Սեմինարիա
Մոսիա 26. «Եթե նա խոստովանի իր մեղքերը … և ապաշխարի»


«Մոսիա 26. «Եթե նա խոստովանի իր մեղքերը … և ապաշխարի»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 26» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 26

«Եթե նա խոստովանի իր մեղքերը … և ապաշխարի»

Նկար
երիտասարդը զրուցում է իր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ

Ինչպե՞ս կարող է ապաշխարությունն օգնել մեզ մեր ամենօրյա կյանքում: Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ խոստովանել մեր մեղքերը՝ որպես մեր ապաշխարության մաս: Որպես Փրկչի Եկեղեցու քահանայապետ՝ Ալման ցանկանում էր օգնել նրանց, ովքեր ծանր մեղքեր էին գործել: Տերը նրան հստակ ուղղություն էր տվել, թե ինչ պետք է անի: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրող և ներող էությունը, և մենք ինչու պետք է ապաշխարենք մեր մեղքերի համար:

Սիրեք նրանց, ում ուսուցանում եք: Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող ենք լցվել սիրով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Աղոթեք, որ կարողանաք այդ սիրով լցվել ձեր ուսանողների հանդեպ և փնտրեք հնարավորություններ, որոնցով կարող եք ուսուցանելիս համապատասխան ձևերով արտահայտել ձեր սերը:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ հարցեր ունեն ապաշխարության մասին: Նրանց խրախուսեք կարդալ Մոսիա 26 գլուխը և փնտրել այդ հարցերի պատասխանները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ի՞նչ կանեիք դուք

Պատկերացրեք, որ լսել եք, որ ինչ-որ մեկն ապաշխարության մասին հետևյալ հարցերն է տալիս ու հայտնում է հետևյալ մտահոգությունները:

Կարող եք դասից առաջ գրատախտակին գրել հետևյալ պնդումներն ու հարցերը:

  • Վստահ չեմ, որ արժե ապաշխարել:

  • Ինչո՞ւ պետք է խոստովանեմ մեղքերս: Ինչո՞ւ է անհրաժեշտ որոշ մեղքեր քահանայության ղեկավարին խոստովանել:

  • Ես չափազանց շատ եմ մեղանչել, որպեսզի Տերը ների ինձ:

Ուսանողներին օգնեք մտածել, թե ինչ զգացողություն ունեն ապաշխարության վերաբերյալ: Հետևյալ վարժությունը կօգնի նրանց:

Մի պահ մտածեք, թե ում գիտեք, որ կարող է կապ ունենալ այդ մտահոգություններից ցանկացածի հետ:

  • Ապաշխարության վերաբերյալ ի՞նչ այլ հարցեր կամ մտահոգություններ կարող են լինել:

Կարող եք գրատախտակին նշել ուսանողների նշած հարցերն ու մտահոգությունները:

Խորհեք, թե այդ հարցերից կամ մտահոգություններից ո՞ր մեկը կամ երկուսն են ձեզ համար ամենակարևորը, որպեսզի այս դասն ուսումնասիրելիս կենտրոնանաք դրանց վրա: Փնտրեք Երկնային Հոր ուղղորդումը, որը կօգնի ձեզ գտնել պատասխանները և կմեծացնի ձեր ընկալումն ապաշխարության վերաբերյալ:

Խնդիրներ Եկեղեցում

Երբ Տերը Ալմային և նրա ժողովորդին ազատեց գերությունից, նրանք Զարահեմլայում միացան նեփիացիներին և Լիմքիի ժողովրդին: Այնտեղ Մոսիա թագավորը Ալմային նշանակեց որպես Եկեղեցու ղեկավար: Որոշ մարդիկ Ալմայի ղեկավարման ժամանակ ծանր մեղքեր էին գործում ու չէին ապաշխարում (տես Մոսիա 26.1–6): Նրանց բերում էին Ալմայի մոտ, բայց Ալման չգիտեր ինչպես արձագանքել:

Կարդացեք Մոսիա 26.13–15, 19–24, 28–31 հատվածները և փնտրեք Տիրոջ՝ Ալմային տված ուղղորդումը:

Մի քանի ուսանողի խրախուսեք կիսվել իրենց սովորածով: Երբ նրանք ճշմարիտ սկզբունքներ նշեն, գրեք դրանք գրատախտակին: Եթե օգտակար լինի, կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը.

  • Տերն ի՞նչ է ասել, որ մարդիկ անեն, որպեսզի ընդունվեն ու ներվեն Իր կողմից:

  • Ըստ հատված 23-ի՝ ինչո՞ւ է Փրկիչն իրավասու որոշել, թե ով կարող է ներվել ու հավերժական կյանք ստանալ:

  • Ուրիշ ի՞նչ սովորեցիք Տիրոջ մասին այս հատվածներից:

Եթե մենք ապաշխարենք

Դուք գուցե բացահայտել եք նմանատիպ սկզբունքներ. եթե մենք խոստովանենք մեր մեղքերը և ապաշխարենք մեր սրտերի անկեղծությամբ, Տերը կների մեզ: Որքան հաճախ մենք ապաշխարենք, այնքան Տերը կների մեզ:

  • Ի՞նչ է նշանակում խոստովանել մեր մեղքերը:

  • Ըստ ձեզ՝ ինչ է նշանակում «[ապաշխարեք] [ձեր] սրտի անկեղծությամբ» (Մոսիա 26.29):

  • Տիրոջ ներողամիտ էության ճանաչումն ինչպե՞ս է ազդում ապաշխարության հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:

Այս սկզբունքները կարող են օգնել գտնել դասի սկզբում ապաշխարության վերաբերյալ նշված հարցերի ու մտահոգությունների պատասխանները:

Մտածեք, թե որը կլինի լավագույնը. անդրադառնալ բոլոր չորս մտահոգություններին, թե՞ կենտրոնանալ մեկի կամ երկուսի վրա, որոնք կարող են ամենակարևորը լինել ձեր ուսանողների համար: Արդյունավետ կլինի նաև ուսանողներին փոքր խմբերի բաժանել և հանձնարարել նրանց պատրաստվել արձագանքելու տարբեր մտահոգություններին:

Կարող եք նաև ձեր ներկայիս եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին հրավիրել ներկա գտնվելու դասին և պատասխանել ապաշխարության ու ներման մասին հարցերին:

Ապաշխարություն

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). Մոսիա 26. «Եթե նա խոստովանի իր մեղքերը … և ապաշխարի»

Մտահոգություն Ա

Վստահ չեմ, որ արժե ապաշխարել:

  • Մոսիա 26 գլխից կամ այլ սուրբ գրություններից ո՞ր գրություններով և սկզբունքներով կկիսվեիք, որոնք կարող են օգնել այս մտահոգության դեպքում:

Եթե օգտակար լինի, կարող եք ուսանողներին առաջարկել վերանայել Մոսիա 26.23, 29–30 հատվածները, ինչպես նաև կարդալ հետևյալ հատվածներից մի քանիսը. 2 Նեփի 9.23, 3 Նեփի 9.22, 3 Նեփի 27.19–20, Վարդապետություն և Ուխտեր 18.10–12, 19.15–20, 58.42–43:

Հիշեք, որ Ալման ևս նախկինում ծանր մեղքեր էր գործել և ապաշխարել էր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով ներում էր ստացել (տես Մոսիա 11.5–7, 18.1–3, 26.15, 20):

  • Ըստ ձեզ՝ Ալման ի՞նչ կասեր այս մտահոգությունն ունեցող մարդուն:

Խորհեք, թե դուք կամ ձեր ծանոթները ի՞նչ եք զգացել, երբ ապաշխարության միջոցով դիմել եք Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Մտահոգություն Բ

Ինչո՞ւ պետք է խոստովանեմ մեղքերս: Ինչո՞ւ է անհրաժեշտ որոշ մեղքեր խոստովանել քահանայության ղեկավարին:

Տերն Ալմային ասաց, որ նրանք, ովքեր մեղանչել են, պետք է «խոստովանեն իրենց մեղքերը քո առաջ [Ալմայի՝ իրենց քահանայության ղեկավարի] և իմ [Տիրոջ] առաջ» (Մոսիա 26.29):

  • Քանի որ Տերն արդեն գիտի մեր մեղքերը, ինչո՞ւ է կարևոր, որ մենք խոստովանենք դրանք Նրա առաջ: Դա ինչպե՞ս կօրհնի մեր կյանքը:

Ահա մի քանի գաղափար. դա օգնում է մեզ պատասխանատու լինել մեր գործողությունների համար, ավելի խոնարհ է դարձնում մեզ և ամրացնում է մեր անձնական հարաբերությունը Տիրոջ հետ, երբ մենք ներում ենք խնդրում և ստանում:

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից և Յոթանասունի Բարձրագույն Իշխանության պատվավոր անդամ, երեց Ս. Սքոթ Գրոուի ելույթից կարդացեք ստորև բերվող խոսքերը և փնտրեք մտքեր, թե երբ և ինչու մենք պետք է խոստովանենք եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի առաջ:

Ձեր եպիսկոպոսը կրում է քահանայության բանալիներ և հոգևոր պարգևներ, որոնցով օգնում է ձեզ ապաշխարել: Դուք կարող եք ցանկացած պահի դիմել նրա օգնությանն ու խորհրդին: Եթե լուրջ սխալներ եք թույլ տվել, օրինակ՝ մաքրաբարոյության օրենքի խախտում, հանդիպեք ձեր եպիսկոպոսի հետ: Նա ձեզ չի դատապարտի: Նա Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչն է և կօգնի ձեզ իմանալ, թե ինչպես լիովին ապաշխարել և ստանալ Փրկչի բժշկող ու ամրացնող զորությունը: (Երիտասարդներին զորացնելու համար8)

Եպիսկոպոսը հայտնություն է ստանում Սուրբ Հոգուց իր ծխի անդամների, այդ թվում՝ ձեր վերաբերյալ: … [Նա] կարող է ապաշխարության միջոցով օգնել ձեզ այն ձևերով, որոնք ձեր ծնողները կամ այլ ղեկավարները չեն կարող տալ: …

[Եթե մենք չենք խոստովանում, մենք] մենակ ենք կրում մեղքի բեռը, փոխանակ թույլ տանք, որ Փրկիչը վերցնի բեռը: (Ս. Սքոթ Գրոու, «Ինչո՞ւ և ի՞նչ պետք է խոստովանեմ իմ եպիսկոպոսին» New Era, հոկտեմբեր 2013, 28-29)

  • Ինչպե՞ս կարող են այս խոսքերն օգնել մեկին, ով իր քահանայության ղեկավարի առաջ խոստովանելու վերաբերյալ մտահոգություններ ունի:

Մտահոգություն Գ

Ես չափազանց շատ եմ մեղանչել, որպեսզի Տերը ների ինձ:

  • Մոսիա 26.29–30 հատվածներում Տիրոջ բառերն ինչպե՞ս կարող են օգնել այս մտահոգության դեպքում: (Կարող եք ուսումնասիրել նաև Ա Տիմոթեոս 1.15 Ա Հովհաննես 1.9 կամ Վարդապետություն և Ուխտեր 18.10–12, 58.42–43 հատվածները:)

  • Սուրբ գրություններում Փրկչի մասին ո՞ր պատմություններն են ցույց տալիս Նրա զգացողություններն այն մարդկանց հանդեպ, որոնք ձգտում են ապաշխարել, ինչպես նաև Նրա ներելու պատրաստակամությունը:

Մի քանի օրինակներ են․ կինը, որն իր արցունքներով լվանում էր Փրկչի ոտքերը (տես Ղուկաս 7.36–50), անառակ որդու մասին առակը (տես Ղուկաս 15.11–32) և Պողոսի ներումը Տիրոջ կողմից (տես Ա Տիմոթեոս 1.15–16):

Մտահոգություն Դ

Ձեր ընտրությունը

Մտածեք, թե ուրիշ ինչ իրատեսական մտահոգություն կամ հարց կարող է մարդն ունենալ ապաշխարության վերաբերյալ: Ուսումնասիրեք «Ապաշխարություն» կամ «Խոստովանություն» թեմաները սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org) և փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել: Կարող եք նաև գտնել «Ապաշխարություն» կամ «Խոստովանություն» թեմաներին վերաբերող սուրբ գրությունները Թեմաների ուղեցույցում (ChurchofJesusChrist.org): Օգտակար կլինի նաև Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում ուսումնասիրել «ապաշխարությունը» և խորհել, թե ինչ գիտեք Տիրոջ մասին, որը կարող է օգնել:

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ սովորեցին, և ինչպես կարող է նրանց սովորածն օգնել այդ հարցը կամ մտահոգությունը ունեցող մարդուն: Փնտրեք ձևեր, որոնցով կարող եք ընդգծել Տիրոջ սերը և ապաշխարելիս մեզ ներելու Նրա ցանկությունը:

Ի՞նչ տեղի ունեցավ։

Կարդացեք Մոսիա 26.34–37 հատվածները և փնտրեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Ալման հետևեց Տիրոջ հրահանգներին:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ կցանկանաք հիշել կամ անել այս դասի արդյունքում: Անդրադառնալով դրան՝ կարող եք գրել, թե ինչպես եք ցանկանում հիշել Տիրոջ ներելու պատրաստակամության մասին, կամ ինչպես կցանկանայիք ձգտել խոստովանել ձեր սեփական մեղքերն ու ապաշխարել դրանց համար:

Վկայություն բերեք այս դասում ուսուցանված սկզբունքների վերաբերյալ: