Հմտության կիրառում 5
Աշխատեք անգիր անել սուրբ գրությունները
«Մեծ զորություն կարող է գալ սուրբ գրությունները անգիր անելու արդյունքում» (Քարոզիր Իմ ավետարանը [2023], 27)։ Սուրբգրային հատվածներն անգիր անելը կխորացնի Փրկչի ավետարանի մեր ըմբռնումը և կուժեղացնի այն ուրիշներին ուսուցանելու մեր կարողությունը:
Քննարկումը վարող․ Ձգտեք լինել հակիրճ «Սահմանեք» և «Ցուցադրեք» բաժիններում, որպեսզի սովորողները բավական ժամանակ ունենան վարժանքի համար:
Սահմանեք
Քննարկումը վարող․ Օգնեք դասարանի անդամներին գտնել «Անգիր անելու դերը» վերնագիրը՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 3-ում (էջ 26–27)։ Այնուհետև կիսվեք հետևյալ հրահանգներով․
Կարդացեք երրորդ պարբերությունը «Անգիր անելու դերը» վերնագրի ներքո (Քարոզիր Իմ ավետարանը, 27)։ Տեսեք, թե սուրբ գրությունների հատվածներն անգիր անելը ինչպես կարող է օրհնել ձեզ և ուրիշներին:
-
Ինչպե՞ս կարող է անգիր սովորելը օգնել ձեզ որպես միսիոներ:
-
Ինչպե՞ս եք օգուտ քաղել սուրբ գրության որևէ հատված անգիր անելուց:
Քննարկումը վարող․ Բացատրեք, որ կան բազմաթիվ մեթոդներ, որոնք մենք կարող ենք օգտագործել՝ սուրբ գրություններն անգիր անելու համար։ Որպես օրինակ կարող եք կիսվել հետևյալ մի քանիսով։ Կարող եք նաև հրավիրել ուսանողներին կիսվել լրացուցիչ գաղափարներով:
-
Կարդացեք բառերը մի քանի անգամ անընդմեջ: Այնուհետև ծածկեք բառերը և կրկնեք դրանք առանց նայելու:
-
Սուրբ գրության հատվածը բաժանեք մի քանի ավելի կարճ արտահայտությունների: Անգիր արեք արտահայտությունները մեկ առ մեկ՝ կրկնելով արդեն անգիր արածները։
-
Հատվածը կարդալիս մի քանի անգամ դուրս գրեք բառերը։ Այնուհետև գրեք ամբողջ հատվածը՝ առանց նայելու հատվածին:
-
Գրեք հատվածի յուրաքանչյուր բառի առաջին տառը, այնուհետև այդ տառերի օգնությամբ ասեք հատվածը։
-
Պարզ նկարներ պատկերեք, որոնք կօգնեն ձեզ հիշել հատվածը։
Ցուցադրեք
Քննարկումը վարող․ Բացատրեք, որ սուրբ գրությունների կարևոր հատվածներից մեկը, որը միսիոներները պետք է անգիր անեն՝ դա Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի պատմությունն է, որը գրված է Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․16–17-ում։
Ստորև բերված է մի եղանակ, որի դեպքում կարող եք օգտագործել նախորդ բաժնի երկրորդ գաղափարը՝ օգնելու սովորողներին անգիր անել Ջոզեֆ Սմիթի պատմությունը: Օգնեք սովորողներին մեկ առ մեկ անգիր անել հետևյալ արտահայտությունները՝ դրանք դասարանով բարձրաձայն կրկնելով:
«Ես տեսա արևի պայծառությունը գերազանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա: …
Երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր` օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր:
Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»: (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16–17):
Վարժվեք
Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին վարժվել արտասանել Ջոզեֆ Սմիթի առաջին տեսիլքի այս հատվածները զուգընկերոջ հետ: Նրանք կարող են օգտագործել նույն մեթոդը, որը դուք դասարանով փորձեցիք, կամ կարող են ընտրել մեկ ուրիշը:
Կիրառեք
Քննարկումը վարող․ Կիսվեք հետևյալ հրահանգներով՝ օգնելու սովորողներին կիրառել սուրբ գրություններն անգիր անելու հմտությունն իրենց կյանքում.
Որոշեք, թե ինչպես եք շարունակելու օգտագործել սուրբ գրություններն անգիր անելու հմտությունը: Ահա որոշ գաղափարներ.
-
Շարունակեք անգիր անել Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը: Վարժվեք դրանում՝ արտասանելով հատվածները մտերիմներից մեկի համար։
-
Ընտրեք մեկ կամ մի քանի այլ սուրբ գրություններ, որոնք ցանկանում եք անգիր անել և ջանքեր գործադրեք դրանք անգիր անելու համար: