2023
Եղեք Քրիստոսի խաղաղ հետևորդներ
Նոյեմբեր 2023


13:48

Եղեք Քրիստոսի խաղաղ հետևորդներ

Ես վկայում եմ, որ «Քրիստոսի խաղաղ հետևորդները» կգտնեն անձնական խաղաղություն այս կյանքում և փառահեղ վերամիավորում՝ երկնքում:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ «Քրիստոսի խաղաղ հետևորդները»1 բախվում են առանձնահատուկ մարտահրավերների: Նրանք, ովքեր հավատում են, խոնարհաբար երկրպագում և վկայում են Հիսուս Քիստոսի մասին, միշտ ունեցել են փորձություններ, դժբախտություն և ձախորդություններ:2 Ես և կինս` Մարին, բացառություն չենք: Անցյալ մի քանի տարիների ընթացքում մենք տեսանք, թե ինչպես մեր մտերիմ ուսանողական ընկերներից, միսիոներական զուգընկերներից, նրանց թանկագին կողակիցներից մի քանիսը, ինչպես նաև նախկին աշխատանքային ընկերներից շատերը հեռացան կյանքից, կամ ինչպես Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ասում, անցան վարագույրի մյուս կողմը: Մենք տեսանք, որ հավատքով և համոզմունքով մեծացած շատ անդամներ հեռացան ուխտի արահետից:

Ցավոք, մենք կորցրինք մեր 23 տարեկան թոռնիկին ողբերգական ավտովթարի պատճառով: Մի քանի սիրելի ընկերներ, ընտանիքի անդամներ և գործընկերներ ունեցել են լուրջ առողջական խնդիրներ:

Երբ փորձություններ են պատահում, մենք սգում ու ձգտում ենք կրել միմյանց բեռները:3 Մենք տրտնջում ենք անկատար մնացած բաների և չերգված երգերի համար:4 Վատ բաներ են պատահում լավ մարդկանց հետ այս մահկանացու ճամփորդության ընթացքում: Մաուիի ավերիչ հրդեհները Հավայան կղզիներում, Հարավային Չիլիում և Կանադայում սարսափելի դեպքերի օրինակներ են, որոնց երբեմն բախվում են լավ մարդիկ:

Թանկագին Մարգարիտ գրքում մենք կարդում ենք, որ Տերը Աբրահամին բացահայտեց հոգիների հավերժական բնույթը: Աբրահամն իմացավ մեր նախաերկրային կյանքի, նախասահմանվածության, Արարման, Քավիչի ընտրության և այս մահկանացու կյանքի մասին, որը մարդու երկրորդ վիճակն է:5 Քավիչը հայտարարել է.

«Մենք կստեղծենք մի երկիր, որի վրա սրանք կկարողանան բնակվել:

Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց»:6

Այժմ մենք բոլորս այստեղ ենք՝ դեպի փառքի արքայություն առաջընթացի մեր ճամփորդության երկրորդ աստիճանում՝ որպես Աստծո փրկության և վեհացման մեծ ծրագրի մաս: Մենք օրհնված ենք ազատ կամքով և ենթակա ենք մահկանացու կյանքի փորձություններին: Սա այն ժամանակն է, որը հատկացված է մեզ՝ Աստծո հետ հանդիպմանը պատրաստվելու համար:7 Մենք օրհնված ենք՝ իմանալով Հիսուս Քրիստոսի և ծրագրում Նրա դերի մասին: Մենք արտոնություն ունենք դառնալու Նրա վերականգնված Եկեղեցու` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ: Որպես Քրիստոսի խաղաղ հետևորդներ, մենք ձգտում ենք ապրել Նրա պատվիրաններով: Երբեք հեշտ չի եղել Նրա հետևորդների համար: Ոչ էլ Փրկչի համար է հեշտ եղել հավատարմությամբ կատարել Իր մահկանացու առաքելությունը:

Սուրբ գրությունները հստակ են` շատերը կենթարկվեն՝ «կերեք, խմեք և զվարճացեք, քանզի վաղը մենք մեռնելու ենք» մոտեցմանը:8 Մյուս անհավատները նահանջում են համախոհ մասնակիցների մռայլ անկլավներ, ովքեր պաշտպանում են «հաջորդ նոր բանը»9 և մարդկանց փիլիսոփայությունները:10 Նրանք չգիտեն, թե որտեղ գտնեն ճշմարտությունը:11

Քրիստոսի խաղաղ հետևորդները չեն հետևում այլ ուղիների: Մենք ջերմ, զբաղված անդամներ ենք այն համայնքներում, որտեղ ապրում ենք: Մենք սիրում ենք, կիսվում և հրավիրում ենք Աստծո բոլոր զավակներին հետևել Քրիստոսի ուսմունքներին:12 Մենք հետևում ենք մեր սիրելի մարգարե Նախագահ Նելսոնի խորհրդին. մենք ընտրում ենք խաղաղարարի դերը այժմ և միշտ:13 Այս ոգեշնչված մոտեցումը համահունչ է՝ թե սուրբ գրություններին, թե մարգարեական ուղղորդմանը:

1829 թվականին վերականգնված եկեղեցին դեռևս կազմավորված չէր, և Մորմոնի Գիրքը դեռ էր հրատարակված չէր: Աստծո Հոգուց ներգործված պայքարող մարդկանց մի փոքրիկ խումբ հետևեց մարգարե Ջոզեֆ Սմիթին: Տերը Ջոզեֆին խորհուրդ հայտնեց դժվար ժամանակների համար. «Մի վախեցիր, փոքրիկ հոտ. բարիք գործիր. թող երկիրն ու դժոխքը միանան քո դեմ, քանզի, եթե դու կառուցված ես իմ վեմի վրա, նրանք չեն կարող գերիշխել»:14 Նա նաև խորհուրդ է տվել նրանց.

«Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք:

… Հավատարիմ եղեք, պահեք իմ պատվիրանները և դուք կժառանգեք երկնքի արքայությունը»:15

Պարզ է, որ մեր երկնային ճակատագիրը չի փոխվում, երբ մենք տառապում ենք ձախորդությունից: Եբրայեցիներին ուղղված գրքում մեզ խորհուրդ է տրվում «համարձակությունով մոտենանք շնորհքի գահին, որ ողորմություն ընդունենք և շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու»:16 Հիսուս Քրիստոսը «հավիտենական փրկության հեղինակն է»:17

Ես սիրում եմ Մորմոնի խոսքերը, որոնք մեջբերված են նրա որդի Մորոնիի կողմից, որոնք գովաբանում են «Քրիստոսի խաղաղ հետևորդներին … մարդկանց զավակների հետ իրենց խաղաղ ընթացքի համար»:18

Մեզ և Եկեղեցու այն անդամներին, որոնք ձգտում են լինել «Քրիստոսի խաղաղ հետևորդները», մի ավելի պայծառ օր է սպասվում, երբ մենք կենտրոնանանք մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի վրա: Փորձությունները մահկանացու կյանքի մասն են և պատահում են յուրաքանչյուրի հետ ողջ աշխարհում: Սա ներառում է մեծ հակասությունները երկրների և անհատների միջև:

Եկեղեցու ղեկավարներին հաճախ հարցնում են. «Ինչո՞ւ է արդար Աստվածը թույլ է տալիս, որ վատ բաներ պատահեն, հատկապես բարի մարդկանց» և «Ինչո՞ւ արդարակյաց և Տիրոջ ծառայությունը կատարող մարդիկ պաշտպանված չեն նման ողբերգություններից»:

Մենք չգիտենք բոլոր պատասխանները. սակայն մենք գիտենք կարևոր սկզբունքներ, որոնք մեզ թույլ են տալիս դիմակայել փորձություններին, նեղություններին և դժվարություններին՝ հավատքով և վստահությամբ դեպի պայծառ ապագա, որը սպասվում է մեզանից յուրաքանչյուրին: Սուրբ գրություններում չկա ավելի լավ օրինակ ձախորդությունների միջով անցնելու վերաբերյալ, քան մարգարե Ջոզեֆ Սմիթին ուղղված Տիրոջ խոսքը, երբ նա բանտարկված էր Լիբերթիի բանտում:

Տերը մասնավորապես հայտարարել է․

«Եթե դժոխքի ծնոտները լայն բացեն երախը, որպեսզի քեզ կուլ տան, իմացիր, որդի՛ս, որ այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար։

Մարդու Որդին իջել է այդ ամենից ցած: Մի՞թե դու ավելի մեծ ես, քան նա:

… Մի վախեցիր նրանից, ինչ կարող է անել մարդը, քանզի Աստված քեզ հետ կլինի հավիտյանս հավիտենից»:19

Պարզ է, մենք ունենք Երկնային Հայր, որը գիտի և սիրում է մեզ անձնապես և կատարելապես հասկանում է մեր տառապանքը: Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչն ու Քավիչն է։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը և նախագահ Մ. Ռասսել Բալլարդը հատկապես ընդգծեցին Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի երկրորդ նոր հրատարակության կարևորությունը:20 Ես կիսում եմ նրանց ոգևորությունը: Այս նոր հրատարակությունը, խորացնելով սուրբ գրության միտքը, զորեղ կերպով հռչակում է.

«Իր քավիչ զոհաբերության ընթացքում Հիսուս Քրիստոսը Իր վրա վերցրեց մեր ցավերը, հիվանդությունները և թուլությունները: Սրա շնորհիվ Նա գիտի «ըստ մարմնի ինչպես սատարել իր ժողովրդին ըստ իրենց թուլությունների» (Ալմա 7.12, տես նաև հատված 11): Նա հրավիրում է. «Ինձ մոտ եկեք», և երբ մենք գալիս ենք, նա տալիս է մեզ հանգստություն, հույս, ուժ, հեռանկար և բժշկում (Մատթեոս 11.28, տես նաև հատվածներ 29–30):

«Երբ մենք ապավինենք Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը, նա կարող է օգնել մեզ դիմակայել փորձություններին, հիվանդություններին և ցավին: Մենք կարող ենք լցված լինել ուրախությամբ, խաղաղությամբ և մխիթարությամբ: Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է դառնալ ճիշտ՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով»։21

Մենք կարող ենք ուրախությամբ լինել Քրիստոսի խաղաղ հետևորդներ:

Մեր Հոր երջանկության ծրագիրը Իր զավակների համար ընդգրկում է ոչ միայն նախամահկանացու և մահկանացու կյանքը, այլև հավերժական կյանքը՝ ներառյալ մեծ ու փառավոր վերամիավորումը նրանց հետ, ում մենք կորցրել ենք: Ամեն սխալ կշտկվի, և մենք կտեսնենք կատարյալ պարզությամբ, անաղարտ համայնապատկերով և հասկացողությամբ:

Եկեղեցու ղեկավարները համեմատել են այս տեսանկյունը այն մարդու հետ, որը մուտք է գործում երեք գործողությամբ պիեսի կեսից:22 Հոր ծրագրի մասին գիտելիք չունեցողները չեն հասկանում, թե ինչ է կատարվել առաջին գործողությունում, (կամ նախամահկանացու կյանքում) և այնտեղ հաստատված նպատակները, չեն հասկանում նաև այն պարզաբանումն ու լուծումը, որ գալիս է երրորդ գործողության ժամանակ, որը Հոր ծրագրի փառահեղ իրագործումն է:

Շատերը չեն հասկանում, որ Նրա սիրառատ ու բազմակողմանի ծրագրի ներքո ոչ իրենց սեփական մեղքով ձախորդություններ կրած մարդիկ, ի վերջո, չեն տուժում:23

Սուրբ գրությունները հստակ են. Քրիստոսի խաղաղ հետևորդները որոնք արդար են, հետևում են Փրկչին և պահում Նրա պատվիրանները, կօրհնվեն: Ամենակարևոր սուրբ գրություններից մեկը նրանց համար, ովքեր արդարակյաց են, անկախ իրենց կյանքի հանգամանքներից, իր ժողովրդին ուղղված թագավոր Բենիամինի ուղերձի մի մասն է: Նա խոստանում է, որ նրանք, ովքեր հավատարմությամբ պահում են պատվիրանները, օրհնված են բոլոր բաներում այս կյանքում և «ընդունվում են երկնքում … [և] բնակվում Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում»:24

Մենք գիտենք, որ գրեթե բոլորս ենք տարել ֆիզիկական և հոգևոր փոթորիկներ մեր կյանքում, որոնցից մի քանիսը կործանարար են եղել: Սիրառատ Երկնային Հայրը և Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը, որն Իր վերականգնված Եկեղեցու ղեկավարն է, տվել են մեզ սուրբ գրություններ և մարգարեներ: Նրանք նախապատրաստում, զգուշացնում են մեզ վտանգների մասին և տալիս են առաջնորդություն՝ պատրաստվելու և մեզ պաշտպանելու համար: Որոշ ուղղորդումներ պահանջում են անմիջական գործողություններ, իսկ մի քանիսը տալիս են պաշտպանություն ապագայի շատ տարիների համար: Վարդապետություն և Ուխտերի բաժին 1-ում Տիրոջ նախաբանը հորդորում է մեզ «ուշք դարձնել մարգարեների խոսքերին»:25

Բաժին 1-ը նաև նախազգուշացնում է մեզ. «Պատրաստվեք, պատրաստվեք այն բանի համար, որը պետք է գա»:26 Տերն Իր ժողովրդին հնարավորություն է տվել պատրաստվելու նրա համար, ինչը պիտի գա:

1847թ. հուվարի 14-ին Վինթեր Քորթերզում Տերը մի հզոր հայտնություն է տվել Նախագահ Բրիգամ Յանգին:27 Այդ հայտնությունը մի դասական օրինակ է Տիրոջ մասին, որը նախապատրաստում է ժողովրդին գալիք բաների համար: Հավատարիմ Սրբերը սկսել էին իրենց արտագաղթը դեպի Սոլթ Լեյքի հովտի լեռնային սրբավայր: Նրանք հաջողությամբ կառուցել էին Նավուի Տաճարը և ստացել սրբազան փրկող արարողություններ: Նրանք դուրս էին քշվել Միսսուրիից, և մի սոսկալի ձմեռվա ընթացում հալածողները նրանց վտարել էին Նավուից: Բրիգամին տրված հայտնությունը գործնական խորհուրդ էր, թե ինչպես պատրաստվել արտագաղթին: Տերը հատուկ շեշտը դրեց աղքատների, այրիների, որբերի և մորմոնների գումարտակում ծառայողների ընտանիքների մասին հոգալու վրա, երբ Սրբերի հիմնական մասը շարունակում էր իրենց վտանգավոր ճամփորդությունը:

Բացի արդար ապրելու այլ խորհուրդ տալուց՝ Տերը շեշտեց երկու այլ սկզբունքներ, որոնք շարունակում են կիրառելի լինել այսօր:

Նախ՝ Նա քաջալերեց նրանց. «Գովք ասա Տիրոջը՝ երգելով, երաժշտությամբ, պարելով և փառաբանության աղոթքով ու գոհաբանությամբ»:28

Երկրորդ՝ Տերը խորհուրդ տվեց .«Եթե տխուր ես, աղաչանքով կանչիր առ Տերը քո Աստվածը, որպեսզի հոգիդ ուրախանա»:29

Այս երկու հորդորները հրաշալի խորհուրդ են մեր այսօրվա համար: Գովաբանությամբ, երաժշտությամբ և գոհաբանությամբ լեցուն կյանքերը առանձնահատուկ ձևով են օրհնվում: Ուրախ լինելը և աղոթքի միջոցով երկնային օգնությանը ապավինելը Քրիստոսի խաղաղ հետևորդներ լինելու հզոր միջոց է: Միշտ ուրախ լինելու ձգտումն օգնում է խուսափել հոգով ընկճված լինելուց:

Խորիմաստ օրհներգի վերջին տողը գեղեցիկ ձևով հաղորդում է վերջնական պատասխանը. «Երկիրը չունի վիշտ, որը երկինքը չկարողանա բուժել»:30

Ես՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ, վկայում եմ, որ «Քրիստոսի խաղաղ հետևորդները» կգտնեն անձնական խաղաղություն այս կյանքում և փառահեղ վերամիավորում՝ երկնքում: Ես անխախտ վկայություն եմ բերում Փրկչի աստվածայնության և Նրա Քավության իրականության մասին: Նա մեր Փրկիչն ու Քավիչն է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։