2010–2019 թթ․
Կրկին հավաքվելով
Ապրիլ 2012


Կրկին հավաքվելով

Մեր Երկնային Հայրը մտածում է մեզանից յուրաքանչյուրի և մեր կարիքների մասին: Թող մենք լցված լինենք Նրա Հոգով, մինչ մասնակցում ենք այս համաժողովին:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մինչ մենք կրկին հավաքվել ենք Եկեղեցու գերագույն համաժողովին, ես ողջունում եմ ձեզ և արտահայտում իմ սերը ձեր հանդեպ: Մենք հանդիպում ենք վեց ամիսը մեկ, որպեսզի ամրացնենք միմյանց, խրախուսենք, սփոփանք պարգևենք և հավատք կառուցենք: Մենք այստեղ սովորելու համար ենք: Ձեր մեջ կան մարդիկ, ովքեր պատասխաններ են փնտրում հարցերին և խնդիրներին, որոնց հանդիպել են կյանքում: Մյուսները տառապում են հիասթափություններից կամ կորուստներից: Յուրաքանչյուրը կարող է լուսավորվել, բարձրացվել և մխիթարվել, զգալով Տիրոջ Հոգին:

Եթե կա փոփոխությունների կարիք, որ պետք է կատարեք ձեր կյանքում, թող որ դուք խրախուսանք և քաջություն գտնեք դա անելու, լսելով ոգեշնչված խոսքերը, որոնք կասվեն: Թող մեզանից յուրաքանչյուրը որոշի նորացնել իր կյանքը, որպեսզի մենք լինենք մեր Երկնային Հոր արժանի որդիները և դուստրերը: Թող որ մենք շարունակենք դիմակայել չարիքին, որտեղ էլ որ այն լինի:

Որքան օրհնված ենք մենք, որ եկել ենք երկիր այս ժամանակ՝ աշխարհի երկար պատմության այս հրաշալի ժամանակ: Մենք չենք կարող բոլորս միասին լինել մեկ տանիքի տակ, սակայն այժմ մենք հնարավորություն ունենք մասնակցելու այս համաժողովին հեռուստատեսության, ռադիոյի, կաբելային հաղորդակցման, արբանյակային հեռարձակման և համացանցի, անգամ շարժական սարքերի շնորհիվ: Մենք հավաքվում ենք մեկ հոգու նման, խոսելով տարբեր լեզուներով, ապրելով տարբեր երկրներում, սակայն բոլորս պատկանում ենք մեկ հավատքի, մեկ վարդապետության և մեկ նպատակի:

182 տարի առաջ փոքր սկիզբ ունենալով, մեր ներկայությունը այժմ ողջ աշխարհով մեկ է: Այս մեծ գործը, որի մեջ մենք ներգրավված ենք, կշարունակի առաջ գնալ, փոխելով և օրհնելով կյանքեր, ինչպես այժմ: Ամբողջ աշխարհում չկա ոչ մի ուժ, ոչ մի պատճառ, որը կարող է կանգնեցնել Աստծո աշխատանքը: Անկախ նրանից, թե ինչ կլինի, այս մեծ աշխատանքը առաջ կընթանա: Դուք հիշում եք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մարգարեական խոսքերը. «Ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել աշխատանքը առաջ գնալուց. Հալածանքներ կմոլեգնեն, ամբոխներ կմիանան, բանակներ կհավաքվեն, կործանումներ կլինեն, սակայն Աստծո ճշմարտությունը առաջ կգնա համարձակ, ազնվաբարո և անկախ, մինչև որ թափանցի ամեն մայրցամաք, ամեն կլիմայական շրջան, տարածվի բոլոր երկրներով և հնչի ամեն ականջի մեջ, մինչև որ Աստծո նպատակները չիրականանան և Մեծ Եհովան ասի, որ աշխատանքը կատարված է»:1

Այսօր աշխարհում շատ բան կա, որ դժվար է և բարդ, իմ քույրեր և եղբայրներ, սակայն կա նաև շատ բան, ինչ բարի է և վեհացնող: Ինչպես հռչակում է մեր հավատո տասներեքերրոդ հանգանակը. «Եթե մի բան առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի,– մենք ձգտում ենք այդ ամենին»: Թող որ մենք միշտ շարունակենք անել դա:

Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր հավատքի և նվիրվածության համար ավետարանին: Ես շնորհակալ եմ ծառայության համար, որը դուք կատարում եք ձեր ծխերում, ճյուղերում, ցցերում և շրջաններում: Այդ ծառայությունն է, որ թույլ է տալիս Տիրոջը իրականացնել երկրի վրա Իր նպատակներից շատերը:

Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում իմ հանդեպ ձեր բարության համար, որտեղ էլ որ ես լինում եմ: Ես շնորհակալ եմ ինձ համար ասվող ձեր աղոթքների համար: Ես զգում եմ այդ աղոթքները և մեծապես երախտապարտ եմ:

Այժմ, իմ եղբայրներ և քույրեր, մենք պետք է ուսուցանվենք և ոգեշնչվենք: Շատ ուղերձներ կհնչեն հաջորդ երկու օրվա ընթացքում: Ես կարող եմ հավատացնել ձեզ, որ այն տղամարդիկ և կանայք, ովքեր կդիմեն ձեզ իրենց խոսքով, իրենց ուղերձները պատրաստելիս փնտրել են երկնային օգնությունը և ուղղությունը: Նրանք ոգեշնչվել են այն ամենի համար, ինչով կկիսվեն մեզ հետ:

Մեր Երկնային Հայրը մտածում է մեզանից յուրաքանչյուրի և մեր կարիքների մասին: Թող մենք լցված լինենք Նրա Հոգով, մինչ մասնակցում ենք այս համաժողովին: Սա է իմ անկեղծ աղոթքը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 444.