2010
Երիտասարդների համար` Տաճարը դարձրեք ձեր կյանքի մասը
2010


Տաճարը դարձրեք ձեր կյանքի մասը

Երիտասարդների համար

Թեպետ դուք պատրաստվում եք հետագայում ստանալ ձեր տաճարային ծեսերը, տաճարը կարող է այժմ իսկ մեծ ազդեցություն թողնել ձեր կյանքի վրա:

Տաճարն ամենասուրբ վայրն է երկրի վրա, վայր, որտեղ երկիրն ու երկինքը հանդիպում են և մենք մեզ ավելի մոտ ենք զգում մեր Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին: Թեպետ դուք պատրաստվում եք հետագայում ստանալ ձեր տաճարային ծեսերը, տաճարը կարող է այժմ իսկ մեծ ազդեցություն թողնել ձեր կյանքի վրա: Ահա մի քանի բաներ, որոնք կարող եք անել այս տարիքում տաճարը ձեր կյանքի մասը դարձնելու համար:

Մասնակցեք մահացածների համար մկրտություններին

12 տարեկան և ավելի բարձր տարիքի արժանի երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք կարող են տաճար այցելել և մկրտվել իրենց նախնիների համար, ովքեր մահացել են առանց մկրտվելու: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խոսել է այդ ծառայությունից բխող ուրախության մասին.

«Մի առավոտ երբ քայլում էի դեպի տաճար, ես տեսա մի խումբ երիտասարդ կանանց, ովքեր վաղ առավոտյան մասնակցել էին մկրտություններին նրանց համար, ովքեր հեռացել էին այս աշխարհից: Նրանց մազերը խոնավ էին: Ժպիտը փայլում էր նրանց դեմքին: Նրանց սրտերը լի էին ուախությամբ: Մի աղջիկ դեմքով դարձավ դեպի տաճարը և իր զգացումներն արտահայտեց: «Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր»,- ասաց նա»:1

Տասներեք տարեկան Ջեսիկա Հանը Դաֆնիից, Ալաբամա, մկրտվեց իր նախնիներից մի քանիսի համար Ատլանտա Ջորջիա Տաճարում: Թեպետ տաճար ճամփորդելը հինգ ժամ տևեց, նա ասաց, որ այդ փորձառությունը հրաշալի էր: «Ես հրաշալի զգացողություն ունեցա, երբ կարողացա սպիտակ հագուստներ հագնել և մկրտվել իմ նախնիների համար,- ասաց նա,- Կարծես ես նրանց ճանաչում եմ այժմ»:

Որքան հնարավոր է հաճախ գնացեք տաճար: Այնտեղ դուք կարող եք ուրախություն զգալ՝ օգնելով մյուսներին ստանալ մկրտության օրհնությունները:

Աջակցեք տաճարային աշխատանքին

Կան տաճարային աշխատանքին աջակցելու տարբեր եղանակներ, անգամ եթե ինքներդ չեք կարող հաճախ գնալ տաճար: Դուք կարող եք ձեր նախնիների մասին իմանալ և հավաստիանալ, որ տաճարային ծեսեր են կատարվում նրանց համար: Դուք կարող եք առաջարկել խնամել փոքր երեխաներին, երբ նրանց ծնողները տաճար են հաճախում: Քանի որ տաճարային ծառայությունը շատ է կենտրոնանում ընտանիքների վրա, դուք կարող եք աշխատել ամրացնել ձեր անձնական ընտանիքը: Եվ կարող եք մյուսների հետ կիսվել ձեր վկայությամբ, որ տաճարն իսկապես Տիրոջ տունն է:

Տաճար մտնելու համար արժանի ապրեք

Քանի որ տաճարը այդքան սուրբ վայր է, Տերը մեզ համար ապրելակերպի բարձր չափանիշներ է սահմանել տաճար գնալու համար: Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է, որ «Տաճարի երաշխավորագրի հարցերում Տիրոջ կողմից սահմանված չափանիշները շատ նման են Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում տեղ գտած չափանիշներին: Ինչպես հանգիստ, այնպես էլ ամենամեծ գայթակղության ժամանակներում այդ չափանիշները և Սուրբ Հոգու առաջնորդությունը կօգնեն ձեզ ճիշտ որոշումներ կայացնել: … Այն, թե ինչպես կկիրառեք այդ չափանիշները, ցույց կտա, թե ով եք դուք և ինչ եք ձգտում դառնալ»:2

Ապրեք Տիրոջ չափանիշներով, և դուք արժանի կլինեք տաճար մտնելուն: Ապագայում տաճար մտնելու ցանկությունը կարող է օգնել ձեզ այսօր երես դարձնել գայթակղությունից: «Դա ձեզ համար արժանի մնալու դրդապատճառ է,- ասել է Մարլոն Ռուզը, 16 տարեկան, Սանրայզից, Ֆլորիդա»: «Այդ նպատակը ունենալով միշտ մտածում ես այն մասին, թե ինչ ես անում, որի պատճառով չես կարող տաճար գնալ, երբ արժանի չես»:

Ծրագրեք Տաճարում ամուսնանալ

«Ես տեսնում եմ տաճարը և մտածում եմ մի օր այնտեղ ամուսնանալու մասին»,- ասում է Աննիկա Ռեիթմիերը, 16 տարեկան, Օսլո, Նորվեգիա: «Ես գիտեմ, որ տաճարում տված խոստումները Տիրոջ հետ կապած խոստումներ են: Այն, ինչ սովորում ես այնտեղ, չի փոփոխվի և չի անհետանա»:

Տաճարի նկարը դրեք այնպիսի տեղում, որ հաճախ տեսնեք, և անհամբեր սպասեք այն օրվան, երբ դուք կարող եք ձեր անձնական տաճարային ծեսերը ստանալ:

14 տարեկան հասակում Ջոդի Հեյզլբեյքերը Ամերիքան Ֆորքից, Յուտա, այցելեց Մաունթ Տիմպանոգոս Յուտա Տաճարի բաց դռների օրերին: «Երբ ես ներս մտա հարսնացուի սենյակ, մի պահ կանգ առա և նայեցի հայելու մեջ,- հիշում է նա,- Հայելու մեջ ես տեսա ինձ ապագայում, հագած գեղեցիկ հարսանեկան զգեստ և ուրախ ժպիտը դեմքիս: Ես իմացա, որ դա էր այն վայրը, որտեղ ես պետք է ամուսնանայի՝ տաճարում, մոտ լինելով իմ Երկնային Հորը»:

Հղումներ

  1. Thomas S. Monson, “Your Celestial Journey,” Liahona, July 1999, 115.

  2. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, Լիահոնա, մայիս 2006, 44: