Սեմինարիա
Եթեր 12.28–41. Հիսուս Քրիստոս. «Ամեն արդարության ակունքը»


«Եթեր 12.28–41. Հիսուս Քրիստոս. Ամեն արդարության ակունքը», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Եթեր 12․28–41», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Եթեր 12․28–41

Հիսուս Քրիստոս. «Ամեն արդարության ակունքը»

Նկար
Քրիստոսի նկարը

Կախված նրանից, թե ինչ ենք փնտրում, մենք կարող ենք շատ լավ կամ շատ վատ բաներ գտնել աշխարհում: Հարեդացիների կործանման մասին իմանալուց և նեփիացիների կործանմանն ականատես լինելուց հետո Մորոնին իր բոլոր ընթերցողներին աղերսեց փնտրել Հիսուս Քրիստոսին և այն օրհնությունները, որոնք Նա կառաջարկի: Այս դասը կօգնի ձեզ ավելի մեծ ցանկությամբ փնտրել Հիսուս Քրիստոսին ձեր կյանքում:

Ուսանողներին օգնեք հասկանալ Տիրոջ ազդեցությունն իրենց կյանքում: Բացի Հիսուս Քրիստոսի մասին փաստերն ուսուցանելուց, ուսանողներին հնարավորություն տվեք խորհել Նրա սիրո, զորության և ողորմածության շուրջ: Հորդորեք նրանց հիշել այն փորձառությունները, երբ իրենք զգացել են Փրկչի զորությունն ու ողորմածությունը՝ շնորհված իրենց կամ նրանց, ում սիրում են: Դա կօգնի սովորողներին լիովին գալ Հիսուս Քրիստոսի մոտ:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին կարող եք տրամադրել Երեց Մելվին Ջ. Բալլարդի փորձառության օրինակը, որն ընդգրկված է այս դասում: Նրանց առաջարկեք կիսվել, թե ինչ սովորեցին և զգացին Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ կարդալով Երեց Բալարդի փորձառությունը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ակունք

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող սահմանումն ու պատկերը։

Ակունք նշանակում է «աղբյուր, որտեղից ինչ-որ բան է առաջանում կամ տրվում», օրինակ՝ «գետնից դուրս եկող ջրի աղբյուր» (Merriam-Webster.com Dictionary, «ակունք»):

Նկար
Ջրի աղբյուր
  • Եթե ձեզ հասանելի լիներ մի հրաշք աղբյուր, որն անընդմեջ տալիս է այն ամենն, ինչ դուք ցանկանում եք, ի՞նչ կցանկանայիք, որ այն տար ձեզ:

Արագ նկարեք այն աղբյուրը, որը տալիս է ձեզ այն, ինչ դուք ընտրել եք և համառոտ բացատրեք, թե ինչու եք դա ցանկացել:

Մի քանի ուսանողի առաջարկեք հակիրճ կիսվել իրենց նկարներով։

Կարդացեք Եթեր 12․28 հատվածը՝ փնտրելով այն աղբյուրը, որի մասին Տերը հիշատակել է, երբ ուսուցանել է Մորոնիին մեր թույլ կողմերն ուժեղ դարձնելու Իր կարողության մասին:

  • Ո՞րն է այն աղբյուրը, որի մասին Տերը հիշատակել է:

  • Ի՞նչ է ուսուցանում այս հատվածն այն մասին, թե մենք ինչպես ենք մենք գալիս դեպի Քրիստոսը:

Ճշմարտություններից մեկը, որն ուսուցանում է այս հատվածը, այն է, որ հավատքը, հույսը և գթությունը բերում են մեզ դեպի Հիսուս Քրիստոսը՝ ամեն արդարության ակունքը։

  • Ինչո՞ւ է «ամեն արդարության ակունքը» լավ տիտղոս հանդիսանում Հիսուս Քրիստոսի համար։

  • Ի՞նչ եք դուք մտածում կամ զգում, որն անընդհատ գալիս է Նրանից:

  • Ձեր կարծիքով, հավատքի, հույսի և գթության զարգացումը մեր մեջ ինչպե՞ս է բերում մեզ դեպի Հիսուսը:

Հետևյալ վարժությունը կատարելու համար կարող եք ուսանողներին երեք հոգանոց խմբերի բաժանել: Նրանցից յուրաքանչյուրին առաջարկեք հիշել և կիսվել մեկ օրինակով իրենց խմբի հետ:

Թվարկեք մի քանի օրինակ, որոնք ցույց են տալիս, թե ինչու է Փրկիչը համարվում ամեն արդարության ակունք: Այս օրինակները կարող են բերվել սուրբ գրություններից, ձեր կյանքից, կամ այն մարդկանց կյանքից, ում ճանաչում եք։ Օրինակ բերելու համար, կարող եք կարդալ Փրկչի մասին պատմությունը Մարկոս 2.1–12 հատվածներում, կամ դիտել «Հիսուսը ներում է մեղքերը և բուժում է անդամալույծ մարդուն» տեսանյութը (2:57):

Խորհեք, թե ինչպես են այս օրինակներն ազդում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր զգացմունքների վրա: Մտածեք դեպի Հիսուս Քրիստոսը գալու և Նրանից բխող արդարությունից ճաշակելու ձեր ներկայիս ցանկության մասին: Արդյո՞ք ձեր ցանկությունն այնքան ուժեղ է, որքան դուք ցանկանում եք, որ այն լինի։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Շարունակելով ուսումնասիրությունը, փնտրեք ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին, որոնք կարող են դրական ազդեցություն թողնել դեպի Քրիստոսը գալու և Նրա առաջարկած արդարությունից ճաշակելու ձեր ցանկության և կարողության վրա:

Քրիստոսից բխող պարգևներ

Կարդացեք Եթեր 12․29–37 հատվածները՝ փնտրելով օրհնություններ, որոնք Հիսուս Քրիստոսն առաջարկում է նրանց, ովքեր գալիս են Իր մոտ հավատքով, հույսով և գթությամբ:

  • Ըստ Մորոնիի, ի՞նչ օրհնություններ են գալիս Հիսուսին փնտրելուց:

  • Այս օրհնություններից ո՞րն եք դուք կամ ուրիշները զգացել, երբ փնտրել եք Փրկչին:

  • Այս օրհնություններից ո՞րն ամենաշատը կցանկանայիք ստանալ ապագայում: Ինչո՞ւ։

Փնտրեք Հիսուսին

Եթեր 12 գլխի վերջում Մորոնին կիսվեց իր ունեցած սրբազան փորձառությամբ: Կարդացեք հատված 39-ը և փորձեք պատկերացնել, թե ինչպիսին էր այդ փորձառությունը Մորոնիի համար:

Կարդացեք և նշեք Մորոնիի առաջարկը հատված 41-ում։

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Մորոնին մեզ նման առաջարկ կաներ՝ ունենալով այն փորձառությունը, որը նա նկարագրել է հատված 39-ում։

Ինչպես Մորոնին, Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Մելվին Ջ. Բալլարդը (1873–1939) սրբազան փորձառություն է ունեցել Փրկչի հետ: Կարդացեք նրա նկարագրությունն այս փորձառության մասին և կրկին փորձեք պատկերացնել, թե ինչպիսին էր այն:

Նկար
Երեց Մելվին Ջ. Բալլարդ

Մի երեկո գիշերվա երազների մեջ ես հայտնվեցի այդ սուրբ շենքում՝ տաճարում: Աղոթքից և ցնծությունից հետո ինձ տեղեկացրին, որ ես արտոնություն ունեմ մտնելու այդ սենյակներից մեկը, որպեսզի հանդիպեմ մի փառահեղ կերպարի, և երբ դռնից ներս մտա, տեսա բարձր հարթակի վրա նստած ամենափառահեղին, որին ես երբևէ տեսել եմ, կամ պատկերացրել եմ, որ կարող է գոյություն ունենալ բոլոր հավերժական աշխարհներում:

Երբ ես մոտեցա, որպեսզի ներկայանամ, Նա վեր կացավ, պարզած ձեռքերով քայլեց դեպի ինձ և ժպտաց՝ մեղմ ձայնով արտասանելով իմ անունը: Նույնիսկ եթե ապրեմ մեկ միլիոն տարի, երբեք չեմ մոռանա այդ ժպիտը: Նա գրկեց և համբուրեց ինձ, սեղմեց ինձ Իր կրծքին և օրհնեց ինձ՝ կարծես ոսկրածուծը հալվեր ոսկորներիս մեջ: Այնուհետև ես ընկա Նրա ոտքերի մոտ, և մինչ ես համբուրում և լվանում էի դրանք իմ արցունքներով, տեսա գամերի հետքերն աշխարհի Քավչի ոտքերի վրա: Այն զգացողությունը, որ ես ունեի Նրա ներկայության մեջ՝ Նրա, ով Իր ձեռքերում է պահում ամեն ինչ․ Նրա սերը, Նրա գուրգուրանքը և Նրա օրհնությունն այնպիսին էր, որ եթե ես կարողանայի ստանալ այն, ինչի մասին միայն կանխազգում էի, ես կտայի այն ամենն, ինչ ես կամ, այն ամենն, ինչ երբևէ հույս ունեմ լինել, որպեսզի զգամ այն, ինչ այն ժամանակ զգացի:

… Այժմ ես Հիսուսին խաչի վրա չեմ տեսնում: Ես չեմ տեսնում փշերով խոցված Նրա ճակատը, ոչ էլ գամերով պատառոտված Նրա ձեռքերը, այլ տեսնում եմ Նրան ժպտալիս, պարզած ձեռքերով, Ով մեզ բոլորիս ասում է. «Եկեք ինձ մոտ»: (Մելվին Ջ․ Բալլարդ, «Գիտեմ, Նա ապրում է», Ensign, դեկտ. 2014 թ․, 80)

  • Ի՞նչն ամենից շատ ձեզ տպավորեց երեց Բալարդի փորձառությունից: Ինչո՞ւ։

  • Փրկչի մասին ի՞նչ մտքեր կամ զգացումներ ունեք Երեց Բալարդի և Մորոնիի փորձառություններց:

Դասի ավարտին ուսանողներին կարող եք առաջարկել հետևյալը. Օգտակար կլինի կիսվել Հիսուս Քրիստոսին փնտրելու ձեր ցանկություններով և այն օրհնություններով, որոնք եկել են Նրան փնտրելիս։

Խորհեք, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր: Ի՞նչն է ձեր կյանքում ամենից շատ ազդել Հիսուսին փնտրելու ձեր ցանկության վրա: Պարտավորվեք գործել ձեր ունեցած հուշումների կամ տպավորությունների համաձայն: