Սեմինարիա
3 Նեփի 11.18–41․ Հիսուս Քրիստոսը հայտարարում է Իր վարդապետությունը


«3 Նեփի 11.18–41․ Հիսուս Քրիստոսը հայտարարում է Իր վարդապետությունը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 11.18–41», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 11.18–41

Հիսուս Քրիստոսը հայտարարում է Իր վարդապետությունը

Նկար
Քրիստոսն ուսուցանում է Ամերիկաներում

Երբևէ մտածե՞լ եք, թե միսիոներներն ինչ ճշմարտություններով են կիսվում նրանց հետ, ում ուսուցանում են։ Նրանց ամենակարևոր ուղերձներից մեկը վերաբերում է նրան, թե ինչ պետք է անենք հավերժական կյանքի օրհնությունները ստանալու համար։ Այդ ուղերձը երբեմն կոչվում է Քրիստոսի վարդապետություն (տե՛ս 2 Նեփի 31.21)։ Տաճարում նեփիացիներին հայտնվելուց հետո Փրկիչն ուսուցանում էր նրանց այս վարդապետությունը։ Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ և բացատրել Հիսուս Քրիստոսի վարդապետությունը։

Խրախուսեք ուսանողներին պատրաստվել սովորելուն։ Սովորելուն պատրաստվելով՝ ուսանողներն իրենց սրտերը պատրաստում են Սուրբ Հոգին ստանալուն։ Ուսանողները կարող են պատրաստվել դասին՝ կարդալով սուրբ գրքի որևէ հատված, խորհելով որևէ հարցի մասին կամ մտածելով կիսվել որևէ փորձառությամբ։ Ուսանողներին առաջարկեք պատրաստվել, հետո հնարավորություններ ստեղծեք նրանց համար տեսնելու, թե պատրաստվածությունն ինչպես է ազդում սովորելու գործընթացի վրա։

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին դասից առաջ ծանոթանալ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը։ Նրանք կարող են ուսումնասիրել 3 Նեփի 11.31–41 հատվածներում ուսուցանվող Փրկչի ուսմունքները կամ Gospel Library հավելվածում կամ ChurchofJesusChrist.org կայքում որոնել «Քրիստոսի վարդապետությունը»:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասի ուսումնական վարժությունները հիմնականում կենտրոնանում են 3 Նեփի 11.31–41 հատվածում ուսուցանվող Հիսուս Քրիստոսի վարդապետության վրա։ Անհրաժեշտության դեպքում օգտագործեք «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնի նյութերը՝ օգնելու ուսանողներին հասկանալ 3 Նեփի 11 հատվածում ուսուցանվող հակառակության և մարդկանց ճիշտ ձևով մկրտելու Փրկչի լրացուցիչ ուսմունքները։

Դարձեք Հիսուս Քրիստոսի հետևորդը

Կարող եք մի քանի ուսանողի հրավիրել՝ դասարանի առջև դերախաղով ներկայացնելու հետևյալ պատմությունը։ Որպեսզի ավելի շատ ուսանողներ կիսվելու հնարավորություն ունենան, կարող եք նրանց փոքր խմբերի բաժանել և առաջարկել հերթով կիսվել պատասխաններով։

Պատկերացրեք, որ ունեք մի ընկեր, որը սկսել է Եկեղեցով հետաքրքրվել։ Ձեր ընկերը ձեզ ասում է, որ մինչ օրս իր սովորածի ու զգացածի վերաբերյալ լավ զգացողություն ունի։ Նա ցանկանում է իմանալ, թե ինչ պետք է անի հաջորդիվ՝ Փրկչին ավելի լիարժեքորեն հետևելու համար։

  • Ի՞նչ կառաջարկեիք անել ձեր ընկերոջը։ Ինչո՞ւ։

«Սա իմ վարդապետությունն է»

Լիառատ երկրի տաճարում նեփիացիներին հայտնվելուց հետո հարություն առած Փրկիչն ուսուցանում էր Նրանց Իր վարդապետությունը։ Այդ վարդապետությունը, որը երբեմն անվանում են «Քրիստոսի վարդապետություն» (2 Նեփի 31.21), օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսին և ստանալ հավերժական կյանքի օրհնությունները։ Այսօր դուք հնարավորություն կունենաք ավելի լավ հասկանալու Քրիստոսի վարդապետությունը և ձեր բառերով բացատրելու այն։

Ուսանողներին տեղեկացրեք, որ Քրիստոսի վարդապետության մասին դաս պատրաստելու և այն դասընկերների փոքր խմբին ուսուցանելու հնարավորություն են ունենալու։ Ցուցադրեք ստորև ներկայացվող ցուցումները, որպեսզի ուսանողները կարողանան իրենց դասերը պատրաստելու ընթացքում օգտվել դրանցից։

  1. Ուսումնասիրեք Փրկչի ուսմունքները 3 Նեփի 11.31–41 հատվածներում ուսուցանվող Նրա վարդապետության մասին։

  2. Ցանկության դեպքում ուսումնասիրեք լրացուցիչ ուսմունքներ Հիսուս Քրիստոսի վարդապետության կամ ավետարանի մասին, օրինակ՝ 2 Նեփի 31.17–21 կամ 3 Նեփի 27.19–22 հատվածների ուսմունքները։ Կարող եք նաև Gospel Library հավելվածում կամ ChurchofJesusChrist.org կայքում որոնել «Քրիստոսի վարդապետությունը»։

  3. Պատրաստեք երեքից հինգ րոպե տևողությամբ դաս Քրիստոսի վարդապետության մասին։ Դասի պլանը կազմելու համար օգտագործեք ստորև ներկայացված ձևանմուշը։ Կարող եք պատկերացնել, որ միսիոներ եք և այս դասը պատրաստում եք ինչ-որ մեկին ուսուցանելու համար։ Կամ կարող եք մտածել ձեզ ծանոթ մի մարդու մասին և այնպես պատրաստվել, կարծես նրա հետ եք դասն անցկացնելու։

Ուսանողներին դասի ձևանմուշի աշխատաթերթի մեկական օրինակ բաժանեք։ Բավարար ժամանակ տվեք նրանց դասերը պատրաստելու համար:

Անպայման այլընտրանքներ առաջարկեք այն ուսանողներին, որոնք գուցե չափից շատ անհանգստանան ու չցանկանան բարձրաձայն ուսուցանել։ Օրինակ՝ նրանք կարող են տրամադրել իրենց դասի պլանը կամ աշխատել որևէ դասընկերոջ հետ, որն ավելի մեծ վստահություն ունի կամ ավելի փորձառու է։ Ուսանողների համար օգտակար կլինի, եթե համառոտ ներկայացնեք՝ ինչպես կարճ դաս պատրաստել։

«Քրիստոսի վարդապետությունը» դասի պլանը

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)․ «3 Նեփի 11.18–41․ Հիսուս Քրիստոսը հայտարարում է Իր վարդապետությունը»

  1. Հիմնվելով ձեր սովորածի և ուսումնասիրածի վրա՝ ամփոփ գրեք Քրիստոսի վարդապետությունը։

  2. Գրեք երկու կամ երեք հարց, որոնցով կարող եք օգնել ավելի խորությամբ հասկանալ և մտածել Քրիստոսի վարդապետության մասին նրանց, ում ուսուցանում եք։

  3. Նկարագրեք, թե ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է հետևել Փրկչի այս ուսմունքներին։ Հնարավորության դեպքում ներառեք ձեր փորձառությունները, որոնք ցույց են տալիս, թե այդ ուսմունքներն ինչպես են օրհնել ձեր կյանքը։

  4. Գրեք, թե Քրիստոսի վարդապետության մասին սովորածը կիրառելու ինչ մեկ կամ երկու առաջարկ կարող եք տալ նրանց, ում ուսուցանում եք։

  5. Մտածեք, թե ինչ առարկա կամ վարժություն կարող է օգնել նրանց, ում ուսուցանում եք, ավելի լավ հասկանալ Քրիստոսի վարդապետությունը (ըստ ցանկության)։

Ուսանողներին պատրաստվելու համար բավարար ժամանակ տալուց հետո հնարավորություն տվեք նրանց իրենց դասերն ուսուցանել որևէ դասընկերոջ կամ փոքր խմբերին։ Աշխատեք չստիպել այն ուսանողներին, որոնք խիստ անհանգստանում են իրենց դասը բարձրաձայն ուսուցանելու համար։ Կարող եք մի քանի կամավոր ուսանողի առաջարկել ուսուցանել ամբողջ դասարանին։

Երբ ուսանողներն ավարտեն ուսուցանելը, ժամանակ լինելու դեպքում քննարկեք, թե ինչ սովորեցին։ Կարող եք գրատախտակին գրել հետևյալ ճշմարտությունը․ Աստծո արքայությունը մտնելու համար մենք պետք է հետևենք Փրկչի վարդապետությանը՝ Նրան հավատալու, ապաշխարելու, մկրտվելու, Սուրբ Հոգին ստանալու և մինչև վերջ դիմանալու միջոցով։

Քննարկման ընթացքում կարող եք տալ նմանատիպ հարցեր.

  • Ըստ ձեզ՝ այս վարդապետությունն ինչո՞ւ էր այն առաջին բաների թվում, որոնք Փրկիչն ուսուցանեց նեփիացիներին։

  • Ըստ ձեզ՝ այս սկզբունքներն ու արարողություններն ինչո՞ւ են անհրաժեշտ Աստծո արքայությունը ժառանգելու համար։

  • Ի՞նչ կարող եք անել այս սկզբունքներն ու արարողությունները ձեր կյանքի կարևոր մասը դարձնելու համար։

Ինքնագնահատում

Եթե ուսանողների դասերն անցկացնելուց հետո ժամանակ մնա, նրանք կարող են խորհել Քրիստոսի վարդապետությունն իրենց կյանքում ամեն օր կիրառելու եղանակների մասին։ Կարող եք կիսվել հետևյալ գնահատմամբ և ուսանողներին ժամանակ տալ՝ լուռ ինքնագնահատում կատարելու համար․

Դասի վերջում մի փոքր ժամանակ հատկացրեք՝ խորհելու, թե ինչպես կարող եք Քրիստոսի վարդապետությունն ամեն օր կիրառել ձեր կյանքում։ Հետևյալ ինքնագնահատման վարժությունը կարող է օգնել ձեզ բացահայտել, թե ներկայումս ինչպես եք ապրում Փրկչի վարդապետությամբ և դա լավացնելու ինչ եղանակներ կան։

Հետևյալ պնդումներից յուրաքանչյուրին պատասխանեք այս պատասխաններից մեկով․ «պարբերաբար», «երբեմն» կամ «հազվադեպ»։

  1. Ես Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք եմ գործադրում՝ ձգտելով պահել պատվիրանները և վստահություն ունենալով, որ Նա կարող է օգնել ինձ հաղթահարել իմ դժվարությունները։

  2. Ես ամեն օր ապաշխարում եմ իմ սխալների համար և փնտրում եմ Փրկչի զորությունը, որպեսզի այն օգնի ինձ ավելի նմանվել Նրան։

  3. Ես ձգտում եմ պահել մկրտության իմ ուխտերը և ամեն շաբաթ թարմացնում եմ այդ ջանքերը՝ արժանապատվորեն հաղորդություն ընդունելով։

  4. Ես Սուրբ Հոգուն հրավիրում եմ իմ կյանք՝ կանոնավոր կերպով աղոթելով Երկնային Հորը և ուսումնասիրելով հոգևոր հուշումներն ու ձգտելով գործել դրանցով։

Խրախուսեք ուսանողներին առանձնացնել Փրկչի վարդապետության որևէ կողմ, որը կարող են ավելի լիարժեքորեն կիրառել իրենց կյանքում և դա կատարելու պլան կազմել։ Վկայեք ձեր քննարկած ճշմարտությունների մասին: Խրախուսեք ուսանողներին ուրիշների հետ այս ուսմունքներով կիսվելու հնարավորություններ գտնել։