Նոր Կտակարան 2023
Ապրիլի 24–30-ը: Հովհաննես 7–10. «Ես եմ բարի հովիւը»


«Ապրիլի 24–30-ը: Հովհաննես 7-10-ը. «Ես եմ բարի հովիւը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Ապրիլի 24–30-ը: Հովհաննես 7-10», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան. 2023

Նկար
Հիսուսը և գետնին ընկած կինը

Ես էլ չեմ դատապարտում քեզ, Եվա Կոլեվա Թիմոթի

Ապրիլի 24–30-ը

Հովհաննես 7-10

«Ես եմ բարի հովիւը»

Երբ կարդաք Հովհաննես 7-10-ը, հնարավոր է Սուրբ Հոգուց տպավորություններ ստանաք այս գլուխների վարդապետական սկզբունքների մասին: Գրանցեք այդ տպավորությունները և ծրագրեք գործել ըստ դրանց:

Գրի առեք ձեր տպավորությունները

Չնայած Հիսուս Քրիստոսը եկավ՝ բերելով «խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն» (Ղուկաս 2․14), սակայն «տարաձայնութիւն եղաւ ժողովրդի մէջ նորա համար» (Հովհաննես 7.43): Մարդիկ, ովքեր վկա եղան նույն իրադարձություններին, հանգեցին տարբեր եզրակացությունների այն մասին, թե ով էր Հիսուսը: Ոմանք եզրակացնում էին. «Բարի մարդ է», մինչ ուրիշներն ասում էին. «Ժողովրդին մոլորեցնում է» (Հովհաննես 7.12): Երբ Նա բժշկեց կույր մարդուն Հանգստության օրը, ոմանք պնդեցին. «Այն մարդն Աստուածանից չէ, որ շաբաթը չէ պահում», մինչ ուրիշները հարցնում էին. «Ի՞նչպէս կարող է մի մեղաւոր մարդ այսպիսի նշաններ անել»: (Հովհաննես 9.16)։ Սակայն, չնայած ամբողջ խառնաշփոթին, նրանք, ովքեր փնտրում էին ճշմարտությունը, հասկացան Նրա բառերի զորությունը, քանի որ «երբէք մի մարդ այսպէս չ’խօսեց ինչպէս այս մարդը» (Հովհաննես 7.46): Երբ հրեաները հարցրին Հիսուսին՝ «համարձակ ասիր մեզ»՝ արդյո՞ք նա Քրիստոսն է, Նա բացահայտեց մի սկզբունք, որը կարող է օգնել մեզ տարբերել ճիշտը սխալից. «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են,- ասաց Նա,- եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ ետեւից գալիս են» (Հովհաննես 10.24, 27):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հովհաննես 7.14-17

Երբ ես ապրեմ Հիսուսի ուսուցանած ճշմարտություններով, ես կիմանամ, որ դրանք ճշմարիտ են

Հրեաները հիանում էին Հիսուսի գիտելիքներով, քանի որ Նա չէր ուսանել (տես հատված 15)՝ առնվազն ոչ այն ձևով, որին իրենք ծանոթ էին: Իր պատասխանում Հիսուսը ուսուցանեց ճշմարտությունը ճանաչելու մեկ այլ եղանակ, որը մատչելի է բոլորին՝ անկախ կրթությունից և ծագումից։ Համաձայն Հովհաննես 7.14–17-ի՝ մենք ինչպե՞ս կարող ենք հասկանալ, որ Հիսուսի ուսուցանած վարդապետությունը ճշմարիտ է: Այս գործընթացն ինչպե՞ս օգնեց ձեզ զարգացնել ավետարանի մասին ձեր վկայությունը:

Հովհաննես 8․2-11

Փրկիչի ողորմածությունը մատչելի է բոլորին

Շնության մեջ մեղադրվող կնոջ հանդեպ Փրկիչի վերաբերմունքի մասին խոսելիս Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ասել է. «Անշուշտ, Փրկիչը չէր խրախուսում շնությունը: Բայց Նա նաև չդատապարտեց կնոջը: Նա խրախուսեց նրան վերափոխել իր կյանքը: Նրա կարեկցանքն ու ողորմածությունը դարձան այն շարժառիթը, որի շնորհիվ կինը գիտակցաբար փոխվեց: Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը վկայում է նրա սկսված աշակերտության մասին. «Եվ կինը փառաբանում էր Աստծուն այդ պահից սկսած և հավատում նրա անվանը» [տես Հովհաննես 8.11, ծանոթագրությունգ] («Մեր Բարի Հովիվը» Լիահոնա, մայիս 2017, 30):

Ե՞րբ եք դուք զգացել, ինչպես այն կինը, ով Փրկիչից ստացավ ողորմածություն դատապարտության փոխարեն: Ե՞րբ եք դպիրներին ու փարիսեցիներին նմանվելով մեղադրել կամ դատապարտել ուրիշներին, նույնիսկ, երբ դուք անմեղ չեք (տես Հովհաննես 8.7): Ուրիշ ի՞նչ կարող եք սովորել այն ձևից, որով Փրկիչը վերաբերվում էր մաքսավորներին ու մեղավորներին և շնության մեջ մեղադրվող կնոջը: Ի՞նչ եք սովորում Փրկիչի ներման մասին, երբ կարդում եք այս հատվածները:

Տես նաև «Գնա և այլևս մի մեղանչիր» (տեսանյութը), ChurchofJesusChrist.org:

Հովհաննես 9

Եթե մենք հավատք ունենանք, Աստված կարող է իրեն դրսևորել մեր տառապանքների մեջ

Հովհաննես 9.1–3 հատվածները ի՞նչ են սովորեցնում ձեզ կյանքի մարտահրավերների և տառապանքների մասին: Երբ կարդաք Հովհաննես 9-ը, խորհեք, թե ինչպես «Աստուծոյ գործերը յայտնի [եղան]» ի ծնե կույր մարդու կյանքում: Դրանք ինչպե՞ս են հայտնի դարձվել, երբ բախվել եք դժվարությունների:

Հովհաննես 10․1-30

Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է

Նույնիսկ եթե դուք ծանոթ չեք ոչխարներին և հովվությանը, կարդացեք Հովհաննես 10-ը, որտեղ Փրկիչն ասում է. «Ես եմ բարի հովիւը», որն էլ կարող է կարևոր ճշմարտություն ուսուցանել ձեզ Այս ճշմարտությունները գտնելու համար փնտրեք արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպիսին է բարի հովիվը, ապա մտածեք, թե որքանով են այդ արտահայտությունները վերաբերում Փրկչին: Ահա որոշ օրինակներ:

  • Հատված 3. «Եւ նա իր ոչխարներն իրանց անունովը կանչում է, եւ նորանց դուրս է հանում»։

  • Հատված 11. Նա «իր անձը դնում է ոչխարների համար»։

  • Հատված 16. «Եւ մի հօտ եւ մի հովիւ կ’լինին»։

Ահա մի քանի լրացուցիչ հարցեր, որոնք կօգնեն ձեզ խորհել այս գլխի շուրջ. Ինչո՞վ է Հիսուսը դռան նման (տես հատվածներ 7–9): Նա ինչպե՞ս է ձեզ տվել «կեանք … եւ էլ աւելի» (հատված 10): Ե՞րբ եք զգացել, որ Նա անձամբ ճանաչում է ձեզ (տես հատված 14): Ինչպե՞ս եք ճանաչում Բարի Հովվի ձայնը (տես հատված 27):

Տես նաև Սաղմոս 23, Եզեկիել 34, Ալմա 5.37–39, 3 Նեփի 15.21–16.5, Ջերիթ Վ. Գոնգ, «Բարի Հովիվ, Աստծո Գառ», Լիահոնա, մայիս 2019, 97–101:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Հովհաննես 7.24Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին հասկանալ Հիսուսի ուսմունքը Հովհաննես 7.24 հատվածում, դուք կարող եք ցույց տալ նրանց մի բան, որն արտաքինից միատեսակ է երևում, բայց ներսից տարբեր է: Կամ ընտանիքի անդամները կարող են կիսվել փորձառություններով, որոնք սովորեցրել են նրանց չդատել ըստ արտաքին տեսքի։ Դուք կարող եք նաև թվարկել ընտանիքի յուրաքանչյուր անդամի հատկությունները, որոնք տեսանելի չեն աչքով (տես նաև Ա Թագավորաց 16.7, Թոմաս Ս. Մոնսոն, «Տեսեք ուրիշներին այնպես, ինչպիսին նրանք կարող են դառնալ», Լիահոնա, նոյեմբեր 2012, 68–71):

Հովհաննես 8․31-36Ի՞նչ է նշանակում լինել «մեղքի ծառաներ» (տես նաև Մորոնի 7.11): Հիսուսի ուսուցանած ո՞ր ճշմարտությունները կարող են մեզ ազատ դարձնել։

Նկար
Քրիստոսը բուժում է կույր մարդուն

Հիսուսը բուժում է կույր մարդուն, Կարլ Հեյնրիխ Բլոխ

Հովհաննես 9։Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքին մտովի պատկերացնել կույրին բժշկելու Հիսուսի պատմությունը Հովհաննես 9-ում: Կարող եք դերախաղով միասին ներկայացնել պատմությունը կամ ցուցադրել տեսանյութը՝ «Հիսուսը բժշկում է ի ծնե կույրին» (ChurchofJesusChrist.org): Պատմությունը երբեմն ընդհատեք, որպեսզի ընտանիքի անդամները կարողանան կարդալ համապատասխան հատվածները Հովհաննես 9-ից: Հրավիրեք նրանց նշել ցանկացած դաս, որ նրանք սովորում են այս պատմությունից, ինչպես օրինակ՝ ինչ է նշանակում դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Հովհաննես 10․1-18, 27Որպեսզի ընդգրկեք ընտանիքի անդամներին բարի սամարացու առակից դասեր սովորելու գործընթացում, նրանցից յուրաքանչյուրին խնդրեք նկարել հետևյալ նկարներից մեկը՝ ավազակ, դուռ, հովիվ, վարձու աշխատող, գայլ և ոչխար: Հրավիրեք նրանց կարդալ Հովհաննես 10.1–18, 27–29-ը, իսկ հետո ընտանիքով քննարկեք, թե Փրկիչն ինչ ուսուցանեց նրանց նկարած պատկերների մասին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «The Lord Is My Shepherd», Hymns, no. 108։

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք ոգեշնչող բառեր և արտահայտություններ: Երբ ընթերցեք, Հոգին կարող է ձեր ուշադրությունը հրավիրել որոշակի բառերի և արտահայտությունների վրա, որոնք ոգեշնչում և մղում են ձեզ կամ կարծես հենց ձեզ համար են գրված: Նշեք ցանկացած բառ և արտահայտություն, որոնք ոգեշնչում են ձեզ Հովհաննես 7–10-ում:

Նկար
Քրիստոսը գառան հետ

Այլևս կորած չէ, Գրեգ Ք. Օլսեն