2010–2019 թթ․
Կյանքի մրցավազք
Ապրիլ 2012


Կյանքի մրցավազք

Որտեղի՞ց ենք մենք եկել: Ինչո՞ւ ենք այստեղ: Ո՞ւր ենք գնալու այս կյանքից հետո: Այս համընդհանուր հարցերն այլևս կարիք չունեն անպատասխան մնալու:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այս առավոտ ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ հավերժական ճշմարտությունների մասին, որոնք կհարստացնեն մեր կյանքը և մեզ ապահով տուն կուղեկցեն:

Ամենուր մարդիկ շտապում են: Ռեակտիվ ինքնաթիռները սրընթաց իրենց ուղևորներին տանում են մայրցամաքներով և օվկիանոսներով, որպեսզի գործնական հանդիպումներ կայանան, պարտավորություններ կատարվեն, արձակուրդներ անցկացվեն կամ ընտանիքներ այցելվեն: Ամենուր ավտոճանապարհներով՝ մայրուղիներով, փողոցներով թվում է անվերջ հոսքով և տարբեր պատճառներով միլիոնավոր ավտոմեքենաներ են սլանում, տանելով միլիոնավոր մարդկանց, երբ ամեն օր շտապում ենք մեր գործերով:

Կյանքի այս արագընթաց վազքի մեջ, երբևէ դադար առնո՞ւմ ենք խորհելու հավիտենական ճշմարտությունների մասին:

Հավերժական ճշմարտությունների համեմատ առօրյա կյանքի հարցերից և մտահոգություներից շատերը իրոք որ բավականին սովորական են: Ի՞նչ ենք ուտելու ճաշին: Ի՞նչ գույն պետք է ներկենք հյուրասենյակը: Արժե՞ Ջոնիին ֆուտբոլի տանել: Այս և նմանատիպ անթիվ այլ հարցեր կորցնում են իրենց նշանակությունը, երբ ճգնաժամ է սկսվում, սիրելին է վնասվում, երբ առողջ տուն հիվանդություն է մուտք գործում, երբ կյանքի մոմը մարում է և ահաբեկող մթություն է տիրում: Մեր մտքերը կենտրոնանում են, և մենք հեշտությամբ կարողանում ենք որոշել, թե ինչն է իսկապես կարևոր և ինչն է պարզապես անկարևոր:

Ինձ վերջերս այցելել էր մի կին, որը երկու տարուց ավելի պայքարում է կյանքին սպառնացող հիվանդության դեմ: Նա նշեց, որ իր հիվանդությունից առաջ, նա ամբողջ օրը զբաղված էր գործերով՝ տունը կատարելության աստիճան մաքուր էր պահում և այն կահավորում էր գեղեցիկ կահույքով: Նա իր վարսավիրին էր այցելում շաբաթը երկու անգամ և գումար ու ժամանակ էր ծախսում իր զգեստապահարանը համալրելու համար: Թոռնիկներին թույլ չէր տալիս հաճախ այցելել իրեն, քանի որ միշտ մտահոգվում էր, մտածելով որ նրանք իրենց փոքրիկ ու անհոգ թաթիկներով իր թանկագին ունեցվածքը կկոտրեն կամ կփչացնեն:

Այնուհետև նա իմացավ ցնցող նորությունը, որ իր կյանքը վտանգված է, և իրեն ապրելու քիչ ժամանակ է մնացել: Նա ասաց, որ բժշկի ախտորոշումը լսելու պահին նա անմիջապես հասկացավ, որ իր մնացած ժամանակը կուզենար անցկացնել իր ընտանիքի, ընկերների շրջապատում, իր կյանքի կենտրոնում ունենալով ավետարանը. դրանք էին ամենաթանկ բաները նրա համար:

Նման մտքի պարզեցման պահեր մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ունենում ենք, իհարկե ոչ միշտ նման ցավալի իրավիճակում: Մենք պարզորոշ տեսնում ենք, թե ինչն է իսկապես կարևոր մեր կյանքում և ինչպես պետք է ապրենք:

Փրկիչն ասել է.

«Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրիս վրա. ուր որ ցեցն և ժանկն ապականում են, և ուր որ գողերը պատը ծակում են և գողանում:

Բայց ձեզ համար գանձեր դիզեցեք երկնքումը, ուր ոչ ցեց և ոչ ժանկ չեն ապականում, և ուր գողերը պատը չեն ծակում և չեն գողանում:

Որովհետև ինչ տեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի և ձեր սիրտը»:1

Մեծ խորհրդածության կամ մեծ կարիքի պահերին, մարդու հոգին հասնում է երկինք՝ փնտրելով աստվածային պատասխան կյանքի մեծագույն հարցերին՝ որտեղի՞ց ենք գալիս: Ինչո՞ւ ենք այստեղ: Այս կյանքին հրաժեշտ տալուց հետո ո՞ւր ենք գնալու:

Այս հարցերի պատասխանները չեք գտնի դասագրքերում կամ համացանցում: Այս հարցերը անցնում են մահկանացու կյանքի սահմանը և ընդգրկում են հավերժությունը:

Որտեղի՞ց ենք մենք գալիս: Այս հարցի մասին եթե անգամ չի խոսում, ապա անխուսափելիորեն մտածում է յուրաքանչյուր մարդ:

Պողոս Առաքյալն ասաց աթենացիներին, որ մենք Աստծո ժառանգներն ենք:2 Որովհետև գիտենք, որ մեր ֆիզիկական մարմինները մեր մահկանացու ծնողների ժառանգներն են, մենք պետք է մանրամասն քննենք Պողոսի խոսքերի նշանակությունը: Տերը հայտարարել է, որ «ոգին ու մարմինը՝ մարդու հոգին են»:3 Ուստի, հոգին Աստծո ժառանգն է: Եբրայեցիների գրողը Նրան անվանում է՝ «հոգիների Հայր»:4 Բոլոր մարդկանց հոգիները Նրա «ծնված որդիներն ու դուստրերն են»:5

Մենք նկատում ենք, որ բանաստեղծները այդ թեմայի շուրջ մեզ խորհրդածելու առիթ տալու համար, գրել են սրտաշարժ տողեր և արտասովոր մտքեր: Վիլիամ Վորդսվորթը գրել է ճշմարտությունը.

Մեր ծնունդը սոսկ քուն է և մոռացություն,

Մեր մեջ զարթնած Հոգին, Աստղը մեր կյանքի,

Մեկ այլ հեռու վայրում տուն ունի,

Եվ գալիս է այդ հեռուներից.

Ոչ ամեն ինչ մոռացած,

Ոչ էլ մերկ, չհագնված,

Այլ փառքի ամպեր գրկած,

Աստծո մոտից, որ Տունն է մեր.

Երկինքը մեր մեջ է, մանուկ ենք երբ:6

Ծնողները խորհում են ուսուցանելու, ոգեշնչելու, առաջնորդություն և ուղղություն տալու և օրինակ լինելու իրենց պատասխանատվության մասին: Եվ մինչ ծնողները խորհում են, երեխաները, հատկապես երիտասարդները, տալիս են խորաթափանց հարցը՝ ինչո՞ւ ենք մենք այստեղ: Սովորաբար, այդ հարցը լուռ ուղղվում է դեպի հոգին, ձևակերպվելով՝ ինչո՞ւ եմ ես այստեղ:

Որքան երախտապարտ պետք է լինենք մենք, որ իմաստուն Արարիչը ստեղծեց Երկիրը և մեզ դրեց այստեղ մոռացության վարագույրով առանձնացնելով նախկին գոյությունից, որպեսզի անցնենք ժամանակի փորձությունով, փորձվելու հնարավորություն ունենանք, և արժանի դառնանք այն ամենին, ինչ Աստված պատրաստել է մեզ համար:

Երկրի վրա մեր գոյության կարևոր նպատակն է՝ձեռք բերել մսից ու ոսկորներից մարմին: Մեզ նաև տրվեց ազատ կամքի պարգևը: Հազարավոր միջոցներով, մենք արտոնություն ունենք ինքնուրույն ընտրելու: Այստեղ մենք սովորում ենք մեր կյանքի դժվար փորձառություններից: Մենք տարբերում ենք բարին չարից: Մենք տարբերում ենք որն է դառը, և որը քաղցր: Մենք հայտնագործում ենք, որ մեր գործողություններին հաջորդում են հետևանքներ:

Աստծո պատվիրաններին հնազանդվելով մենք կարող ենք արժանանալ այն «տանը», որի մասին խոսեց Հիսուսը, երբ հայտարարեց՝ «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան … Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու … որ ուր ես եմ, դուք էլ լինիք»:7

Թեև մենք գալիս ենք մահկանացու կյանք «փառքի ամպեր գրկած», կյանքն անողոք առաջ է գնում: Մանկությանը հետևում է երիտասարդությունը, և աննկատ գալիս է հասուն տարիքը: Փորձով սովորում ենք, որ պետք է նայել երկնքին օգնության համար, երբ մեր ուղին եք հարթում կյանքի ճանապարհին:

Մեր Հայր Աստվածը և մեր Տեր Հիսուս Քրիստոսը նշել են կատարելություն տանող ուղին: Նրանք մեզ կոչ են անում հետևել հավերժական ճշմարտություններին և դառնալ Իրենց պես կատարյալ:8

Պողոս Առաքյալը կյանքը նմանեցնում է մրցավազքի: Եբրայեցիներին նա հորդորում է. «Դեն գցենք … մեզ դիուրավ պաշարող մեղքը. և համբերությամբ վազենք մեր առաջին դրած ասպարեզի ընթացքը»:9

Մեր եռանդի մեջ եկեք չանտեսենք իմաստուն խորհուրդը Ժողովողի. «Ընթացքը վազողներինը չէ, և ոչ էլ պատերազմը՝ հաղթողներինը»:10 Իրականում, պարգևը նրանցն է, ովքեր համբերում են մինչև վերջ:

Երբ խորհում եմ կյանքի մրցավազքի մասին, հիշում եմ մեկ այլ մրցման մասին, մանկության օրերից: Ես և ընկերներս վերցնում էինք գրպանի դանակը և ուռենու փափուկ փայտից փոքր խաղալիք նավակներ էինք սարքում: Յուրաքանչյուրը իր եռանկյունաձև կտորից առագաստով հասարակ նավակը մրցման համար դնում էր Յուտայի Պրովո գետի անհանգիստ ջրերի վրա: Մենք վազում էինք գետի ափով և նայում, ինչպես են մեր փոքրիկ նավերը երբեմն ուժեղ ճոճվում սրընթաց հոսանքի վրա, իսկ երբեմն էլ հանգիստ նավարկում, երբ ջուրը խորանում էր:

Մի հատուկ մրցման ժամանակ մենք նկատեցինք, որ մի նավակն առաջնորդում էր մյուսներին դեպի նշված վերջնագիծը: Հանկարծ, հոսանքը նրան տարավ ջրապտույտին շատ մոտ, և նավակը թեքվելով կողքի շրջվեց: Այն անընդհատ պտտվում էր՝ չկարողանալով նորից վերադառնալ դեպի հիմնական հոսանքը: Ի վերջո, այն իր անախորժ հանգրվանը գտավ շրջապատված նավաբեկորներով և անպետք իրերով, ամուր հափշտակվելով կանաչ մամուռի թելիկներով:

Մանկության խաղալիք նավակները չունեին կայունություն ապահովող ողնափայտ, ուղղությունը պահող ղեկ և սնուցման աղբյուր: Դրանք գնում էին միայն հոսանքն ի վար՝ նվազագույն դիմադրության ուղով:

Նավակներին հակառակ, մեզ տրվել են մեր ճանապարհն ուղղորդող աստվածային հատկանիշներ: Մենք մահկանացու կյանք ենք մտնում ոչ թե կյանքի հոսանքներով գնալու, այլ մտածելու, դատելու և հասնելու զորությամբ:

Մեր Երկնային Հայրը մեր հավերժական ճամփորդության մեջ մեզ չի թողել առանց միջոցներ տրամադրելու, որոնցով մենք կարող ենք Նրա առաջնորդությունը ստանալ՝ անվտանգ ետ վերադառնալու համար: Ես խոսում եմ աղոթքի մասին: Ես նաև խոսում եմ այդ մեղմ, հանդարտ ձայնի հուշումների մասին, և չեմ անտեսում սուրբ գրությունները, որոնք պարունակում են Տիրոջ խոսքը և մարգարեների խոսքը, և տրվել են օգնելու մեզ անարգել հասնել վերջնագծին:

Մեր մահկանացու առաքելության որոշ հատվածում ի հայտ են գալիս՝ դողդոջուն քայլեր, հոգնատանջ ժպիտ, հիվանդության ցավ, այսինքն՝ ամառամուտ, աշնան գալուստ, ձմռան ցուրտ, և փորձառություն, որ կոչում ենք մահ:

Յուրաքանչյուր մտածող մարդ ինքն իրեն հարց է տվել, որը կարելի է ձևակերպել Հոբի խոսքերով. «Եթե մարդը մեռավ, մի՞թե կկենդանանա»:11 Որքան էլ փորձենք այդ հարցը մտքից հանել, այն միշտ վերադառնում է: Մահն այցելում է բոլոր մարդկանց: Այն այցելում է երերուն քայլող ծերերին: Մահվան կանչը լսում են նրանք, ովքեր հազիվ են հասել կյանքի կես ճանապարհին: Երբեմն այն լռեցնում է փոքր երեխաների ծիծաղը:

Իսկ ի՞նչ է լինում մահից հետո: Արդյո՞ք մահն ամեն ինչի վերջն է: Ռոբերտ Բլաչֆորդը, իր Աստված և իմ մերձավորը գրքում եռանդագին հարձակում է գործում ընդունված քրիստոնեական համոզմունքների վրա, ինչպիսիք են՝ Աստված, Քրիստոս, աղոթք և հատկապես անմահություն: Նա համարձակ պնդում է, որ մահը մեր գոյության վերջն է և ոչ ոք չի կարող այլ կերպ ապացուցել: Ապա զարմանալի բան է կատարվում: Նրա թերահավատության պատը փլվում ու փոշիանում է: Նա մնում է խոցված և անպաշտպան: Դանդաղ նա սկսում է զգալ իր վերադարձը դեպի հավատ, որը նա ծաղրել էր և որից հրաժարվել: Ի՞նչը պատճառ դարձավ, որ նրա տեսակետն ամբողջովին փոխվեր: Նրա կինը մահացավ: Կոտրված սրտով նա գնաց այն սենյակ, ուր իր մահացած կինն էր պառկած: Նա կրկին նայեց այն դեմքին, որը նա այնքան շատ էր սիրել: Դուրս գալով, նա ասաց ընկերոջը. «Դա նա է, միևնույն ժամանակ նա չէ: Ամեն ինչ փոխված է: Այն, ինչ կար նախկինում, այժմ չկա: Նա նույնը չէ: Ի՞նչն է հեռացել, եթե ոչ հոգին»:

Ավելի ուշ նա գրեց. «Մահը այն չէ, ինչ մարդիկ պատկերացնում են: Դա նման է մեկ այլ սենյակ գնալուն: Այդ մյուս սենյակում մենք կգտնենք … սիրելի կանանց և տղամարդկանց, թանկագին երեխաներին, որոնց սիրել ենք և կորցրել»:12

Իմ եղբայրներ և քույրեր, մենք գիտենք, որ մահը վերջը չէ: Այս ճշմարտությունը դարեր ի վեր ուսուցանվել է կենդանի մարգարեների կողմից: Դա նաև կարող ենք գտնել մեր սուրբ գրություններում: Մորմոնի Գրքում մենք կարդում ենք հատուկ և սփոփող խոսքեր.

«Այժմ, հոգու վիճակի վերաբերյալ մահվան և հարության միջև: Ահա, ինձ համար հայտնի դարձվեց մի հրեշտակի կողմից, որ բոլոր մարդկանց հոգիները, հենց որ նրանք հեռանում են այս մահկանացու մարմնից, այո, բոլոր մարդկանց հոգիները՝ լինեն նրանք բարի, թե չար, տարվում են տուն՝ այն Աստծո մոտ, որը նրանց կյանք էր տվել:

Եվ հետո պիտի լինի այնպես, որ նրանց հոգիները, ովքեր արդար են, ընդունվում են երջանկության մի վիճակի մեջ, որը կոչվում է դրախտ՝ հանգստության մի վիճակ, խաղաղության մի վիճակ, որտեղ նրանք պիտի հանգստանան բոլոր իրենց տագնապներից և բոլոր մտահոգություններից, և վշտից»:13

Փրկչի խաչումից և երեք օր Նրա մարմինը գերեզմանում մնալուց հետո, հոգին կրկին վերադարձավ: Քարը գլորված էր և հարություն առած Քավիչը դուրս էր եկել՝ հագած մսից ու ոսկորից անմահ մարմին:

«Եթե մարդը մեռավ, մի՞թե կկենդանանա» Հոբի հարցի պատասխանը եկավ, երբ Մարիամը և մյուսները մոտեցան գերեզմանին և տեսան երկու տղամարդ փայլուն հանդերձներով, որոնք ասացին նրանց. «Ի՞նչ եք կենդանին մեռելների մեջ որոնում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»:14

Գերեզմանի դեմ Քրիստոսի տարած հաղթանակի շնորհիվ մենք բոլորս պիտի հարություն առնենք: Սա է հոգու փրկագնումը: Պողոսը գրել է. «Կան երկնավոր մարմիններ էլ, երկրավոր մարմիններ էլ. բայց ուրիշ է երկնավորների փառքը, և ուրիշ է երկրավորների փառքը»:15

Մենք սելեստիալ փառքին ենք ձգտում: Մենք ցանկանում ենք Աստծո ներկայությամբ բնակվել: Մենք ցանկանում ենք հավիտենական ընտանիքի անդամը լինել: Այդ օրհնությունները կարող ենք վաստակել՝ ողջ կյանքի ընթացքում ձգտելով, փնտրելով, ապաշխարելով և, ի վերջո, հաջողության հասնելով:

Որտեղի՞ց ենք մենք եկել: Ինչո՞ւ ենք այստեղ: Ո՞ւր ենք գնալու այս կյանքից հետո: Այս համընդհանուր հարցերն այլևս կարիք չունեն անպատասխան մնալու: Իմ սրտի խորքից և ողջ խոնարհությամբ, ես վկայում եմ, որ այն ամենը, ինչի մասին ես խոսեցի, ճշմարիտ են:

Մեր Երկնային Հայրը ցնծում է նրանց համար, ովքեր պահում են Իր պատվիրանները: Նա մտահոգվում է նաև իր կորած զավակով, դանդաղկոտ դեռահասով, կամակոր երիտասարդով, օրինազանց ծնողով: Վարդապետը մեղմորեն խոսում է նրանց և, անշուշտ, բոլորի հետ. «Ետ եկեք: Բարձրացեք: Ներս մտեք: Տուն եկեք: Ինձ մոտ եկեք»:

Մյուս շաբաթ մենք տոնելու ենք Զատիկը: Մեր մտքերը կդառնան դեպի Փրկչի կյանքը, մահը և Հարությունը: Որպես Նրա հատուկ վկա, ես վկայում եմ ձեզ, որ Նա ապրում է և սպասում է մեր հաղթական վերադարձին: Որ մենք այդպիսի վերադարձ ունենանք, ես խոնարհաբար աղոթում եմ Նրա, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի, մեր Փրկչի և մեր Քավիչի սուրբ անունով, ամեն: