Նոր Կտակարան 2023
Մայիսի 1–7-ը: Ղուկաս 12-17, Հովհաննես 11. «Ուրախացէք ինձ հետ. Որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ»


«Մայիսի 1-7-ը: Ղուկաս 12-17, Հովհաննես 11. «Ուրախացէք ինձ հետ. Որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մայիսի 1-7-ը: Ղուկաս 12-17, Հովհաննես 11», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
տղամարդը գրկել է իր որդուն

Անառակ Որդին, Լիզ Լեմոն Սուինդլ

Մայիսի 1-7-ը

Ղուկաս 12–17, Հովհաննես 11

«Ուրախացէք ինձ հետ․ որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ»

Երբ կարդաք Ղուկաս 12–17-ը և Հովհաննես 11-ը, աղոթքով փնտրեք, թե Երկնային Հայրն ինչ է ցանկանում, որ դուք իմանաք և անեք: Այս գլուխների ուսումնասիրությունը կարող է բացել ձեր սիրտն այն ուղերձների համար, որոնք նախատեսված են հենց ձեզ համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Իրավիճակների 100-ից 99-ը դեպքում դա գերազանց կհամարվի, բայց ոչ այն դեպքում, երբ այսպիսի թվերը վերաբերում են Աստծո սիրելի զավակներին (տես Վարդապետություն և Ուխտեր 18.10): Այդ դեպքում նույնիսկ մի հոգին արժանի է մանրազննին, հուսահատ փնտրտուքին, «մինչեւ որ գտնէ[նք] նորան» (Ղուկաս 15.4), ինչպես Փրկիչն է ուսուցանել կորած ոչխարի առակում: Հետո կսկսվի հրճվանքը, քանի որ «ուրախություն կլինի երկնքում մեկ մեղավորի համար, որ ապաշխարե, քան թե իննսունևինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (Ղուկաս 15.7): Եթե դա անարդար է թվում, օգտակար է հիշել, որ, իրականում, չկա մեկը, ում «ապաշխարություն պետք չէ»: Մենք բոլորս փրկության կարիք ունենք: Եվ մենք բոլորս կարող ենք մասնակցել փրկության գործին, միասին հրճվելով յուրաքանչյուր հոգու համար, ով փրկվել է (տես Վարդապետություն և Ուխտեր 18.15–16):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ղուկաս 12, 14–16

Ես օրհնված եմ, երբ սիրտս կենտրոնացնում եմ հավերժական բաների վրա

Աստված ինչո՞ւ պիտի «Անմիտ» ասի մի աշխատասեր, հաջողակ մարդու, ով ամբարներ էր կառուցել և լցրել դրանք իր աշխատանքի պտուղներով (տես Ղուկաս 12.16–21): Ղուկասի ավետարանի այս գլուխներում Փրկիչն ուսուցանում է մի քանի առակներ, որոնք կարող են օգնել մեզ մեր հայացքը բարձրացնել անցողիկից դեպի հավերժականը: Այդ առակներից մի քանիսը թվարկված են այստեղ: Ինչպե՞ս կամփոփեք յուրաքանչյուր առակի ուղերձը: Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է ասում ձեզ:

Տես նաև Մատթեոս 6.19–34, 2 Նեփի 9.30, Վարդապետություն և Ուխտեր 25.10:

Ղուկաս 15

Երկնային Հայրը հրճվում է, երբ գտնվում են նրանք, ովքեր կորած էին

Երբ կարդում եք առակը, որը Հիսուսն ուսուցանեց Ղուկաս 15-ում, ինչ եք սովորում այն մասին, թե Երկնային Հայրն ինչպե՞ս է վերաբերվում նրանց, ովքեր մեղք են գործել կամ այլ կերպ ասած՝ «կորած» են: Հոգևոր առաջնորդը կամ մեզանից որևէ մեկը ի՞նչ պետք է զգա նրան հանդեպ: Մտածեք, թե փարիսեցիներն ու դպիրները ինչպես կպատասխանեին այս հարցերին (տես Ղուկաս 15.1–2): Հիսուսի պատասխանը կարելի է գտնել երեք առակներում Ղուկաս 15-ում: Երբ կարդում եք, մտածեք, թե Հիսուսն ինչ էր ուսուցանում դպիրներին և փարիսեցիներին այս առակներով:

Կարող եք կազմել նաև այս առակների միջև գոյություն ունեցող նմանությունների ու տարբերությունների ցուցակը: Օրինակ` կարող եք փնտրել, թե յուրաքանչյուր առակում ինչը կորավ և ինչու կորավ, ինչպես գտնվեց այն, և ինչպիսին էր մարդկանց վերաբերմունքը, երբ այն գտնվեց: Հիսուսը ի՞նչ ուղերձներ ուներ նրանց համար, ովքեր «կորած» են՝ ներառյալ նրանք, ովքեր չեն կարծում, թե իրենք կորած են: Նա ի՞նչ ուղերձներ ունի այն մարդկանց համար, ովքեր փնտրում են կորածներին:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 18.10–16, Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Մյուս անառակը» Լիահոնա, մայիս 2002, 62–64:

Նկար
կինը փնտրում է դրամը

Կորած արծաթե դրամը, Ջեյմս Թիսոթ

Ղուկաս 16.1-12

Փրկիչն ի՞նչ է ուսուցանում անիրավ տնտեսի առակում

Երեց Ջեյմս Ի. Թալմիջը բացատրել է մի դաս, որը կարող ենք սովորել առակից. «Ջանասեր եղեք, քանի որ շուտով կանցնեն այն օրերը, որոնց ընթացքում դուք կարող եք օգտագործել ձեր աշխարհիկ հարստությունները: Դաս քաղեք նույնիսկ անազնիվներից ու չարերից. եթե նրանք այդքան շրջահայաց են, որպեսզի ապահովեն միակ ապագան, որը իրենք են մտածել, ապա որքան ավելի շատ կարող եք դուք, որ հավատում եք հավերժական ապագային, հետևաբար ապահովե՛ք: Եթե դուք իմաստություն ու շրջահայացություն չեք սովորել` օգտագործելով «անիրավ մամոնային», ձեզ ինչպե՞ս կարող են վստահվել հարատև հարստությունները»: (Հիսուս Քրիստոսը, [1916],464): Ուրիշ ի՞նչ դասեր եք դուք քաղում այս առակից:

Ղուկաս 17.11–19

Իմ օրհնությունների համար երախտագիտություն հայտնելով՝ ես ավելի շատ կմոտենամ Աստծուն

Եթե դուք լինեիք տասը բորոտներից մեկը, ձեր կարծիքով, կվերադառնայի՞ք շնորհակալություն հայտնելու Աստծուն: Ի՞նչ հավելյալ օրհնություններ ստացավ երախտապարտ բորոտը, քանի որ շնորհակալություն հայտնեց:

Կարող եք նաև խորհել Փրկիչի խոսքերի շուրջ. «Քո հաւատքն ապրեցրեց քեզ» (հատված 19): Ձեր կարծիքով, ինչպե՞ս են կապված երախտագիտությունն ու հավատքը: Ինչպե՞ս են երկուսն էլ ապրեցնում մեզ։ «Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը երախտագիտության բժշկող զորության մասին» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) կարող է օգնել ձեզ խորհել այս հարցերի շուրջ:

Դեյլ Գ. Ռենլանդ, «Մտածեք Աստծո բարության և մեծության մասին», Լիահոնա, մայիս 2020, 41-44:

Հովհաննես 11․1-46

Հիսուս Քրիստոսը Հարությունն ու Կյանքն է

Ղազարոսին մեռելներից հարություն տալու հրաշքը հզոր ու անհերքելի վկայություն էր, որ Հիսուսը իսկապես Աստծո որդին էր և խոստացված Մեսիան: Ո՞ր բառերը, արտահայտություններն ու մանրամասներն են Հովհաննես 11.1–46-ում ամրացնում ձեր հավատն առ այն, որ Հիսուսը Քրիստոսն է «յարութիւնը եւ կեանքը»: Ձեզ համար ի՞նչ է նշանակում, որ Հիսուսն է «յարութիւնը եւ կեանքը»:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ղուկաս 15․1-10։Արդյո՞ք ձեր ընտանիքի անդամները հասկանում են, թե ինչպե՞ս կզգային ինչ-որ բան կորցնելիս կամ երբ իրենք կորսվեին: Նրանց փորձառությունների մասին զրույցը կարող է քննարկման սկիզբ հանդիսանալ մոլորված ոչխարի և կորած դրամի առակների համար: Կամ կարող եք որևէ խաղ խաղալ, երբ ինչ-որ մեկը թաքնվում է, իսկ ընտանիքի մյուս անդամները փորձում են գտնել նրան: Ինչպե՞ս է այս վարժությունն օգնում մեզ հասկանալ այս առակները:

Ղուկաս 15.11-32Մենք ինչպե՞ս կարող ենք նմանվել հորը այս պատմության մեջ, երբ մենք սիրել ենք նրանց, ովքեր կորսվել են: Ի՞նչ կարող ենք սովորել ավագ որդու փորձառությունից, որը կարող է օգնել մեզ լինել ավելի Քրիստոսանման: Ինչո՞վ է հայրը այս առակում նման Երկնային Հորը:

Ղուկաս 17.11–19Որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին կիրառել տասը բորոտների պատմությունը, կարող եք հրավիրել նրանց երախտագիտության գաղտնի երկտողեր գրել միմյանց և տարածել դրանք տան մեջ: Կարող եք նաև միասին երգել «Օրհնություններդ հաշվիր» օրհներգը Հիմներ և մանկական երգեր, հմր. 8, և հաշվել ձեր ընտանիքի ստացած օրհնությունները:

Հովհաննես 11․1-46Ընտանիքի անդամները կարող են դիտել «Ղազարոսը հարություն առավ մեռելներից» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) և կիսվել իրենց վկայություններով Հիսուս Քրիստոսի մասին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Dear to the Heart of the Shepherd», Hymns, no. 221

Բարելավենք մեր ուսուցումը

Ավետարանի սկզբունքներն ուսուցանելու համար օգտագործեք պատմություններ և օրինակներ։ Փրկիչը հաճախ էր օգտագործում պատմություններ և օրինակներ ավետարանի սկզբունքներն ուսուցանելու համար: Ձեր կյանքից հիշեք օրինակներ և պատմություններ, որոնք կարող են կենդանացնել ավետարանի սկզբունքները ձեր ընտանիքի համար (տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,22):

Նկար
Մարդը ծնկի է եկել Քրիստոսի առջև՝ ի նշան երախտագիտության

Այն ինն ո՞ւր են, Լիզ Լեմոն Սվինդլ