Սեմինարիա
1 Նեփի 8.19–38. Ամուր բռնեք Աստծո խոսքից


«1 Նեփի 8.19–38. Ամուր բռնեք Աստծո խոսքից» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 8.19–38. Ամուր բռնեք Աստծո խոսքից» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 8.19–38

Ամուր բռնեք Աստծո խոսքից

Նկար
Լեքին՝ երկաթե ձողի մոտ

Աշխարհում շատ մարդիկ ցանկանում են սեր և ուրախություն զգալ, բայց չգիտեն որտեղ գտնել դրանք: Կենաց ծառի իր տեսիլքով Լեքին իմացավ այն ճանապարհը, որ պետք է անցնենք, ու, թե ինչպես մնալ այդ ճանապարհին՝ Աստծո օրհնությունները վայելելու համար: Այս դասը կօգնի ձեզ հետևել Աստծո խոսքին, որը կուղղորդի ձեզ դեպի Նրա մեծագույն օրհնությունները:

Կանոնավոր աղոթեք ձեր ուսանողների համար: Երկնային Հայրը ճանաչում է ձեր ուսանողներից յուրաքանչյուրին: Երբ աղոթքով դիմեք Նրան, Նա կարող է օգնել ձեզ հասկանալ ձեր ուսանողների կարիքները և ոգեշնչել ձեզ՝ նրանց կարիքները բավարարելու ուղիներ գտնել: Դասին պատրաստվելիս և դասի ընթացքում ուշադիր եղեք հուշումներին:

Ուսանողի նախապատրաստում. կանոնավոր աղոթեք ձեր ուսանողների համար: Երկնային Հայրը ճանաչում է ձեր ուսանողներից յուրաքանչյուրին: Երբ աղոթքով դիմեք Նրան, Նա կարող է օգնել ձեզ հասկանալ ձեր ուսանողների կարիքները և ոգեշնչել ձեզ՝ նրանց կարիքները բավարարելու ուղիներ գտնել: Դասին պատրաստվելիս և դասի ընթացքում ուշադիր եղեք հուշումներին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Լեքիի տեսիլքը

Նկար
Լեքիի երազը

Մի պահ նայեք Լեքիի տեսիլքը պատկերող այս նկարին: Նրանում պատկերված է ծառը, որը խորհրդանշում է Աստծո սերը և դրա պտուղը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով եկող օրհնությունները (տես Դեյվիդ Ա. Բեդնար, «Լեքիի երազը. ամուր բռնվեք ձողից», Ensign, հոկտեմբեր 2011, 32–37): Այն նաև որոշ լրացուցիչ տարրեր է պարունակում:

  • Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ այս նկարում:

  • Ի՞նչ կարող եք սովորել՝ նայելով նկարին:

Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) բացատրել է.

Դուք գուցե կարծեք, որ Լեքիի երազը կամ տեսիլքը ձեզ համար առանձնահատուկ նշանակություն չունի, բայց այդպես չէ: Դուք կաք այնտեղ․ մենք բոլորս ենք այնտեղ: (Բոյդ Ք. Փաքեր, «Գտնենք ինքներս մեզ Լեքիի երազում», Ensign կամ Լիահոնա, օգոստոս 2010թ., 22)

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Երկնային Հոր ուղղորդումը, որպեսզի հասկանաք, թե Լեքիի տեսիլքն ինչ կապ կարող է ունենալ ձեր կյանքի հետ: Փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ Փրկչի միջոցով ստանալ խոստացված ուրախությունը, ինչպես նաև իմանալ, թե ինչ խոչընդոտներից կարիք կլինի խուսափել կամ որոնք հաղթահարել:

Շատ մարդիկ առաջ են ընթանում

Իր երազում Լեքին «մարդկանց անհամար բազմություններ» տեսավ (1 Նեփի 8.21), որոնք փորձում էին ճանապարհ գտնել դեպի կենաց ծառը: Նրանք մի քանի տարրերի հանդիպեցին, որոնք թույլ չէին տալիս նրանց մոտենալ ծառին. խավարի մշուշները, երկաթե ձողը և մարդիկ մեծ ու ընդարձակ շենքում: Այս երեք տարրերը կարող եք տեսնել վերևի նկարում:

Ուսանողներին կարող եք առաջարկել ուսումնասիրելիս նկարել տեսիլքը իրենց սեփական պատկերացմամբ: Ուսանողները կարող են դասի ընթացքում մանրամասներ ավելացնել:

Ստորև ներկայացվող ընթերցանության վարժությունը շատ երկար է: Ինքնուրույն կարդալու դժվարություն ունեցող ուսանողներին առաջարկեք զույգերով կարդալ: Ուսանողներին խրախուսեք միմյանց հետ կիսվել մտքերով և տպավորություններով:

1 Նեփի 8.22–34 հատվածները կարդալիս փնտրեք այդ տարրերը և մտածեք, թե դրանք ինչ կարող են խորհրդանշել: Կարող եք դիտել նաև «Լեքին տեսնում է երկաթե ձող և նրանց, ովքեր հեռանում են» տեսանյութը (3:30), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ են խորհրդանշում Լեքիի տեսիլքի այս տարրերը:

Ավելի ուշ Նեփին տեսիլքում տեսավ, թե իր հայրն ինչ էր տեսել և մեկնաբանեց այդ խորհրդանիշները: Կարդացեք 1 Նեփի 12.17–18 հատվածները և գտեք, թե ինչ էր ուսուցանում Նեփին: Գրի առեք ձեր սովորածը:

Եթե ուսանողները նկարել են տեսիլքն իրենց պատկերացմամբ, կարող են նկարի վրա նշել, թե ինչ սովորեցին Նեփիի մեկնաբանությունից:

Որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել իրենց սովորածը և կիրառել այն իրենց կյանքում, կարող եք հետևյալ հարցերի նման հարցեր տալ.

  • Մեր օրերում ինչպե՞ս են արտահայտվում մեծ ու ընդարձակ շենքը և խավարի մշուշները:

  • Այդ խոչընդոտներն այսօր ինչպե՞ս են նպաստում նրան, որ մարդիկ շեղվեն իրենց ուղուց:

  • Ի՞նչ կարևոր բան իմացաք ձեր կյանքի ուղին հասկանալու համար:

Ուսանողների համար կարող է օգտակար լինել շարունակել խավարի մշուշների և մեծ ու ընդարձակ շենքի մասին քննարկումը, որին կարող են օգնել հետևյալ հարցերը.

  • Տերն ինչո՞ւ էր այդ խոչընդոտներն այս ձևով ներկայացրել:

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ էր մարդկանց մեծ մասը ձգտում մեծ ու ընդարձակ շենքում լինել:

Մտածեք ձեզ հանդիպող գայթակղությունների մասին, և ինչ ազդեցություն կարող է ունենալ հպարտությունը ձեզ վրա: Խորհեք, թե այդ գայթակղությունները ինչպես կարող են շեղել կամ խանգարել ձեզ մոտենալ Քրիստոսին և զգալ Աստծո սերը:

Ի՞նչ օգնություն է առաջարկում մեզ Աստված

Լեքիի տեսիլքում Աստված նաև ճանապարհներ էր պատրաստել, որոնցով օգնում էր իր զավակներին մոտենալ ծառին: Դեպի ծառը տանող «մի նեղ ու անձուկ արահետ» կար (1 Նեփի 8.20): Արահետից բացի Նա մի «երկաթե ձող» տվեց, որն ուղղորդում էր մարդկանց (1 Նեփի 8.19, 24, 30):

  • Ըստ ձեզ՝ ի՞նչն էր էական ձողի երկաթե լինելու մեջ:

Կարդացեք 1 Նեփի 15.23–25 հատվածները և բացահայտեք, թե ինչ էր ուսուցանում Նեփին ձողի նշանակության և դրա վերաբերյալ իր խոստումների մասին:

  • Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ այս հատվածներում:

Տեսիլքը նկարած ուսանողները կարող են ավելացնել արահետն ու երկաթե ձողը և գրել, թե ինչ է այն խորհրդանշում: Ուսանողներին առաջարկեք ամփոփել երկաթե ձողի մասին իրենց սովորածը, և ինչպես կարող է այն օգնել իրենց: Ստորև ներկայացվում է մի ճշմարտություն, որը կարող է օգտակար լինել:

Կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը, որ եթե ականջալուր լինենք և ամուր բռնենք Տիրոջ խոսքից, հակառակորդի գայթակղությունները չեն հաղթի մեզ:

  • Սուրբ գրություններում գրված և մարգարեների շուրթերից հնչող Տիրոջ խոսքը ինչպե՞ս կարող է անվտանգություն և ուժ տալ գայթակղության ժամին:

  • Ի՞նչ օրինակներ կան այն բանի համար, որ Աստծո խոսքը կարող է առաջնորդել մեզ՝ ստանալու այն օրհնություններն ու ուրախությունը, որ գալիս են Փրկչի Քավության միջոցով:

  • Այս ճշմարտությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Տիրոջ մասին:

Եթե ուսանողների համար օգտակար կլինի շարունակել քննարկումը երկաթե ձողի մասին, հետևյալ հարցերից մեկը կամ երկուսը գուցե օգտակար լինեն.

  • Ինչո՞ւ է Տերն Իր խոսքը երկաթե ձողով ներկայացրել:

  • Ի՞նչ կարող է նշանակել «ականջալուր լինել Աստծո խոսքին և … ամուր բռնել այն» (1 Նեփի 15.24):

  • Որո՞նք են այն մի քանի ձևերը, որոնցով կարող ենք կարդալ, լսել կամ ստանալ Աստծո խոսքը:

Տեսիլքը նկարած ուսանողները կարող են երկաթի ձողի վրա սուրբ գրությունների մի քանի հղում ավելացնել, որոնք անձամբ օգնում են նրանց չշեղվել ուղուց, հաղթահարել գայթակղությունները կամ ստանալ Փրկչի Քավության օրհնությունները: Եթե նրանց անհրաժեշտ է օգնություն սուրբ գրությունը գտնելու համար, նրանք կարող են «Աստծո խոսքը» արտահայտությունը պարունակող հղումներ փնտրել (Սուրբ գրքերի ուղեցույց, scriptures.ChurchofJesusChrist.org): Կարող եք դասարանի հետ կիսվել անձնական օրինակով կամ որևէ ուսանողի խնդրել կամավոր կիսվել սեփական օրինակով:

Այս դասն ավարտելու համար խորհեք, թե որտեղ եք դուք այդ տեսիլքում: Ինչպե՞ս եք եկել դեպի Փրկիչը և ինչպես եք շարունակում ձգտել դեպի Նա: Ի՞նչ շեղումների և գայթակղությունների եք հանդիպում: Ինչպե՞ս է Տերն օգնում ձեզ Իր խոսքի միջոցով:

Կարող եք գնահատել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր նպատակը, և ինչպես է այն օգնում ձեզ, ինչպես նաև նշել ցանկացած բարելավում կամ փոփոխություն, որ կցանկանայիք կատարել: Եթե ուսումնասիրության նպատակ չունեք, կարող եք մի քանի րոպե մտածել այդ ուղղությամբ: