Նոր Կտակարան 2023
Հունվարի 30-ից փետրվարի 5-ը։ Մատթեոս 4, Ղուկաս 4–5. «Տիրոջ Հոգին ինձ վերայ է»


«Հունվարի 30-ից փետրվարի 5-ը։ Մատթեոս 4, Ղուկաս 4–5. «Տիրոջ Հոգին ինձ վերայ է», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունվարի 30-ից փետրվարի 5-ը։ Մատթեոս 4, Ղուկաս 4–5», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Հիսուսը կանգնած է անապատում

Դեպի անապատ, Եվա Կոլեվա Տիմոթի

Հունվարի 30-ից փետրվարի 5-ը

Մատթեոս 4, Ղուկաս 4–5

«Տիրոջ Հոգին ինձ վերայ է»

Սկսեք նախապատրաստվել այս դասին` կարդալով Մատթեոս 4 և Ղուկաս 4-5 գլուխները: Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը կարող է օգնել ձեզ հասկանալ այս գլուխները, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ ուսուցման մտքեր տալ:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին հերթով իրար փոխանցել Հիսուսի նկարներից մեկը: Երբ յուրաքանչյուր երեխա ձեռքում պահի նկարը, հրավիրեք նրան կիսվել ինչ-որ բանով, որ Հիսուսն արել է, երբ երկրի վրա էր:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մատթեոս 4.1–11, Ղուկաս 4.1–13

Ես կարող եմ ընտրել ճիշտը, ինչպես Հիսուսն է ընտրել

Փոքր երեխաները «չեն կարող մեղանչել» (Վարդապետություն և Ուխտեր 29.47): Այնուամենայնիվ, Հիսուսի` սատանայի փորձություններին դիմադրելու մասին պատմությունը կարող է ոգեշնչել երեխաներին ընտրել ճիշտը:

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք Հիսուսի փորձությունների մասին պատմությունը, որը գտնվում է Մատթեոս 4.1–11 հատվածներում: (Տես նաև «Գլուխ 11. Հիսուսը գայթակվեց» բաժինը՝ Նոր Կտակարանի պատմություններում 30-31, կամ դիտեք համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում): Պատմության համապատասխան հատվածներում հարցրեք. «Ձեր կարծիքով, Հիսուսն ի՞նչ պետք է անի»:

  • Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և այնուհետև նկարագրեք այն ընտրությունները, որ փոքր երեխան կարող է կատարել: Խնդրեք երեխաներին մեկ քայլ կատարել դեպի նկարը ամեն անգամ, երբ նկարագրում եք լավ ընտրություն: Խնդրեք նրանց մեկ քայլ հեռանալ ամեն անգամ, երբ նկարագրում եք վատ ընտրություն:

  • Օգնեք երեխաներին սովորել երգի բառերը լավ ընտրություն կատարելու մասին, օրինակ՝ «Ճիշտը գործիր» (Մանկական երգեր,64)։ Օգտագործեք նկարներ, առարկաներ կամ տեսողական այլ միջոցներ, որոնք վերաբերում են բառերին:

Ղուկաս 4.18–19

Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է

Ղուկաս 4.18-19 հատվածներում նկարագրվում է Հիսուսի առաքելությունը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին գնահատել այն, ինչ Նա արել է իրենց համար:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Ղուկաս 4.18-19 հատվածները և բացատրեք, թե Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ էր ուղարկվել երկիր (մեզ ուսուցանելու, թե ինչպես վերադառնալ Երկնային Հոր մոտ, մխիթարելու մեզ և բուժելու մարդկանց): Կիսվեք, թե ինչպես է Նա արել այդ բաները ձեզ համար:

  • Հրավիրեք մի քանի երեխայի ձևացնել, իբր շփոթված են, տխուր են կամ հիվանդ են: Խնդրեք մյուս երեխաներին դերախաղի մեջ մտնել ու տեսնել, թե ինչ կարող են անել նրանց օգնելու համար: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը եկել է մեզ ուսուցանելու, մխիթարելու և բուժելու, իսկ մենք պետք է հետևենք Նրա օրինակին:

  • Ցույց տվեք Հիսուսի նկարները, որտեղ Նա կատարում է Իր առաքելությունը (տես Ավետարանի պատկերագիրք)։ Խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչ է անում Հիսուսը յուրաքանչյուր նկարում: Ցույց տվեք նաև այն մարդկանց նկարները, ովքեր փորձում են լինել Հիսուսի նման (մի քանիսը կարող եք գտնել Եկեղեցու ամսագրերում):

Մատթեոս 4.18–22, Ղուկաս 5.1–11

Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ դառնալ «մարդկանց որսորդ»

Փրկիչի կոչը՝ «Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ» (Մատթեոս 4.19), վերաբերում է բոլորին, ներառյալ՝ երեխաներին:

Հնարավոր վարժություններ

  • Մինչ կկարդաք Մատթեոս 4.18–22 հատվածները` հրավիրեք երկու երեխայի պատկերացնել, որ նրանցից մեկը Սիմոն Պետրոսն է, իսկ մյուսը՝ Անդրեասը: Օգնեք երեխաներին պարզել, թե այս մարդիկ ինչից հրաժարվեցին Հիսուսին հետևելու համար:

  • Թող երեխաները հերթով պատմեն այս հատվածների պատմությունը` օգտագործելով ստորև նկարը և այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար նյութի մեջ:

  • Միասին երգեք Հիսուս Քրիստոսին հետևելու մասին մի երգ, ինչպիսին է՝ «Աստծո զավակն եմ» (Մանկական երգեր, 58): Օգնեք երեխաներին գտնել երգում նշված քայլերը, որ նրանք կարող են անել՝ Հիսուսին հետևելու համար:

  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի երեխաների հետ քննարկեք, թե նրանք ինչպես կարող են լինել «մարդկանց որսորդ»` հետևելով Հիսուսին: Դուք կարող եք նաև խաղալ համընկնման խաղ գործնական աշխատանքի էջից։ Կտրեք երկու օրինակ նույն ձկից, դրեք դրանք երեսնիվայր և հրավիրեք երեխաներին մեկ առ մեկ շրջել դրանք, որպեսզի գտնեն զույգը:

Նկար
Հիսուսը կանչում է առաքյալներին

Քրիստոսը կանչում է երկու առաքյալների, Գերի Ըրնստ Սմիթ

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մատթեոս 4.1–11, Ղուկաս 4.1–13

Հիսուսը, դիմակայելով փորձություններին, օրինակ սահմանեց ինձ համար

Նույնիսկ Հիսուս Քրիստոսը ենթարկվեց սատանայի փորձությանը, բայց Նա տեղի չտվեց: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հետևել Նրա օրինակին:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակի վրա սատանայի գայթակղությունները և Հիսուսի պատասխանները վերնագրերով աղյուսակ կազմեք: Օգնեք երեխաներին լրացնել աղյուսակը` օգտագործելով Մատթեոս 4.1-11 և Ղուկաս 4.1-13 հատվածները: Հարցրեք երեխաներին, թե ինչպես կարող են հետևել Հիսուսի օրինակին:

  • Գրի առեք մի քանի սյուժե, որտեղ երեխան հնարավոր է գայթակղվի՝ սխալ ընտրություններ կատարելով: Թող երեխան կարդա որևէ մեկը, և խնդրեք երեխաներին քննարկել, թե այդ իրավիճակում ինչպես կկարողանային դիմակայել փորձությանը:

Մատթեոս 4.1–2

Ծոմ պահելը կարող է օգնել ինձ մոտ զգալ Երկնային Հորը

Իր ծառայությունը սկսելուց առաջ Հիսուսը ծոմ պահեց «որ լինի Աստծո հետ» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.2 [Մատթեոս 4.2, ծանոթագրություն գ]): Օգնեք երեխաներին հասկանալ, թե ծոմ պահելն ինչպես է նրանց հոգևոր ուժ տալիս ու օգնում մոտ զգալ Երկնային Հորը:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 4.1-2 հատվածները` օգտագործելով ծանոթագրություններում տրված Ջոզեֆ Սմիթի Թարգմանության վերանայումները: Ի՞նչ արեց Հիսուսը «որ լինի Աստծո հետ»: Կիսվեք, թե ծոմ պահելն ինչպես է օգնել ձեզ մոտ զգալ Երկնային Հորը:

  • Այն երեխաներին, ովքեր նախկինում ծոմ են պահել, հրավիրեք կիսվել իրենց փորձառություններով: Ինչպե՞ս կբացատրեիք, թե ինչ է ծոմապահությունը մի մարդու, ով երբևէ նախկինում ծոմ չի պահել:

  • Թերթիկների վրա ծոմապահության վերաբերյալ հարցեր գրեք (ինչպես օրինակ ինչու, երբ կամ որքան հաճախ) և դրեք դրանք զամբյուղի մեջ: Երեխաներից մեկին հրավիրեք հանել հարցերից մեկը և պատասխանել դրան: Ինչպիսի՞ փորձառություններով կարող եք դուք կամ երեխաները կիսվել ծոմապահության մասին:

Ղուկաս 4.16-22, 28-30

Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է

Խորհեք, թե ինչպե՞ս է Փրկիչն օրհնել ձեր կյանքը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ավելի շատ գնահատել Նրա ազդեցությունն իրենց կյանքում:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մեկին նախապատրաստված գալ և կիսվել Ղուկաս 4.16-30 հատվածների պատմությունով։ Օգտակար կլինի նաև օգտագործել «Գլուխ 17․ Նազարեթի բարկացած ժողովուրդը» (Նոր Կտակարանի պատմություններում 42-43, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում։) Կարող եք նաև ցուցադրել «Հիսուսը հայտարարում է, որ ինքը Մեսիան է» տեսանյութը (ChurchofJesusChrist.org):

  • Բարձրաձայն կարդացեք Ղուկաս 4.18 հատվածը և խնդրեք երեխաներին հետևել։ Խնդրեք նրանց կազմել այն գործերի ցանկը, որ Փրկիչն ասաց՝ Ինքը եկել է անելու: Հրավիրեք երեխաներին կիսվել այն ժամանակների մասին օրինակներով, երբ Քրիստոսն արել է այդ բաները սուրբ գրություններում կամ իրենց կյանքում:

  • Թերթիկների վրա գրեք «Հիսուս Քրիստոսի շնորհիվ …» բառերը: Յուրաքանչյուր երեխայի տվեք մեկական թերթիկ և հրավիրեք նրանց գրել, թե ինչպես կավարտեին արտահայտությունը: Հրավիրեք նրանց կիսվել իրենց գրածով:

Մատթեոս 4.18–22, Ղուկաս 5.1–11

Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ հետևել Իրեն ու լինել «մարդկանց որսորդ»

Շատ եղանակներ կան, որոնցով երեխաները կարող են հետևել Փրկիչին ու լինել «մարդկանց որսորդ» (Մատթեոս 4.19): Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց տեսնել այն լավ ազդեցությունը, որ կարող են ունենալ ուրիշների վրա:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Մատթեոս 4.18-22 և Ղուկաս 5.1-11 հատվածները: Հիսուսի առաքյալներն ինչպե՞ս արձագանքեցին Իրեն հետևելու Նրա հրավերին։ Ի՞նչ կարող ենք անել նրանց օրինակին հետևելու համար:

  • Երեխաներին ցույց տվեք ձկնորսական կարթ կամ ձկնորսի նկար: Ի՞նչ է նշանակում լինել «մարդկանց որսորդ»: Ի՞նչ գործիքներ են մեզ անհրաժեշտ մարդկանց որսորդ լինելու համար:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ նրանով, ինչ սովորեցին մարդկանց որսորդ լինելու մասին:

Բարելավենք մեր ուսուցումը

Երեխաները կարող են ճանաչել Հոգու ազդեցությունը Ուսուցանեք երեխաներին, որ խաղաղության, սիրո և ջերմության զգացումները, որ նրանք ունենում են Հիսուս Քրիստոսի կամ Նրա ավետարանի մասին խոսելիս կամ երգելիս, գալիս են Սուրբ Հոգուց: Այս զգացումները կարող են կառուցել նրանց վկայությունը: