Սեմինարիա
Հարոմ–Օմնի. Ձեր հոգին ամբողջովին մատուցեք Հիսուս Քրիստոսին


«Հարոմ–Օմնի. Ձեր հոգին ամբողջովին մատուցեք Հիսուս Քրիստոսին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հարոմ–Օմնի», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Հարոմ–Օմնի

Ձեր հոգին ամբողջովին մատուցեք Հիսուս Քրիստոսին

Նկար
երիտասարդ աղջիկն աղոթում է

Երբ կյանքի կարևոր որոշումներ եք կայացնում, ո՞ւմ եք դիմում ուղղորդման համար: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը տվել են սուրբ գրությունները՝ որպես ուղղորդման և օգնության առաջնային աղբյուր բոլորի համար: Հարոմի և Օմնիի գրքերում տարբեր ուսմունքներ կան, որոնք կարող են օրհնել ձեր կյանքը: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ փորձել բացահայտել և կիրառել սուրբ գրությունների սկզբունքները, որոնք կարող են օրհնել և ուղղորդել ձեր կյանքը:

Օգնեք ուսանողներին հայտնաբերել ավետարանի վարդապետությունն ու սկզբունքները: Վարդապետությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական, անփոփոխ ճշմարտությունն է: Սկզբունքը հավերժական ճշմարտություն է, որն ուղղորդում է մարդկանց որոշումներ կայացնելիս: Ավետարանի սկզբունքները համընդհանուր ճշմարտություն են և օգնում են մարդկանց ավետարանի վարդապետությունը կիրառել իրենց կյանքում:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք սուրբ գրություններն ամեն օր ուսումնասիրելիս փորձել բացահայտել այն սկզբունքները, որոնք օգտակար են իրենց կյանքի համար: Խրախուսեք նրանց պատրաստվել և կիսվել իրենց գտած առնվազն մեկ սկզբունքով:

Հնարավոր ուսումնական վարժություն

Նավի ղեկավարումը

Նկար
նավի ղեկ՝ նավի վրա

Դասն սկսելու համար կարող եք ցուցադրել նավի նկար կամ գրատախտակին նավ նկարել: Կամ կարող եք որևէ ուսանողի հանձնարարել գրատախտակին նավ նկարել: Կարող եք հարցնել նրանց, թե նավի ինչ մասեր են անհրաժեշտ, որոնք կօգնեն անձնակազմին նավարկել դեպի նպատակակետը:

Պատկերացրեք, որ ձեր կյանքի ճամփորդությունը նման է օվկիանոսում նավարկող նավի: Ի՞նչը կարող եք համեմատել ճամփորդության ժամանակ նավն ուղղորդող ղեկանվի կամ նավի ղեկի հետ:

Կարող եք գրատախտակին գրի առնել ուսանողների պատասխանները:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը տվել է հնարավոր պատասխան․

Ավետարանի սկզբունքները ինձ և ձեզ համար հենց այն են, ինչ ղեկը նավի համար: Ճիշտ սկզբունքները մեզ հնարավորություն են տալիս գտնել մեր ճանապարհը և կայուն, հաստատուն ու անխախտ կանգնել, որպեսզի չկորցնենք մեր հավասարակշռությունը և չընկնենք վերջին օրերի մշուշի ու խառնաշփոթի կատաղի փոթորիկների մեջ: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Իմ ավետարանի սկզբունքները», Լիահոնա, մայիս 2021թ., 126):

  • Ավետարանի սկզբունքն ինչպե՞ս կարող է նավի ղեկանվի կամ ղեկի նման լինել:

  • 1-10-ը միավորի սանդղակով գնահատեք, թե ինչպիսին է սուրբ գրություններից ճշմարիտ սկզբունքները բացահայտելու և դրանք ձեր կյանքի ուղղորդման համար կիրառելու ձեր վստահության մակարդակը: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ եք արել անցյալում, որն օգնել է ձեզ գտնել սկզբունքները սուրբ գրություններում:

Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները: Կարող եք նրանց ասածները գրել գրատախտակին, որը կօգնի նրանց դասընկերներին:

Եթե ցանկանում եք վերանայել սկզբունքները բացահայտելու եղանակները, կարող եք կրկին այցելել հետևյալ դասերը. «2 Նեփի 1» և «Հակոբ 4»:

Մի պահ մտածեք, թե սեմինարիայի կամ սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրության ժամանակ վերջինը ո՞ր սկզբունքն եք բացահայտել:

  • Ի՞նչ սկզբունք եք գտել: Ինչպե՞ս է այդ սկզբունքն օրհնել ձեր կյանքը:

Կարող եք մի քանի ուսանողի առաջարկել կիսվել: Ուշադիր լսեք, որպեսզի գնահատեք, թե որքան լավ են նրանք բացահայտում սկզբունքները, և ինչպես կարող եք օգնել նրանց զարգացնել կարողությունն այս դասի ընթացքում: Նաև շնորհավորեք նրանց իրենց կատարած ուսումնասիրության համար և խրախուսեք շարունակել:

Բացահայտեք ավետարանի սկզբունքները

Հարոմի և Օմնիի գրքերը պարունակում են Նեփիի փոքր թիթեղների վերջին գրառումները և ներառում են շատ սկզբունքներ, որոնք կարող են օրհնել մեր կյանքը: Հարոմը թիթեղներն ստացել էր հորից` Ենովսից, և արձանագրել էր նեփիացիների մոտավորապես 40 տարվա տառապանքներն ու օրհնությունները: Հետո նա թիթեղները փոխանցել էր իր որդի Օմնիին: Օմնիի գիրքը պարունակում է նեփիացի հինգ տարբեր արձանագիրների գրությունները և ընդգրկում է մոտավորապես 190 տարի:

Որոշեք, թե ինչը լավագույնս կօգնի ձեր ուսանողներին ավետարանի սկզբունքներն իմաստալից կերպով բացահայտելու համար: Սկզբունքները սուրբ գրությունների մեկ կամ մի քանի հղումներում բացահայտելու համար ուսանողները կարող են աշխատել անհատապես կամ բաժանվել փոքր խմբերի և աշխատել միասին:

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և փորձեք բացահայտել ավետարանի այն սկզբունքները, որոնք կարող եք օգտագործել ձեր կյանքում: Հատվածների յուրաքանչյուր խումբ կարող է մի քանի սկզբունք պարունակել: Սուրբ գրությունների յուրաքանչյուր հատվածում բացահայտեք առնվազն մեկը:

  1. Հարոմ 1.3–4

  2. Հարոմ 1.5–9

  3. Հարոմ 1.10–12

  4. Օմնի 1.12–16

  5. Օմնի 1.25–26

Կարող եք ուսանողներին առաջարկել իրենց բացահայտած սկզբունքներից մի քանիսը գրել գրատախտակին:

Տրվելով Փրկչին և Նրա գործին

Որևէ սկզբունք բացահայտելուց հետո կարևոր է ժամանակ հատկացնել և խորհել, թե ինչ է նշանակում այդ սկզբունքը, և ինչպես կարող է կիրառվել այն ձեր կյանքում: Օրինակ՝ Օմնի 1.26 հատվածում կարող եք բացահայտել հետևյալ սկզբունքը. եթե գանք դեպի Քրիստոսը և մեր հոգիներն ամբողջովին մատուցենք Նրան, մենք կփրկվեք:

  • Ի՞նչ եղանակներով կարող եք ավելի լավ հասկանալ և կիրառել այս սկզբունքը:

Ահա մեկ գաղափար.

Օգտակար կլինի այս սկզբունքը համեմատել մի բանի հետ, որը կառաջարկեիք ուրիշներին առօրյա կյանքում:

  • Ի՞նչ կառաջարկեիք մեկ ուրիշին:

  • Հնարավո՞ր է, որ առաջարկեք միայն մի մասն այն բանի, ինչը կարող եք տալ: Ինչո՞ւ:

  • Ե՞րբ կառաջարկեք այն ամենն ամբողջությամբ, ինչը կարող եք տալ: Ինչո՞ւ:

  • Սա ինչպե՞ս կարող է կիրառվել «մեր հոգիներն ամբողջությամբ Հիսուս Քրիստոսին մատուցելու» սկզբունքի համար:

Ուսանողների պատասխանները լսելիս հետևյալ հարցերը կարող են օգտակար լինել. Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում ձեր հոգին Հիսուս Քրիստոսին տալը: Մարդուն ի՞նչը կարող է հետ պահել ամբողջությամբ Հիսուս Քրիստոսին նվիրվելուց:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում ձեր հոգին ամբողջությամբ մատուցել Հիսուս Քրիստոսին:

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Տերը խնդրում մեզ մեր հոգիներն ամբողջությամբ Իրեն տալ:

  • Ո՞ւմ եք ճանաչում, որ լավ օրինակ է այնպիսի մարդու, որը փորձում է իր հոգին ամբողջովին մատուցել Հիսուս Քրիստոսին: Ինչպե՞ս է օրհնվել նա այդպես վարվելու համար:

Կարող եք դիտել «Ձեր ողջ սրտով» տեսանյութը (3:26 (հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org), որում մի երիտասարդ տղայի օրինակով կտեսնեք, թե ինչպես է նա փորձում ամբողջովին նվիրվել Տիրոջը:

Կարող եք մի շրջան նկարել, որը ձեր կյանքն է ներկայացնում: Ստվերագծեք շրջանի այն հատվածը, որն ըստ ձեզ, լավագույնս ներկայացնում է, թե ինչ չափով եք ներկայումս նվիրվում Տիրոջը: Մի պահ խորհեք, թե ինչպես կարող եք ձեր հոգին ամբողջությամբ տալ Հիսուս Քրիստոսին: Գրեք մեկ կամ երկու եղանակ, որոնք ձգտելու եք անել, և դա անելն ինչ օգուտ կարող է տալ ձեր կյանքին:

Հասկանալ և կիրառել սկզբունքները

Հիշեք այն սկզբունքները, որոնք ավելի վաղ բացահայտել էիք Հարոմի և Օմնիի գրություններում:

  • Ձեր բացահայտած սկզբունքներից ո՞րն է ամենանշանակալիցը ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Ինչպե՞ս կարող եք ավելի լավ հասկանալ և կիրառել այդ սկզբունքը:

  • Ինչպե՞ս կարող է այդ սկզբունքով ապրելն ավելի լավ ուղղորդել ձեր կյանքը դեպի Հիսուս Քրիստոսը: