2009
Ճշմարիտ վարդապետություն ուսուցանելը
April 2009


ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁ

Ճշմարիտ վարդապետություն ուսուցանելը

Նկար
President Henry B. Eyring

Լույսի և խավարի, բարու և չարի միջև պատերազմ է ընթանում դեռ աշխարհի ստեղծումից առաջ: Ճակատամարտը դեռ մոլեգին է և անկանոն հարձակումների թիվն աճում է: Բոլորս ունենք ընտանիքի սիրված անդամներ, որոնց հարվածում են կործանիչի ուժերը, որի ցանկությունն է Աստծո զավակներին թշվառ դարձնել: Շատերս ենք անքուն գիշերներ անցկացրել: Վտանգի տակ գտնվող մարդկանց շրջապատող ուժերի դեմ մենք փորձում ենք հավաքագրել բարու բոլոր ուժերը: Մենք սիրում ենք նրանց: Մենք ձգտում ենք լավագույն օրինակը լինել նրանց համար: Մենք աղոթում ենք նրանց համար: Դարեր առաջ իմաստուն մի մարգարե մեզ խորհուրդ է տվել մեկ այլ ուժի մասին, որը մենք երբեմն կարող է թերագնահատենք և, հետևաբար, շատ քիչ օգտագործենք:

Ալման առաջնորդում էր մարդկանց, որոնք դիմակայում էին կատաղի թշնամու կործանիչ ուժի դեմ: Վտանգի դեմ կանգնած՝ նա չէր կարող անել ամեն ինչ, այնպես որ պետք է ընտրություն կատարեր: Նա կարող էր պաշտպանական շինություններ կառուցել կամ վարժեցնել բանակը կամ լավ սպառազինել այն: Սակայն նրա համար հաղթանակի միակ հույսը Աստծո օգնությունը ձեռք բերելն էր, որի համար, ինչպես նա գիտեր, մարդիկ պետք է ապաշխարեին: Եվ այսպես, նա որոշեց նախ փորձել մի հոգևոր բան. «Եվ արդ, քանի որ խոսքի քարոզելն ուներ մեծ միտում՝ առաջնորդել ժողովրդին անելու այն, ինչն արդար էր, այո, այն ունենում էր ավելի զորավոր ազդեցություն մարդկանց մտքերի վրա, քան սուրը, կամ որևէ այլ բան, որ պատահել էր նրանց. հետևաբար, Ալման մտածեց, որ հարկ էր, որ նրանք փորձեին Աստծո խոսքի ուժը» (Ալմա 31.5):

Մտքերն ու սրտերը բացելը

Աստծո խոսքը Հիսուս Քրիստոսի և նրա մարգարեների կողմից ուսուցանվող վարդապետությունն է: Ալման գիտեր, որ վարդապետության խոսքերը մեծ զորություն ունեն: Դրանք կարող են բացել մարդկանց մտքերը, որպեսզի նրանք տեսնեն բնական աչքերին անտեսանելի հոգևոր բաները: Եվ դրանք կարող են բացել սրտերը՝ զգալու Աստծո սերը և սերը դեպի ճշմարտությունը: Փրկիչը նույնպես օգտագործում էր այդ երկու ուժերը մեր աչքերը և սրտերը բացելու համար, երբ Վարդապետություն և Ուխտերի 18-րդ բաժնում ուսուցանում էր իր վարդապետությունը նրանց, ում ցանկանում էր, որ ծառայեն Իրեն որպես միսիոներներ: Լսելով՝ մտածեք ձեր ընտանիքի այն երիտասարդի մասին, որն անվճռականություն է դրսևորում միսիայի համար նախապատրաստվելիս: Ահա թե ինչպես Վարդապետն ուսուցանեց իր ծառաներից երկուսին և թե ինչպես կարող եք դուք ուսուցանել նրա վարդապետությունը այն երիտասարդին, որը թանկ է ձեզ համար.

«Եվ արդ, Օլիվեր Քաուդերի, ես ասում եմ քեզ, և նաև Դեյվիդ Ուիթմերին, պատվիրանի ձևով. քանզի, ահա, ես պատվիրում եմ բոլոր մարդկանց, ամենուր, ապաշխարել, և ես ասում եմ ձեզ, ճիշտ ինչպես Պողոսին՝ իմ առաքյալին, քանզի դուք կանչված եք, ճիշտ այն նույն կոչումով, որով նա էր կանչված:

Հիշեք, հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում» (ՎևՈւ 18.9–10):

Նա սկսում է՝ ասելով, թե որքան է վստահում նրանց: Ապա նա մոտեցնում է նրանց սրտերն Իրեն, ասելով, թե որքան են Նա և Նրա Հայրը սիրում յուրաքանչյուր հոգու: Ապա անցնում է Իր վարդապետության հիմքին: Նա բացատրում է, թե որքան շատ պատճառ կա, որ մենք սիրենք Նրան.

«Քանզի, ահա, Տերը՝ քո Քավիչը, մարմնի մեջ մահ տարավ. ուստի նա տարավ բոլոր մարդկանց ցավը, որ բոլոր մարդիկ կարողանան ապաշխարել ու գալ իր մոտ:

Եվ նա կրկին հարություն է առել մեռելներից, որ կարողանա բոլոր մարդկանց բերել իր մոտ՝ ապաշխարության պայմաններով:

Եվ որքա՜ն մեծ է նրա ուրախությունն այն հոգու համար, որն ապաշխարում է»: (ՎևՈւ 18.11–13):

Բացատրելով նրանց իր առաքելության վարդապետությունը, որպեսզի բացի նրանց սրտերը, նա նրանց պատվիրան է տալիս. «Ուստի, դուք կանչված եք՝ ապաշխարություն աղաղակելու այս ժողովրդին» (ՎևՈւ 18.14):

Ի վերջո, նա բացում է նրանց աչքերը, որպեսզի տեսնեն վարագույրից այն կողմ: Նա տանում է նրանց և մեզ դեպի փրկության մեծ ծրագրում նկարագրված ապագա գոյության վիջակը, որտեղ դեռ պիտի լինենք: Նա մեզ պատմում է հրաշալի հարաբերությունների մասին, որոնք վայելելու համար արժե հրաժարվել մեր ամեն ինչից:

«Եվ, եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում, ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքան մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում:

Եվ արդ, եթե ձեր ուրախությունը մեծ կլինի մեկ հոգու հետ, որին դուք բերել եք ինձ մոտ՝ իմ Հոր արքայություն, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը, եթե դուք շատ հոգիներ բերեք ինձ մոտ»: (ՎևՈւ 18.15–16):

Այս մի քանի հատվածներում նա ուսուցանում է վարդապետություն, որպեսզի բացի մեր սրտերը Նրա սիրո համար: Եվ նա ուսուցանում է վարդապետությունը, որպեսզի բացի մեր աչքերը, որ տեսնենք հոգևոր իրողությունները, որոնք տեսանելի չեն որևէ մտքի, որը չի լուսավորվել Ճշմարտության Հոգով:

Ինչպես պետք է ուսուցանենք

Աչքերը և սրտերը բացելու կարիքը մեզ հուշում է, թե ինչպես պետք է ուսուցանենք վարդապետությունը: Վարդապետությունը զորություն է ձեռք բերում, երբ Սուրբ Հոգին հաստատում է, որ այն ճշմարիտ է: Մենք մեր լավագույն ձևով նախապատրաստում ենք նրանց, ում ուսուցանում ենք՝ ստանալու մեղմ և բարակ ձայնի խաղաղ հուշումները: Դա պահանջում է առնավազն մի քիչ հավատք առ Հիսուս Քրիստոս: Դա պահանջում է առնավազն մի քիչ խոնարհություն, մի քիչ պատրաստակամություն՝ հանձնվելու մեր վերաբերյալ Փրկչի կամքին: Անձը, որին կամենում եք օգնել, հնարավոր է, երկուսից էլ շատ քիչ ունենա, սակայն դուք կարող եք հորդորել, որ նա հավատալու ցանկություն ունենա: Առավել ևս, դուք կարող եք վստահություն քաղել վարդապետության մեկ այլ զորավոր հատկանիշից: Ճշմարտությունը կարող է իր համար ճանապարհ հարթել: Վարդապետության խոսքերը պարզապես լսելը կարող է սրտում գցել հավատքի սերմը: Եվ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի անգամ փոքր սերմը հրավիրում է Հոգին:

Մենք ավելի լավ ենք կառավարում մեր իսկ պատրաստվածությունը: Մենք սնվում ենք Աստծո խոսքով սուրբ գրություններից և ուսումնասիրում ենք ապրող մարգարեների խոսքերը: Մենք ծոմ ենք պահում և աղոթում, որպեսզի Հոգին լինի մեզ հետ և այն մարդու հետ, ում պիտի ուսուցանենք:

Քանի որ մենք ունենք Սուրբ Հոգու կարիքը, մենք պետք է զգույշ և ուշադիր լինենք, որպեսզի չանցնենք ճշմարիտ վարդապետությունն ուսուցանելու սահմանը: Սուրբ Հոգին Ճշմարտության Հոգին է: Մենք հրավիրում ենք նրա հաստատումը, երբ խուսափում ենք մտահայեցողական անձնական մեկնաբանություններից: Դա հնարավոր է դժվար լինի: Դուք սիրում եք այն անձին, ում վրա փորձում եք ազդել: Նա հնարավոր է մերժած լինի նախկինում լսած վարդապետությունը: Գայթակղություն կա որևէ նոր կամ զգայացունց բան փորձել: Սակայն երբ զգուշանում ենք, որպեսզի ուսուցանենք միայն ճշմարիտ վարդապետությունը, մենք հրավիրում ենք Սուրբ Հոգին՝ որպես գործընկեր:

Ուսուցման մեջ պարզունակ լինելը ապահով ձևերից մեկն է, որով կարող ենք խուսափել կեղծ վարդապետությանն անգամ մոտենալուց: Այդ պարզությամբ մենք ձեռք ենք բերում ապահովություն և քիչ բան կորցնում: Մենք այդ գիտենք, որովհետև Փրկիչը մեզ պատվիրել է երեխաներին ուսուցանել ամենակարևոր վարդապետությունը: Լսեք նրա պատվիրանը. «Եվ բացի այդ, որքան որ ծնողները երեխաներ ունեն Սիոնում կամ նրա կազմակերպված ցցերում, որոնց չեն ուսուցանում, որպեսզի մինչև ութ տարեկանը նրանք հասկանան վարդապետությունն ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի, մեղքը լինի ծնողների գլխին» (ՎևՈւ 68.25):

Նույնիսկ երեխային մենք կարող ենք ուսուցանել, որ հասկանա Հիսուս Քրիստոսի վարդապետությունը: Հետևաբար, հնարավոր է, որ Աստծո օգնությամբ մենք պարզությամբ ուսուցանենք փրկարար վարդապետությունը:

Սկսեք վաղ հասակում

Ամենամեծ հնարավորությունը, որ ունենք, երիտասարդ տարիքն է: Ուսուցանելու լավագույն ժամանակը վաղ հասակն է, երբ երեխաները դեռ անընկալունակ են իրենց մահկանացու թշնամու գայթակղություններին և շատ ավելի վաղ, քան այն ժամանակը, երբ ճշմարտության խոսքերը դժվար կլինի լսել անձնական խնդիրների աղմուկի ներքո:

Իմաստուն ծնողը երբեք բաց չի թողնի հնարավորությունը, որպեսզի հավաքի երեխաներին՝ Հիսուս Քրիստոսի վարդապետության մասին սովորելու համար: Այդպիսի պահերն այնքան հազվադեպ են լինում՝ ի համեմատություն թշնամու ջանքերի: Երեխայի կյանքում վարդապետության զորությունը ներկայացնելու յուրաքանչյուր մեկ ժամին բաժին է ընկնում փրկարար ճշմարտությունները մերժող ուղերձների և պատկերների հարյուրավոր ժամեր:

Հարցը նրանցում չէ, թե արդյոք մենք շատ ենք հոգնած, որ պատրաստվենք վարդապետություն ուսուցանելուն, կամ թե արդյոք ավելի լավ կլինի երեխային մոտեցնել միայն զվարճացնելով, կամ թե արդյոք երեխան մտածում է, թե մենք չափից շատ ենք ուսուցանում: Հարցը նրանում է, թե «Ունենալով այսքան քիչ ժամանակ և այսքան քիչ հնարավորություններ, վարդապետության ինչպիսի՞ խոսքեր կարող եմ ասել, որոնք նրանց ուժ կտան դիմակայելու իրենց հավատքի դեմ հարձակումներին, որոնք անկասկած կլինեն»: Հնարավոր է, որ հենց այսօր խոսված խոսքերը հիշվեն նրանց կողմից: Եվ այսօրը շուտով կանցնի:

Տարիներն անցնում են. մենք ուսուցանում ենք վարդապետությունը մեր լավագույն կարողությամբ, այնուամենայնիվ, ոմանք դեռևս չեն արձագանքում: Դրանում ցավ կա: Սակայն ընտանիքների հոգևոր արձանագրություններում հույս կա: Մտածեք Ալմա կրտսերի և Ենովսի մասին: Իրենց համար ճգնաժամային պահերին նրանք հիշեցին իրենց հայրերի խոսքերը՝ Հիսուս Քրիստոսի վարդապետության մասին խոսքերը (տես Ենովս 1.1–4. Ալմա 36.16–19): Այն փրկեց նրանց: Այդ սրբազան վարդապետության ձեր ուսուցումը կհիշվի:

Ուսուցանելու տևական արդյունքները

Երկու կասկած կարող է ներթափանցել ձեր սիրտը: Դուք, կարող է, մտածեք, թե արդյոք գիտեք վարդապետությունը բավականաչափ, որպեսզի ուսուցանեք: Եվ եթե արդեն փորձել եք ուսուցանել, հնարավոր է, մտածեք, թե ինչու շատ լավ արդյունքներ չեն երևում:

Իմ ընտանիքում երիտասարդ մի աղջկա պատմություն կա, որը քաջություն ուներ սկսել ուսուցանել վարդապետությունը, երբ նա միայն ոչ շատ կրթված նորադարձ էր: Փաստը, որ նրա ուսուցման արդյունքները վերջ չեն ունեցել, ինձ համբերություն է տալիս սպասելու իմ իսկ ջանքերի պտուղներին:

Մերի Բոմելին իմ տատիկի տատն է եղել: Ես երբեք չեմ տեսել նրան: Նրա թոռը լսել է նրան իր պատմությունը պատմելիս և գրի է առ այն:

Մերին ծնվել է 1830 թվականին: Միսիոներներն ուսուցանեցին նրա ընտանիքին Շվեցարիայում, երբ նա 24 տարեկան էր: Նա դեռ տանն էր ապրում, շոր գործելով ու վաճառելով, որպեսզի օժանդակություն ցուցաբերի իր ընտանիքին, որն ապրում էր փոքրիկ մի գյուղում: Երբ ընտանիքը լսեց Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման վարդապետությունը, նրանք իմացան, որ այն ճշմարիտ է: Նրանք մկրտվեցին: Մերիի եղբայրները կանչվեցին միսիայի՝ առանց քսակի կամ պարկի: Ընտանիքի մնացած մասը վաճառեց ունեցվածքը, որպեսզի գնա Ամերիկա՝ միանալու Սրբերին:

Բավականաչափ գումար չկար, որպեսզի բոլորը գնային: Մերին կամավոր առաջարկեց մնալ, որովհետև զգում էր, որ գործելով կարող է բավականաչափ վաստակել, որպեսզի ինքն իրեն ապահովի և տնտեսի իր ճանապարհի համար: Նա ճանապարհ ընկավ Բերլին՝ մի կնոջ մոտ, որը նրան վարձեց՝ ընտանիքի համար հագուստ գործելու: Նա ապրում էր ծառաների սենյակում և իր ջուլհակահաստոցը դրել էր տան բնակելի մասում:

Այն ժամանակ օրենքը թույլ չէր տալիս ուսուցանել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վարդապետությունը Բերլինում: Սակայն Մերին չէր կարող թաքցնել բարի լուրը: Տան տիկինը և նրա ընկերները հավաքվում էին հաստոցի շուրջը, որպեսզի լսեն շվեցարացի աղջկա ուսուցումը: Նա պատմում էր, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվել Ջոզեֆ Սմիթին, հրեշտակների այցելությունների մասին և Մորմոնի Գրքի մասին: Երբ նա հասավ Ալմայի պատմություններին, նա ուսուցանեց Հարության վարդապետությունը:

Դա որոշ խնդիրներ առաջացրեց նրա աշխատանքում: Այն օրերին շատ երեխաներ մահանում էին վաղ հասակում: Հաստոցի շուրջ նստած կանայք երեխաներ էին կորցրել՝ ոմանք մի քանի երեխաներ: Երբ Մերին ուսուցանեց այն ճշմարտությունը, որ երեխաները սելեստիալ արքայության ժառանգներ են, և որ այդ կանայք հնարավորություն ունեն կրկին լինելու նրանց հետ և Փրկչի ու մեր Երկնային Հոր հետ, կանանց աչքերից արցունքներ հոսեցին: Մերին նույնպես արտասվեց: Թափված բոլոր արցունքները թրջեցին Մերիի գործած շորերը:

Մերիի ուսմունքներն ավելի լուրջ խնդիրներ առաջացրին: Չնայած Մերիի աղաչանքներին, որ կանայք չտարածեն այն բաները, ինչ նա խոսում էր, նրանք տրածում էին այդ: Նրանք իրենց ընկերների հետ կիսվում էին ուրախություն պարգևող վարդապետությամբ: Այնպես որ մի երեկո դուռը թակեցին: Ոստիկանությունն էր: Նրանք Մերիին տարան բանտ: Ճանապարհին նա հարցրեց ոստիկանին դատավորի անունը, որի առաջ պիտի կանգներ հաջորդ առավոտ: Նաև հարցրեց, թե արդյոք նա ընտանիք ունի: Հետո հարցրեց, թե արդյոք նա լավ հայր էր և լավ ամուսին: Ոստիկանը ժպտալով նկարագրում էր, որ դատավորն այս աշխարհի մարդ էր:

Բանտում Մերին խնդրեց, որ իրեն թուղթ և մատիտ տան: Նա նամակ գրեց դատավորին: Նա գրեց Հիսուս Քրիստոսի Հարության մասին, ինչպես որ նկարագրվում է Մորմոնի Գրքում, հոգիների աշխարհի մասին և այն մասին, թե որքան երկար պետք է դատավորը մտածեր և քններ իր կյանքը նախքան վերջին դատաստանի առաջ կանգնելը: Նա գրեց, որ գիտի, թե որքան շատ բաներից պետք է ապաշխարի դատավորը, ինչը կկոտրեր նրա ընտանիքի սիրտը և մեծ վիշտ կպատճառեր նրան: Ամբողջ գիշեր նա գրում էր: Առավոտյան նա խնդրեց ոստիկանին փոխանցել իր նամակը դատավորին: Նա այն փոխանցեց:

Որոշ ժամանակ անց ոստիկանին կանչեցին դատավորի գրասենյակ: Մերիի գրած նամակն անհերքելի ապացույց էր, որ նա ուսուցանում էր ավետարանը և այդպիսով խախտում օրենքը: Այնուամենայնիվ, երկար ժամանակ չանցած ոստիկանը վերադարձավ Մերիի բանտախուցը: Նա ասաց, որ բոլոր մեղադրանքները նրա վրայից հանված են, և որ նա ազատ էր և կարող էր գնալ: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետությունն ուսուցանելը բավականաչափ աչքեր և սրտեր բացեց, որպեսզի նրան բանտ գցեին: Իսկ ապաշխարության վարդապետությունը դատավորին հռչակելը նրան ազատեց բանտից:1

Ձեր հետնորդներին ձևավորելը

Մերի Բոմելիի ուսմունքներն ազդեցին ավելի շատ մարդկանց վրա, քան ջուլհակահաստոցի շուրջ նստած կանանց և դատավորի վրա: Հայրս՝ նրա թոռը, խոսում էր ինձ հետ այն գիշերներով, երբ նրա մահը մոտենում էր: Նա խոսում էր ուրախալի միավորման մասին, որը շուտով տեղի կունենար հոգիների աշխարհում: Ես գրեթե տեսնում էի վառ արևի լույսը և ժպիտներն այն դրախտային վայրում, երբ նա խոսում էր այդ մասին այդպիսի համոզվածությամբ:

Մի պահ ես հարցրեցի, թե արդյոք նա ապաշխարելու որևէ բան ունի: Նա ժպտաց: Նա մեղմորեն քմծիծաղ տվեց, երբ ասաց. «Ո՛չ Հել, ես ապաշխարում էի քանի դեռ քայլում էի»: Դրախտի մասին վարդապետությունը, որը Մերի Բոմելին ուսուցանում էր այն կանանց, իրական էր իր թոռան համար: Եվ նույնիսկ այն վարդապետությունը, որը Մերին ուսուցանեց դատավորին, դեպի լավը փոխեց իմ հոր կյանքը: Եվ դա չի լինի Մերի Բոմելիի ուսմունքների վերջը: Նրա խոսքերի գրառումները ճշմարիտ վարդապետության խոսքերը կհասցնեն նրա դեռևս չծնված սերունդներին: Քանի որ նա հավատում էր, որ անգամ նորադարձը բավականաչափ վարդապետություն գիտի, որ ուսուցանի, նրա հետնորդների մտքերը և սրտերը կբացվեն և կամրապնդվեն հոգևոր պատերազմի ժամանակ:

Ձեր հետնորդները միմյանց կուսուցանեն վարդապետությունը, որովհետև դուք ուսուցանել եք այդ: Վարդապետությունը կարող է անել ավելին, քան միայն բացել մտքերը՝ հոգևոր բաների և սրտերը՝ Աստծո սիրո համար: Երբ վարդապետությունը բերում է ուրախություն և խաղաղություն, այն նաև բերանները բացելու զորություն է տալիս: Ինչպես Բեռլինի այն կանայք, ձեր հետնորդները ի վիճակի չեն լինի իրենց մեջ պահել բարի լուրը:

Ես երախտապարտ եմ ապրելու այնպիսի ժամանակաշրջանում, երբ մենք մեր ընտանիքների հետ վայելում ենք վերականգնված ավետարանի լրիվությունը: Ես երախտապարտ եմ մեզ համար կատարած Փրկչի սիրո առաքելության համար և կյանքի խոսքերի համար, որոնք Նա տվել է մեզ: Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք կիսվել այդ խոսքերով այն մարդկանց հետ, ում սիրում ենք: Ես վկայում եմ, որ Աստված՝ մեր Հայրը, ապրում է և սիրում է Իր զավակներին: Հիսուս Քրիստոսը Նրա Միածին Որդին է մարմնում և մեր Փրկիչը: Ես գիտեմ, որ Նա հարություն է առել, և գիտեմ, որ մենք կարող ենք մաքրագործվել՝ հնազանդ մնալով Հիսուս Քրիստոսի ավետարանի օրենքներին ու արարողություններին:

Հղումներ

  1. Տես Theresa Snow Hill, Life and Times of Henry Eyring and Mary Bommeli (1997), 15–22:

Նկարները՝ Մայքլ Թ. Մալմի

Լուսանկարը՝ Քրիստինա Սմիթի