2009
Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է
April 2009


Միացյալ ժամ

Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է

«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես ԺԴ.6):

Մեզ երկիր ուղարկելուց առաջ Երկնային Հայրը ընտրեց Հիսուս Քրիստոսին լինելու մեր ղեկավարը և Փրկիչը: Դուք որոշեցիք հետևել Հիսուս Քրիստոսին ձեր ծնվելուց առաջ:

Երբ Հիսուսը եկավ երկիր, Նա ուսուցանեց ավետարանը և հիմնադրեց Իր Եկեղեցին: Նա պահեց մեր Փրկիչը լինելու Իր խոստումը: Նա տանջվեց և մահացավ, հետո հարություն առավ, որպեսզի մենք կարողանանք հարություն առնել և կրկին ապրել Երկնային Հոր և մեր ընտանիքների հետ:

Սուրբ գրությունները մեզ սովորեցնում են այն բազմաթիվ օրհնությունների մասին, որոնք հնարավոր դարձան Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Դուք հիշո՞ւմ եք Լեքիի երազի պատմությունը: Լեքին մի ծառ տեսավ: Ծառը ներկայացնում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը:

Ծառի վրա կար մի պտուղ, որը մարդկանց երջանիկ էր դարձնում: Լեքին համտեսեց պտուղը և լցվեց մեծ ուրախությամբ: Լեքին ցանկացավ, որ իր ողջ ընտանիքը փորձեր պտուղը: (Տես 1 Նեփի 8.10–12):

Ծառի պտուղը ներկայացնում է այն օրհնությունները, որոնք մենք ստանում ենք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ: Մենք համտեսում ենք պտղից, երբ վստահում ենք Հիսուս Քրիստոսին, երբ մկրտվում և ստանում ենք Սուրբ Հոգին, և երբ ապրում ենք ավետարանով և զգում ենք մեր Փրկչի սերը:

Վարժություն

Հանեք Ը5 էջը և սոսնձեք այն հաստ թղթի վրա: Ծառի վրա կտրվածքներ արեք սպիտակ գծերով և կտրեք պտուղը: Ամեն պտղի համար քննեք սուրբ գրությունները, գտեք մեզ տրված Երկնային Հոր օրհնությունը և գրեք այն սպիտակ գծի վրա: Պտղի թղթի շերտիկը դրեք ծառի կտրվածքի մեջ:

Մորոնի 6.8_____________

Մոսիա 16.7–8_____________

Հովհաննես 14.27_____________

Եբրայեցիս 12.2_____________

2 Նեփի 31.20_____________

3 Նեփի 19.21_____________

Հովհաննես Ը.12_____________

Մորոնի 8.17_____________

3 Նեփի 27.13_____________

Մորոնի 7.41_____________

Մտքեր Միացյալ ժամի համար

  1. Նախաերկրային կյանքում ես որոշեցի հետևել Հիսուս Քրիստոսին: Երեխաներին խնդրեք թվել այն ընտրությունները, որոնք նրանք կատարել էին այդ օրը (ինչ հագնել, ինչ ուտել, և այլն): Պատասխանները գրեք գրատախտակին: Բացատրեք, որ Երկնային Հայրը մեզ ընտրության ազատություն է տվել, այսինքն՝ ընտրություններ կատարելու հնարավորություն: Ուսուցանեք Երկնքում տեղի ունեցած Խորհրդի մասին, որի ժամանակ Երկնային Հայրը ներկայացրեց Իր ծրագիրը: Բացատրեք, որ մեր ընտրության ազատությունն օգտագործելը այդ ծրագրի կարևոր մասն է կազմում: Երեխաներին օգնեք հասկանալ, որ Սատանան ցանկանում էր փոխել ծրագիրը և զրկել մեզ ընտրելու մեր ունակությունից: Հիսուս Քրիստոսը ցանկացավ հետևել Երկնային Հոր ծրագրին և կամավոր դառնալ մեր Փրկիչը: Երեխաների համար շեշտեք, որ նրանք ընտրեցին հետևել Հիսուս Քրիստոսին (տես Երեխաների Միություն 6, դաս 2): Հարցեր գրեք, որոնք կօգնեն երեխաներին կրկնել այն, ինչ նրանք սովորեցին: Հարցերը գցեք տուփի մեջ: Ընտրեք մի երեխայի, որը տուփի միջից կհանի մեկ հարց և կպատասխանի դրան: Ապա այդ երեխային խնդրեք ընտրել մեկ ուրիշ երեխայի, որը կհանի մեկ այլ հարց և կպատասխանի դրան: Շարունակեք այնքան, որքան ժամանակը թույլ է տալիս: Բերեք վկայություն Հիսուս Քրիստոսին շարունակ հետևելու կարևորության մասին:

  2. Իմ ընտանիքը և ես հարություն կառնենք: Նախապես և եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հաստատումը ստանալուց հետո հարազատի կորցրած որևէ անդամի հրավիրեք կիսվել իր վկայությամբ այն մասին, թե ինչ է իր համար նշանակում Հարությունը: Ավետարանի նկարների փաթեթի հետևյալ նկարները դասավորեք հետևյալ հերթականությամբ, վերևում դնելով 227-ը. 227 (Հիսուսն աղոթում է Գեթսեմանի այգում), 228 (Հիսուսի մատնումը), 230 (Խաչում), 231 (Հիսուսի թաղումը), 233 (Մարիամը և հարություն առած Տերը), 234 (Հիսուսը ցույց է տալիս Իր վերքերը), և 316 (Հիսուսը ուսուցանում է արևմտյան կիսագնդում): Մինչ դաշնակահարը նվագում է, երեխաներին խնդրեք իրար փոխանցել փոքր քարը: Նրանց ասացեք, որ դա խորհրդանշում է այն քարը, որը դրված էր Քրիստոսի գերեզմանի մուտքի առաջ: Երբ երաժշտությունը դադարի, խնդրեք այն երեխային, որի ձեռքում է քարը, վերցնել վերևից առաջին նկարը և պատմել դրա մասին կամ խնդրել որևէ մեկին օգնել իրեն: Շարունակեք նույնը յուրաքանչյուր նկարի համար, դադար կատարելով 234-ից հետո Ղուկաս ԻԴ.39 հատվածը միասին կարդալու համար: Երեխաներին օգնեք հասկանալ, որ Հիսուսի հարությունից հետո Առաքյալները կարող էին զգալ Նրա ձեռքերը, ինչպես երեխաները կարող են զգալ իրենց սեփական ձեռքերը: Շարունակեք մինչև նկարները վերջանան: Ուսուցանեք, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, յուրաքանչյուր մարդ, որը երբևէ ապրել է երկրի վրա, կարող է հարություն առնել: Հրավիրված հյուրին խնդրեք բերել իր վկայությունը:

Նկարնեը՝ Բրեդ Թիերի