Սեմինարիա
Մոսիա 19–20. «Աբինադիի խոսքերն իրականանում են»


«Մոսիա 19–20. «Աբինադիի խոսքերն իրականանում են»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 19–20», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 19–20

«Աբինադիի խոսքերն իրականանում են»

Նկար
Նոյ թագավոր

Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք երջանիկ ու անվտանգ լինեք: Ուրախություն և հոգևոր պաշտպանություն զգալու ձևերից մեկը Նրա մարգարեների ուսմունքներին և նախազգուշացումներին հետևելն է: Մերժելով Աբինադիին՝ Նոյ թագավորը և նրա ժողովուրդը զրկվեցին անվտանգության օրհնություններից և մեծ տառապանքներ կրեցին: Այս դասը կօգնի ձեզ ավելի մեծ ցանկություն զգալ՝ լսելու Տիրոջ մարգարեների նախազգուշացումները և ուսմունքները:

Պաշտպանություն վտանգից

Դիտեք հետևյալ նկարները և մտածեք, թե ինչ վտանգներ կամ վնասվածքներ կարող են կանխարգելել պատկերված առարկաները:

Նկար
անվտնագության բաճկոն, հեծանվորդի սաղավարտ, լեռնամագլցման պարագա
  • Այդ առարկաներն ի՞նչ վտանգից են պաշտպանում մեզ:

  • Ըստ ձեզ՝ որոշ մարդիկ ինչո՞ւ են որոշում անտեսել անվտանգության սարքավորումները կամ ուղեցույցները:

Ֆիզիկական վտանգներից բացի՝ հոգևոր վտանգները նույնպես մեր մահկանացու փորձառության մասն են կազմում: Քանի որ Տերը սիրում է մեզ, Նա կոչ է անում մարգարեներին մեզ ուղղորդումներ և գործիքներ տալ, որոնք կարող են օգնել մեզ ֆիզիկական, հոգևոր և հուզական անվտանգություն զգալ մեր կյանքի ընթացքում:

Մի պահ մտածեք, թե ինչ անվտանգություն է Տերն առաջարկում ձեզ Իր մարգարեների ու առաքյալների միջոցով: Հետևյալ հարցերը կարող են օգնել․

  • Որքա՞ն հաճախ եք դիմում Տիրոջ մարգարեներին ու առաքյալներին՝ որպես Նրա հոգևոր պաշտպանությունը ստանալու միջոց:

  • Ի՞նչ օրինակներ կան այն մասին, թե ինչպես է Տիրոջ մարգարեներին հետևելն օրհնում ձեզ:

Ուսումնասիրելու ընթացքում փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի մեծ ցանկությամբ փնտրել այն անվտանգությունն ու երջանկությունը, որոնք գալիս են Տիրոջ մարգարեին հետևելուց:

Նոյ թագավորի ժողովուրդը զգում է իր մեղքերի հետևանքները

Նկար
Աբինադին Նոյ թագավորի առջև

Հիշեք, որ Աբինադին ուղարկվել էր նախազգուշացնելու Նոյ թագավորի ժողովրդին նրանց ամբարշտության մասին, որպեսզի նրանք կարողանան խուսափել Տիրոջ դատաստանից: (Օգտակար կլինի կարդալ Աբինադիի նախազգուշացումներից մի քանիսը Մոսիա 11.20–25, 12.1–8 հատվածներում:)

Վերհիշեք, թե Նոյ թագավորն ու նրա ժողովուրդն ինչպես արձագանքեցին Աբինադիի նախազգուշացումներին՝ կարդալով Մոսիա 12.13–15, 17.11–20 հատվածները:

  • Ըստ ձեզ՝ Նոյն ու նրա քահանաներն ինչո՞ւ անտեսեցին Աբինադիի նախազգուշացումները:

  • Ի՞նչ օրինակներ գիտեք այն մասին, թե մեր օրերում մարդիկ ինչպես են անտեսում կամ մերժում մարգարեների ուսմունքները: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են նրանք անում դա։

Ինչպես Աբինադին մարգարեացել էր (տես Մոսիա 17.15–19), Տիրոջ խոսքը և ապաշխարության հրավերը մերժելուց հետո Նոյի ժողովուրդը դժվարին փորձությունների ենթարկվեց: Մոսիա 7 գլխի ուսումնասիրությունից գուցե կհիշեք, որ Աբինադիի մահից կարճ ժամանակ անց Զարահեմլայից եկող որոնողների խումբը, որոնց ղեկավարը Ամմոն անունով մի մարդ էր, հայտնաբերեց այս ժողովրդին: Նրանց հայտնաբերելու ժամանակ Նեփիի երկրում նեփիացիները գերի էին լամանացիներին:

Նկար
նկար, որում պատկերված են նեփիացիների արշավները՝ Նեփիի երկիրը վերանվաճելու նպատակով

Նրանց առաջնորդը Լիմքին էր՝ Նոյ թագավորի որդին: Մոսիա 7.24–29 հատվածում կարդացեք Լիմքիի խոսքերը և փնտրեք, թե նա ինչն էր համարում իրենց գերության պատճառը:

  • Ի՞նչ նկատեցիք այդ հատվածներում, որը կարող է օգնել մեկին, ով կարևոր չի համարում Տիրոջ մարգարեներին հետևելը:

  • Օգտվելով ձեր կարդացած նյութից՝ ի՞նչ մի քանի տարբերակներով կավարտեիք հետևյալ նախադասությունը, որը կիրառելի կլիներ մեր ժամանակների մարդկանց համար:

Մարգարեների միջոցով փոխանցված Տիրոջ խոսքերն անտեսելը կամ մերժելը բերում է …

Կարդացեք Մոսիա 19.3–21, 20.3, 21 հատվածները և փնտրեք մանրամասներ, որոնք ներկայացնում են հետևյալ ճշմարտությունը. Մարգարեների միջոցով փոխանցված Տիրոջ խոսքերն անտեսելը կամ մերժելը բերում է տառապանք և վիշտ:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Այդ հատվածներում հիշատակված անձանց տառապանքի կամ վշտի ի՞նչ ապացույցներ նկատեցիք:

    • Ի՞նչ սովորեցիք Տիրոջ մասին՝ այդ մարդկանց կրած տառապանքը տեսնելուց հետո, նաև իմանալով, որ Տերը մարգարե էր ուղարկել նրանց նախազգուշացնելու:

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդը խոսել է մի քանի օրհնությունների մասին, որոնք կարող ենք ստանալ, երբ ականջ դնենք Տիրոջ խորհրդին, որը նա մեզ է ուղարկում Իր մարգարեների միջոցով.

Պատմությունը ցույց է տվել, որ անվտանգություն, խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն ենք գտնում, երբ արձագանքում ենք մարգարեական խորհրդին: (Մ. Ռասսել Բալլարդ, «Նրա խոսքը դուք պետք է ընդունեք», Ensign, մայիս 2001թ., 65)

  • Ձեր կյանքից կամ սուրբ գրություններից ի՞նչ մի քանի օրինակներ կբերեք, որոնք հաստատում են նախագահ Բալլարդի խոսքերը:

Տիրոջ խորհուրդը ձեզ

Ինչպես հնագույն ժամանակներում, այնպես էլ այսօր մարգարեները մեզ են փոխանցում Տիրոջ խորհուրդը, նախազգուշացումները և խոստացված օրհնությունները: Այդ խորհուրդը կարող ենք գտնել, օրինակ, այստեղ՝ Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2022թ.):

Ժամանակ տրամադրեք և գրքույկից առնվազն մեկ թեմա ուսումնասիրեք: Ուսումնասիրելիս փնտրեք հետևյալը.

  1. Չափանիշներ, որոնցով Տերն առաջարկում է ձեզ ապրել

  2. Տիրոջ խորհուրդն անտեսելու հնարավոր հոգևոր վտանգները

  3. Խոստացված օրհնությունները՝ Տիրոջ հրահանգներին և նախազգուշացումներին ականջ դնելու համար

  1. Թվարկեք ձեր ուսումնասիրած թեման(երը) և պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Որո՞նք են այն մի քանի հավանական վտանգները, որոնք առաջ են գալիս ձեր ուսումնասիրած խորհուրդն անտեսելու արդյունքում:

    • Որո՞նք են մի քանի խոստացված օրհնությունները:

    • Այդ ուսմունքներին հետևելով՝ ինչպե՞ս կօգնեք ձեզ ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսին:

Մտածեք, թե ինչ սովորեցիք այսօր Տիրոջ մարգարեին հետևելու կարևորության մասին: Մտածեք, թե ինչպես կարող եք ավելի լավ հետևել մարգարեին, և ձեզ համար ինչու է կարևոր այդպես անելը: Ձեր մտքերն ու հոգևոր տպավորությունները գրանցեք ձեր ուսումնասիրությունների օրագրում: