Սեմինարիա
Մոսիա 18. Մկրտության ուխտը


«Մոսիա 18. Մկրտության ուխտը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 18» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 18

Մկրտության ուխտը

Նկար
պատանին մկրտվում է

Որոշ որոշումներ այնքան կարևոր են, որ կարող են ազդել մեր կյանքում ամեն ինչի վրա: Մկրտության արարողությամբ Աստծո հետ մկրտության ուխտ կապելը այդ որոշումներից մեկն է: Մորմոնի ջրերի մոտ Ալման իր ժողովրդին ուսուցանեց, թե ինչ ուխտ ենք կապում Աստծո հետ, երբ մկրտվում ենք: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ մկրտության ուխտը, և այն ինչպես կարող է ազդել Աստծո և ուրիշների հետ ձեր հարաբերությունների վրա:

Ձեր մկրտությունը

Այսօր ձեր ուսումնասիրությունը սկսելու համար մտածեք ձեր մկրտության մասին և փորձեք հիշել այդ օրվա մանրամասները: Եթե դեռ չեք մկրտվել, մտածեք, թե ինչ գիտեք մկրտության մասին կամ ինչ հիշողություններ ունեք մի մկրտությունից, որին ներկա եք եղել:

  • Ի՞նչ հաճելի հիշողություններ ունեք այդ օրվանից: Ինչպե՞ս եք ձեզ զգացել:

  • Մկրտվելու ձեր որոշումն ինչպես է ազդել Աստծո և այլ մարդկանց հետ ձեր հարաբերությունների վրա:

Ալման ուսուցանում է Աբինադիի խոսքերը

Նկար
Աբինադին Նոյ թագավորի առաջ

Մոսիա 18 գլուխը ներառում է Ալմայի պատմությունը, որը ժամանակին Նոյ թագավորի քահանաներից մեկն էր և Աբինադիի խոսքերն ուսուցանում էր ուրիշներին: Ալման ստիպված էր գաղտնի ուսուցանել, քանի որ Նոյ թագավորը ցանկանում էր սպանել նրան Հիսուս Քրիստոսի մասին Աբինադիի վկայությանը հավատալու համար:

Կարդացեք Մոսիա 18.1–7 հատվածները և փնտրեք, թե ինչ էր ուսուցանում Ալման ժողովրդին:

  • Աբինադիի վկայությունը լսելուց հետո Ալման ի՞նչ էր ուսուցանում Փրկչի մասին:

  • Ըստ ձեզ՝ Ալման ինչո՞ւ որոշեց ուսուցանել այն, ինչ նա անում էր այս հատվածներում:

Մկրտության ուխտը

Մարդկանց Հիսուս Քրիստոսի միջոցով փրկագնման մասին ուսուցանելուց հետո Ալման ուսուցանում էր մկրտության կարևորության մասին: Նրա ուսմունքներից կարող ենք իմանալ, որ երբ մենք մկրտվում ենք, մենք ուխտ ենք կապում Աստծո հետ: Շարունակելով ուսումնասիրել Ալմայի ուսմունքները՝ խորհեք, թե ինչ գիտեք մկրտության պահին մեր կապած ուխտի և ամեն անգամ հաղորդություն ընդունելիս այն նորացնելու մասին, ինչպես նաև տվեք ձեր ունեցած ցանկացած հարց: Աղոթքի միջոցով ձգտեք ավելի լավ հասկանալ, թե այս ուխտն ինչպես կարող է ազդել Աստծո և ուրիշների հետ ձեր հարաբերությունների վրա:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը բացատրել է, թե ինչ է ուխտը.

Ուխտը համաձայնություն է Աստծո և մարդու միջև, որի պայմանները սահմանված են Աստծո կողմից (տես Աստվածաշնչի բառարանը, «Ուխտ», 651): Այս աստվածային համաձայնություններում Աստված պարտավորվում է աջակցել, սրբագործել և վեհացնել մեզ՝ Իրեն ծառայելու և Իր պատվիրանները պահելու մեր հանձնառության դիմաց (Դ. Թոդ Քրիսթոֆերսոն, «Ուխտերի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009թ., 20):

Մոսիա 18.8–10 հատվածներում Ալման նկարագրել է մկրտություն ուխտը: Կարդացեք Մոսիա 18.8–10 հատվածը և նշեք, թե ինչ ենք մենք պարտավորվում կատարել, երբ մկրտվում ենք, և մեկ այլ գույնով կամ ձևով նշեք, թե ինչ օրհնություններ է առաջարկում մեզ Երկնային Հայրը:

Մոսիա 18.8–10 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են: Կարող եք առանձնահատուկ ձևով նշել վարդապետության սերտման հատվածները, որպեսզի հեշտությամբ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք կիրառելու այս հատվածում ուսուցանված վարդապետությունը որևէ հարցի կամ իրավիճակի համար:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում՝ «սգալ նրանց հետ, ովքեր սգում են» և «մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (հատված 9):

  • Ի՞նչ եղանակներով կարող ենք «կանգնել որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (հատված 9): Ո՞ւմ գիտեք, որը դրա կատարման լավ օրինակ է հանդիսանում:

  • Նկատե՞լ եք, թե Աստված ինչպես է մկրտության միջոցով մեզ տված Իր խոստումներով օրհնում ձեզ կամ ուրիշներին:

Պահեք ձեր մկրտության ուխտը

Որպեսզի տեսնեք, թե ինչպես կարելի է ավելի լավ պահել մկրտության ուխտը, կարող եք դիտել հետևյալ տեսանյութերը և փնտրել խոստումները պահելու օրինակներ, ինչպես նկարագրել է Ալման Մոսիա 18.8–10 հատվածներում: Տեսանյութերը հասանելի են այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

Ընտրեք մկրտության ժամանակ մեր տված խոստումներից առնվազն մեկը, որն Ալման նկարագրել է Մոսիա 18.8–10 հատվածներում: Օրինակ՝ կարող եք ընտրել «կրել մեկը մյուսի բեռը» (հատված 8) կամ «պահել նրա պատվիրանները» (հատված 10):

  1. Գրի առեք, թե որ խոստումն(ներ)ի վրա եք նախընտրում կենտրոնանալ և պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երեքին.

    • Պատանիներն ի՞նչ ձևերով կարող են պահել այդ խոստումը:

    • Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն ինչո՞ւ է ներառել այն որպես մեր մկրտության ուխտի մաս:

    • Փրկիչն ինչպե՞ս է օրինակով ցույց տվել, թե ինչպես պահել այդ խոստումը:

    • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը պահել այդ խոստումը: Ի՞նչ եք դուք սովորել այդ փորձառություններից:

Ժամանակ հատկացրեք և ձեր օրագրում գրեք, թե ըստ ձեզ, ինչպես եք պահում մկրտության խոստումները, որոնք Ալման նկարագրել է Մոսիա 18.8–10 հատվածներում: Ի՞նչ հաջողությամբ եք պահել այդ խոստումներից մի քանիսը: Ո՞ր իրավիճակներում կարող եք ավելի գիտակցորեն պահել դրանցից մեկը: Ըստ ձեզ՝ դա ինչպե՞ս կազդի Տիրոջ և այլ մարդկանց հետ ձեր ունեցած հարաբերության վրա, եթե այդպես վարվեք: