«Ապրիլի 24-30-ը: Հովհաննես 7–10. «Ես եմ բարի հովիվը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023 (2022)
«Ապրիլի 24-30-ը: Հովհաննես 7-10», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023
Ես էլ չեմ քեզ դատապարտում, Եվա Կոլևա Տիմոթի
Ապրիլի 24-30-ը
Հովհաննես 7-10
«Ես եմ բարի հովիւը»
Երբ կարդաք Հովհաննես 7-10 գլուխները, մտածեք ձեր ուսուցանած երեխաների մասին Այս համառոտ շարադրանքում ավագ խմբի երեխաների համար նախատեսված մտահղացումներից շատերը կարելի է փոխել նաև կրտսեր խմբի երեխաների համար և հակառակը:
Հրավիրեք կիսվել
Հիշեցրեք երեխաներին մի բանի մասին, որը հանձնարարել էիք անել նախորդ դասին: Խնդրեք նրանց կիսվել, թե արդյոք կատարել են դա։
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Հովհաննես 7.14-17
Պատվիրանները պահելով՝ կիմանամ, որ դրանք ճիշտ են
Հիսուսն ուսուցանել է, որ մենք կարող ենք Իր ուսուցանած ճշմարտությունների մասին վկայություն ձեռք բերել՝ ապրելով համաձայն դրանց: Այն խաղաղությունը, որ մենք զգում ենք, երբ հնազանդվում ենք պատվիրաններին, օգնում է մեզ իմանալ, որ դրանք ճշմարիտ են: Մտածեք, թե ինչպե՞ս եք ուսուցանելու այս ճշմարտությունը երեխաներին:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար հասկանալի բառերով ամփոփեք Հովհաննես 7.17 հատվածը: Օգնեք նրանց իմանալ, որ պատվիրաններին հնազանդվելն օգնում է մեզ ավելի մոտ զգալ Հիսուս Քրիստոսին: Օրինակ՝ կարող եք միասին երգել «Keep the Commandments» կամ «Ճիշտը գործիր» (Մանկական երգեր, 146–47, 64)։ Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչպես կօրհնվենք, երբ պահենք պատվիրանները:
-
Կիսվեք մի փորձառությամբ, երբ վկայություն եք ձեռք բերել, որ ինչ-որ պատվիրան Աստծո կողմից է, քանի որ ապրել եք համաձայն այդ պատվիրանի, ինչպես օրինակ` վճարել եք տասանորդ և ներել եք ինչ-որ մեկին, ով բարի չի եղել: Խնդրեք երեխաներին մտածել այն փորձառությունների մասին, երբ նրանք հնազանդվել են որևէ պատվիրանի։ Խնդրեք նրանց պատմել, թե ինչ էին զգում, երբ հնազանդվում էին:
-
Խնդրեք երեխաներին նկարել իրենց, երբ հնազանդվում են որևէ պատվիրանի: (Օգնեք նրանց մտածել նմանատիպ օրինակների մասին:) Հրավիրեք երեխաներին իրենց նկարներով կիսվել միմյանց հետ և խոսել այն մասին, թե որքան երջանիկ են, երբ հնազանդվում են այդ պատվիրանին:
Հովհաննես 8.29
Հիսուսը հնազանդվեց Իր Հորը
Հիսուս Քրիստոսը միշտ արել է այնպիսի գործեր, որոնք հաճելի են եղել Իր Երկնային Հորը: Ինչպե՞ս կարող եք օգնել, որ երեխաները Նրա օրինակին հետևելու եղանակներ գտնեն:
Հնարավոր վարժություններ
-
Օգնեք երեխաներին կրկնել այն, ինչ Հիսուսն ասել է Երկնային Հոր մասին Հովհաննես 8.29 հատվածում. «Ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում»: Խնդրեք նրանց ասել, թե ինչ է արել Հիսուսը, որն ուրախացրել է Երկնային Հորը: Նրանց մտահղացումներ տալու համար ցույց տվեք մի քանի նկարներ Ավետարանի պատկերագրքից:
-
Հարցրեք երեխաներին, թե ինչն է նրանց ուրախացնում: Կամ երեխաներից մեկի ծնողին խնդրեք կիսվել մի փորձառությամբ, երբ երեխան ինչ-որ բան է արել, որը ծնողին գոհունակություն կամ երջանկություն է պարգևել: Ի՞նչ կարող ենք անել, որ Երկնային Հայրը երջանիկ լինի: Խնդրեք երեխաներին նկարել իրենց նկարն այդ գործողությունները կատարելիս, որ տանեն տուն ու հիշեն:
Հովհաննես 10․1-16
Հիսուսը ճանաչում ու սիրում է ինձ
Բարի հովվի մասին առակը կարող է օգնել երեխաներին հասկանալ, որ Հիսուսը սիրում ու ճանաչում է իրենց:
Հնարավոր վարժություններ
-
Տվեք երեխաներին նկարներ, որոնք ներկայացնում են բարի հովիվի մասին առակից կերպարներ, օրինակ` ոչխար, հովիվ կամ գայլ: Երեխաների համար ընտրեք հատվածներ Հովհաննես 10.1-16-ից և խնդրեք նրանց բարձրացնել իրենց նկարները, երբ արտասանեք իրենց նկարների կերպարների անունները: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես է մեզ համար Հիսուսը նման հովվի: Բերեք ձեր վկայությունը, որ Փրկիչը սիրում է մեզ և կառաջնորդի մեզ դեպի հետ՝ Իր մոտ:
-
Ցույց տվեք Հիսուսի և ոչխարների նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքում՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում։ Ինչպե՞ս ենք հասկանում, որ Հիսուսը սիրում է գառներին: Ինչպե՞ս կարող ենք ասել, որ գառները սիրում են Հիսուսին: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Հիսուսին, որ սիրում ենք Նրան:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Հովհաննես 7.14-17
Պատվիրանները պահելով՝ կիմանամ, որ դրանք ճիշտ են
Դուք և ձեր ուսուցանած երեխաները գուցե ունեցել եք ավետարանի ճշմարտություններով ապրելու և դրանց ճշմարտացիության մասին իմանալու փորձառություններ: Ինչպե՞ս կարող եք ուսուցումը կառուցել այդ փորձառությունների վրա:
Հնարավոր վարժություններ
-
Տարբեր թերթիկների վրա գրեք Հովհաննես 7.14–17 հատվածները և ցույց տվեք դրանք խառը հերթականությամբ: Խնդրեք երեխաներին դասավորել դրանք ճիշտ հերթականությամբ և ստուգել Հովհաննես 7.14-17-ի հատվածները, որպեսզի հավաստիանան իրենց ճիշտ լինելու մեջ: Երեխաներին բաժանեք զույգերի և խնդրեք իրենց զույգի հետ կիսվել, թե ինչ են հասկանում ամեն հատվածից: Աստծո պատվիրաններին հնազանդվելն ինչպե՞ս է օգնել նրանց իմանալ, որ պատվիրանները ճշմարիտ են:
-
Կիսվեք օրինակներով սուրբ գրություններից` ցույց տալով, թե ինչպես են մարդիկ օրհնվել ավետարանի ճշմարտություններով ապրելով, ինչպես օրինակ՝ Դանիելը (տես Դանիել 6) կամ Նեփին (տես 1 Նեփի 5-14): Ի՞նչ օրհնություններ են մեզ տրվել պատվիրաններին հնազանդվելու համար:
-
Դասից մի քանի օր առաջ խնդրեք երեխաներից մեկին գրել այն մասին, երբ նա վկայություն է ձեռք բերել որևէ պատվիրանի մասին` ապրելով համաձայն դրա: Դասի ընթացքում խնդրեք երեխային կիսվել իր գրածով:
Հովհաննես 8.31–36
Ճշմարտությունը կազատի ինձ
Ոմանք կարծում են, որ ավետարանով ապրելը սահմանափակում է իրենց: Ինչպե՞ս կարող եք օգտագործել Հովհաննես 8.31–36 հատվածները, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, որ ավետարանով ապրելն իրականում մեզ ազատ է դարձնում:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կարդալ Հովհաննես 8.31–36 հատվածները և կիսվել, թե ինչ է նշանակում լինել մեղքի ծառա: Ինչպե՞ս են Հիսուսի ուսմունքներն օգնում մեզ ազատ լինել:
-
Ցույց տվեք կողպեք, որը կներկայացնի մեղքը և բանալի, որը կներկայացնի, թե ինչպես են ավետարանի ճշմարտությունները կարողանում ազատել մեզ: Օրինակ` իմանալով Փրկիչի Քավության մասին, կարող ենք ապաշխարել և մեր մեղքերից ներվելու ազատություն ստանալ: Կամ՝ իմանալով Իմաստության Խոսքի մասին, կարող ենք ազատություն ստանալ, որպեսզի խուսափենք կախվածությունից:
Հիսուսն ուսուցանել է. «Ճշմարտութիւնը կազատէ ձեզ» (Հովհաննես 8.32):
Հովհաննես 10․1-18
Հիսուսն ինձ համար հովիվ է
Բարի հովիվի մասին առակն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք ճշմարտություններին, որ ուսուցանում է առակը Փրկիչի հետ ունեցած մեր հարաբերությունների մասին: Այս ճշմարտությունների մասին իմանալով, երեխաներն ինչպե՞ս կարող են օրհնվել:
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակի վրա գրեք բարի հովիվ և վարձկան բառերը: Բացատրեք, որ վարձկանը նա է, ում վարձում են գումարի դիմաց ինչ-որ աշխատանք կատարելու համար: Խնդրեք երեխաներին թվարկել բարի հովիվի և վարձկանի միջև եղած տարբերությունները, որոնք կգտնեն Հովհաննես 10.1–18 հատվածներում: Վարձկանի փոխարեն ինչո՞ւ կցանկանայիք հետևել բարի հովվին: Ինչպե՞ս է Հիսուսը հովիվ մեզ համար:
-
Նկարեք կամ ցույց տվեք որևէ դռան նկար: Միասին կարդացեք Հովհաննես 10.7–9 հատվածները և հարցրեք երեխաներին, թե ինչպես է Հիսուսը նման դռան: Ըստ 9-րդ հատվածի, ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր «մտնում են» այդ դռնով: Ինչպե՞ս ենք մտնում այն դռնով, որը Հիսուս Քրիստոսը տալիս է մեզ:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Օգնեք երեխաներին մտածել մի պատվիրանի մասին, որին կարող են լիովին հնազանդվել: Խնդրեք, որ նրանք փորձեն գալիք շաբաթվա ընթացքում հնազանդվել այդ պատվիրանին:
Բարելավենք մեր ուսուցումը
Տվեք ոգեշնչող հարցեր։ Տվեք հարցեր, որոնք ձեր ուսուցանած երեխաներին ավելի առաջ կտանեն, քան զեկուցվող փաստերը: Փոխարենը՝ խրախուսեք, որ նրանք կիսվեն ավետարանի ճշմարտությունների մասին իրենց վկայությամբ: Օրինակ` եթե դուք քննարկում եք պատվիրանները, կարող եք խնդրել երեխաներին կիսվել, թե նրանք ինչպես են օրհնվել՝ հնազանդվելով պատվիրաններին: