Սեմինարիա
3 Նեփի 15–16․ «Մեկ հոտ և մեկ հովիվ»


«3 Նեփի 15–16․ «Մեկ հոտ և մեկ հովիվ»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 15–16», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 15–16

«Մեկ հոտ և մեկ հովիվ»

Նկար
Քրիստոսը քնքշորեն գրկել է գառին

Երբ Հիսուս Քրիստոսը Լիառատ երկրում ուսուցանում էր մարդկանց, Նա ցույց տվեց Իր սերը յուրաքանչյուրի հանդեպ։ Յուրաքանչյուրին առաջարկվում էր գալ և զգալ իր հանդեպ ունեցած Նրա սերը (տե՛ս 3 Նեփի 11)։ Հետո Նա օգնեց հասկանալ, որ նույն սերն է զգում Աստծո բոլոր զավակների հանդեպ։ Նա ցանկանում է, որ յուրաքանչյուր ոք ամեն տեղ համարվի Իր հոտի թվում։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ` զգալ ձեզ և յուրաքանչյուրին Իր շուրջը հավաքելու Փրկչի ցանկությունը։

Ընդունման և հարգանքի միջավայրի ձևավորում Ձգտեք իմանալ յուրաքանչյուր ուսանողի ընտանեկան միջավայրն ու հանգամանքները։ Կարող եք օգնել ուսանողներին պատկանելության զգացում ունենալ՝ առաջարկելով նրանց կիսվել իրենց ինքնատիպ տեսակետներով և հնարավորություն տալով նրանց իմանալ, թե որքան արժեքավոր է իրենց ներդրումը։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչպես կպատասխանեին այս հարցին․ «Ի՞նչ ապացույց եք տեսել այն բանի, որ Փրկիչը ցանկանում է հավաքել յուրաքանչյուրին Իր շուրջը»։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Քրիստոսի անուններն ու տիտղոսները

Կարող եք Հիսուս Քրիստոսի նկարը փակցնել գրատախտակի կենտրոնում։ Առաջարկեք ուսանողներին աշխատել փոքր խմբերով՝ տեսնելու, թե ինչպես կարող են հիշել կամ երկու-երեք րոպեի ընթացքում գտնել Նրա տարբեր անուններն ու տիտղոսները։ Ապա յուրաքանչյուր խմբի առաջարկեք ընտրել Նրա անուններից կամ տիտղոսներից մեկը, որով կցանկանային կիսվել դասարանի հետ։ Ստորև ներկայացված է մի քանի օրինակ Մորմոնի Գրքից։

Նշում․ եթե ձեր ուսանողների համար օգտակար կլինի ավելի ակտիվ մասնակցությունը, կարող եք օգտագործել «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնի «Դասը սկսելու այլընտրանքային եղանակ» նյութը։

  • Նրա անուններից կամ տիտղոսներից ո՞րն եք դուք հավանում։ Ի՞նչ է այն ուսուցանում ձեզ Նրա մասին։

Փրկչի ոչխարները

3 Նեփի 15–16 գլուխներում Հիսուսը շարունակում է մարդկանց ուսուցանել Լիառատ երկրի տաճարի մոտ։ Բացատրելով, որ Մովսեսի օրենքն իրագործվել է Իր մեջ՝ Նա կիսվեց Իր տիտղոսով, որը կարող է օգնել մեզ հասկանալ մեր կապը Նրա հետ։

Կարդացեք 3 Նեփի 15.17 հատվածը և նշեք այն տիտղոսը, որը Հիսուսը տվել էր Ինքն իրեն։

Կարող եք Հիսուս Քրիստոսի գրատախտակի նկարը փոխարինել Նրա մեկ այլ նկարով, որում Նա որպես հովիվ է պատկերված, օրինակ՝ դասի սկզբի նկարով։ Առաջարկեք ուսանողներին լուռ խորհել որպես մեր Հովիվ Նրա դերի մասին՝ օգտվելով հաջորդող պարբերությունում նշված հուշումների նման հուշումներից։

Մենք հաճախ համեմատվում ենք ոչխարների հետ, որոնք անընդհատ փախչում են Հիսուսից, մոլորվում ու ցրվում են։ Մի պահ խորհեք, թե արդյոք այդ համաբանությունը երբեմն ճիշտ է ձեր կյանքի համար։ Երբևէ պատահե՞լ է, որ հեռանաք ձեր Հովվից՝ Հիսուս Քրիստոսից, կամ ունեցե՞լ եք մտերիմ մարդ, որը հեռացել է Նրանից։

  • Հիսուսի զգացմունքներն Իր ցրված ոչխարների հանդեպ հասկանալն ինչպե՞ս կարող է ազդել մարդու՝ Նրան վերադառնալու հույսի վրա։

«Այլ ոչխարներ»

Կարող եք ցուցադրել հետևյալ նկարը, որը կօգնի ուսանողներին պատկերացնել «հոտը»։

Նկար
ոչխարներ հոտում

Փրկչի ժամանակներում հովիվները հաճախ ցանկապատված «հոտեր» էին ստեղծում, ինչպես պատկերված է այս նկարում, որպեսզի ոչխարներին պաշտպանեին գիշատիչ կենդանիներից ու այլ վտանգներից։ Փրկչի Եկեղեցին հոտի մի օրինակ է, որտեղ Նա մեզ պաշտպանում է աշխարհի վտանգներից։

Կարող եք ցուցադրել հետևյալ երկու սուրբ գրությունների հղումները և դրանցից յուրաքանչյուրին հաջորդող հարցերը։ Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և հանձնարարել կարդալ հատվածներն ու քննարկել դրանց վերաբերյալ հարցերը։

Հովհաննես 10.14–16 (Հիսուսը խոսում է Իր «ոչխարների» հետ հին Իսրայելում)

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում, որ Հիսուսը ճանաչում է Իր ոչխարներին և ճանաչված է նրանց կողմից։

3 Նեփի 15.13–17, 21 (Հիսուսը խոսում է Իր «ոչխարների» հետ հին Ամերիկաներում)

Երբ ուսանողները քննարկեն նախորդ հարցը, կարող եք դերախաղի համար նրանց զույգերի բաժանել։ Նրանք կարող են պատկերացնել, որ Մորմոնի Գիրքը տալիս են այլ հավատքի պատկանող մի ընկերոջ, որը պատրաստ է ընդունել այն, եթե նրանք կարողանան ցույց տալ, որ Մորմոնի Գրքի մարդիկ հիշատակված են Աստվածաշնչում։ Ուսանողները կարող են Հովհաննես 10.16 և 3 Նեփի 15.21 հատվածների օգնությամբ բացատրել, որ Հիսուսն անդրադարձել է Մորմոնի Գրքի մարդկանց, երբ Երուսաղեմում ուսուցանում էր Իր աշակերտներին։ Լսեք ուսանողների բացատրությունները և անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց։

Հետո քննարկման համար զույգերին ցուցադրեք հետևյալ հղումը և հարցը։

3 Նեփի 16.1–3 (այս «ոչխարները» «Իսրայելի կորած ցեղերն» են [3 Նեփի 17.4])։

  • Այս հատվածներում նշված Երկնային Հոր պատվիրանն ի՞նչ է ուսուցանում ձեզ Նրա մասին։

Բարի Հովիվը

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս գլուխներից, այն է, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են բոլորին հավաքել Փրկչի հոտում։

  • Ժամանակակից ո՞ր վտանգներից է պաշտպանում Հիսուսը մեզ Իր հոտում։

Կարող եք գրատախտակին գրել ուսանողների նշած վտանգներից մի քանիսը։

Կարդացեք 1 Նեփի 22.25, 28 և 3 Նեփի 16.11–13 հատվածները՝ փնտրելով մեր օրերում Փրկչի հավաքման գործի նկարագրություններ։

  • Ո՞ր բառերը և արտահայտություններն են նկարագրում, թե մեր Հովիվն ում է ցանկանում հավաքել։ Ի՞նչ է պահանջվում մեզնից Նրա սիրալիր հրավերն ընդունելու համար։

Հավաքվեք Փրկչի հոտում

Այս հատվածն ուսումնասիրելիս կարող եք մտովի պատկերացնել մի ընկերոջ, որը ներկայումս լիարժեքորեն չի օգտվում այն օրհնություններից, որոնք Փրկիչն առաջարկում է Իր հոտի (Եկեղեցու) անդամներին։ Նրանք գուցե հեռացել են Նրա Եկեղեցուց կամ դեռևս չեն մկրտվել։

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդի հետևյալ խոսքերը։ Կամ կարող եք դիտել «Մեր Բարի Հովիվը» տեսանյութի 3:13–4:44 հատվածը «ChurchofJesusChrist.org» կայքում: Փնտրեք, թե ինչ կցանականայիք, որ ձեր ընկերն իմանար մեր Հովվի մասին։

Որպես Բարի հովիվ՝ Հիսուս Քրիստոսը Իր հոտում հիվանդությունը դիտում է որպես մի վիճակ, որը բուժման, խնամքի ու գթության կարիք ունի։ Այս հովիվը՝ մեր Բարի Հովիվը, ուրախանում է, երբ տեսնում է, որ Իր հիվանդ ոչխարները գնալով առողջանում են։ …

Սերը, գթասրտությունը և կարեկցանքն իրոք բնութագրում էին Փրկչի մահկանացու ծառայությունը։ Նա քամահրանքով չէր քայլում Գալիլեայի և Հուդայի փոշոտ փողոցներով՝ ցնցվելով մեղսավորներին տեսնելուց։ Նա չէր խուսափում նրանցից նողկալի սարսափով։ Ոչ, Նա ճաշում էր նրանց հետ։ Նա օգնում և օրհնում էր, բարձրացնում և խրատում էր, իսկ վախն ու հուսահատությունը փոխարինում էր հույսով և ուրախությամբ։ Քանի որ Նա իսկական հովիվ է, Նա փնտրում և գտնում է մեզ՝ տալով փարատում և հույս։ (Դեյլ Գ. Ռենլանդ, «Մեր բարի Հովիվը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017 թ․, 30)։

  • Ի՞նչ կցանկանայիք, որ ձեր ընկերն այս հատվածներից և երեց Ռենլանդի ելույթից իմանա մեր Հովվի մասին։ Ինչո՞ւ։

  • Ի՞նչ օրինակներ կան, թե ինչպես է Փրկիչը մարդկանց հավաքել Իր շուրջը (այդ մարդկանցից կարող է լինել մեկը, ում դուք անձամբ ճանաչում եք, սուրբ գրություններում հիշատակվող մարդիկ կամ նույնիսկ դուք)։

Կարող եք դասն ավարտել՝ երգելով, լսելով կամ կարդալով «Հովվի սրտին սիրելի» հիմնը (Հիմներ, թիվ 221)։ Ուսանողներին առաջարկեք մտածել, թե Փրկիչն ինչ է զգում նրանց հանդեպ։ Ապա առաջարկեք նրանց կիսվել, թե ըստ իրենց՝ հիմնի բառերն ինչպես են ուսուցանում ճշմարտությունը (հիմնվելով իրենց զգացածի, տեսածի կամ ունեցած փորձի վրա)։

Բերեք ձեր վկայությունն այն մասին, որ Փրկիչը ցանկանում է բոլորին հավաքել Իր շուրջը։