2010
Սուրբ Տաճարը
2010


Սուրբ Տաճարը

Տաճարներում Եկեղեցու արժանավոր անդամները կարողանում են մասնակցել մարդկությանը հայտնված փրկագնող ամենավեհ ծեսերին:

Տաճարներում մենք կարող ենք մասնակցել փրկագնող ամենավեհ ծեսերին

Բազմաթիվ են պատճառները, թե ինչու պետք է մարդը տաճար գալու ցանկություն ունենա: Անգամ նրա արտաքին տեսքը, կարծես, համապատասխանում է իր խորը հոգևոր նպատակներին: Դա ակնհայտ է դառնում տաճարի պատերի ներսում: Տաճարի դռան վերևում գրված է՝ «Սրբություն Տիրոջը»: Ցանկացած նվիրագործված տաճար մտնելով, դուք գտնվում եք Տիրոջ տանը:

Տաճարներում Եկեղեցու արժանավոր անդամները կարող են մասնակցել մարդկությանը հայտնված փրկագնող ամենավեհ ծեսերին: Այնտեղ սուրբ ծեսի ժամանակ անհատը կարող է լվացվել, օծվել, ուսուցանվել, օժտվել և կնքվել: Իսկ այդ օրհնությունները ստանալուց հետո մենք կարող ենք աշխատանք կատարել նրանց համար, ովքեր մահացել են չունենալով այդ հնարավորությունը: Տաճարներում սուրբ արարողություններ են կատարվում ապրողների և մահացածների համար:

Տաճարային արարողություններն ու ծեսերը պարզ են, գեղեցիկ և սուրբ:

Սուրբ գրքերի ուշադիր ընթերցումը բացահայտում է, որ Տերը ամեն ինչ չի ասել բոլոր մարդկանց: Որպես նախապայման գոյություն ունեին որոշ որակավորումներ, որոնք անհրաժեշտ էին սուրբ տեղեկություն ստանալու համար: Տաճարային ծեսերը դրանց թվին են պատկանում:

Մենք չենք քննարկում տաճարային ծեսերը տաճարներից դուրս: Երբեք նպատակ չի եղել տաճարային այս ծեսերի մասին գիտելիքը սահմանափակել քիչ թվով մարդկանց համար, որոնք պետք է հավաստիանային, որ մյուսները երբեք չէին իմանա դրանց մասին: Իրականում, ամեն ինչ ճիշտ հակառակն է: Մենք ջանքեր չենք խնայում հորդորելու յուրաքանչյուր հոգու արժանի լինել և պատրաստվել տաճարային փորձառությանը: Ովքեր եղել են տաճարում, ուսուցանվել են, որ մի օր ամեն կենդանի հոգի և ամեն հոգի, որ երբևէ ապրել է, հնարավորություն կունենա լսելու ավետարանի մասին և ընդունելու կամ մերժելու այն, ինչ առաջարկում է տաճարը: Եթե այդ հնարավորությունը մերժվում է, դրա պատասխանատվությունը կրում է տվյալ անձը:

Տաճարային արարողություններն ու ծեսերը պարզ են: Դրանք գեղեցիկ են: Դրանք սուրբ են: Դրանք պահվում են գաղտնի, որ չլինի թե տրվեն նրանց, ովքեր պատրաստ չեն: Հետաքրքրասիրությունը նախապատրաստություն չէ: Խորը հետաքրքրասիրությունն ինքնին պատրաստություն չէ: Ծեսերին պատրաստվելը ընդգրկում է նախնական քայլեր՝ հավատք, ապաշխարություն, մկրտություն, հաստատում, արժանավորություն, հասունություն և արժանապատվություն, որին արժանի է նա, ով որպես հյուր հրավիրվում է Տիրոջ տուն:

Ովքեր արժանի են, կարող են մտնել տաճար:

Ովքեր արժանի են և որակված ամեն ինչում, կարող են մտնել տաճար, որտեղ նրանց կներկայացվեն սուրբ ծեսերն ու արարողությունները:

Տաճարային օրհնությունների արժեքը և տաճարում կատարվող արարողությունների սրբությունը հասկանալով, դուք այլևս կասկածի չեք ենթարկի տաճար մտնելու համար Տիրոջ կողմից հաստատված բարձր չափանիշները:

Տաճար մտնելու համար դուք պետք է ընթացիկ երաշխավորագիր կրեք: Այդ երաշխավորագիրը պետք է ստորագրվի Եկեղեցու համապատասխան պաշտոնյաների կողմից: Միայն արժանավորները պետք է գնան տաճար: Ձեր տեղական եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը պարտավոր է հարցերի օգնությամբ պարզել ձեր արժանավորությունը, նախքան դուք կստանաք տաճարային ծեսերը: Այդ հարցազրույցը շատ կարևոր է, քանի որ այն առիթ է հանդիսանում Տիրոջ կողմից կարգված ծառայի հետ քննել ձեր ապրելակերպը: Եթե ինչ-որ բան այնպես չէ ձեր կյանքում, եպիսկոպոսը կօգնի շտկել այն: Արդյունքում, դուք կարող եք ասել կամ ձեզ կօգնեն հաստատել, որ արժանի եք Տիրոջ հավանությամբ մտնելու տաճար:

Տաճարային երաշխավորագրի համար հարցազրույցն անցկացվում է առանձին՝ եպիսկոպոսի և Եկեղեցու անդամի միջև: Այդ ժամանակ անդամին քննող հարցեր են տրվում անձնական վարքի, արժանավորության և Եկեղեցու և նրա պաշտոնյաների հանդեպ հավատարմության վերաբերյալ: Տվյալ անձը պետք է հաստատի, որ ինքը բարոյապես մաքուր է և պահում է Իմաստության Խոսքը, լրիվ տասանորդ է վճարում, ներդաշնակ է ապրում Եկեղեցու ուսմունքներին և ոչ մի կապ չունի և չի համակրում որևէ ուխտադրուժ խմբի: Եպիսկոպոսին հրահանգ է տրվում, որ անչափ կարևոր է գաղտնի պահել հարցազրույց անցնողի հետ քննարկվող հարցերը:

Եպիսկոպոսի հարցերին տրված ընդունելի պատասխանները սովորաբար հաստատում են անձի արժանավորությունը՝ տաճարային երաշխավորագիր ստանալու համար: Եթե դիմողը չի պահում պատվիրանները կամ իր կյանքում չլուծված խնդիրներ ունի, որոնք կարգի բերելու կարիք ունի, անհրաժեշտ է, որ նա իսկապես ապաշխարի, նախքան տաճարի երաշխավորագիր կտրվի նրան:

Եպիսկոպոսի կողմից նման հարցազրույց անցնելուց հետո, ցցի նախագահը նմանատիպ հարցազրույց կանցկացնի ձեզ հետ, նախքան տաճարի ծեսերը ստանալը:

Տաճարում ուսուցանելը խորհրդանշական բնույթ է կրում

Նախքան առաջին անգամ տաճար գնալը, նույնիսկ բազմաթիվ անգամներ գնալուց առաջ, օգտակար կլինի իմանալը, որ տաճարներում ուսուցանումը կատարվում է խորհրդանշական եղանակով: Տերը՝ Վարդապետը, Իր ուսուցումները նման ձևով է մատուցել:

Տաճարը մի մեծ դպրոց է: Այն սովորելու վայր է: Տաճարներում խորը հոգևոր թեմաների մասին ուսուցանելու համար կատարյալ մթնոլորտ է տիրում: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոն Ա. Վիդսոուն համալսարանի պատվավոր նախագահ էր և աշխարհահռչակ գիտնական: Նա մեծ պատկառանքով էր վերաբերվում տաճարային աշխատանքին և մի առիթով ասել է.

«Տաճարային ծեսերը պարփակում են փրկության ողջ ծրագիրը, ինչպես որ ժամանակ առ ժամանակ ուսուցանվել են Եկեղեցու ղեկավարների կողմից, և դրանք լուսաբանում են դժվար հասկանալի թեմաները: Տաճարային ուսմունքները փրկության մեծ ծրագրի մեջ ընդգրկելիս ոչ մի աղավաղում կամ խեղաթյուրում տեղի չի ունենում: Օժտման փիլիսոփայական ամբողջականությունը տաճարային ծեսերի հավաստիության վերաբերյալ հիմնական փաստարկներից մեկն է: Ավելին, Ավետարանի ծրագրի այս ամբողջական դիտարկումը և մեկնաբանումը տաճարային երկրպագությունը դարձնում է Ավետարանի ողջ կառուցվածի վերաբերյալ հիշողությունը թարմացնելու ամենաարդյունավետ եղանակներից մեկը» (“Temple Worship,” Utah Genealogical and Historical Magazine, Apr. 1921, 58):

Եթե գնաք տաճար և հիշեք, որ ուսուցումը խորհրդանշական բնույթ է կրում, դուք տաճար կգնաք համապատասխան ոգով և միշտ դուրս կգաք այնտեղից ձեր տեսադաշտն ընդլայնված, մի փոքր ավելի վեհացած, հոգևոր բաների վերաբերյալ ավելացած գիտելիքով: Ուսուցման ծրագիրը հիասքանչ է: Այն ոգեշնչված է: Տերն Ինքը՝ Վարդապետը, Իր աշակերտներին մշտապես ուսուցանել է առակներով՝ խորհրդանշական ձևով ներկայացնելով դժվար հասկանալի բաները:

Տաճարն ինքնին դառնում է խորհրդանիշ: Եթե դուք տեսել եք որևէ տաճար գիշերը, լիովին լուսավորված, դուք գիտեք, թե որքան տպավորիչ տեսարան է դա: Մթության մեջ կանգնած լույսերով ողողված Տիրոջ տունը, դառնում է Հիսուս Քրիստոսի ավետարանի զորության և ոգեշնչման խորհրդանիշ՝ կանգնած լինելով որպես փարոս այն աշխարհում, որն ավելի ու ավելի է մխրճվում հոգևոր խավարի մեջ:

Տաճար մտնելով դուք փոխում եք ձեր հագուստը, հանգնելով տաճարային սպիտակ հագուստ: Այս զգեստափոխությունը կատարվում է առանձին սենյակում, որտեղ յուրաքանչյուր անհատի տրամադրվում է փակ պահարան և փոխվելու համար լիովին առանձնացված տարածք: Տաճարում հոգատարությամբ պահպանվում է կատարյալ համեստությունը: Ձեր հագուստը պահարանի մեջ դնելով դուք դրա հետ թողնում եք ձեր հոգսերը, մտահոգություններն ու անհանգստությունները: Այդ զգեստափոխվելու սենյակից դուք դուրս եք գալիս սպիտակ հագած, և միանմանության և հավասարության զգացում եք ունենում, քանի որ ձեր շուրջը գտնվողները նույն ձևով են հագնված:

Տաճարային ամուսնությունը տաճարի կարևորագույն արարողությունն է:

Ովքեր անհամբեր սպասում են տաճարային ամուսնությանը, գուցե ցանկանում են իմանալ, թե ինչ է տեղի ունենում: Մենք չենք արտասանում կնքման (ամուսնության) արարողության խոսքերը տաճարից դուրս, սակայն կարող ենք ասել, որ կնքման սենյակը իր նշանակման պես գեղեցիկ է, հանդարտ և հանդիսավոր և սրբացած՝ այնտեղ կատարվող սուրբ աշխատանքով:

Կնքման արարողության համար նախքան զույգը կմոտենա զոհասեղանին, արարողապետի արտոնությունն է խորհուրդներ տալ, իսկ երիտասարդ զույգի արտոնությունն է խորհուրդներ ստանալ: Այդ պահին երիտասարդ զույգին այսպիսի խոսքեր են հղվում:

«Այսօր ձեր ամուսնության օրն է: Դուք ամուսնական զգացումներով եք տարված: Տաճարները նման արարողությունների համար կառուցված սրբավայրեր են: Մենք աշխարհում չենք: Աշխարհի բաները չեն կիրառվում այստեղ և չպետք է որևէ ազդեցություն ունենան այն ամենի վրա, ինչ մենք անում ենք այստեղ: Մենք աշխարհից եկել ենք Տիրոջ տաճար: Սա կդառնա ձեր կյանքի ամենակարևոր օրը:

Դուք ծնվել եք, բերվել երկիր ծնողների միջոցով, ովքեր մահկանացու տաղավար են պատրաստել ձեր հոգու բնակության համար: Ձեզանից յուրաքանչյուրը մկրտվել է: Մկրտությունը, սուրբ արարողություն է, մաքրման, մահվան և հարության, վերածնված կյանք գալու խորհրդանիշ: Այն ներառում է ապաշխարություն և մեղքերի թողություն: Տիրոջ Ընթրիքի հաղորդությունը մկրտության ուխտի նորացումն է, և հաճախելով դրան մենք կարող ենք պահպանել մեր մեղքերի թողությունը:

Փեսացու, դուք կարգվել եք քահանայության: Նախ ձեզ շնորհվել է Ահարոնյան Քահանայություն և դուք, հավանաբար, առաջադիմել եք բոլոր պաշտոններով՝ սարկավագ, ուսուցիչ և քահանա: Այնուհետև եկել է օրը, երբ դուք արժանի եք համարվել ստանալու Մելքիսեդեկյան Քահանայություն: Դա բարձրագույն քահանայությունն է, որը կոչվում է քահանայություն ըստ Աստծո սուրբ կարգի, կամ Սուրբ Քահանյություն ըստ Աստծո Որդու կարգի (տես Ալմա 13.18; Հելաման 8.18; Վարդապետություն և Ուխտեր 107.2–4): Ձեզ քահանայության պաշտոն է տրվել: Այժմ դուք երեց եք:

Ձեզանից յուրաքանչյուրը ստացել է օժտում: Այդ օժտման ժամանակ դուք հավերժական ներուժի չափաբաժին եք ստացել: Սակայն այդ ամենը, մեկ իմաստով, նախնական և նախապատրաստական են եղել զոհասեղանի մոտ գալու համար, որպեսզի կնքվեք որպես ամուսին և կին ժամանակի և հավերժության համար: Դուք այժմ դառնում եք ընտանիք, ազատ՝ կյանք ստեղծելու համար, ունենալով հնարավորություն նվիրվածությամբ և զոհաբերությամբ աշխարհ բերելու երեխաներ և մեծացնելու նրանց և ապահով խնամելու նրանց մահկանացու կյանքի ընթացքում, որ տեսնեք նրանց մի օր, ձեզ նման, տաճարային այս սուրբ արարողություններին մասնակցելիս:

Դուք ինքնակամ եկել եք և արժանի եք համարվել: Ամուսնական ուխտով միմյանց ընդունելը մեծ պատասխանատվություն է, որն իր հետ բազում օրհնություններ է բերում»:

Կնքման զորությունը կապում է երկրի վրա և երկնքում

Եթե մենք ուզում ենք հասկանա տաճարային աշխատանքի պատմությունը և վարդապետությունը, մենք պետք է հասկանանք, թե ինչ է կնքման զորությունը: Մենք պետք է ինչ-որ չափով պատկերացնենք, թե ինչու են կարևոր կնքման զորությունը գործածող իշխանության բանալիները:

«Երբ Հիսուսը դուրս գնաց Փիլիպպեա Կեսարիայի կողմերը, և իր աշակերտներին հարցնում էր և ասում. Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում …

Սիմոն Պետրոսը պատասխան տուավ և ասեց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին:

Եվ Հիսուսը պատասխան տուավ և ասեց նրան. Երանի քեզ, Սիմոն՝ Հովնանի որդի, որովհետև մարմինը և արյունը չհայտնեց քեզ, բայց իմ Հայրը որ երկնքումն է:

Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, և այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթիլ նրան:

Եվ ես կտամ քեզ երկնքի արքայության բանալիները, և այն որ կապես երկրի վրա, կապուած կլինի երկնքումը. և այն որ երկրի վրա արձակես, արձակուած կլինի երկնքումը» (Մատթեոս ԺԶ.13, 16–19):

Պետրոսը պետք է կրեր բանալիները: Պետրոսը պետք է կրեր կնքման զորությունը, այն իշխանությունը, որը զորություն ունի կապելու կամ կնքելու երկրի վրա և արձակելու երկրի վրա, և այդպես կլինի երկնքում: Այդ բանալիները պատկանում են Եկեղեցու Նախագահին՝ մարգարեին, տեսանողին և հայտնողին: Այդ սուրբ կնքման զորությունը Եկեղեցում է այժմ: Ոչինչ առավել սրբազան չի համարվում նրանց կողմից, ովքեր գիտեն այս իշխանության նշանակության մասին: Ոչինչ առավել մոտ չի պահվում: Երկրի վրա ցանկացած ժամանակահատվածում համեմատաբար քիչ թվով մարդկանց է տրվել այդ կնքման զորությունը, յուրաքանչյուր տաճարում կան եղբայրներ, որոնց տրված է կնքման զորությունը: Դա կարելի է ստանալ միայն մարգարեից, տեսանողից, հայտնողից և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահից:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ իրեն հաճախ են ուղղել հետևյալ հարցը. «Արդյոք չե՞նք կարող փրկվել առանց անցնելու բոլոր այդ արարողություններով և այլն»:Ես կպատասխանեի. «Ոչ, դա կլինի ոչ լիարժեք փրկություն»: Հիսուսն ասել է. «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան. և ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու »: [Տես Հովհաննես ԺԴ.2:] Այստեղ տունը պետք է թարգմանվեր արքայություն, և ով վեհանում է բարձրագույն բնակարան, պետք է ապրի սելեստիալ օրենքով և նաև ողջ օրենքով» (History of the Church, 6:184):

Տաճարային աշխատանքը հոգևոր զորության աղբյուր է

Տաճարները Եկեղեցու հոգևոր ուժի կենտրոն են: Մենք պետք է իմանանք, որ հակառակորդը կփորձի խանգարել մեզ՝ որպես Եկեղեցի և մեզ՝ անհատապես, երբ փորձենք մասնակցել այդ սուրբ և ոգեշնչված աշխատանքին: Տաճարային աշխատանքը շատ մեծ հակառակություն է ստեղծում, որովհետև այն Վերջին Օրերի Սրբերի և ողջ Եկեղեցու համար հոգևոր մեծ ուժի աղբյուր է:

Լոգան Յուտա Տաճարի անկյունաքարի նվիրագործմանը Նախագահ Ջորջ Ք. Քենոնը, որն այդ ժամանակ Առաջին Նախագահության անդամ էր, ասաց հետևյալը.

«Տաճարի համար դրված յուրաքանչյուր հիմնաքար, և յուրաքանչյուր Տաճար, որը կառուցվել է համաձայն Իր սուրբ Քահանայության համար Տիրոջ կողմից հայտնված կարգի, երկրի վրա նվազեցնում է սատանայի զորությունը և մեծացնում է Աստծո և Աստվածության զորությունը, մեզ համար մեծ ուժով շարժում է երկինքը, խնդրում և վար է բերում Հավերժական Աստվածների և նրանց ներկայության մեջ բնակվողների օրհնությունները» (“The Logan Temple,” Millennial Star, Nov. 12, 1877, 743):

Երբ Եկեղեցու անդամներն անհանգիստ են կամ կարևոր որոշումները ծանրացել են իրենց մտքում, նրանք սովորաբար տաճար են գնում: Դա լավ վայր է մեր հոգսերը թեթևացնելու համար: Տաճարում մենք կարող ենք հոգևոր հեռանկար տեսնել: Այնտեղ, տաճարային ծառայության ժամանակ, մենք «աշխարհից դուրս ենք» գտնվում:

Երբեմն մեր մտքերն այնքան են ծանրաբեռնված խնդիրներով և այնքան շատ հարցեր կան, որոնք միաժամանակ ուշադրության պետք է արժանացնել, որ մենք չենք կարողանում խորը մտածել և հստակ տեսնել: Տաճարում ուշադրությունը շեղող փոշին կարծես նստում է, մեգը և մշուշը ցրվում են, և մենք կարողանում ենք «տեսնել» բաներ, որոնք չէինք կարողանում տեսնել նախկինում և մեր անհանգստություններից ուղի ենք գտնում, որը նախկինում չէինք տեսնում:

Տերը կօրհնի մեզ, երբ մենք մասնակցում ենք տաճարային սուրբ արարողությունների աշխատանքին: Մեր տաճարային ծառայության համար օրհնություններն անսահման են: Մենք կօրհնվենք մեր բոլոր գործերում:

Տաճարային աշխատանքը մեզ համար վահան և պաշտպանություն է

Ոչ մի ուրիշ աշխատանք այս Եկեղեցուն ավելի մեծ պաշտպանություն չի բերում, որքան տաճարային աշխատանքը և դրան աջակցող ընտանեկան պատմության հետազոտությունը: Ոչ մի ուրիշ աշխատանք այդքան հոգեպես կատարելագործող չի: Ոչ մի ուրիշ աշխատանք մեզ այդքան ուժ չի տալիս: Ոչ մի ուրիշ աշխատանք արդարակեցության առավել բարձր չափանիշ չի պահանջում:

Մեր տաճարային աշխատանքը վահան և պաշտպանություն է մեզ համար՝ թե անհատապես և թե որպես ժողովուրդ:

Ուրեմն, եկեք տաճար՝ եկեք և հայցեք ձեր օրհնությունները: Սա սուրբ աշխատանք է:

Պանամա Սիթի Պանամա Տաճար: Նվիրագործվել է օգոստ. 10, 2008թ.:

Տոկիո Ճապոնիա Տաճար: Նվիրագործվել է հոկտ. 27, 1980թ.:

Կուրիտիբա Բրազիլիա Տաճար: Նվիրագործվել է հունիսի 1, 2008թ.: