Նոր Կտակարան 2023
Ապրիլի 17–23-ը: Մատթեոս 18, Ղուկաս 10. «Ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»


«Ապրիլի 17–23-ը: Մատթեոս 18, Ղուկաս 10. «Ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023 (2022)

«Ապրիլի 17–23-ը: Մատթեոս 18, Ղուկաս 10», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Բարի սամարացին

Բարի սամարացին, Դան Բըր

Ապրիլի 17–23-ը

Մատթեոս 18, Ղուկաս 10

«Ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»

Երբ աղոթքով կարդում և խորհում եք Մատթեոս 18-ի և Ղուկաս 10-ի շուրջ, ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու լուռ հուշումներին: Նա ձեզ կասի, թե այս ուսմունքներն ու պատմությունները որքանով են առնչվում ձեզ հետ: Գրի առեք ստացած տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ Տիրոջը հարց եք տալիս, հնարավոր է, ստանաք այնպիսի պատասխան, որը չէիք ակնկալում: Ո՞վ է իմ մերձավորը: Այն մարդը, ով ունի ձեր օգնության և սիրո կարիքը: Ո՞վ է ամենամեծը երկնքի արքայությունում: Երեխան: Բավարա՞ր է, որ ինձ վիրավորողին ներեմ յոթն անգամ: Ոչ, դուք պետք է ներեք յոթանասուն անգամ յոթ: (Տես Ղուկաս 10.29–37, Մատթեոս 18.4, 21–22:) Տիրոջ կողմից անսպասելի պատասխանները կարող են հրավիրել մեզ փոխել մեր մտածելակերպը, վերաբերմունքն ու գործելակերպը: Եթե փնտրում եք Տիրոջ կամքը` քանի որ դուք իրոք ցանկանում եք սովորել Նրանից, Տերը կսովորեցնի ձեզ ինչպես ապրել այն ձևով, որը կտանի ձեզ դեպի հավերժական կյանք Նրա հետ:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 18.21-35

Ես պիտի ներեմ ուրիշներին, եթե ես ներում եմ ակնկալում Տիրոջից

Պետրոսի առաջարկը, որ ինքը կարող է ներել ինչ-որ մեկին յոթն անգամ, կարող է շատ շռայլ թվալ, բայց Հիսուսն ուսուցանում էր ավելի բարձր օրենք: Նրա պատասխանը՝ «Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը» (հատված 22), ուսուցանում էր ոչ թե թվերի մասին, այլ ավելի շուտ ներման հանդեպ Քրիստոսանման վերաբերմունքի մասին: Երբ կարդաք անգութ ծառայի առակը, մտածեք այն ժամանակների մասին, երբ զգացել եք Աստծո ողորմածությունն ու կարեկցանքը։ Կա՞ ինչ-որ մեկը, ով ձեր ողորմածության ու կարեկցանքի կարիքն ունի:

Երեց Դեյվիդ Է. Սորենսենը տվել է այս կարևոր նախազգուշացումը. «Չնայած մենք պետք է ներենք մերձավորին, ով վիրավորում է մեզ, մենք դեռ պետք է կառուցողական աշխատենք՝ կանխելու այդ վնասվածքի կրկնությունը: … Ներումը չի պահանջում, որ մենք ընդունենք կամ հանդուրժենք չարիքը։ … Սակայն երբ մենք պայքարում ենք մեղքի դեմ, մենք չպիտի թույլ տանք, որ ատելությունը կամ զայրույթը վերահսկեն մեր մտքերը կամ գործերը» (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2003, 12)։

Ղուկաս 10.1-20

Ովքե՞ր են Յոթանասունականները

Հետևելով Հին Կտակարանի ժամանակներում հաստատված օրինակին (տես Ելից 24.1, Թվոց 11.16), Հիսուս Քրիստոսը «եօթանասուն հոգի ժողով(եց)», ի լրումն Իր Տասներկու Առաքյալների, որ վկայեն Իր մասին, քարոզեն Իր ավետարանը և օգնեն Իրեն Իր աշխատանքում: Այս օրինաչափությունը շարունակվում է վերականգնված Եկեղեցում: Յոթանասունականները կանչված են օգնելու Տասներկու Առաքյալներին իրենց առաքելության մեջ՝ որպես Հիսուս Քրիստոսի հատուկ վկաներ ամբողջ աշխարհում:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 107.25–26, 33–34, 97:

Ղուկաս 10.25–37

Հավերժական կյանք ձեռք բերելու համար ես պիտի սիրեմ Աստծուն և սիրեմ իմ մերձավորին` ինչպես ինքս ինձ

Օգտակար է հիշել, որ բարի սամարացու առակը Հիսուսի պատասխանն էր երկու հարցերին. «Ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ» կամ «Իմ ընկերն ո՞վ է»: (Ղուկաս 10.25, 29): Երբ կարդաք առակը, այս հարցերը պահեք մտքում: Ի՞նչ պատասխաններ եք գտնում:

Մինչև Հիսուսի ժամանակները հրեաների և սամարացիների միջև թշնամությունը դարեր էր տևել: Սամարացիները հրեաների սերունդներն էին, ովքեր ապրում էին Սամարիայում և խառնամուսնությունների մեջ էին հեթանոսների հետ: Հրեաները համարում էին, որ սամարացիների բարքերն ապականված էին հեթանոսների հետ ունեցած իրենց կապերի պատճառով և նրանք ուրացության մեջ էին: Հրեաները շեղում էին իրենց ճանապարհը, որ խուսափեին սամարացիների կողքով անցնելուց։ (Տես նաև Ղուկաս 9.52–54, 17.11–18, Հովհաննես 4.9, 8.48:)

Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ սամարացուն ընտրեց որպես կարեկցության և սիրող մերձավորի օրինակ, ում ատում էին հրեաները: Ոգեշնչվելով այս առակից, ի՞նչ քայլեր կձեռնարկեք:

Տես նաև Մոսիա 2.17, «Բարի սամարացու առակը», «Բարի սամարացին» (տեսանյութեր), ChurchofJesusChrist.org:

Ղուկաս 10.38–42

Մենք ընտրում ենք «բարի բաժինը»՝ կատարելով ամենօրյա ընտրություններ, որոնք տանում են դեպի հավերժական կյանք

Ղուկաս 10.38–42-ում Հիսուսը մեղմորեն խնդրեց Մարթային այլ կերպ մտածել այն մասին, թե ինչպես է վերջինս ծախսում իր ժամանակը: Այս հատվածները մեջբերելուց հետո քույր Քերոլ Ֆ. ՄակՔոնկին ուսուցանել է. «Եթե մենք ցանկանում ենք սուրբ լինել, մենք պիտի սովորենք նստել Իսրայելի Սուրբի ոտքերի մոտ և ժամանակ հատկացնել սրբության համար։ Արդյո՞ք մենք մի կողմ ենք դնում հեռախոսը, երբեք չվերջացող անելիքների ցուցակն ու աշխարհիկ հոգսերը: Աղոթենք, ուսումնասիրենք և լսելով Աստծո խոսքը, մեր հոգիները հրավիրեք Նրա մաքրագործող ու բժշկող սերը»: Եկեք ժամանակ հատկացնենք սուրբ լինելու համար, որպեսզի լցվենք Նրա սուրբ և սրբագործող Հոգով» («Սուրբ զարդարանք», Լիահոնա, մայիս 2017, 11): Կարող եք նաև քննել, թե ինչպես եք անցկացնում ձեր ժամանակը՝ նույնիսկ լավ բաների վրա: Կա՞ ավելի «պետք» որևէ բան (հատված 42), որն ավելի շատ է արժանի ձեր ուշադրությանը:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մատթեոս 18.1–11:Հիսուսն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք դառնանք փոքր երեխայի նման: Ի՞նչ հատկանիշներ ունեն երեխաները, որոնք մենք կարող ենք զարգացնել՝ ավելի Քրիստոսանման դառնալու համար (տես Մոսիա 3.19):

Նկար
Հիսուսը երեխաների հետ

Հիսուսը ցանկանում է, որ Իր աշակերտները դառնան փոքր երեխաների նման:

Մատթեոս 18.15։Ինչպե՞ս կարող ենք կիրառել Մատթեոս 18.15-ում տրված խորհուրդը մեր ընտանեկան փոխհարաբերությունների համար: Այդպես վարվելով՝ ինչպե՞ս կարող ենք օրհնել մեր ընտանիքը։

Մատթեոս 18.21-35։Այս առակն ի՞նչ է ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի մասին: Ի՞նչ ուսուցանում մեզ այն մասին, թե ինչպես վերաբերվել ուրիշներին։

Ղուկաս 10.25-37։Ընտանիքի անդամները կարող են կրել համապատասխան հագուստներ և բեմականացնել այս առակը: Մենք ինչո՞վ ենք երբեմն նման առակի տարբեր գործող անձանց: Ինչո՞վ է Փրկիչը նման բարի սամարացուն։ Ինչպե՞ս կարող ենք նմանվել բարի սամարացուն։

Դուք կարող եք միասին երգել մի օրհներգ կամ մանկական երգ, որն աջակցում է այս առակի ճշմարտությունները: Մի օրինակ է «Lord, I Would Follow Thee» օրհներգը (Hymns, no. 220), բայց կան նաև ուրիշ շատ երգեր: Ընտանիքի անդամները կարող են հաճույքով գտնել օրհներգ կամ երգ և բացատրել, թե ինչպես է այն առնչվում առակի հետ:

Ղուկաս 10.38-42։Արդյոք դժվա՞ր է հոգևոր միջոցառումներ ընդգրկել ձեր ընտանիքի ժամանակացույցում: Մարիամի և Մարթայի պատմությունը կարող է հիմք հանդիսանալ, որ անցկացնեք ընտանեկան խորհուրդ կամ ընտանեկան երեկո այն մասին, թե ինչպես ավելի լավ իրականացնել դա: Ընտանիքը կարող է ցուցակ կազմել այն եղանակների վերաբերյալ, թե ինչպես ընտրել «բարի բաժինը» (Ղուկաս 10.42):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «Jesus Said Love Everyone», Children’s Songbook, 61։

Բարելավենք մեր ուսուցումը

Ստեղծեք սիրո մթնոլորտ: Ընտանիքի անդամների զգացմունքներն ու վերաբերմունքը միմյանց հանդեպ կարող է խորապես ազդել տան հոգևոր մթնոլորտի վրա: Օգնեք ընտանիքի բոլոր անդամներին կատարել իրենց բաժինը, որպեսզի ստեղծեք սիրալիր և հարգալից միջավայր, որպեսզի բոլորն իրենց ապահով զգան՝ կիսվելով իրենց փորձառություններով, հարցերով և վկայություններով: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 15:)

Նկար
Քրիստոսը Մարիամի և Մարթայի հետ

Քրիստոսը Մարիամի և Մարթայի տանը, Ուոլթեր Ռեյն