Ջոզեֆ Սմիթ
Հիսուս Քրիստոսը ընտրեց մի սուրբ ու արդար մարդ, որպեսզի առաջնորդի Իր ավետարանի լրիվության Վերականգնումը: Նա ընտրեց Ջոզեֆ Սմիթին:
17-ամյա Մարգարե Ջոզեֆ Սմիթին առաջին անգամ այցելելով հրեշտակը դիմեց Ջոզեֆին անունով և ասաց, որ ինքը Մորոնին է, Աստծո ներկայությունից ուղարկված սուրհանդակ և որ Աստված աշխատանք ուներ նրա համար՝ կատարելու: Պատկերացրեք, ինչ կարող էր մտածել Ջոզեֆը, երբ այդ ժամանակ հրեշտակն ասաց, որ իր անունը որպես բարի և չար կիմացվի բոլոր ազգերի, ցեղերի և լեզուների մեջ:1 Հավանաբար, Ջոզեֆի աչքերում զարմանք նկատելով, Մորոնին կրկնեց, որ բոլոր ժողովուրդների մեջ նրա մասին կխոսվի և բարի, և չար:2
Ջոզեֆ Սմիթի մասին բարի խոսելը դանդաղ եկավ, բայց չարախոսությունը անմիջապես սկսվեց: Ջոզեֆը գրեց. «Որքան տարօրինակ էր, որ չճանաչված մի պատանու մասին … մտածում էին, որպես մի կարևոր անձնավորության, որն … առաջացրել էր դաժան հետապնդում»:3
Ջոզեֆի հանդեպ սերն աճելու հետ մեկտեղ աճում էր նաև թշնամությունը: 38 տարեկանում նա սպանվեց 150 հոգուց բաղկացած ներկված երեսներով ամբոխի կողմից:4 Թեպետ Մարգարեի կյանքը կտրուկ ընդհատվեց, Ջոզեֆի մասին լավ և վատ խոսակցությունները նոր էին սկսվում:
Արդյո՞ք պետք է զարմանանք նրա դեմ հնչող չարախոսությունների համար: Պողոս Առաքյալին խելագար և մոլորված էին անվանում:5 Մեր սիրելի Փրկչին՝ Աստծո Որդուն, պիտակեցին որպես որկրամոլ, գինեմոլ և դևից բռնված:6
Տերը հայտնեց Ջոզեֆին իր ճակատագրի մասին.
«Աշխարհի ծայրերը գիտելիք կփնտրեն քո անվան մասին, և հիմարները կծաղրեն քեզ, և դժոխքը կմոլեգնի քո դեմ.
Մինչդեռ սրտով մաքուրները, … իմաստունները, … և առաքինիները, շարունակ օրհնություններ պիտի փնտրեն քո ձեռքի տակ»:7
Ինչո՞ւ Տերը թույլ տվեց, որ չարախոսությունը հալածի բարուն: Պատճառներից մեկն այն է, որ Աստծո բաների հանդեպ ընդդիմությունը ճշմարտություն փնտրողներին ստիպում է աղոթքով ծնկի իջնել՝ պատասխան ստանալու համար:8
Ջոզեֆ Սմիթը Վերականգնման Մարգարեն է: Նրա հոգևոր աշխատանքը սկսվեց Հոր և Որդու հայտնությամբ, որին հետևեցին բազմաթիվ երկնային այցելություններ: Նա գործիք էր Աստծո ձեռքերում՝ ի հայտ բերելու սուրբ գրություններ, կորսված վարդապետություն և կատարելու քահանայության վերականգնում: Ջոզեֆի աշխատանքի կարևորությունը պահանջում է ավելի քան բանական քննում, այն պահանջում է, որ մենք Ջոզեֆի պես «խնդրենք Աստծուն»:9 Հոգևոր հարցերն արժանի են հոգևոր պատասխանների՝ Աստծո կողմից:
Շատերը, ովքեր հերքում են Վերականգնման աշխատանքը, պարզապես չեն հավատում, որ երկնային էակները խոսում են մարդկանց հետ երկրի վրա: Նրանք ասում են՝ հնարավոր չէ, որ հրեշտակի կողմից ոսկե թիթեղները տրվեին և Աստծո զորությամբ թարգմանվեին: Այդ անհավատության պատճառով նրանք անմիջապես մերժում են Ջոզեֆի վկայությունը, իսկ ոմանք էլ, ցավոք, վարկաբեկում են Մարգարեի կյանքը և զրպարտում նրա բնավորությունը:
Մեզ հատկապես վշտացնում է այն փաստը, որ երբ ինչ-որ մեկը ժամանակին հարգել է Ջոզեֆին, այնուհետև հեռանալով իր համոզմունքից սկսել է զրպարտել Մարգարեին:10
Երեց Նիլ Ա. Մաքսվելը մի անգամ ասել է. «Ուսումնասիրել Եկեղեցին … իր ուխտադուրժ մարդկանց աչքերով, նման է Հիսուսին հասկանալու համար հարցազրույց անցկացնել Հուդայի հետ: Ուխտադուրժ մարդիկ միշտ մեզ հետ խոսում են ավելի շատ իրենք իրենց, քան եկեղեցուց հեռանալու պատճառի մասին»:11
Հիսուսն ասել է. «Օրհնեցեք ձեզ անիծողներին. … և աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար»:12 Եկեք բարյացակամորեն վերաբերվենք Ջոզեֆ Սմիթի քննդատներին, մեր սրտում իմանալով, որ նա Աստծո մարգարե էր և սփոփվելով, որ այս ամենը վաղուց կանխագուշակվել էր Մորոնիի կողմից:
Ինչպե՞ս մենք պետք է պատասխանենք անկեղծ հետաքրքրվողին, ով մտահոգված է Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին լսած կամ կարդացած բացասական կարծիքներից: Իհարկե, մենք միշտ ողջունում ենք ազնիվ և անկեղծ հարցերը:
Ջոզեֆի բնավորության մասին հարցերին ի պատասխան կարող ենք ներկայացնել հազարավոր մարդկանց խոսքերը, ովքեր անձնապես ճանաչել են նրան, և ովքեր իրենց կյանքն են տվել այն գործի համար, որ նա օգնում էր հաստատել: Ջոն Թեյլորը, ում վրա չորս անգամ կրակեց այն նույն ամբոխը, որը սպանեց Ջոզեֆին, հետագայում հայտարարել է. «Ես վկայում եմ Աստծո, հրեշտակների և մարդկանց առաջ, որ [Ջոզեֆը] բարի, պատվարժան, [և] առաքինի մարդ էր— … [և] իր բնավորությամբ որպես մասնավոր և հանրային մարդ նա անբասիր էր—և որ նա ապրեց և մահացավ որպես Աստծո մարդ»:13
Կարող ենք անկեղծ հետաքրքրվողին հիշեցնել, որ ինտերնետային տեղեկությունը չունի «ճշմարտության» ֆիլտր: Որոշ տեղեկություններ, անկախ նրանից, թե որքան համոզիչ են, պարզապես ճիշտ չեն:
Տարիներ առաջ Time ամսագրում մի հոդված կարդացի, որտեղ ներկայացվում էր իբր Մարտին Հարրիսի կողմից գրված մի նամակ, որը հակասում էր Մորմոնի Գրքի թիթեղները գտնելու մասին Ջոզեֆ Սմիթի պատմությանը:14
Այդ փաստաթղթի պատճառով մի քանի անդամներ հեռացան Եկեղեցուց:15
Ցավոք, նրանք շատ արագ հեռացան: Մի քանի ամիս անց փորձագետները հայտնաբերեցին (և մոռացան խոստովանել), որ այդ նամակն ամբողջովին սուտ էր:16 Իհարկե, դուք կարող եք կասկածի ենթարկել այն, ինչ լսում եք լուրերով, բայց երբեք չպետք է կասկածի ենթարկեք Աստծո մարգարեների վկայությունը:
Մենք կարող ենք հիշեցնել հետաքրքրվողներին, որ Ջոզեֆի մասին որոշ տեղեկություն՝ լինելով ճշմարիտ, կարող է ներկայացվել իր օրերից և իրավիճակից դուրս լիովին այլ ենթատեքստում:
Երեց Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է այդ կետը: Նա ասել է. «Ես ծառայում էի որպես խորհրդական Միացյալ Նահանգների կառավարությունում, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում, Ատլանտայում, Ջորջիա: Մի օր մեր ժողովներից հետո, երբ օդակայան գնալու համար տաքսի էի սպասում, ես պառկեցի խոտածածկի վրա, որպեսզի նախքան Յուտայի ձմեռային եղանակին վերադառնալը մի փոքր կլանեի արևի ճառագայթների ջերմությունը: … Ավելի ուշ ես փոստով ստացա խոտածածկի վրա պառկած իմ լուսանկարը, որը լուսանկարիչը նկարել էր հեռաօբյեկտիվով: Նկարի տակ գրված էր. «Կառավարության խորհրդականը Ազգային Կենտրոնում»: Լուսանկարը ճիշտ էր, վերնագիրը ճիշտ էր, բայց ճշմարտությունն օգտագործվել էր սխալ տպավորություն ստեղծելու համար»:17 Մենք չենք հրաժարվում այն բանից, ինչը գիտենք, որ ճիշտ է, մեկ այլ բանի պատճառով, ինչը դեռևս չենք հասկանում:
Մենք կարող ենք հետաքրքրվողներին հիշեցնել, որ Ջոզեֆը միայնակ չէր հրեշտակների այցելության ժամանակ:
Մորմոնի Գրքի վկաները գրել են. «Մենք հայտարարում ենք զգաստամիտ խոսքերով, որ Աստծո մի հրեշտակ երկնքից իջավ ներքև, և … մենք նայեցինք ու տեսանք թիթեղները»:18 Մենք կարող ենք մեջբերում անել նաև շատ ուրիշներից:19
Անկեղծ հետաքրքրվողը պետք է վերականգնված ավետարանի տարածվելը տեսնի որպես Մարգարեի միջոցով կատարված Տիրոջ աշխատանքի պտուղ:
Այժմ ողջ աշխարհում կան ավելի քան 29000 ժողովատներ և ավետարանն ուսուցանող 88000 միսիոներներ: Միլիոնավոր Վերջին Օրերի Սրբեր ձգտում են հետևել Հիսուս Քրիստոսին, բարեխիղճ կյանք վարել, հոգ տանել աղքատների համար և իրենց ժամանակն ու տաղանդները նվիրաբերել՝ օգնելով մյուսներին:
Հիսուսն ասաց.
«Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել: …
Իրանց պտուղներիցը ճանաչեցեք նորանց»:20
Այս բացատրությունները համոզիչ են, սակայն իր ճշմարտության որոնումներում անկեղծ հետաքրքրվողը չպետք է բացառապես ապավինի դրանց:
Յուրաքանչյուր հավատացյալ՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելության և էության վերաբերյալ հոգևոր հաստատման կարիքն ունի: Սա ճիշտ է բոլոր սերունդների համար: Հոգևոր հարցերը արժանի են Աստծուց տրված հոգևոր պատասխանների:
Վերջերս գնացել էի Միացյալ Նահանգների Արևելյան ափ և մի վերադարձած միսիոներ պատմեց ինձ իր ընկերոջ մասին, ով հիասթափություն էր ապրել Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին ստացած տեղեկության արդյունքում: Նրանք զրուցել էին մի քանի անգամ, և քննարկումների արդյունքում այդ վերադարձած միսիոները կարծես ինքն էլ որոշ կասկածներ ուներ:
Թեպետ հույս ունեի, որ նա կամրացներ իր ընկերոջը, բայց մտահոգվեցի նրա անձնական վկայության համար: Եղբայրներ և քույրեր, ուզում եմ իմ զգուշացնող խոսքն ուղղել ձեզ՝ չեք կարող օգնել մյուսներին, եթե ձեր հավատքը բավականաչափ ամուր չէ:
Մի քանի շաբաթ առաջ ես նստեցի Հարավային Աֆրիկա թռչող ինքնաթիռը: Բորտուղեկցորդուհին մեր ուշադրությունը հրավիրեց անվտանգության վերաբերյալ տեսանյութի վրա: «Քիչ հավանական է,- զգուշացվեցինք մենք,- բայց եթե սրահում ճնշումը փոփոխվի, ձեր նստատեղերի վերևում գտնվող վահանակները կբացվեն և դուրս կգան թթվածնային դիմակներ: Այդ պահին, ձգվեք և դիմակը մոտեցրեք ձեզ: Դիմակը հագեք ձեր քթի և բերանի վրա: Ռեզինե ժապավենը հագցրեք ձեր գլխի վրա և անհրաժեշտության դեպքում ուղղեք դիմակը»: Ապա տրվեց այս զգուշացումը. «Նախքան մյուսներին օգնելը, հավաստիացեք, որ ճիշտ եք հագել ձեր դիմակը»:
Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ բացասական կարծիքները կշատանան, որքան մոտենանք Փրկչի Երկրորդ Գալստին: Կես ճշմարտությունները և խորամանկ ստերը չեն պակասի: Կլինեն ընտանիքի անդամներ և ընկերներ, ովքեր ձեր օգնության կարիքը կունենան: Այժմ է ձեր հոգևոր թթվածնի դիմակը հագնելու ժամանակը, որպեսզի պատրաստ լինեք օգնելու ճշմարտությունը որոնողներին:21
Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին վկայությունը մեզանից յուրաքանչյուրը կարող է տարբեր կերպ ստանալ: Այն կարող է գալ, երբ ծնկի իջած աղոթեք և խնդրեք Աստծուն, որ հաստատի, որ նա ճշմարիտ մարգարե էր: Այն կարող է գալ, երբ դուք կարդաք Մարգարեի Առաջին Տեսիլքի մասին պատմությունը: Վկայությունը կարող է կաթիլ առ կաթիլ նստել ձեր հոգու վրա, երբ կրկին ու կրկին կարդաք Մորմոնի Գիրքը: Այն կարող է գալ, երբ դուք ձեր վկայությունը բերեք Մարգարեի մասին կամ երբ կանգնեք տաճարում և հասկանաք, որ Ջոզեֆ Սմիթի շնորհիվ սուրբ կնքման զորությունը վերականգնվեց երկրի վրա:22 Հավատքով և անկեղծ միտումով ձեր վկայությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին կզորանա: Կողքից ձեզ վրա անընդհատ ընկնող ջրային փուչիկներից դուք կարող եք երբեմն թրջվել, բայց դրանք երբեք, երբեք չպետք է հանգցնեն ձեր հավատքի բոցկլտացող կրակը:
Երիտասարդներին, ովքեր լսում են ինձ այսօր կամ հետագայում կկարդան այս խոսքերը, ես հատուկ կոչ եմ անում՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին անձնական վկայություն ձեռք բերեք: Թող որ ձեր ձայնն օգնի իրագործել Մարգարեի մասին բարի խոսելու վերաբերյալ Մորոնիի մարգարեական խոսքերը: Ահա երկու գաղափար. Առաջինը, Մորմոնի գրքում գտեք սուրբ գրության հատվածներ, որոնք զգում եք և գիտեք, որ բացարձակապես ճիշտ են: Այնուհետև կիսվեք դրանով ընտանիքի և ընկերների հետ՝ ընտանեկան երեկոյի, սեմինարիայի և Երիտասարդ տղամարդկանց և Երիտասարդ կանանց ձեր դասարաններում, հաստատելով, որ Ջոզեֆը գործիք էր Աստծո ձեռքում: Հաջորդը, կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը Թանկագին Մարգարիտում կամ այժմ 158 լեզուներով թարգմանված այս բրոշյուրում: Կարող եք այն գտնել առցանց LDS.org-ում կամ խնդրել միսիոներներից: Դա Ջոզեֆի վկայությունն է այն մասին, ինչ իրականում տեղի է ունեցել: Հաճախ կարդացեք այն: Կարող եք ձեր ձայնով ձայնագրել Ջոզեֆ Սմիթի վկայությունը, պարբերաբար լսել այն և կիսվել դրանով ընկերների հետ: Մարգարեի վկայությունը ձեր ձայնով լսելը կօգնի բերել վկայությունը, որ դուք փնտրում եք:
Առջևում հրաշալի օրեր են: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Այս մեծ աշխատանքը … կշարունակի առաջ գնալ՝ կյանքեր փոխելով և օրհնելով: … Ողջ աշխարհում ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել Աստծո աշխատանքը: Անկախ նրանից ինչ կլինի, այս հրաշալի գործն առաջ կգնա»:23
Ես բերում եմ իմ վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է՝ մեր Փրկիչն ու Քավիչը: Նա ընտրեց մի սուրբ ու արդար մարդ, որպեսզի առաջնորդի Իր ավետարանի լրիվության Վերականգնումը: Նա ընտրեց Ջոզեֆ Սմիթին:
Ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթն ազնիվ և առաքինի մարդ էր, Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտ: Հայր Աստվածը և Նրա Որդին, Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին նրան: Աստծո պարգևով և զորությամբ նա թարգմանեց Մորմոնի Գիրքը:
Մեր հասարակության մեջ մահվան վարագույրից այն կողմ մենք հստակ կհասկանանք Մարգարե Ջոզեֆ Սմիթի սուրբ կոչումը և աստվածային առաքելությունը: Այդ ոչ այնքան էլ հեռու օրը, դուք, ես և «միլիոնավոր մարդիկ կրկին պիտի ճանաչեն Եղբայր Ջոզեֆին»:24 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: