Սեմինարիա
3 Նեփի 1․ «Մարգարեների մարգարեությունները սկսել են իրագործվել»


«3 Նեփի 1․ «Մարգարեների մարգարեությունները սկսել են իրագործվել»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 1», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 1

«Մարգարեների մարգարեությունները սկսել են իրագործվել»

Նկար
Նեփիացիները նոր աստղ են տեսնում

Ի՞նչը կարող է համեմատվել Հիսուս Քրիստոսի ծնունդն ազդարարող աստղին սպասելու և այն տեսնելու հետ։ Նեփիացի հավատացյալները հետևում էին նշաններին, որոնց մասին մարգարեացել էր Սամուել Լամանացին (տե՛ս Հելաման 14), սակայն անհավատները սպառնում էին սպանել նրանց, եթե նշանները չերևան։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ավելի մեծ վստահություն ունենալ, որ Տերը կատարելու է Իր բոլոր խոսքերը, որոնք ասել է Իր մարգարեների միջոցով։

Վկայեք Հիսուս Քրիստոսի մասին։ Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը կարող է զորացնել ուսանողներին։ Փնտրեք հնարավորություններ՝ կիսվելու ուսանողների հետ Փրկչի հանդեպ ձեր ունեցած զգացողություններով և ինչու եք ձգտում հետևել Նրան։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողները կարող են պատրաստվել՝ դասի ժամանակ կիսվելու, թե Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ինչպես և ինչու կարող է անորոշ կամ դժվար ժամանակներում ամրապնդել մարդուն։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հավատքով զորացված

Հետևյալ հարցը նախատեսված է օգնելու ուսանողներին ինքնագնահատում կատարել։ Կարիք չկա, որ ուսանողները կիսվեն պատասխաններով։

  • Մեկից հինգը սանդղակով, որտեղ հինգը ամենաբարձր միավորն է, ինչպե՞ս կգնահատեիք ձեր հավատը կամ վստահությունը առ այն, որ Աստված կատարելու է Իր մարգարեների խոսքերը։ Ինչո՞ւ։

Երբ Սամուել Լամանացին եկավ նեփիացիների մոտ, մարգարեացավ, որ «կանցնի ևս հինգ տարի, և ահա, հետո կգա Աստծո Որդին» (Հելաման 14.2)։ Մարգարեները Հիսուս Քրիստոսի գալստյան մասին մարգարեացել էին հազարավոր տարիներ առաջ, և Նրա ծննդյան ակնկալվող ժամանակը եկել էր։ 3 Նեփի գիրքն սկսվում է այդ հինգ տարվա վերջում։

  • Եթե լինեիք Սամուելին հավատացողներից մեկը, ի՞նչ զգացած կլինեիք այդ ժամանակ։

Ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչ նմանություններ կան 3 Նեփի 1 հատվածի և մեր օրերի հանգամանքների միջև։ Կարող եք նշել այն կարևոր բառերն ու արտահայտությունները, որոնք ամրապնդում են ձեր վստահությունն Աստծո և Նրա մարգարեների խոսքերի հանդեպ։

Նեփիացի հավատացյալները

3 Նեփի 1 հատվածի սկզբում իմանում ենք, որ Նեփին՝ Հելամանի որդին, մեկնել էր երկրից, և որ նեփիացիների շրջանում այժմ նրա որդի Նեփին էր մարգարե։

Կարդացեք 3 Նեփի 1.4–9 հատվածները և փնտրեք, թե այդ ժամանահատվածում ինչ դժվարությունների բախվեցին նեփիացի հավատացյալները։

  • Ըստ ձեզ՝ ի՞նչը թույլ տվեց ոմանց «աննկուն սպասել» (հատված 8)՝ անտեսելով մահվան սպառնալիքը։

Ուսանողներին կարող եք առաջարկել փոքր խմբերով կարդալ և քննարկել ստորև ներկայացվող հարցերը։ Յուրաքանչյուր խմբից մեկ ուսանող կարող է գրատախտակին գրել իր խմբի պատասխանը վերջին հարցին։

Կարդացեք 3 Նեփի 1.10–14 հատվածը՝ իմանալու, թե ինչ պատահեց հաջորդիվ։

  • Ձեր պատկերացմամբ Նեփին ի՞նչ զգաց, երբ լսեց Տիրոջ ձայնը։

  • Ըստ ձեզ՝ Տերն ի՞նչ էր ցանկանում, որ Նեփին և մարդիկ հասկանան։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող եք սովորել այդ հատվածներից:

Մարգարեների խոսքերը կիրագործվեն

Այս հատվածներում ներկայացված մի քանի ճշմարտություններից բացի մենք սովորում ենք, որ Տերը կիրագործի բոլոր այն խոսքերը, որոնք Նա ասել է Իր մարգարեների միջոցով։ Ըստ ցանկության կարող եք հատված 13-ում նշել այս ճշմարտությունը։

Այս հատվածներից ուսանողները կարող են բացահայտել լրացուցիչ ճշմարտություններ, որոնք են․ Տերը կլսի ուրիշների համար մեր արած աղոթքները կամ Հիսուս Քրիստոսն աշխարհ եկավ՝ կատարելու Հոր կամքը։

Ուսանողներին կարող եք հանձնարարել զույգերով կարդալ հետևյալ հատվածները:

Կարդացեք 3 Նեփի 1.15–22 հատվածները և փնտրեք, թե ինչպե՞ս արձագանքեցին մարդիկ, երբ մարգարեությունն իրականացավ։

Կարող եք քննարկել հետևյալ հարցերը (կամ ձեր մտածած այլ հարցեր), որոնք կօգնեն ուսանողներին սուրբ գրությունները կապել իրենց կյանքի հետ։

  • Ըստ ձեզ՝ մարդիկ ինչո՞ւ այդքան տարբեր արձագանքներ ունեցան։

  • Հավատացյալներն ինչպե՞ս զորացան այս փորձառության ժամանակ։

  • Այս փորձառությունն ինչպե՞ս կարող է մեծացնել ձեր վստահությունը Տիրոջ ծրագրի հանդեպ, որը նա ունի ձեր կյանքի համար։

Ձեր փորձառությունը

Ինչպես նեփիացիները 3 Նեփի 1 հատվածում, մենք էլ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ կարող է թվալ, թե ապագայի հանդեպ անորոշություն կա։ Ինչպե՞ս կարող ենք Տիրոջ և Իր մարգարեների միջոցով տված Իր խոսքերի հանդեպ վստահություն ունենալ։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Հավատարմությունը հիմարություն չէ, ոչ էլ մոլեռանդություն: Մենք պետք է վստահենք Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչի, և ապավինենք Նրա անունին և Նրա խոստումներին: Երբ «առաջ մղվենք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ՝ ունենալով հույսի կատարյալ պայծառություն և սեր Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ» [2 Նեփի 31.20], մենք կօրհնվենք հավերժական հեռանկարով և մի տեսլականով, որը ձգվում է մեր մահկանցու սահմանափակ կարողությունից այն կողմ: Մենք հնարավորություն կունենանք «հավաքվել միասին և կանգնել սուրբ տեղերում» [Վարդապետություն և Ուխտեր 101.22] և «չշարժվել, մինչև որ Տիրոջ օրը գա» [Վարդապետություն և Ուխտեր 87.8] (Դեյվիդ Ա. Բեդնար, «Եվ դրանով մենք նրանց կստուգենք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020 թ․, 11)։

Բավարար ժամանակ տվեք ուսանողներին՝ խորհելու հետևյալի շուրջ: Անհրաժեշտության դեպքում կիսվեք թվարկված իրավիճակներից մի քանիսով։ Ուսանողների համար կարող է օգտակար լինել, եթե իրենց մտքերը գրի առնեն սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում: Զգայուն և իրազեկ եղեք այն հանգամանքին, որ որոշ ուսանողներ իրենց անձնական դժվարությունների մասին մտածելիս գուցե հուզականություն դրսևորեն։ Հետևեք Հոգու հուշումներին, երբ փորձեք նրանց ուշադրությունը կենտրոնացնել Փրկչի վրա։

Մտածեք, թե ինչու կարող եք դժվարություն ունենալ Աստծո հանդեպ հավատք ունենալու հարցում և ձեր կյանքի համար անորոշություն կամ վախ զգալ։ Պատճառները յուրաքանչյուրի համար անձնական են, բայց կարող են ներառել հետևյալը․

  • Լինել ծաղրի առարկա կամ ենթարկվել հալածանքի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի համար

  • Ունենալ խնդրահարույց ընտանեկան հարաբերություններ, այդ թվում՝ ամուսնալուծված ծնողներ

  • Անհանգստություն կամ ընկճվածություն զգալ

  • Անհանգստանալ սիրելի մարդկանց համար, որոնք համասեռամոլ են

  • Տառապել վնասակար սովորույթների կախվածությունից կամ դժավարանալ հաղթահարել դրանք

  • Վախենալ, որ ավետարանի օրհնություններն անհասանելի են

  • Անարժեքության կամ չներված լինելու զգացում ունենալ

Հովհաննես 16.33 հատվածում Հիսուսն ասել է. «Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»:

  • Ի՞նչ են բացահայտել մարգարեները Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է ոգեշնչել ձեզ պահպանելու հավատքը Նրա հանդեպ (կարող եք կարդալ Ալմա 7.11–13, Եթեր 12.27, Եսայիա 25.8–9 հատվածները)։ Ըստ ձեզ՝ Նա ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ձեր հանգամանքներում։

  • Տիրոջը կամ Նրա մարգարեների խոսքերին վստահելը ե՞րբ է ձեզ կամ ձեր ծանոթներից որևէ մեկին զորացրել անորոշության կամ վախի ժամանակ։ Այս փորձառությունը հիշելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հասկանալ Նրա օգնությունը ձեր կյանքում։

Ինչպես հուշել է Հոգին, կարող եք խնդրել ուսանողներին կիսվել, թե այսօր հատկապես ինչը տպավորեց նրանց։ Կարող եք կիսվել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ և Նրա մասին մարգարեական խոսքերի ու մարգարեությունների հանդեպ ունեցած ձեր վստահությամբ։

Կարող եք գրի առնել, թե ինչ զգացողություններ ունեցաք այսօր սովորածից։ Կարող եք ներառել, թե ինչ գործողություններ անելու հուշում եք ստացել կամ ինչպես եք զորացել՝ հասկանալով, որ Աստված իրագործում է Իր մարգարեների միջոցով ասած Իր խոսքերը։