Սեմինարիա
Մոսիա 19–20. «Աբինադիի խոսքերն իրականանում են»


«Մոսիա 19–20. «Աբինադիի խոսքերն իրականանում են»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 19–20», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 19–20

«Աբինադիի խոսքերն իրականանում են»

Նկար
Նոյ թագավոր

Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք երջանիկ ու անվտանգ լինեք: Ուրախություն և հոգևոր պաշտպանություն զգալու ձևերից մեկը Նրա մարգարեների ուսմունքներին և նախազգուշացումներին հետևելն է: Մերժելով Աբինադիին՝ Նոյ թագավորը և նրա ժողովուրդը զրկվեցին անվտանգության օրհնություններից և մեծ տառապանքներ կրեցին: Այս դասը կօգնի ձեզ ավելի մեծ ցանկություն զգալ՝ լսելու Տիրոջ մարգարեների նախազգուշացումները և ուսմունքները:

Օգնեք ուսանողներին հասկանալ սուրբ գրությունների համատեքստը: Համատեքստը ներառում է այն հանգամանքները, որոնք շրջապատում են կամ տալիս են սուրբ գրությունների հատվածների, իրադարձությունների կամ պատմությունների նախապատմությունը: Այդ համատեքստն օգնում է մեզ հասկանալ սուրբ գրությունների հերոսների աշխարհը: Սուրբ գրությունների պատմությունների համատեքստի ըմբռնումը կարող է օգնել ուսանողներին բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները և սուրբ գրություններում գրվածը նմանեցնել իրենց:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել սուրբ գրություններից կամ իրենց կյանքից մի օրինակի մասին, որը հաստատում է հետևյալ խոսքերը: Խրախուսեք նրանց հաջորդ դասի համար պատրաստվել՝ կիսվելու իրենց օրինակով:

«Պատմությունը ցույց է տվել, որ մենք գտնում ենք անվտանգություն, խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն, երբ արձագանքում ենք մարգարեական խորհրդին» (Մ. Ռասսել Բալլարդ, «Նրա խոսքը դուք պետք է ընդունեք», Ensign, մայիս 2001թ., 65):

Հնարավոր ուսումնական վարժություններ

Պաշտպանություն վտանգից

Կարող եք կա՛մ ստորև ներկայացվող նկարները ցուցադրել, կա՛մ անվտանգության ապահովման համար օգտագործվող տարբեր առարկաներ բերել դասարան: Կարող եք նաև խնդրել ուսանողներին, որպեսզի կիսվեն տարբեր իրերի կամ կանոնների օրինակներով, որոնք նրանք օգտագործում են ամեն օր անվտանգ լինելու համար:

Նկար
անվտնագության բաճկոն, հեծանվորդի սաղավարտ, լեռնամագլցման պարագա
  • Այդ առարկաներն ի՞նչ վտանգից են պաշտպանում մեզ:

  • Ըստ ձեզ՝ որոշ մարդիկ ինչո՞ւ են որոշում անտեսել անվտանգության սարքավորումները կամ ուղեցույցները:

Նախորդ նկարների կողքին կարող եք ժամանակակից մարգարեի նկար ցուցադրել:

Ֆիզիկական վտանգներից բացի՝ հոգևոր վտանգները նույնպես մեր մահկանացու փորձառության մասն են կազմում: Քանի որ Տերը սիրում է մեզ, Նա կոչ է անում մարգարեներին մեզ ուղղորդումներ և գործիքներ տալ, որոնք կարող են օգնել մեզ ֆիզիկական, հոգևոր և հուզական անվտանգություն զգալ մեր կյանքի ընթացքում:

Մի պահ մտածեք, թե ինչ անվտանգություն է Տերն առաջարկում ձեզ Իր մարգարեների ու առաքյալների միջոցով: Հետևյալ հարցերը կարող են օգնել․

Ուսանողների համար օգտակար կլինի իրենց պատասխանները գրի առնել սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

  • Որքա՞ն հաճախ եք դիմում Տիրոջ մարգարեներին ու առաքյալներին՝ որպես Նրա հոգևոր պաշտպանությունը ստանալու միջոց:

  • Ի՞նչ օրինակներ կան այն մասին, թե ինչպես է Տիրոջ մարգարեներին հետևելն օրհնում ձեզ:

Ուսումնասիրելու ընթացքում փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի մեծ ցանկությամբ փնտրել այն անվտանգությունն ու երջանկությունը, որոնք գալիս են Տիրոջ մարգարեին հետևելուց:

Նոյ թագավորի ժողովուրդը զգում է իր մեղքերի հետևանքները

Նկար
Աբինադին Նոյ թագավորի առջև

Հիշեք, որ Աբինադին ուղարկվել էր նախազգուշացնելու Նոյ թագավորի ժողովրդին նրանց ամբարշտության մասին, որպեսզի նրանք կարողանան խուսափել Տիրոջ դատաստանից: (Օգտակար կլինի կարդալ Աբինադիի նախազգուշացումներից մի քանիսը Մոսիա 11.20–25, 12.1–8 հատվածներում:)

Վերհիշեք, թե Նոյ թագավորն ու նրա ժողովուրդն ինչպես արձագանքեցին Աբինադիի նախազգուշացումներին՝ կարդալով Մոսիա 12.13–15, 17.11–20 հատվածները:

  • Ըստ ձեզ՝ Նոյն ու նրա քահանաներն ինչո՞ւ անտեսեցին Աբինադիի նախազգուշացումները:

  • Ի՞նչ օրինակներ գիտեք այն մասին, թե մեր օրերում մարդիկ ինչպես են անտեսում կամ մերժում մարգարեների ուսմունքները: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են նրանք անում դա։

Ինչպես Աբինադին մարգարեացել էր (տես Մոսիա 17.15–19), Տիրոջ խոսքը և ապաշխարության հրավերը մերժելուց հետո Նոյի ժողովուրդը դժվարին փորձությունների ենթարկվեց: Մոսիա 7 գլխի ուսումնասիրությունից գուցե կհիշեք, որ Աբինադիի մահից կարճ ժամանակ անց Զարահեմլայից եկող որոնողների խումբը, որոնց ղեկավարը Ամմոն անունով մի մարդ էր, հայտնաբերեց այս ժողովրդին: Նրանց հայտնաբերելու ժամանակ Նեփիի երկրում նեփիացիները գերի էին լամանացիներին:

Նկար
նկար, որում պատկերված են նեփիացիների արշավները՝ Նեփիի երկիրը վերանվաճելու նպատակով

Նրանց առաջնորդը Լիմքին էր՝ Նոյ թագավորի որդին: Մոսիա 7.24–29 հատվածում կարդացեք Լիմքիի խոսքերը և փնտրեք, թե նա ինչն էր համարում իրենց գերության պատճառը:

  • Ի՞նչ նկատեցիք այդ հատվածներում, որը կարող է օգնել մեկին, ով կարևոր չի համարում Տիրոջ մարգարեներին հետևելը:

Կարող եք հետևյալ անավարտ նախադասությունը գրել գրատախտակին: Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու դրա մասին, ապա մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել, թե ինչպես կավարտեին նախադասությունը:

Մարգարեների միջոցով փոխանցված Տիրոջ խոսքերն անտեսելը կամ մերժելը բերում է …

Ուսանողներին կարելի է բաժանել խմբերի և առաջարկել ուսումնասիրել հետևյալ հատվածների խմբերից մեկը. (1) Մոսիա 19.3–8, (2) Մոսիա 19.9–15, (3) Մոսիա 19.16–21, 20.3, 21: Առաջարկեք նրանց փնտրել մանրամասներ, որոնք ներկայացնում են հետևյալ ճշմարտությունը. Մարգարեների միջոցով փոխանցված Տիրոջ խոսքերն անտեսելը կամ մերժելը բերում է տառապանք և վիշտ:

  • Այդ հատվածներում հիշատակված անձանց տառապանքի կամ վշտի ի՞նչ ապացույցներ նկատեցիք:

  • Ի՞նչ սովորեցիք Տիրոջ մասին՝ այդ մարդկանց կրած տառապանքը տեսնելուց հետո, նաև իմանալով, որ Տերը մարգարե էր ուղարկել նրանց նախազգուշացնելու:

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդը խոսել է մի քանի օրհնությունների մասին, որոնք կարող ենք ստանալ, երբ ականջ դնենք Տիրոջ խորհրդին, որը նա մեզ է ուղարկում Իր մարգարեների միջոցով.

Պատմությունը ցույց է տվել, որ անվտանգություն, խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն ենք գտնում, երբ արձագանքում ենք մարգարեական խորհրդին: (Մ. Ռասսել Բալլարդ, «Նրա խոսքը դուք պետք է ընդունեք», Ensign, մայիս 2001թ., 65)

  • Ձեր կյանքից կամ սուրբ գրություններից ի՞նչ մի քանի օրինակներ կբերեք, որոնք հաստատում են նախագահ Բալլարդի խոսքերը:

Տիրոջ խորհուրդը ձեզ

Ինչպես հնագույն ժամանակներում, այնպես էլ այսօր մարգարեները մեզ են փոխանցում Տիրոջ խորհուրդը, նախազգուշացումները և խոստացված օրհնությունները: Այդ խորհուրդը կարող ենք գտնել, օրինակ, այստեղ՝ Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2022թ.):

Կարող եք ուսանողներին փոքր խմբերի բաժանել և յուրաքանչյուր խմբի հանձնարարել ուսումնասիրել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի (2022) թեմաներից մեկը կամ մի քանիսը: Կարող եք գրքույկի մի քանի օրինակ բերել դասարան, որպեսզի ուսանողներն օգտվեն դրանցից: Ուսանողներին առաջարկեք փնտրել հետևյալը.

  1. Չափանիշներ, որոնցով Տերն առաջարկում է ձեզ ապրել

  2. Տիրոջ խորհուրդն անտեսելու հնարավոր հոգևոր վտանգները

  3. Խոստացված օրհնությունները՝ Տիրոջ հրահանգներին և նախազգուշացումներին ականջ դնելու համար

Երբ ուսանողներն ավարտեն, նրանց առաջարկեք կիսվել, թե ինչ են գտել նախորդ երեք կետերի վերաբերյալ:

  • Այդ ուսմունքներին հետևելով՝ ինչպե՞ս կօգնեք ձեզ ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսին:

Մտածեք, թե ինչ սովորեցիք այսօր Տիրոջ մարգարեին հետևելու կարևորության մասին: Մտածեք, թե ինչպես կարող եք ավելի լավ հետևել մարգարեին, և ձեզ համար ինչու է կարևոր այդպես անելը: Ձեր մտքերն ու հոգևոր տպավորությունները գրանցեք ձեր ուսումնասիրությունների օրագրում: