Սեմինարիա
Մորոնի 4–5. Հաղորդություն


«Մորոնի 4–5. Հաղորդություն», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորոնի 4–5», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 4–5

Հաղորդություն

Նկար
հաղորդության հաց և ջուր

Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք հրավիրված ենք մասնակցելու սուրբ արարողություններին և ուխտեր կապելու մեր Երկնային Հոր հետ: Երբ մենք ձգտում ենք պահել մեր ուխտերը, Երկնային Հայրն օրհնում է մեզ: Հաղորդությունն այն արարողությունն է, որին մենք առավել հաճախ ենք մասնակցում: Այս դասը կօգնի ձեզ պահել այն ուխտը, որը կապում եք հաղորդություն ընդունելիս՝ Տիրոջ Հոգին ձեզ հետ ունենալու համար։

Հասկանալ ուսանողների ուսումնական կարիքները Փորձեք հասկանալ ձեր դասարանի ուսանողների ուսումնական կարիքները: Դրանք կարող են ներառել սովորողի նախասիրությունները, ինչպես նաև ցանկացած ուսումնական խնդիր: Փնտրեք ուսուցման տարբեր մեթոդներ ընդգրկելու եղանակներ, օրինակ՝ դիդակտիկ նյութերը, խմբային աշխատանքը կամ անհատական ուսումնասիրությունը, որպեսզի ուսանողները կարողանան ստանալ առավելագույնը սեմինարիայի իրենց ուսումնառությունից։

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին գալ դասի՝ պատրաստ լինելով հիշողությամբ ասել հնարավորինս շատ հաղորդության աղոթքներ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչո՞ւ ես դու հաճախում եկեղեցի

Ուսանողների հետ կիսվեք հաղորդության կարևորության վերաբերյալ հետևյալ պատմությամբ կամ անձնական փորձառությամբ, որպեսզի պատրաստեք նրանց հաղորդությունն ուսումնասիրելուն:

Նախկինում Երեխաների միության գերագույն նախագահության խորհրդական քույր Շերիլ Ա. Էսպլինը կիսվեց մի հարցով, որը որդին տվեց իր 96-ամյա հորը. «Հայրիկ, ինչո՞ւ ես եկեղեցի հաճախում: Դու չես կարողանում տեսնել, դու չես կարողանում լսել, քեզ համար դժվար է տեղաշարժվելը: Ինչո՞ւ ես դու հաճախում եկեղեցի»: («Հաղորդություն՝ հոգու նորոգում», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 14)։

  • Ձեր կարծիքով, հայրն ինչպե՞ս կարող էր պատասխանել այս հարցին:

Հայրը պատասխանեց. «Հաղորդության համար: Ես գնում եմ ընդունելու հաղորդությունը» (Շերիլ Ա. Էսպլին, «Հաղորդություն», 14):

  • Ի՞նչ գիտեք հաղորդության մասին, որի համար հայրն այսպես պատասխանեց:

    Ստորև ներկայացվող հարցերը նախատեսված են ինքնուրույն մտորման համար։ Կարող եք ուսանողներին առաջարկել գրել իրենց պատասխաններն իրենց օրագրերում: Օգտակար կլինի նաև առաջարկել նրանց հարցեր տալ հաղորդության մասին:

  • Որքա՞ն կարևոր է հաղորդությունը ձեզ համար: Ինչո՞ւ։

  • Ի՞նչ ջանքեր եք գործադրում հաղորդության իմաստալից փորձառություն ունենալու համար:

Իր գրառումներում Մորոնին ընդգրկեց այն աղոթքները, որոնք Հիսուս Քրիստոսը նախկինում տվել էր նեփիացիներին՝ հաղորդությունը սպասավորելու համար (տես Մորոնի 4.1–2): Մորոնի 4–5 գլուխներում ներառված այս աղոթքներն ուսումնասիրելիս լսեք հուշումները, որպեսզի իմանաք, թե ինչ կարող եք անել՝ պահելու այն ուխտերը, որոնք կապում եք հաղորդություն ընդունելիս:

Հաղորդություն

Հաղորդություն ընդունելիս մենք ուխտ ենք կապում Երկնային Հոր հետ և նորոգում այն ուխտերը, որոնք կապել ենք մկրտության ժամանակ (տես Մոսիա 18.8–10, Վարդապետություն և Ուխտեր 20.37): «Ուխտը մի սրբազան պայմանագիր է Աստծո և որևէ անձի կամ մարդկանց խմբի միջև: Աստված սահմանում է հատուկ պայմաններ, և Նա խոստանում է օրհնել մեզ, եթե մենք հնազանդվենք այդ պայմաններին» (Ավետարանական թեմաներ, «Ուխտ», ChurchofJesusChrist.org կայքում)։

Կարող եք գրատախտակին գծել հետևյալ աղյուսակի օրինակը և առաջարկել դասարանին լրացնել ձախ սյունակը՝ օգտագործելով Մորոնի 4.3 հատվածը։ Ուսանողները կարող են նաև արտագրել այն իրենց օրագրերում:

Հաղորդության ուխտը

Այն, ինչ ես խոստանում եմ անել

Իմ խոստումները պահելու եղանակներ

  • Ինչպե՞ս կամփոփեք այն, ինչ մենք խոստանում ենք հացը ճաշակելիս:

Հաղորդության ուխտի մեր մասը կարող ենք ամփոփել հետևյալ կերպ․ ընդունելով հաղորդությունը՝ մենք խոստանում ենք հոժարակամ մեզ վրա վերցնել Փրկչի անունը, միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները։

Ուսանողները կարող են կազմել երեք հոգանոց խմբեր: Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք այն խոստումներից մեկը, որը մենք տալիս ենք հաղորդության ուխտի ժամանակ: Խմբին առաջարկեք քննարկել իրենց հանձնարարված խոստումը և կիսվել գաղափարներով, որոնք կարող են օգտագործվել աղյուսակի երկրորդ սյունակը լրացնելու համար:

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո դասարանը բաժանեք երեք հոգուց բաղկացած նոր խմբերի: Յուրաքանչյուր նոր խմբում պետք է լինեն ուսանողներ, որոնք ուսումնասիրել են հաղորդության ուխտի տարբեր տարրեր: Ուսանողներին առաջարկեք քննարկել, թե ինչ են սովորել իրենց սկզբնական խմբերում, նաև օգնեն միմյանց լրացնել աղյուսակի երկրորդ սյունակը:

Եթե ուսանողներին օգտակար կլինի ավելի շատ ուսումնասիրել, թե ինչ է նշանակում Փրկչի անունը վերցնել իր վրա, կարող եք օգտագործել ստորև բերված խոսքերը և հարցերը: Կարող եք առաջարկել ուսանողներին խորհել, թե որքան ուժգին են իրենք ցանկանում այն, ինչ Փրկիչն է ցանկանում՝ ի հակադրություն նրա, թե իրենք ինչ են ուզում կամ ինչ է աշխարհն ուզում իրենց համար:

Դուք կարող եք նաև օգտագործել Մոսիա 18.8–10 և Հովհաննես 14.15 հատվածները, որպեսզի օգնեք ուսանողներին խորությամբ հասկանալ հաղորդության ուխտը պահելու եղանակները:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում հոժարակամ վերցնել Փրկչի անունը մեզ վրա:

Առաջին Նախագահության անդամ նախագահ Հենրի Բ. Այրինգը բացատրել է.

Մենք խոստանում ենք վերցնել Նրա անունը մեզ վրա: Դա նշանակում է, որ մենք պետք է տեսնենք մեր մեջ Նրան: Մենք Նրան մեր կյանքում պետք է դնենք առաջին տեղում: Մենք պետք է ցանկանանք այն, ինչ Նա է ցանկանում, և ոչ թե այն, ինչ մենք ենք ցանկանում, կամ այն, ինչ աշխարհն է մեզ սովորեցնում ցանկանալ (Հենրի Բ․ Այրինգ, «Որ մեկ լինենք», Ensign, մայիս 1998, 67)

  • Ինչպե՞ս կարող եք լավագույն կերպով վերցնել Փրկչի անունը ձեր վրա:

  • Ինչպե՞ս կարող է Փրկչի անունը մեզ վրա վերցնելն օգնել մեզ նմանվել Նրան:

Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենալ

Նկար
հաղորդություն ընդունող երիտասարդ կին

Կարդացեք Մորոնի 4.3 և 5.2 հատվածները՝ փնտրելով հացի համար աղոթքի և գինու (ջրի) համար աղոթքի միջև նմանություններն ու տարբերությունները:

  • Ի՞նչ նմանություններ գտաք:

  • Ի՞նչ կանի Երկնային Հայրը, եթե մենք պահենք հաղորդության ժամանակ կապած մեր ուխտը:

Սկզբունքներից մեկը, որը մենք սովորում ենք, հետևյալն է․ երբ պահենք հաղորդության ժամանակ կապած մեր ուխտը, մենք միշտ կարող ենք ունենալ Տիրոջ Հոգին մեզ հետ։

  • Մտածեք այն մասին, թե ինչպես է հետևյալ խոստումները պահելու ձեր պատրաստակամությունն օգնում ձեզ արժանանալ Տիրոջ Հոգին միշտ ձեզ հետ ունենալուն.

    • Վերցրեք Փրկչի անունը ձեզ վրա:

    • Միշտ հիշեք Նրան։

    • Պահեք Նրա պատվիրանները:

  • Ինչպե՞ս կօգտվեք Սուրբ Հոգին միշտ ձեզ հետ ունենալուց:

Առաջին նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, թե մենք ինչպես կարող ենք մոտենալ հաղորդությանը և օրհնվել՝ պահելով դրա ուխտերը: Կարդացեք հետևյալ խոսքերը կամ դիտեք «Ահարոնյան քահանայությունը և հաղորդությունը» տեսանյութը 6:48-7:22-ը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

Մեզ պատվիրված է ապաշխարել մեր մեղքերի համար և գալ դեպի Տերը կոտրված սրտով ու փշրված հոգով և ընդունել հաղորդությունը՝ համաձայն դրա ուխտերի: Երբ մենք այս եղանակով նորոգում ենք մեր մկրտության ուխտերը, Տերը նորացնում է մեր մկրտության մաքրագործող ազդեցությունը: Այսպես մենք մաքրվում ենք և կարող ենք Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենալ: Սրա կարևորությունն ակնհայտ է ամեն շաբաթ հաղորդություն ընդունելու Տիրոջ պատվիրանից (տես Վարդապետություն և Ուխտեր 59.8–9): (Դալլին Հ. Օուքս, «Ահարոնյան քահանայությունը և հաղորդությունը», Ensign, նոյ. 1998, 38)

Պահեք հաղորդության ուխտը

Կարող եք կիսվել հաղորդության մասին ձեր վկայությամբ և առաջարկել պատրաստակամ ուսանողներին անել նույնը։

Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչ կարող են անել իրենց հաղորդության ուխտը պահելու համար: Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող պարբերությունները և առաջարկել ուսանողներին պատասխանները գրել իրենց օրագրերում: Կարող եք նաև առաջարկել, որ հաղորդության ուխտը պահելը լինի երիտասարդների զարգացման իրենց նպատակներից մեկը:

Մտածեք այն ջանքերի մասին, որոնք դուք գործադրում եք, որպեսզի պահեք խոստումները, որ տալիս եք հաղորդություն ընդունելիս: Ի՞նչն է լավ ստացվում: Ի՞նչը կարելի է բարելավել:

Ընտրեք մեկ կամ մի քանի խոստում, որոնց վրա կցանկանայիք կենտրոնանալ: Գրեք, թե հատկապես ինչ կարող եք անել: Կարող եք խորհել այս մասին հաջորդ անգամ, երբ ընդունեք հաղորդությունը:

Ուշադրություն դարձրեք, թե ուխտերը պահելն ինչպես է օգնում ձեզ ունենալ Սուրբ Հոգին ձեզ հետ, և ինչ տարբերություն եք տեսնում ձեր կյանքում: