Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 23-29-ը Հայտնություն 12-22․ «Ով որ յաղթէ, ամենը կ’ժառանգէ»


Դեկտեմբերի 23-29-ը Հայտնություն 12-22․ «Ով որ յաղթէ, ամենը կ’ժառանգէ» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Դեկտեմբերի 23-29-ը Հայտնություն 12-22, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2019

Նկար
Հիսուս Քրիստոսը ողջունում է մարդկանց Իր Երկրորդ Գալստյան ժամանակ

«Հավերժական քաղաքը», Քեյթ Լարսոն

Դեկտեմբերի 23-29-ը

Հայտնություն 12-22

«Ով որ յաղթէ, ամենը կ’ժառանգէ»

Հայտնության գրքում նկարագրված բարու և չարի միջև մղվող պատերազմն ի՞նչ է ուսուցանում ձեզ այստեղ երկրի վրա Քրիստոսին հետևելու կարևորության մասին։ Այս սկզբունքի շուրջ խորհելուց հետո մտածեք ձեր դասարանի անդամների կարիքների մասին։ Հայտնության գրքի ո՞ր ճշմարտությունները կարող են օգնել նրանց կատարել արդար ընտրություններ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Քանի որ ձեր դասարանի անդամները գրեթե ավարտում են Նոր Կտակարանի իրենց ուսումնասիրությունը, խրախուսեք նրանց կիսվել Նոր Կտակարանի մասին իրենց մտքերով։ Ինչպե՞ս է սուրբ գրությունների ուսումնասիրությունն ամրացրել իրենց վկայությունները։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Հայտնություն 12․7-11

Մենք հաղթեցինք սատանային «Գառի արիւնովը եւ [մեր] վկայութեան խօսքովը»։

  • Երկնքում մղված պատերազմի մասին սովորելով, կարող ենք ավելի լավ հասկանալ երկրային կյանքը։ Դասարանի անդամները կարող են կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հայտնություն 12.7-11-ը (Աստվածաշնչի հավելվածում) և ուշադրություն դարձնել, թե ինչպես ենք մենք հաղթել սատանային և նրա բանակին Երկնքում մղված պատերազմում։ Ի՞նչ հավելյալ գաղափարներ ենք ձեռք բերում Աստվածաշնչի բառարանում կամ Ավետարանական թեմաներում Պատերազմ երկնքում բաժինն ուսումնասիրելիս: (topics.lds.org)։ Ի՞նչ ենք մենք սովորում, որը կարող է օգնել մեզ հաղթել հակառակորդին մեր մահկանացու կյանքի ընթացքում։

  • Ի՞նչ ենք հասկանում, երբ ասում ենք, որ Գառը «աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է» (Հայտնություն 13․8, տես նաև Հայտնություն 5․6)։ Կարող եք օգնել ձեր դասարանի անդամներին գտնել այդ հարցի պատասխանները՝ դասարանով կարդալով Մոսիա 3․13 և Մովսես 7․47 հատվածները։ Ի՞նչ է նշանակում հաղթել սատանային «Գառի արիւնովը»: (Հայտնություն 12․11

Հայտնություն 17-18

Մենք պետք է հեռու պահենք մեզ աշխարհի ամբարշտությունից։

  • Այդքան էլ հաճելի չէ կարդալ Բաբելոնի ամբարշտության և դրա անկման մասին Հայտնություն 17-18 գլուխներում, սակայն դա ուսանելի է, քանի որ Բաբելոնը կարող է լինել ամբարիշտ աշխարհի խորհրդանիշը, որում մենք այսօր ապրում ենք։ Գուցե դուք կարող եք բաժանել այդ գլուխները դասարանի անդամների փոքր խմբերի միջև և խնդրել նրանց փնտրել նմանատիպ հարցերի պատասխանները․ Ինչո՞ւ է մարդկանց գրավում Բաբելոնը կամ աշխարհիկ կյանքը։ Ինչո՞ւ է Բաբելոնը վտանգավոր։ Ի՞նչ տեղի կունենա Բաբելոնի հետ։ Ի՞նչ նախազգուշացումներ տվեց Հովհաննեսը, որ օգնի մեզ խուսափել Բաբելոնի ճակատագրից։

  • Հայտնություն 18․4-ը կարդալուց հետո դասարանի անդամները գուցե ցանկանան քննարկել, թե ինչպես կարող են «դուրս գալ» Բաբելոնից և «մասնակից չ’լինել դորա մեղքերին»։ Օրինակ, ո՞ր սուրբ գրությունները կամ Եկեղեցու ղեկավարների ուղերձներն են մեզ օգնել դիմակայել Բաբելոնի կամ աշխարհի գայթակղություններին։ Խորհեք «Համարձակ եղեք կանգնել մենակ» կամ «Հեռու պահենք մեր անձերը աշխարհից» տեսանյութերը դիտելու (LDS.org) կամ «Լրացուցիչ աղբյուրներում» տրված Երեց Քվենթին Լ. Քուքի խոսքերը կարդալու մասին։ Ի՞նչ գաղափարներով կարող են կիսվել դասարանի անդամները, թե ինչպես կարող են կիրառել Երեց Քուքի նշած երկու սկզբունքները։ Ի՞նչ առումով ենք մենք «դուրս գալիս» Բաբելոնից (տես, օրինակ, ՎևՈւ 133․12-14)։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի խրախուսենք ուրիշներին անել նույնը։

Հայտնություն 19․5-20․15

Մենք կարող ենք նախապատրաստվել Տիրոջ Երկրորդ Գալուստին և Դատաստանի օրվան։

  • Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը հաճախ կոչվում է «Տիրոջ մեծ եւ ահեղ օր» (Հովել 2․31), և հիմնվելով Հայտնություն 19-20 գլուխների վրա կարող ենք ասել, որ դա լավ նկարագրություն է։ Գրատախտակին կարող եք գրել որոշ իրադարձություններ, որոնք նկարագրված են Հայտնություն 19․5-20․15-ում։ Հրավիրեք դասարանի անդամներին գտնել հատվածները, որոնք նկարագրում են այդ իրադարձությունները։ Ինչո՞ւ են այդ իրադարձությունները կոչվում մեծ և ահեղ։ Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Փրկիչի և նրանց մասին, ովքեր հետևում են Նրան։ Ի՞նչ կարող ենք անել այժմ, որպեսզի լինենք նրանց մեջ, ովքեր կուրախանան Նրա գալստյան ժամանակ։

  • Կյանքի գրքի վերաբերյալ քննարկում ոգեշնչելու նպատակով կարող եք հրավիրել դասարանի անդամներին պատրաստել մի հասարակ գիրք՝ քառապատիկ ծալելով թերթիկը։ Ապա նրանք կարող են կարդալ Հայտնություն 20․12-15 հատվածները և խորհել, թե ինչ կկամենային, որ գրված լիներ իրենց մասին կյանքի գրքում, և գրեն այդ ամենն իրենց գրքերում։ («Կյանքի գրքի» սահմանումները կարելի է գտնել «Լրացուցիչ աղբյուրներում»:) Ի՞նչ կզգայինք մենք, եթե այսօր կանչվեինք Աստծո գահի առջև: Կարող եք օգտագործել Երեց Ջորգ Քլեբինգաթի «Վստահությամբ մոտենալով Աստծո գահին» ելույթը (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 34-37) որպես քննարկման մի մաս։ Դուք կարող եք նաև ուսումնասիրել Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ուղերձը՝ «Արդ դուք կատարեալ եղեք, ի վերջո» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 40-42)։ Ինչպե՞ս են այս ուղերձները նպաստում Դատաստանի օրվա վերաբերյալ այս քննարկմանը։

Հայտնություն 21․1-22․5

Եթե մենք հավատարիմ ենք, մենք կօրհնվենք սելեստիալ փառքով։

  • Չնայած վերջին օրերի մասին մարգարեացել են, որ դրանք լի կլինեն ամբարշտությամբ և վտանգներով, հավատարիմների համար Հովհաննեսի տեսած պարգևը մեծապես գերազանցում է նախորդող նեղությանը։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին քննել Հայտնության գրքի այս գեղեցիկ վերջաբանը, կարող եք հրավիրել նրանց ուսումնասիրել Հայտնություն 21․1-22․5 հատվածները, փնտրելով արտահայտություններ, որոնք կոգեշնչեն նրանց ձգտել սելեստիալ փառքի։ Ի՞նչ խոստումներ են տրված հավատարիմներին։ Ինչպե՞ս կարող է այս քննարկումն օգնել մեզ, երբ մենք հանդիպենք մեր ներկայիս խնդիրներին և փորձություններին։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին հաջորդ տարի ուսումնասիրել Մորմոնի Գիրքը անհատապես և իրենց ընտանիքների հետ, կիսվեք այս մարգարեական խոստումներից մի քանիսով։

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի․ «Առանց վերապահման ես ձեզ խոստանում եմ, որ եթե ձեզանից յուրաքանչյուրը [կարդա Մորմոնի Գիրքը], անկախ այն բանից, թե նախկինում քանի անգամ եք կարդացել [այն], ձեր կյանքում և ձեր տներում կավելանա Տիրոջ Հոգու չափաբաժինը, Նրա պատվիրաններում հնազանդորեն քայլելու աննկուն վճռականությունը և ավելի զորեղ վկայություն Աստծո Որդու կենդանի իրականության վերաբերյալ» («Վառ և ճշմարիտ վկայություն», Ensign, օգոստոս 2005, 6)։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն․ «Ես քաջալերում եմ յուրաքանչյուրիս աղոթքով ուսումնասիրել Մորմոնի Գիրքը և խորհել դրա մասին ամեն օր: Երբ կարդանք այն, մենք կկարողանանք լսել Հոգու ձայնը, կդիմակայենք գայթակղություններին, կհաղթահարենք կասկածն ու վախը և երկնային օգնություն կստանանք մեր կյանքում» («Մորմոնի Գրքի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 87):

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Հայտնություն 12-22

Ընտրել արդարություն՝ Բաբելոնի ամբարշտության փոխարեն։

Երեց Քվենթին Լ. Քուքն ուսուցանել է․

«Մենք չենք կարող խուսափել աշխարհից։ Կյանքի առօրյա դժվարություններով գոյատևելը պատասխան չէ։ Դրական առումով, մեր ներդրումն աշխարհում մեր մարտահրավերի մի մասն է կազմում և առանցքային նշանակություն ունի, եթե մենք ցանկանում ենք զարգացնել մեր տաղանդները։ … Եկեղեցու անդամները պետք է ներգրավվեն աշխարհում դրական ձևով։ Ինչպե՞ս կարող ենք այդ դեպքում հավասարակշռություն պահպանել՝ աշխարհում դրական ներդրում ունենալու կարիքի և աշխարհի մեղքերի մեջ չթաղվելու համար։ (Տես ՎևՈւ 25․10, ՎևՈւ 59․9։) Երկու սկզբունքներ մեծ փոփոխություն կբերեն։

1. Թող մարդիկ իմանան, որ դուք Վերջին Օրերի նվիրված Սրբեր եք: …

2. Վստահ եղեք ձեր համոզմունքներում և ապրեք դրանց համաձայն» («Դասեր Հին Կտակարանից․ աշխարհում, բայց ոչ աշխարհից», Ensign, փետրվար 2006, 54-55)։

Կյանքի գիրքը:

Փիլիպպեցիս 4․3, Հայտնություն 3․5, 17․8, 2 Նեփի 29․11, Ալմա 5․58, Վարդապետություն և Ուխտեր 127․6-7, 9, 128․6-7։

«Ինչ-որ իմաստով կյանքի գիրքը մարդու մտքերի և գործերի ամբողջությունն է՝ նրա կյանքի հիշատակարանը։ Սակայն սուրբ գրքերը նշում են, որ նաև երկնային հիշատակարան է պահվում հավատարիմների վերաբերյալ, որն ընդգրկում է նրանց անունները և արդար գործերի արձանագրությունը» (Աստվածաշնչի բառարան, «Կյանքի գիրք»):

Բարելավել մեր ուսուցումը

Նորմալ է, եթե ասում ենք «չգիտեմ»։ Մինչդեռ բնական է, որ ցանկանում ենք պատասխանել յուրաքանչյուր հարցին, որոշ դեպքերում տեղին կլինի պարզապես ասել. «Չգիտեմ: Եկեք ինքնուրույն ուսումնասիրենք տվյալ հարցը այս շաբաթվա ընթացքում և հաջորդ անգամ կարող ենք քննարկել» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 24): Ապա խնդրեք դասարանի անդամներին պատասխանները փնտրել սուրբ գրություններում և Եկեղեցու այլ աղբյուրներում։