Ես ինքս գիտեմ այս բաները
Իմանալով, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը ճշմարիտ է, մեզ համար կարող է լինել ամենամեծ և ամենաուրախալի փորձառություններից մեկը։
Իմ սիրելի եղբայրներ, մենք շարունակաբար ոգեշնչվում ենք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի անձնական օրինակով և քահանայության ծառայությունով։ Վերջերս մի քանի սարկավագների հարց էր տրվել. «Ամենից շատ Նախագահ Մոնսոնի մեջ ի՞նչն եք սիրում»։ Մի սարկավագ վերհիշեց, թե ինչպես մանուկ ժամանակ Նախագահ Մոնսոնը իր խաղալիքները տվել է կարիքավոր ընկերներին։ Մյուսը նշեց, թե ինչպես է Նախագահ Մոնսոնը հոգ տարել իր ծխի այրիների մասին։ Երրորդը նկատեց, որ նա առաքյալ է կանչվել շատ վաղ հասակում և օրհնել ամբողջ աշխարհի մարդկանց։ Այնուհետև մի պատանի ասաց. «Այն, ինչ ամենից շատ սիրում եմ Նախագահ Մոնսոնի մեջ, դա իր վկայությունն է»։
Իրոք, մենք բոլորս զգացել ենք Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր մարգարեի հատուկ վկայությունը և մշտապես հոգու հուշումներին հետևելու նրա հավատարմությունը։ Իր ներկայացրած յուրաքանչյուր փորձառությամբ Նախագահ Մոնսոնը մեզ հրավիրում է ավելի լիարժեք ձևով ապրել ավետարանով և փնտրել ու ամրապնդել մեր անձնական վկայությունները։ Հիշեք, թե ինչ ասաց նա այս բեմից ընդամենը մի քանի համաժողով առաջ․ «Որպեսզի լինենք ուժեղ և դիմակայենք սխալ ուղղությամբ մեզ քաշող ուժերին … , մենք պետք է ունենանք մեր անձնական վկայությունը: Լինեք 12 թե 112 տարեկան, դուք կարող եք ինքներդ իմանալ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է»։
Չնայած որ իմ ուղերձն ուղղված է նրանց, ովքեր մոտ են 12-ին, ոչ թե 112-ին, սկզբունքները, որոնցով կիսվելու եմ, վերաբերվում է բոլորին։ Նախագահ Մոնսոնի ասածին ի պատասխան, ես կհարցնեի․ Արդյո՞ք մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ ավետարանը ճշմարիտ է։ Կարո՞ղ ենք վստահորեն ասել, որ մեր վկայություններն իսկապես մերն են։ Կրկին անգամ մեջբերում անեմ Նախագահ Մոնսոնից․ «Ես պնդում եմ, որ մեր Փրկչի և Նրա ավետարանի մասին ուժեղ վկայությունը կպահպանի ձեզ շրջապատող մեղքից և չարից։ … Եթե դուք դեռևս չունեք վկայություն այդ բաների վերաբերյալ, արեք ամեն անհրաժեշտը այն ձեռք բերելու համար։ Կարևոր է ձեզ համար, որ դուք ունենաք ձեր անձնական վկայությունը, քանի որ ուրիշների վկայությունները ձեզ կհանգեցնեն մի որոշակի սահմանագծի»։
Ես ինքս գիտեմ այս բաները
Ինքներս մեզ համար իմանալով, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը ճշմարիտ է, կարող է լինել կյանքի ամենամեծ և ամենաուրախալի փորձառություններից մեկը։ Մենք կարող ենք սկսել դա հիմնվելով այլոց վկայությունների վրա, ինչպես արեցին քաջարի մարտիկները․ «Մենք չենք կասկածում, մեր մայրերը գիտեին դա»։ Սկսելու համար դա լավ է, սակայն մենք պետք է կառուցենք դրա վրա։ Որպեսզի ուժեղ լինենք ավետարանով ապրելու համար, չկա ավելի կարևոր բան, քան մեր անձնական վկայություն ստանալն ու ամրապնդելն է։ Մենք պետք է կարողանանք ասել այն ինչ Ալման ասեց․ «Ես … ինքս գիտեմ այս բաները»։
«Եվ ի՞նչ եք դուք կարծում, ինչպե՞ս ես գիտեմ դրանց հավաստիության մասին»: Ալման շարունակում է։ «Ահա ես ասում եմ ձեզ՝ դրանք հայտնի են դարձվել ինձ Աստծո Սուրբ Հոգու կողմից։ Ահա, ես ծոմ եմ պահել ու աղոթել շատ օրեր, որ ես ինքս կարողանայի իմանալ այս բաները։ Եվ այժմ, ես ինքս գիտեմ, որ դրանք ճշմարիտ են»։
Ես փափագում եմ տեսնել այն բաները, որոնք տեսել է հայրս
Ալմայի նման Նեփին նույնպես ճշմարտությունն իր համար իմացավ։ Իր հոր բազմաթիվ հոգևոր փորձառությունների մասին լսելուց հետո, Նեփին ցանկանում էր իմանալ այն բաները, որոնք իր հայրը գիտեր։ Դա սոսկ պարզ հետաքրքասիրություն չէր, այլ մի բան, որը հետագայում նա շատ էր փափագում։ Թեպետ նա «չափազանց երիտասարդ էր», նա ուներ «մեծ իղձեր՝ իմանալու Աստծո խորհուրդները»: Նա փափագում էր «տեսնել և լսել, և իմանալ այս բաների մասին Սուրբ Հոգու զորությամբ»։
Երբ Նեփին «նստած խորհում [էր իր] սրտում», նա տարվեց «Տիրոջ Հոգով հեռու, … մի չափազանց բարձր լեռ», որտեղ նրան հարց տրվեց՝ «Ի՞նչ ես փափագում դու»։ Նրա պատասխանը պարզ էր՝ «Ես փափագում եմ տեսնել այն բաները, որոնք տեսել է հայրս»։ Իր հավատացող սրտի և իր ջանասեր ջանքերի շնորհիվ Նեփին օրհնվեց մի հրաշալի փորձառությամբ։ Նա վկայություն ստացավ Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալիք ծննդյան, կյանքի և խաչելիության վերաբերյալ։ Նա տեսավ Մորմոնի Գրքի ի հայտ գալը և վերջին օրերում ավետարանի վերականգնումը, բոլոր այդ բաները՝ ինքնուրույն իմանալու նրա անկեղծ ցանկության արդյունք էին։
Տիրոջ հետ Նեփիի այդ անձնական փորձառությունը Նեփիին նախապատրաստեց այն չարիքի ու դժվարություններիհամար, որոնց նա շուտով բախվելու էր: Դրանք նրան թույլ տվեցին ամուր կանգնել նույնիսկ այն ժամանակ, երբ իր ընտանիքի մյուս անդամները մաքառում էին։ Նա կարողացավ դա անել, քանի որ ինքն էր սովորել և իմացել դա։ Նա օրհնվել էր իր անձնական վկայությամբ։
Թող խնդրէ Աստուածանից
Նեփիի նման Մարգարե Ջոզեֆ Սմիթը նույնպես «չափազանց երիտասարդ էր», երբ նրա «միտքը համակված էր լուրջ մտախոհությամբ» հոգևոր ճշմարտությունների վերաբերյալ։ Ջոզեֆի համար դա «ծայրագույն դժվար կացության» պահ էր՝ շրջապատված լինելով կրոնի վերաբերյալ իրար հակասող և շփոթեցնող ուղերձներով։ Նա ցանկանում էր իմանալ, թե որ եկեղեցին է ճշմարիտ։ Աստվածաշնչյան այս խոսքերով ոգևորված լինելով․ «Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիուն ունի, թող խնդրէ Աստուածանից», նա գործեց ինքնուրույն պատասխանը գտնելու համար։ 1820թ․ գարնանային մի գեղեցիկ առավոտ, նա առանձնացավ պուրակում և ծնկի իջավ աղոթելու։ Նրա հավատքի շնորհիվ և շնորհիվ նրա, որ Աստված հատուկ գործ ուներ նրա համար պատրաստած, Ջոզեֆը տեսավ Հայր Աստծո և Նրա Որդի, Հիսուս Քրիստոսի մի փառահեղ տեսիլք և իմացավ, թե ինչ պետք է աներ։
Տեսնո՞ւմ եք արդյոք Ջոզեֆի փորձառության մեջ այն օրինակը, որին դուք կարող եք հետևել՝ ստանալու կամ ամրապնդելու համար ձեր վկայությունը։ Ջոզեֆը թույլ տվեց, որպեսզի սուրբ գրությունները թափանցեն նրա սիրտը։ Նա խորապես խորհեց դրանց մասին և կիրառեց դրանք իր անձնական իրավիճակում։ Այնուհետև նա գործեց ըստ իր սովորածի։ Արդյունքը՝ փառահեղ առաջին տեսիլքն էր և այն ամենը, ինչը հետևեց դրան։ Այս Եկեղեցին բառացիորեն հիմնադրվել է այն սկզբունքի վրա, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում 14 տարեկան գյուղացի տղան, կարող է «հարցնել Աստծուն» և ստանալ իր աղոթքների պատասխանը։
Այսպիսով՝ ի՞նչ է վկայությունը։
Մենք հաճախ ենք լսում Եկեղեցու անդամներից այն, որ իրենց վկայությությունն ավետարանի հանդեպ իրենց ամենագնահատված սեփականությունն է։ Դա Աստծո կողմից տրված սրբազան ընծա է, որը մեզ է հասնում Սուրբ Հոգու զորության շնորհիվ։ Այն հանդարտ, անսասան վստահություն է, որը մենք ստանում ենք, երբ ուսումնասիրում, աղոթում և ապրում ենք ավետարանով։ Այն մի զգացում է, որը Սուրբ Հոգին վկայում է մեր հոգիներին, որ այն ամենն ինչ իմանում և անում ենք ճշմարիտ է։
Որոշ մարդիկ վկայության մասին խոսում են կարծես թե այն լույսի անջատիչ է՝ կամ միացված է կամ էլ անջատված։ Դուք կամ ունեք վկայություն կամ չունեք այն։ Իրականում վկայությունը կարծես ծառ լինի, որն անցնում է աճի և զարգացման տարբեր փուլերով։ Երկրի վրա գոյություն ունեցող ամենաերկար ծառերն աճում են Ռեդվուդ Ազգային պարկում, արևմտյան Միացյալ Նահանգներում։ Երբ կանգնում եք այդ հսկա ծառերի տակ, զարմանալի է մտածել, որ դրանցից յուրաքանչյուրն աճել է մի փոքրիկ սերմից։ Դա նույնն է մեր վկայությունների դեպքում։ Չնայած որ նրանք կարող են սկիզբ առնել մեկ հոգևոր փորձառությունից, նրանք ժամանակի ընթացքում աճում և զարգանում են հաստատուն սնուցման և հաճախակի հոգևոր փորձառությունների շնորհիվ։
Այդուհանդերձ զարմանալի չէ, որ երբ մարգարե Ալման բացատրեց, թե ինչպես զարգացնել վկայությունը, նա խոսեց այն մասին, թե ինչպես է սերմն աճում դառնալով ծառ։ «Եթե դուք տեղ տաք»․ նա ասաց, «որ մի սերմ սերմանվի ձեր սրտում, ահա, եթե այն լինի մի ճշմարիտ սերմ կամ մի լավ սերմ, եթե դուք դուրս չգցեք այն ձեր անհավատությամբ, … այն կսկսի ուռչել ձեր կրծքում. և երբ դուք զգաք այդ ուռչելու շարժումները, դուք կսկսեք ասել ինքներդ ձեր մեջ. Պետք է որ անպայման սա լավ սերմ լինի կամ խոսքը լավն է, քանզի այն սկսում է մեծացնել իմ հոգին. այո, այն սկսում է լուսավորել իմ հասկացողությունը, այո, այն սկսում է հրաշալի լինել ինձ համար»։
Սովորաբար, այսպես են վկայությունները սկիզբ առնում․ սրբազան, պայծառացնող, հավաստիացնող զգացումներ, որոնք մեզ ապացուցում են, որ Աստծո խոսքը ճշմարիտ է։ Այնուամենայնիվ, որքան էլ որ հիանալի լինեն այս զգացումները, դրանք միայն սկիզբն են։ Ձեր վկայությունը մեծացնելու աշխատանքն ավարտված չէ, մինչև որ ռեդվուդ ծառի մեծացնելու աշխատանքն ավարտվի, երբ առաջին փոքրիկ բողբոջը ծլարձակի հողի մեջ։ Եթե մենք անտեսենք ու մերժենք այս վաղ հոգևոր հուշումները, եթե մենք չսնուցենք նրանց շարունակաբար ուսումնասիրելով սուրբ գրությունները և աղոթենք և փնտրենք ավելի շատ հոգևոր փորձություններ, մեր զգացումները կխամրեն և մեր վկայությունները կնվազեն։
Ինչպես Ալման է ասել․ «Բայց, եթե դուք անտեսեք ծառը, և չմտածեք այն սնուցելու մասին, ահա, այն արմատ չի գցի. և երբ արևի տապը գա և խանձի այն, քանի որ այն արմատ չունի՝ այն կչորանա, և դուք կպոկեք այն ու դուրս կգցեք»։
Շատ դեպքերում մեր վկայությունները կաճեն նույն կերպ, ինչպես ծառն է աճում․ աստիճանաբար, գրեթե աննկատ որպես արդյունք մեր անդադար խնամքի և տքնաջան ջանքերի։ «Բայց, եթե դուք կամենաք սնուցել խոսքը»,- Ալման խոստանում է,- «այո, սնուցել ծառը, երբ այն սկսում է աճել, ձեր հավատքով, մեծ ջանասիրությամբ և համբերությամբ, սպասելով դրա պտղին, որ այն արմատ կգցի. և ահա այն կլինի դեպի հավիտենական կյանք վեր խոյացող մի ծառ»։
Այժմ է պահը, Այսօր է օրը
Իմ անձնական վկայությունը սկիզբ է առել, երբ ես ուսումնասիրեցի Մորմոնի Գրքի ուսմունքները և խորհեցի դրանց շուրջ։ Երբ ես խոնարհ աղոթքով ծնկի իջա Աստծո առաջ, Սուրբ Հոգին վկայեց իմ հոգուն, որ այն ամենն ինչ ես կարդում էի ճշմարիտ էր։ Այդ վաղ վկայությունը խթան հանդիսացավ բազմաթիվ այլ ավետարանի ճշմարտությունների մասին վկայության համար, քանի որ ինչպես Նախագահ Մոնսոնն է ուսուցանել․ «Երբ իմանում ենք, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, դրանից հետևում է, որ Ջոզեֆ Սմիթը իսկապես մարգարե էր, և նա տեսել է Աստծուն՝ Երկնային Հորը, և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Ուրեմն դա նշանակում է, որ ավետարանը վերականգնվել է այս վերջին օրերին Ջոզեֆ Սմիթի միջոցով, ներառյալ Ահարոնյան և Մելքիսեդեկյան Քահանայությունների վերականգնումը»: Այդ օրից ի վեր, ես ունեցել եմ բազմաթիվ սրբազան փորձառություններ Սուրբ Հոգու հետ, որոնք վերահաստատել են, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի փրկիչն է, և որ Նրա վերականգնված ավետարանը ճշմարիտ է։ Ալմայի հետ միասին ես համոզված կարող եմ ասել, որ ես ինքս գիտեմ այս բաները։
Իմ երիտասարդ ընկերներ, այժմ է պահը և այսօր է այն օրը իմանալու և վերահաստատելու ինքներս մեզ համար, որ ավետարանը ճշմարիտ է։ Մեզանից յուրաքանչյուրը կարևոր աշխատանք ունի անելու։ Այդ աշխատանքն իրագործելու համար և աշխարհիկ ներգործությունից պաշտպանվելու համար, որը կարծես անընդհատ մշուշոտ է երևում, մենք պետք է ունենանք՝ Ալմայի, Նեփիի և պատանի Ջոզեֆ Սմիթի հավատքը, որպեսզի ստանանք և զարգացնենք մեր անձնական վկայությունը։
Ինչպես պատանի սարկավագը, որի մասին այսօր ավելի վաղ խոսեցի, ես սիրում եմ Նախագահ Մոնսոնին նրա վկայության համար։ Այն կարծես նման է շատ բարձր ռեդվուդ ծառի, բայց նույնիսկ Նախագահ Մոնսոնի վկայությոյւնը պետք է աճի և մեծանա ժամանակի ընթացքում։ Մենք ինքներս կարող ենք իմանալ, ինչպես Նախագահ Մոնսոնը արեց, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու աշխարհի Քավիչն է, որ Ջոզեֆ Սմիթը վերականգնման մարգարեն է, այդ թվում նաև՝ Աստծո քահանայության վերականգնման մարգարեն։ Մենք կրում ենք այդ սուրբ քահանայությունը։ Թող որ մենք սովորենք և ինքներս իմանանք այդ ամենը, այս է իմ խոնարհ աղոթքը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։