2023
Առաքյալները և մարգարեները ծառայում են աշխարհասփյուռ սրբերին
Նոյեմբեր 2023


«Առաքյալները և մարգարեները ծառայում են աշխարհասփյուռ սրբերին», Լիահոնա, նոյ. 2023։

Եկեղեցու նորությունները

Առաքյալները և մարգարեները ծառայում են աշխարհասփյուռ սրբերին

Հուլիսին` Ներման համաշխարհային օրը, Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը սոցիալական ցանցերում կիսվել է ներման մասին ուղերձով: «Ներումը մեկանգամյա գործողություն չէ, այլ շարունակական գործընթաց, որը պահանջում է համբերություն, կարեկցանք և ըմբռնում», - ասել է նա: «Միշտ չէ, որ հեշտ է ներել նրանց, ովքեր վիրավորել են ձեզ։ Դուք կարող եք ուժ ստանալ Հիսուս Քրիստոսից»:

Նախագահ Դալլին Հ. Օուքսը, Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, մայիսի 21-ի հոգևոր հավաքի ժամանակ աշխարհասփյուռ երիտասարդներին հորդորեց պահպանել հավերժական հեռանկարը՝ այսօրվա «սթրեսային ժամանակների միջով անցնելիս»:

«Ինչպիսին էլ որ լինեն մեր սեփական տատանումները մեր Երկնային Հոր ստեղծագործությունների բազմազանության մեջ, Նա սիրում է մեզ բոլորիս, և երջանկության Նրա կատարյալ ծրագիրը տեղ ունի բոլորի համար», - ասել է նախագահ Օուքսը: «Մենք ցույց ենք տալիս մեր սերը Նրա հանդեպ՝ պահելով Նրա պատվիրանները և սերը Նրա զավակների հանդեպ»:

Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության երկրորդ խորհրդականը, խրախուսել է Վերջին Օրերի Սրբերին, որոնք օգոստոսի 13-ին ներկա էին Սարատոգա Սփրինգսի (Յուտա) տաճարի նվիրագործմանը, որպեսզի նրանք հավատքով ու եռանդով արձագանքեն Տիրոջ նոր տանը:

Եկեղեցու անդամներին «տրվել է այս տաճարը՝ որպես Տիրոջ վստահության … և Նրա համոզվածության նշան առ այն, որ [նրանք] կարձագանքեն ավելի մեծ հավատքով ու եռանդով», - ասել է նախագահ Այրինգը: «Այս տաճարն այն վայրն է, որտեղ դուք կարող եք ավելի հաճախ հիմնվել տաճարային ուխտերի զորությունների վրա: Նա գիտի ձեր սիրտը: Նա գիտի բարձրանալու և ավելի արդար ժողովուրդ դառնալու ձեր ցանկությունը, ճիշտ այնպես, ինչպես աշխարհն է դառնում ավելի խառնաշփոթ ու մեղսավոր»:

Երբ անդամները խոսեն և կիսվեն Վերականգնման ուղերձով, մյուսները կզգան նրանց խոսքերի ճշմարտացիությունը, ասել է Նախագահ Մ. Ռասել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը: «Աշխարհի պատմության մեջ ամենաուշագրավ բանը տեղի է ունեցել Սրբազան պուրակում 1820 թվականին», - ասել է նա: «Երկինքները բացվեցին»:

Խոսելով անդամների և միսիոներների հետ Տորոնտոյում (Օնտարիո)՝ ապրիլին, նախագահ Բալլարդը վկայություն բերեց Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման մասին: «Հավանաբար ինչ-որ բան է թափանցել նրա էություն մեջ՝ նրա գլխի պսակից մինչև նրա ոտքերի ներբանները, երբ նա լսեց, թե ինչպես է մեր Երկնային Հայրը կանչում իր անունը. «Ջոզեֆ, սա է Իմ սիրելի Որդին: Լսիր Նրան» (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17): Դա մեր ուղերձն է», - ասաց նա միսիոներներին:

Ապրիլին Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը այցելեց Ֆրանսիա, Եգիպտոս և Իսրայել: Նա մասնակցեց Եգիպտոսի հաղորդության ժողովներին, խոսեց Բրիգամ Յանգ համալսարանի Երուսաղեմի կենտրոնի ուսանողների հետ և այցելեց սուրբ վայրեր:

«Բառերով հնարավոր չէ արտահայտել այն ուրախալի զգացումը, որ Տերն ինձ շնորհել է լինել Իր աշակերտներից մեկն այս պահին», - ասել է նա: «Իհարկե, մենք բոլորս պետք է աշակերտներ լինենք, և պետք է ապրենք մեր կապած ուխտերին համապատասխան:

«Բայց այստեղ լինելը և որպես աշակերտ վկայություն տալը, ինչպես առաքյալներն էին անում հին ժամանակներում, մի բան է, որը ջերմացնում է իմ սիրտը և բարձրացնում ինձ այնպիսի ոլորտների մեջ, որոնք աներևակայելի են: Եվ խոնարհության մեծ զգացումով ես զգում եմ, որ Տերը վստահում է ինձ՝ լինելու Իր և Նրա անվան վկան: Ինչ ուրախություն էր քայլել այնտեղ, որտեղ ապրում ու քայլում էին մեր առաքյալները»:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը օգոստոսի 26-ին նվիրագործեց Ջոզեֆ և Էմմա Սմիթների վերականգնված տունը Կիրթլենդում (Օհայո): Երեց Բեդնարն ասաց մոտ 300 հոգուց բաղկացած խմբին, նաև համայնքի բարձրաստիճան պաշտոնյաներին ու կրոնական առաջնորդներին. «Այս տունը շատ ավելին է, քան պատմական հետաքրքրություն ներկայացնող շինություն: Այս տունն իսկապես Ջոզեֆ և Էմմա Սմիթների տունն էր, այն վայրը, որտեղ նրանք միասին ապրել են իրենց կյանքի ամենաերկար ժամանակը՝ մինչև Ջոզեֆի մահը»:

Երեց Քվենթին Լ. Քուքը օգոստոսին ելույթ ունեցավ Բրիգամ Յանգ Համալսարանի տարեկան համաժողովին: Նա նշեց, որ մտավոր հասունացման մասնագետներն առաջարկել են, որ միսիայում ծառայելը ապահովում է ուսման հասունացման գործընթաց, որը նախապատրաստում է բարձրագույն կրթությանը:

ԲՅՀ ուսանողների ավելի քան երկու երրորդը ծառայել է միսիայում, ասաց Երեց Քուքը: «Կախված կիսամյակից՝ դա ավելի քան 21000 վերադարձած միսիոներ է: Մտածեք այն ուժի մասին, որ ԲՅՀ-ի այս ուսանողները տարածել են ամբողջ աշխարհում: Իր հերթին, մտածեք, թե ինչպես են նրանց առաքելության փորձառությունները ուժեղացնում ուսումնական միջավայրն այս համալսարանում»:

Մայիսին Նոր Զելանդիա և Ավստրալիա կատարած այցի ժամանակ Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը հրավիրեց Նոր Զելանդիայի Վերջին Օրերի Սրբերին նախապատրաստվել Օքլենդի տաճարի նվիրագործմանը 2024 թվականին՝ դառնալով ավելի սուրբ և Քրիստոսանման:

Նա խնդրեց նրանց հարցնել իրենց. «Ի՞նչ կարող եմ ես անել՝ ինձ ավելի սուրբ անձնավորություն դարձնելու համար, և ինձ՝ որպես ավելի լավ նվեր, մատուցելու Տիրոջը՝ նվիրագործման այդ օրը»:

Երեց Նիլ Լ. Անդերսենը վկայել է Հիսուս Քրիստոսի մասին սեպտեմբերին Ասիայում կատարած հանձնարարության ժամանակ: «Որպես Տիրոջ առաքյալի իմ փորձառությունները ինձ վկայություն են տվել, որ Հիսուսը Քրիստոսն է, և որ Նա առաջնորդում է Իր աշխատանքը այս երկրի վրա Իր մարգարեի և Իր առաքյալների միջոցով», - ասել է նա: Երեց Անդերսենը Եկեղեցու՝ Ասիայի հյուսիսային տարածաշրջանում էր, որպեսզի հանդիպեր և սպասավորեր Կորեայի, Մոնղոլիայի և Ճապոնիայի Վերջին Օրերի Սրբերին:

Ապրիլի 22-ին երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը հանդիպեց Հարավային Աֆրիկայի փոխնախագահ Փոլ Մաշաթիլի հետ, որը պաշտոնով երկրորդն է՝ Հարավային Աֆրիկայի նախագահից հետո: Սա առաջին դեպքն է, երբ Եկեղեցու ղեկավարը Հարավային Աֆրիկայում հանդիպում է այս բարձրաստիճան պետական պաշտոնյայի հետ:

Ղեկավարներն անդրադարձան այն եղանակներին, որոնցով Եկեղեցին օգնել է թեթևացնել մարդկային տառապանքը և հզորացնել Հարավային Աֆրիկայի ժողովրդին՝ 2018 թվականից ի վեր տրամադրելով 240 միլիոն Ռ (ավելի քան 13 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ օգնություն: Նվիրատվությունները տատանվում են՝ սկսած աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելուց մինչև երիտասարդների զբաղվածության նախաձեռնությունները, ապրուստի միջոցներով գյուղատնտեսության ծրագրերին և գենդերային բռնության միջամտություններին ցուցաբերած օգնությունները:

Երեց Ռասբանդն ասաց, որ հույս ունի, որ այս ջանքերը ցույց են տալիս, որ Եկեղեցին «այստեղ է երկարաժամկետ հեռանկարում: Մենք դա անում ենք՝ հետևելով Տիրոջ երկու մեծ պատվիրաններին՝ սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորներին»:

Սեպտեմբերին Իսլանդիա, Շոտլանդիա և Անգլիա կատարած այցի ժամանակ Երեց Գարի Ի. Սթիվենսոնն ընդգծեց, որ Վերջին Օրերի Սրբերը պետք է լինեն «մեկ սրտի և մեկ մտքի» (Մովսես 7.18)՝ «կյանքով կենտրոնացած Հիսուս Քրիստոսի վրա», և անեն հնարավոր ամեն բան՝ Նրան հետևելու համար: Իր կնոջ՝ Լեսայի ուղեկցությամբ երեց Սթիվենսոնը սեպտեմբերի 7-ին այցելեց Ռեյկյավիկ (Իսլանդիա), ապա սեպտեմբերի 9-10-ը մեկնեց Էդինբուրգ (Շոտլանդիա) և Նորթհեմփթոն (Անգլիա):

Օգոստոսի 22-ին Բրիգամ Յանգ Համալսարանի Կրթական շաբաթվա ընթացքում Մարիոթ կենտրոնում տեղի ունեցած մի հոգևոր արարողության ժամանակ Երեց Դեյլ Գ. Ռենլանդը ընդլանված քարոզ կարդաց այն մասին, թե ինչպես են համագործակցում դիտողունակությունը, բանականությունը և հավատքը, որպեսզի հեշտացնեն հայտնությունը: Առանձին դիտողունակությունը, բանականությունը և հավատքը վստահելի չեն, ուսուցանեց երեց Ռենլանդը: Այս եռյակը պետք է միասին աշխատի։

«Հավատքը «առանց գործերի» [Հակոբոս 2.20] չի ուժեղանա: Հավատքը կաճի միայն դիտողունակության և դատողությունների միջոցով՝ զուգորդված այլ հոգևոր աշխատանքի հետ: Բացի այդ՝ դիտողունակությունը, բանականությունը և հավատքը հաճախ նախապայման են ոչ միայն անձնական հայտնություն ստանալու, այլև այդ հայտնությունը հասկանալու համար»:

Հունիսի 15-ին երեց Ջերիթ Վ. Գոնգը հանդիպել է Գանայի Հանրապետության ազգային Գլխավոր Իմամ և Մեծ Մուֆթի Նորին Սրբություն Շեյխ Օսման Նուհու Շարուբուտուի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ակրայի Մեծ Մուֆթիի նստավայրում։

Երեց Գոնգը կիսվել է, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին արժևորում մեր առաջին ծնողներին՝ Ադամին և Եվային, ինչպես անում են մուսուլմանները. «Մենք նույնպես հավատում ենք, որ գալիս ենք նույն ծնողներից և պետք է ներդաշնակ ապրենք՝ որպես մեկ ընտանիք»: Երեց Գոնգը նշեց, որ մենք առաջնորդվում ենք Աստծո մարգարեի՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից, որի ուսմունքները նման են Իմամի ուսմունքներին: «Մեր մարգարեն ուսուցանում է մեզ թույլ տալ, որ Աստված տնօրինի, որ մենք բոլորս պետք է խաղաղարարներ լինենք, որ մենք պետք է օգնենք մեր երիտասարդներին կրթություն և ուսուցում ստանալ, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել կյանքում, նաև ուսուցանում է մեզ հզորացնել կանանց և մեր աճող սերնդին: Սրանք այն ամենն են, ինչ ես այսօր լսել եմ ձեզանից»։

Երեց Ուլիսես Սոարեսը հունիսին տասնօրյա ճամփորդություն կատարեց դեպի Չիլի, Ուրուգվայ և Արգենտինա: Արգենտինայում նրա անցկացրած ժամանակը ներառում էր՝ ելույթ միջկրոնական համաժողովում, հարցազրույց արգենտինացի նշանավոր լրագրողի հետ և սպասավորություն Եկեղեցու անդամներին:

«Խաղաղությունը սկսվում է յուրաքանչյուր մարդու եզակիության նկատմամբ հարգանքից», - ասաց երեց Սոարեսը Բուենոս Այրեսում դիմելով Միջկրոնական և միջմշակութային երկխոսության համաշխարհային կոնգրեսի մասնակիցներին: «Մարդկային արժանապատվության գաղափարը կարող է տարբերվել մշակույթից մշակույթ, բայց այն գործում է որպես հաստատուն մեծություն՝ անկայուն և փոփոխվող աշխարհում: Մարդու իրավունքները հարթեցնում են արտոնությունների, հարստության և հնարավորությունների անհավասարակշռությունը: Եվ այդ իրավունքները պետք է համընդհանուր կիրառվեն»։