Դաս 4
Քննեք սուրբ գրությունները և զգեստավորվեք Աստծո սպառազինությամբ
Քարոզիր Իմ ավետարանը, Գլուխ 2
Աստծո խոսքում առկա ճշմարտությունների ուսումնասիրությունն ու կիրառումը առանցքային է դարձի գալու և մարդկանց օգնելու համար, որպեսզի նրանք մոտենան Հիսուս Քրիստոսին: Տեխնոլոգիաների ճիշտ օգտագործումը կարող է խթանել մեր ուսումնասիրությունը և մեզ օգնել գտնել ավետարանի մեր հարցերի պատասխանները: Տեխնոլոգիաները օգտագործելիս անվտանգության միջոցներին հետևելը կարևոր միջոց է «Աստծու ողջ սպառազինությամբ զգեստավորվելու» համար (Եփեսացիս 6.11):
Վերանայեք և հետևեք
Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին մտածել իրենց վերջին ջանքերի մասին, որպեսզի կիրառեն այս դասի ժամանակ իրենց սովորած նյութը։ Կարող եք նրանց հրավիրել կիսվել իրենց ջանքերով զուգընկերոջ կամ դասարանի հետ:
Ուսումնական վարժությունների տարբերակներ
Քննարկումը վարող․ Աղոթքով ընտրեք սովորելու այն տարբերակը կամ տարբերակները, որոնք առավելագույնս օգտակար կլինեն ձեր դասարանի համար։ Համոզվեք, որ բավականաչափ ժամանակ մնա պարապմունքի և կիրառման համար:
Տարբերակ Ա. Ինչպե՞ս կարող եմ ավելի իմաստալից փորձառություն ունենալ սուրբ գրություններն ուսումնասիրելիս
Ուսումնասիրել
Քննարկումը վարող․ Աշակերտներին տրամադրեք «Սուրբ գրությունների իմ անձնական ուսումնասիրության գնահատումը» վերնագրով թերթիկը: Նրանց ժամանակ հատկացրեք, որպեսզի անհատապես լրացնեն թերթիկը։
Սուրբ գրությունների իմ անձնական ուսումնասիրության գնահատումը
Գնահատեք սուրբ գրությունների հետ ձեր փորձառությունը՝ պատասխանելով հետևյալ պնդումներին՝ 1-ից (երբեք) 5-ը (գրեթե միշտ) սանդղակով։
-
Ես պարբերաբար ջանքեր եմ գործադրում՝ ուսումնասիրելու սուրբ գրությունները։ ____
Երբ ես ուսումնասիրում եմ սուրբ գրությունները․
-
Կենտրոնանում եմ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա։ ____
-
Ժամանակ եմ հատկացնում խորհելու, թե ինչ եմ կարդում։ ____
-
Սուրբ Հոգուց առաջնորդություն և հասկացողություն եմ փնտրում: ____
-
Հարցերիս պատասխաններ եմ փնտրում: ____
-
Ձգտում եմ ապրել ըստ իմ սովորածի։ ____
Քննարկումը վարող․ Խրախուսեք դասարանի անդամներին ուսումնական վարժության ընթացքում ուշադրություն դարձնել իրենց ունեցած հոգևոր տպավորություններին այն մասին, թե ինչպես բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց փորձառությունը:
Ցուցադրեք հետևյալ հրահանգները և սովորողներին ժամանակ հատկացրեք՝ ուսումնասիրության վարժությունն ավարտելու համար:
Ձեր ինքնագնահատումից ընտրեք մեկ կամ երկու կետ, որոնց վրա ցանկանում եք աշխատել: Հետևյալ համարակալված նյութերը համապատասխանում են ինքնագնահատումից ստացված թվերին: Նրանք կտանեն ձեզ դեպի Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 2-ի համապատասխան նյութերը։
-
1. Ուսումնասիրեք «Քննեք սուրբ գրությունները» ներածական բաժինը (էջ 17-18):
-
2ա. Ուսումնասիրեք «Քննեք սուրբ գրությունները» ներածական բաժինը (էջ 17-18):
-
2բ. Ավարտեք վարժությունը «Անհատական ուսումնասիրություն» վանդակում՝ էջ 18:
-
2գ. Ուսումնասիրեք «Փնտրել Հոգին» (էջ 18) և ավարտեք «Սուրբ գրությունների ուսումնասիրություն» վանդակը՝ էջ 18–19։
-
2դ. Ուսումնասիրեք «Փնտրեք հարցերի պատասխանները» (էջ 19):
-
2ե. Ուսումնասիրեք «Ապրեք ըստ ձեր սովորածի» (էջ 19) և ավարտեք 19-րդ էջի «Անհատական ուսումնասիրություն» վանդակը։
Կիրառել
Քննարկումը վարող․ սովորողներին հնարավորություն ընձեռեք կիսվելու ուսումնասիրության վարժությունից սովորածով: Դա անելու համար կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը։ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք, որպեսզի քննարկեն դրանցից մեկը կամ մի քանիսն իրենց զուգընկերոջ կամ փոքր խմբի հետ:
-
Ելնելով ձեր ուսումնասիրությունից՝ ինչպե՞ս կարող եք բարելավել սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը։
-
Սուրբ գրութան ո՞ր հատվածը կամ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից ո՞ր պնդումը դուք հատկապես օգտակար համարեցիք։ Ինչո՞ւ եք կարծում, որ դա կարևոր է։
-
Ի՞նչ դրական փորձառություն ունեք սուրբ գրությունների ուսումնասիրությունից։
Քննարկումը վարող․ Կարող եք ավարտել ուսումնական վարժության այս հատվածը՝ կարդալով երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հայտարարությունը՝ «Քննեք սուրբ գրությունները» ենթավերնագրի ներքո (Քարոզիր Իմ ավետարանը, 18): Հրավիրեք որոշ սովորողների կիսվել, թե ինչպես է սուրբ գրությունների ուսումնասիրությունն ամրապնդել իրենց հավատքն ու վկայությունն առ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը։
Լրացուցիչ հմտության կիրառման համար կարող եք օգտագործել Հմտության կիրառում 2. «Օգտագործեք սուրբ գրությունները ձեր ուսուցման մեջ»:
Նպատակ դրեք
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Դա անելու միջոցներից մեկն այն է, որ հրավիրեք նրանց մի պարզ ծրագիր կազմել սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունը բարելավելու համար։ Կարող եք ցույց տալ հետևյալը, որպեսզի ուղղորդեք նրանց։ Դասարանում նրանց ժամանակ հատկացրեք՝ իրենց ծրագրերը գրի առնելու համար։
Սուրբ գրությունների ուսումնասիրության իմ ծրագիրը
-
Ե՞րբ եմ ես ուսումնասիրելու:
-
Որքա՞ն ժամանակ եմ ես ուսումնասիրելու:
-
Որտե՞ղ եմ ես ուսումնասիրելու:
-
Ի՞նչ եմ ես ուսումնասիրելու։
-
Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի փորձառությունս բարելավեմ:
Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց՝ կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:
Տարբերակ Բ. Ինչպե՞ս կարող է Ավետարանի գրադարանի գործածումն օգնել ինձ գտնել իմ հարցերի պատասխանները
Ուսումնասիրել
Քննարկումը վարող․ Կարող եք քննարկել հետևյալ հարցերը և գրատախտակին գրել դասարանի անդամների պատասխանները:
-
Ի՞նչ հարցեր են տրվել ձեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վերաբերյալ:
-
Ի՞նչ ընդհանուր աղբյուրներ են մարդիկ օգտագործում Եկեղեցու վերաբերյալ իրենց հարցերին պատասխանելու համար:
Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին խորհել այն հարցերի շուրջ, որոնք իրենք անձամբ ունեն: Խրախուսեք նրանց մտապահել այս հարցերը ուսումնառության այս վարժության ընթացքում։ Բացատրեք, որ Սուրբ Հոգին կարող է առաջնորդել նրանց իրենց հարցերի պատասխանները գտնելու գործում։
Կարդացեք գլուխ 2-ի «Փնտրեք հարցերի պատասխանները» վերնագիրը (էջ 19) Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից: Փնտրեք խորհուրդներ, որոնք կարող են օգնել մեզ, երբ մենք ունենք ավետարանին առնչվող հարցեր:
-
Ի՞նչն էր առանձնահատուկ ձեզ համար:
-
Որո՞նք պետք է լինեն մեր հիմնական աղբյուրները՝ ավետարանին առնչվող հարցերին պատասխաններ փնտրելիս։ Ինչո՞ւ։
Քննարկումը վարող․ Կարող եք հրավիրել սովորողներին կիսվել փորձառություններով, երբ Երկնային Հայրը սուրբ գրությունների կամ այլ վստահելի աղբյուրների միջոցով պատասխանեց նրանց հարցերին։ Կարող եք նաև ցուցադրել «Ինչպես եմ ես հետևում #ԼսիրՆրան կոչին. Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդ» տեսանյութը (2:55, Ավետարանի գրադարան):
Կիրառել
Քննարկումը վարող․ Որպեսզի օգնեք աշակերտներին օգտվել Ավետարանի գրադարանից պատասխաններ գտնել, ցուցադրեք հետևյալ սցենարները և հրահանգները: Բացատրեք, որ այս վարժության նպատակն է բացահայտել Ավետարանի գրադարանում առկա նյութերը, ոչ թե ներկայացված թեմաների վերաբերյալ երկար քննարկումներ ունենալը:
-
Ինչ-որ մեկը հարցնում է. «Ձեր եկեղեցին հավատո՞ւմ է, որ փրկվելու համար մարդիկ շնորհի կարիք ունեն»: Սուրբ գրքերի ուղեցույցում գտեք «Շնորհ» հոդվածը: (Ավետարանի գրադարան > Սուրբ գրություններ > Ուսումնասիրման օժանդակ նյութեր > Սուրբ գրքերի ուղեցույց > Շնորհ)
-
Այն օրը դուք լսեցիք, թե ինչպես է ինչ-որ մեկը խոսում Երկնային Մոր մասին, և դուք այժմ մտածում եք, թե Եկեղեցին ինչ է սովորեցնում նրա մասին։ Թեմաներ և հարցեր բաժնում գտեք «Երկնային Մայր» հոդվածը: (Ավետարանի գրադարան > Թեմաներ և հարցեր > Երկնային Մայր)
-
Դուք օգնության կարիք ունեք, որպեսզի ավելի լավ պաշտպանվեք պոռնոգրաֆիայից։ Մտեք Կյանքի օգնութուն բաժինը: Տեսեք, թե ինչ կարող եք սովորել «Օգնություն ինձ» «Պոռնոգրաֆիա» վերնագրի ներքո և վերանայիր ներկայացված հարցերը: (Ավետարանի գրադարան > Կյանքի օգնություն > Պոռնոգրաֆիա > Օգնություն ինձ)
-
Քույրդ հարցնում է. «Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել հայրապետական օրհնություն ստանալուն»: Օգտվելով Ավետարանի գրադարանի որոնման գործառույթից՝ տեսեք, թե ինչ կարող եք գտնել։
-
Դուք ցանկանում եք գաղափարներ այն մասին, թե ինչպես կարող եք ավետարանով կիսվել ուրիշների հետ: Մտեք Ավետարանի գրադարան > Կիսվել ավետարանով և օգտակար նյութեր փնտրեք:
Քննարկումը վարող․ Եթե դասարանի անդամները ցանկանում են ավելի շատ կիրառում, դուք կարող եք նրանց ուղղորդել գլուխ 3-ի 1, 2 կամ 3 դասերի վերևում գտնվող վանդակների «Մարդիկ կարող են մտածել» հարցերին՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից (էջ 30, 46, 61): Նրանք կարող են ընտրել մի հարց և սովորել գտնել նյութեր՝ Ավետարանի գրադարանում դրանց անդրադառնալու համար։
Մասնակիցների վարժանքից հետո կարող եք հրավիրել նրանց կիսվել իրենց սովորածով:
Նպատակ դրեք
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․
Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:
-
Ժամանակ հատկացրեք հետազոտելու Ավետարանի գրադարանում Սուրբ գրքերի ուղեցույցի կամ Թեմաներ և հարցերի մի քանի հոդվածներ։
-
Հրավիրեք ընկերներին և ընտանիքի անդամներին հարցեր տալ ձեզ, որպեսզի դուք կարողանաք փորձել գտնել պատասխաններ Ավետարանի գրադարանում:
Իմ նպատակը
-
Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։
-
Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։
Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց՝ կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:
Տարբերակ Գ: Ինչպե՞ս կարող եմ ճիշտ օգտագործել տեխնոլոգիաները
Ուսումնասիրել
Քննարկումը վարող․ Բարձրացրեք մի սմարթֆոն կամ ցուցադրեք սմարթֆոնի պատկեր, ապա հրավիրեք դասարանի անդամներին քննարկել հետևյալ հարցը.
-
Ի՞նչ դեր են խաղում էլեկտրոնային սարքերը՝ սմարթֆոններն ու համակարգիչները, Տիրոջ աշխատանքը առաջ տանելու գործում:
Քննարկումը վարող․ Բացատրեք, որ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 2-ը պարունակում է տեխնոլոգիաների ճիշտ օգտագործելու վերաբերյալ ուղեցույցներ։ Այս թեման ներկայացնելու համար կարող եք միասին կարդալ «Ճիշտ օգտագործեք տեխնոլոգիաները» (էջ 20):
-
Ինչպիսի՞ դժվարություններ կամ գայթակղություններ կան տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված։
-
Քննարկումը վարող․ Որպես քննարկման մաս, կարող եք դիտել «Տեխնոլոգիաների պատասխանատվության ստանձնում. մարտահրավերը» (3:18, Ավետարանի գրադարան):
-
Բացատրեք, որ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկը նկարագրում է տեխնոլոգիաների օգտագործման համար անվտանգության չորս միջոց։ Որպեսզի դասարանի անդամները սովորեն անվտանգության այս միջոցների մասին, ցուցադրեք հետևյալ հրահանգները։ Դուք կարող եք հանձնարարել աշակերտներին, որ յուրաքանչյուրը ուսումնասիրի անվտանգության միջոցներից մեկը և պատրաստ լինեն հայտնելու իրենց սովորածը փոքր խմբերով։ (Խմբի անդամներից մեկը կարող է ուսումնասիրել անվտանգության միջոցներ 1-ը և 2-ը, որպեսզի խմբի յուրաքանչյուր անդամ կարդա մոտավորապես նույնչափ:)
Սովորեք անվտանգության չորս միջոցների մասին՝ տեխնոլոգիաները ճիշտ օգտագործելու համար՝ ուսումնասիրելով Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 2-ի հետևյալ վերնագրերը.
Անվտանգության միջոց 1․ «Համահունչ եղեք հոգևոր հուշումներին» (էջ 20)
Անվտանգության միջոց 2. «Կենտրոնացեք ձեր միսիոներական նպատակի վրա» (էջ 20)
Անվտանգության միջոց 3. «Եղեք կարգապահ» (էջ 21)
Անվտանգության միջոց 4. «Եղեք մեկ» (էջ 21)
Պատրաստ եղեք կիսվել հետևյալով.
-
Ձեր ուսումնասիրածի կարճ ամփոփումը, ներառյալ այն, թե ինչ է ուսուցանում ձեր բաժինը Տիրոջ մասին
-
Ձեր կարծիքով, այս ուսմունքները ինչպե՞ս կարող են կիրառվել ցանկացածի, ոչ միայն լիաժամկետ միսիոներների համար
-
Ինչն է օգնել ձեզ օգտագործել տեխնոլոգիաները ճիշտ ձևերով
Կիրառել
Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին հերթով կիսվել իրենց խմբի հետ այն ամենով, ինչ սովորել են ուսումնասիրության վարժությունից։
Լրացուցիչ վարժանքի համար կարող եք օգտագործել Հմտության կիրառում 9. «Ճիշտ օգտագործել տեխնոլոգիաները»:
Նպատակ դրեք
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Դա անելու միջոցներից մեկը նրանց ժամանակ հատկացնելն է՝ անձնական ծրագիր կազմելու համար, որպեսզի իրենց անձնական հանգամանքներում կիրառեն իրենց ուսումնասիրած անվտանգության միջոցները։ Անհրաժեշտության դեպքում կարող եք բաժանել «Տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ անվտանգության միջոցների կիրառումը» վերնագրով թերթիկը, որպեսզի օգնեք նրանց մտածել գաղափարների մասին:
Տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ անվտանգության միջոցների կիրառումը
Մտածեք ներկայիս խնդիրների մասին, որոնց դուք բախվում եք՝ կապված տեխնոլոգիաների օգտագործման հետ։ Մտածեք, թե Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի հետևյալ անվտանգության միջոցները ինչպես կարող են օգնել ձեզ ձեր իրավիճակներում։
Անվտանգության միջոց 1․ Համահունչ եղեք հոգևոր հուշումներին
Որոշ գաղափարներ.
-
Աղոթեք տեխնոլոգիաների ճիշտ օգտագործման վերաբերյալ առաջնորդության համար։
-
Օրագրում գրի առեք թվային սարքերի վերաբերյալ ձեր ստացած տպավորությունները։
-
Առաջնահերթեք սովորություններ, որոնք հրավիրում են Հոգուն, ինչպես օրինակ՝ սուրբ գրությունների ուսումնասիրությունը, աղոթքը և տաճարային աշխատանքը։
Անվտանգության միջոց 2. Կենտրոնացեք ձեր նպատակի վրա
Որոշ գաղափարներ.
-
Խուսափեք ձեր սարքը օգտագործելուց, եթե մտքում չունեք որոշակի նպատակ:
-
Տեխնոլոգիաներ օգտագործելուց առաջ հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք դրա օգտագործումը կհրավիրի՞, թե՞ կխոչընդոտի Սուրբ Հոգու ընկերակցությանը:
-
Եթե օգտվում եք սոցիալական ցանցերից, հետևեք միայն այն մարդկանց, որոնք օգնում են ձեզ մոտ մնալ Տիրոջը։
Անվտանգության միջոց 3. Եղեք կարգապահ
Որոշ գաղափարներ.
-
Երբ դուք այլ մարդկանց հետ եք, հեռացրեք ձեր սարքը և շփվեք ձեզ շրջապատող մարդկանց հետ:
-
Ինքներդ ձեզ սարքից օգտվելու օրական սահմանաչափ դրեք:
-
Սահմանեք սարքերից զերծ վայրեր, օրինակ՝ ձեր ննջասենյակը և լոգարանը:
-
Երբ ձեզ թույլ և գայթակղված եք զգում, անջատեք ձեր սարքը և գնացեք զբոսնելու:
Անվտանգության միջոց 4. Եղեք մեկ
Որոշ գաղափարներ.
-
Օգնություն խնդրեք մտերիմ մարդուց, երբ ձեզ թույլ կամ գայթակղված եք զգում:
-
Վստահելի մեկի հետ կիսվեք տեխնոլոգիաները ճիշտ օգտագործելու ձեր ծրագրով։
-
Մտածեք, թե ինչպես կարող եք վստահելի ընկեր դառնալ ուրիշների համար:
Գրեք ձեր ծրագիրը ստորև։
Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց՝ կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ: Դուք կարող եք ցուցադրել «Հաղորդագրել ճշմարտություն» տեսանյութը (2:22, ChurchofJesusChrist.org), որպեսզի դասարանի անդամները տեսնեն պատանիների մի օրինակ, թե ինչպես են նրանք օգտագործում տեխնոլոգիաները՝ միմյանց օգնելու և բարձրացնելու համար։
Հաջորդ անգամ
Քննարկումը վարող․ Եթե դուք պատրաստ եք դաս 5-ն ուսուցանել հաջորդ անգամ, ապա կարող եք հրավիրել աշակերտներին նախապատրաստության համար կարդալ գլուխ 3-ի «Ուսումնասիրեք և ուսուցանեք Հիսուս Քրիստոսի ավետարանը» առաջին երեք էջերը (էջ 25–27) Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից։ Գուցե ցանկանաք նաև հիշեցում ուղարկել նրանց։