալու համար:
Տղամարդկանց և կանանց դերերը
Մտածեք հետևյալ հարցերի շուրջ՝ հեծանվորդների թիմի այս պատկերին նայելիս:
-
Ի՞նչ հմտություններ կամ կարողություններ է անհրաժեշտ՝ այս թիմին հաջողության հասնելու գործում օգնելու համար:
-
Անձերի միջև եղած տարբերություններն ինչպե՞ս կարող են ամրապնդել նրանց գործընկերությունը և օգնել նրանց ավելի միասնական դառնալ:
Ա Կորնթացիս 11 գլուխն ուսումնասիրելիս մտածեք, թե տղամարդիկ և կանայք ինչպես կարող են արդար կերպով համագործակցել որպես հավասար գործընկերներ՝ իրենց աստվածայնորեն նշանակված դերերը կատարելու և հավերժական կյանքին արժանանալու համար:
Ա Կորնթացիս 11.1-16 հատվածներում Պողոսը անդրադարձել է կորնթացիների այն ժամանակվա սոցիալական սովորույթներին, որոնք չէին համապատասխանում տղամարդկանց և կանանց աստվածայնորեն նշանակված դերերի մասին Տիրոջ կարծիքին: Կարևոր է այս սովորույթները չշփոթել Պողոսի կողմից ուսուցանված ճշմարտությունների հետ:
Պողոս Առաքյալի միջոցով Ա Կորնթացիս 11.11-12 հատվածներում Տերը հավերժական ճշմարտություններ հայտնեց տղամարդկանց և կանանց աստվածային դերերի մասին:
Կարդացեք Ա Կորնթացիս 11.11-12 հատվածները՝ փնտրելով ճշմարտություններ Աստծո, տղամարդկանց և կանանց մասին:
Կանայք և տղամարդիկ՝ Տիրոջ հետ լիարժեք գործընկերության մեջ
Ա Կորնթացիս 11.11 հատվածում մենք սովորում ենք, որ Երկնային Հոր ծրագրում տղամարդիկ և կանայք հավասարապես կարևոր են:
Ա Կորնթացիս 11.11-ը վարդապետության սերտման հատված է: Վարդապետության սերտման հատվածները նշեք տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք կսովորեք կիրառել վարդապետության սերտման այս հատվածը:
Կարդացեք հետևյալ խոսքերը ընտանիքի մասին հայտարարությունից և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների ելույթներից՝ փնտրելով, թե տղամարդիկ և կանայք ինչով են կարևոր Երկնային Հոր ծրագրում:
Ընտանիքի մասին հայտարարության մեջ մենք կարդում ենք հետևյալը.
Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա: Հաջողակ ամուսնություններն ու ընտանիքները հիմնվում և պահպանվում են հավատի, աղոթքի, ապաշխարության, ներման, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջ ու ստեղծարար միջոցառումների սկզբունքներով: Ըստ աստվածային ծրագրի՝ հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակությանն համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ:
(«Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org)
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.
Մեր Երկնային Հոր քահանայության օժտման մեծ ծրագրում տղամարդիկ կրում են հատուկ պատասխանատվություն՝ սպասավորելու քահանայությունը, սակայն նրանք քահանայությունը չեն: Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր, սակայն հավասարապես արժեքավոր դերեր: Ինչպես կինը չի կարող երեխա ունենալ առանց տղամարդու, այնպես էլ տղամարդը չի կարող լիարժեք կիրառել իր քահանայության զորությունը առանց կնոջ՝ հավերժական ընտանիք կազմելու համար: … Հավերժության հեռանկարում ամուսինը և կինը միմյանց հետ կիսում են և բազմանալու ստեղծարար ուժերը, և քահանայության զորությունը:
(Մ. Ռասսել Բալլարդ, «Սա է իմ գործը և փառքը», Լիահոնա, մայիս 2013, 19)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Անհրաժեշտ էր ինչպես արական, այնպես էլ իգական սեռի հոգևոր, ֆիզիկական, մտավոր և հուզական կարողությունների առանձնահատուկ միավորում՝ երջանկության ծրագիրը գործարկելու համար։ «Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը» (Ա Կորնթացիս 11․11): Տղամարդը և կինը նախատեսված են, որ միմյանցից սովորեն, զորացնեն, օրհնեն և լրացնեն միմյանց:
(Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Լիահոնա, մայիս 2013, 41)
1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչո՞ւ եք կարծում որ Երկնային Հոր ծրագրում Նրա զավակները և Նրա դուստրերը միասին են հասնում հավերժական կյանքին:
-
Դա ինչպե՞ս է ցուցադրում Երկնային Հոր սերը և հարգանքը կանանց և տղամարդկանց հանդեպ:
-
Այդ ճշմարտությունների ըմբռնումն ինչպես կարող է ձեզ օգնել այն ժամանակ, երբ դուք տղամարդկանց և կանանց դերերի և պարտավորությունների մասին հակասող կարծիքների եք հանդիպում:
-
Ինչպե՞ս կարող եք կիրառել կանանց և տղամարդկանց մասին այդ ճշմարտությունները ձեր կյանքում (օրինակ՝ տանը, եկեղեցում այլ երիտասարդ տղամարդկանց ու կանանց հետ և ապագա ընտանեկան կյանքին պատրաստվելիս):
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Իսկ ի՞նչ, եթե այն մարդիկ, ում ես սիրում եմ, չեն ամուսնանում կամ երեխաներ չեն ունենում
Որոշ մարդիկ կարող են անհանգստանալ կամ զարմանալ, թե Երկնային Հոր՝ կանանց և տղամարդկանց համար նախատեսված ծրագիրն ինչպես կարող է իրականացվել այն մարդկանց համար, որոնք ամուսնացած չեն կամ չունեն երեխաներ: Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924-2015) մեծ գթությամբ հայտարարել է.
Վկայություն
Նրանք, ովքեր չեն ամուսնանում, կամ նրանք, ովքեր չեն կարողանում երեխաներ ունենալ, անմասն չեն հավերժական օրհնություններից, որ փնտրում են, բայց որոնք այժմ իրենց համար հասու չեն: …
Ձեր գաղտնի իղձերն ու արտասվալից աղերսները կդիպչեն Հոր և Որդու սրտին: Դուք անձնական հավաստիացում կստանաք Նրանցից, որ ձեր կյանքը կլինի լիարժեք և ոչ մի կարևոր օրհնություն չի կորչի ձեզ համար:
Որպես Տիրոջ ծառա, որ ծառայում է մի պաշտոնում, որին կարգվել է, նման իրավիճակում գտնվողներին ես խոստանում եմ, որ ձեր փրկության և վեհացման համար կարևոր ամեն ինչ կտրվի ձեզ իր ուրույն ժամանակին:
(Բոյդ Ք. Փաքեր, «Վկայություն», Լիահոնա մայիս 2014, 95)
Սատանան ինչո՞ւ է ցանկանում, որ մենք բաժանվենք որպես տղամարդ և կին
Սփոփող միության նախկին գերագույն նախագահ Ջին Բ․ Բրիգհեմը ուսուցանել է․
Միավորված` Աստծո աշխատանքը կատարելիս
Հակառակորդը բավականին հաջողակ է եղել` նպատակ ունենալով բաժանել տղամարդկանց և կանանց՝ մեր հոգիներին պարտության մատնելու համար: Լյուցիֆերը գիտի, որ եթե կարողանա վնաս հասցնել տղամարդկանց և կանանց միասնության զգացումին, եթե կարողանա շփոթեցնել մեզ մեր աստվածային արժեքի և ուխտի պարտականությունների վերաբերյալ, նրան կհաջողվի կործանել ընտանիքները, որոնք հավերժության հիմնական միավորներն են:
Սատանան հրահրում է համեմատությունը որպես գործիք՝ ստեղծելով գերադասության կամ անլիարժեքության զգացում՝ թաքցնելով այն հավերժական ճշմարտությունը, որ տղամարդկանց և կանանց բնածին տարբերությունները Աստծուց են տրված և հավասարապես արժեքավոր են: Նա փորձել է ցածրացնել կանանց ներդրումները՝ ինչպես ընտանիքում, այնպես էլ քաղաքացիական հասարակության մեջ՝ դրա միջոցով նվազեցնելով բարու համար նրանց ոգեշնչող ազդեցությունը: Նրա նպատակը եղել է ուժային պայքարի խթանումը, այլ ոչ թե տղամարդկանց և կանանց առանձնահատուկ ներդրումների հաղթահանդեսը, որոնք լրացնում են միմյանց և նպաստում միասնությանը:
(Ջին Բ․ Բինգհեմ, «Միավորվել` Աստծո աշխատանքը կատարելիս» Լիահոնա, մայիս 2020, 60-61)