2010–2019 թթ․
Արդյո՞ք դա արժեր
Ապրիլ 2012


Արդյո՞ք դա արժեր

Բնական և նորմալ ընթացքով ավետարանը քարոզելու գործընթացը նրանց, ում մասին մենք մտահոգվում ենք և ում սիրում ենք, մեր կյանքում կլինի և աշխատանք և ուրախություն:

Այս համաժողովի և վերջին այլ հավաքների ժամանակ1 մեզանից շատերը հարց են տալիս՝ Ի՞նչ կարող եմ ես անել օգնելու համար կառուցել Տիրոջ Եկեղեցին և տեսնելու իրական աճ այնտեղ, որտեղ ես ապրում եմ:

Այս և ցանկացած այլ կարևոր հարցում մեր ամենակարևոր աշխատանքը միշտ կատարվում է մեր սեփական տանը և ընտանիքում:2 Մեր ընտանիքներում է, որ Եկեղեցին հիմնվում է և իրական աճը տեղի է ունենում:3 Մենք պետք է ուսուցանենք մեր երեխաներին ավետարանի սկզբունքները և վարդապետությունները: Մենք պետք է օգնենք նրանց հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ և պատրաստենք նրանց մկրտությանը, երբ նրանք դառնան ութ տարեկան:4 Մենք պետք է ինքներս հավատքով լինենք, որպեսզի նրանք կարողանան տեսնել Տիրոջ և Նրա Եկեղեցու հանդեպ սիրո մեր օրինակը: Սա օգնում է մեր երեխաներին ուրախություն զգալ պատվիրանները պահելու մեջ, երջանկություն ընտանիքներում և երախտագիտություն ուրիշներին ծառայելու մեջ: Մեր տներում մենք պետք է հետևենք Նեփիի տված ուղուն, որի մասին նա ասել է.

«Մենք աշխատում ենք ջանասիրաբար՝ … համոզելու մեր զավակներին … հավատալու Քրիստոսին և հաշտվելու Աստծո հետ…

… Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»:5

Մենք ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի բերենք այս օրհնությունները մեր երեխաներին, նրանց հետ հաճախելով եկեղեցի, անցկացնելով ընտանեկան երեկո և միասին կարդալով սուրբ գրքերը: Մենք ամեն օր աղոթում ենք մեր ընտանիքով, ընդունում ենք կոչումները, այցելում ենք հիվանդներին և միայնակներին և անում շատ այլ բաներ, որոնք թույլ են տալիս մեր երեխաներին իմանալ, որ մենք սիրում ենք իրենց և մեր Երկնային Հորը, Նրա Որդուն և Նրանց Եկեղեցին:

Մենք խոսում և մարգարեանում ենք Քրիստոսի մասին, երբ ընտանեկան տնային երեկոյի դաս ենք մատուցում կամ նստում մեր երեխայի հետ և պատմում նրան նրա հանդեպ մեր սիրո և վերականգնված ավետարանի վերաբերյալ մեր վկայության մասին:

Մենք կարող ենք գրել Քրիստոսի մասին, նամակներ գրելով նրանց, ովքեր հեռու են տնից: Ծառայող միսիոներները, բանակում գտնվող որդիները և նրանք, ում մենք սիրում ենք, օրհնվում են մեր գրած նամակներով: Տնից ուղարկված նամակները արագ գրված էլեկտրոնային նամակներ չեն: Իրական նամակները շոշափելի են. դրանք կարելի է բռել, խորհել դրանց մասին և փայփայել:

Մենք օգնում ենք մեր երեխաներին վստահել Փրկչի Քավությանը և իմանալ սիրող Երկնային Հոր ներման մասին, դրսևորելով սեր և ներողամտություն որպես ծնողներ: Մեր սերը և ներողամտությունը ոչ միայն ավելի են մոտեցնում երեխաներին մեզ, այլ նաև կառուցում հավատք, քանի որ նրանք իմանում են, որ իրենց Երկնային Հայրը սիրում է իրենց և որ Նա կների իրենց, եթե նրանք ապաշխարեն և ձգտեն անել և լինել ավելի լավը: Նրանք վստահում են այս ճշմարտությանը, որոովհետև նույնը զգացել են իրենց երկրային ծնողների կողմից:

Ի լրումն այն աշխատանքի, որը մենք կանենք մեր ընտանիքում, Նեփին ուսուցանել է, որ «մենք աշխատում ենք ջանասիրաբար՝ … համոզելու մեր եղբայրներին … հավատալու Քրիստոսին և հաշտվելու Աստծո հետ»:6 Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, յուրաքանչյուրս ունի ավետարանով կիսվելու օրհնություն և պատասխանատվություն: Կան մարդիկ, ովքեր իրենց կյանքում ավետարանի կարիքն ունեն, բաց դեռ Եկեղեցու անդամ չեն: Ոմանք մի ժամանակ մեր մեջ էին, սակայն նորից պետք է զգան այն ուրախությունը, որը զգացել են, երբ ընդունել են ավետարանը իրենց կյանքի ավելի վաղ շրջանում: Տերը սիրում է և նրան, ով երբեք չի ունեցել ավետարանը, և նրան, ով վերադառնում է Իր մոտ:7 Նրա և մեր մոտ, կարևոր չէ: Սա մեկ աշխատանք է: Անկախ իրենց վիճակից, դա հոգիների արժեքն է, որ կարևոր է մեր Երկնային Հոր, Նրա Որդու և մեզ համար:8 Մեր Երկնային Հոր և Նրա Որդու աշխատանքն է «բերել անմահություն և հավերժական կյանք»9 Նրա բոլոր զավակներին, անկախ նրանց ներկա պայմաններից: Մեր օրհնությունն է օգնել այդ մեծ գործում:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը բացատրել է, թե ինչպես մենք կարող են օգնել. «Մեր միսիոներական փորձառությունները պետք է միշտ կենդանի լինեն: Բավական չէ նստել և խորհել նախկին փորձառությունների մասին: Իրականացման համար դուք պետք է շարունակեք բնական և նորմալ ընթացքով քարոզել ավետարանը»:10

Բնական և նորմալ ընթացքով ավետարանը քարոզելու գործընթացը նրանց, ում մասին մենք մտահոգվում ենք և ում սիրում ենք, մեր կյանքում կլինի և աշխատանք և ուրախություն: Թույլ տվեք պատմել ձեզ երկու նման փորձառության մասին:

Դեյվ Օրչարդը մեծացել է Սոլթ Լեյք Սիթիում, որտեղ նրա ընկերների մեծ մասը Եկեղեցու անդամներ են: Նրանք մեծ ազդեցություն ունեին իր վրա: Բացի դա, իր հարևան Եկեղեցու ղեկավարները շարունակ հրավիրում էին նրան միջոցառումներին: Նույնը արեցին և նրա ընկերները: Թեև նա այդ ժամանակ չէր միացել Եկեղեցուն, հասունացման այդ տարիքում նա օրհնված էր ՎՕՍ լավ ընկերների և Եկեղեցու միջոցառումների ազդեցությամբ: Քոլեջ ընդունվելուց հետո նա տեղափոխվեց տնից, իսկ նրա ընկերներից շատերը մեկնեցին միսիա: Նրա կյանքում պակասում էր նրանց ազդեցությունը:

Դեյվի ավագ դպրոցի ընկերներից մեկը դեռ տանն էր: Այդ ընկերն ամեն շաբաթ հանդիպում էր իր եպիսկոպոսի հետ, աշխատելով կարգի բերել իր կյանքը և ի վիճակի լինել ծառայել որպես միսիոներ: Նա և Դեյվը վարձեցին մի բնակարան և կարծես բնական և նորմալ էր, որ նրանք խոսում էին այն մասին, թե ինչու նա չէր ծառայում որպես միսիոներ և հաճախ հանդիպում եպիսկոպոսի հետ: Նրա ընկերը արտահայտեց իր երախտագիտությունը և հարգանքը իր եպիսկոպսի հանդեպ և ապաշխարելու ու ծառայելու հնարավորության համար: Ապա նա հարցրեց Դեյվին, թե արդյոք չէր ցանկանա գալ իր հաջորդ առանձնազրույցին: Ինչպիսի հրավեր: Սակայն նրանց ընկերության և իրավիճակի պայմաններում, դա և բնական էր, և նորմալ:

Դեյվը համաձայնվեց և շուտով ինքը հանդիպեց եպիսկոպոսի հետ: Դրա արդյունքում Դեյվը որոշում կայացրեց հանդիպել միսիոներների հետ: Նա վկայություն ստացավ այն մասին, որ ավետարանը ճշմարիտ է, և նրա մկրտության ամսաթիվը որոշվեց: Դեյվին մկրտեց նրա եպիսկոպոսը և մի տարի անց Դեյվ Օրչարդը և Քեթրին Էվանսը ամուսնացան տաճարում: Նրանք ունեն հինք սքանչելի զավակ: Քեթրինը իմ փոքր քույրն է: Ես ընդմիշտ շնորհակալ եմ այդ լավ ընկերոջը, որը, լավ եպիսկոպոսի հետ միասին, բերեցին Դեյվին Եկեղեցի:

Խոսելով այդ դարձի մասին և բերելով իր վկայությունը, Դեյվը հարցնում է. «Արդյո՞ք դա արժեր: Արդյո՞ք ընկերների, երիտասարդների ղեկավարների և իմ եպիսկոպոսի տարիների ջանքերը արժեին, որ միայն մեկ տղա մկրտվեր»:Քեթրինին և իրենց հինգ զավակներին ցույց տալով, նա ասաց. «Դե, առնվազն կնոջս և մեր հինգ երեխաների համար պատասխանը դրական է»:

Երբ քարոզվում է ավետարանը, երբեք խոսք չի գնում «միայն մեկ տղայի» մասին: Երբ դարձ է տեղի է ունենում կամ որևէ մեկը վերադառնում է Տիրոջ մոտ, ընտանիք է փրկվում: Մեծանալով, Դեյվի ու Քեթրինի բոլոր երեխաները ընդունեցին ավետարանը: Մեկ դուստրը և երկու որդիները ծառայեցին որպես միսիոներներ և մյուսը վերջերս կանչվել է ծառայելու Էլփին գերմանախոս միսիայում: Երկու ավագ երեխաները ամուսնացել են տաճարում, իսկ կրտսերը այժմ ավագ դպրոցում է՝ ամեն առումով հավատքով լի: Արդյո՞ք դա արժեր: Այո, դա արժեր:

Քույր Էյլին Վեյթը մասնակցում էր ցցի նույն համաժողովին, որի ժամանակ Դեյվ Օրչարդը պատմում էր իր դարձի գալու մասին: Ողջ համաժողովի ընթացքում նա մտածում էր միայն իր ընտանիքի մասին, մասնավորապես իր քրոջ՝ Միշելի մասին, որը երկար ժամանակ արդեն հեռացել էր Եկեղեցուց: Միշելը ամուսնալուծված էր և փորձում էր մեծացնել չորս երեխաների: Էյլինը սկզբում զգաց, որ պետք է ուղարկեր նրան Երեց Մ. Ռասսել Բալլարդի Երջանկության մեր որոնումը գիրքը՝ իր վկայության հետ միասին, ինչը և արեց: Հաջորդ շաբաթ Էյլինի ընկերուհիներից մեկը նրան ասաց, որ նույնպես զգացել է, որ պետք է կապ հաստատեր Միշելի հետ: Այդ ընկերուհին նույնպես մի գրություն ուղարկեց Միշելին, կիսվելով իր վկայությամբ և արտահայտելով իր սերը: Արդյո՞ք հետաքրքիր չէ, թե որքան հաճախ է Հոգին աշխատում մի քանիսի հետ՝ կարիքի մեջ գտնվող մեկ հոգուն օգնելու համար:

Ժամանակ անցավ: Միշելը զանգահարեց Էյլինին և շնորհակալություն հայտնեց նրան գրքի համար: Նա ասաց, որ սկսել էր զգալ իր կյանքում հոգևոր պակասը: Եյլինը նրան ասաց, որ գիտեր, որ խաղաղությունը, որը նա փնտրում էր, կարելի է գտնել ավետարանում: Նա ասաց, որ սիրում էր նրան և ցանկանում էր, որ նա երջանիկ լիներ: Միշելը սկսեց փոփոխություններ կատարել իր կյանքում: Շուտով նա հանդիպեց մի հիանալի տղամարդու, որն ակտիվ էր Եկեղեցում: Նրանք ամուսնացան և մի տարի անց կնքվեցին Յուտայի Օգդենի Տաճարում: Վերջերս նրա 24-ամյա որդին մկրտվեց:

Միշելի ընտանիքի մյուս անդամներին և բոլորին, ովքեր դեռ չգիտեն, որ այս Եկեղեցին ճշմարիտ է, ես հրավիրում եմ աղոթքով մտածել, թե արդյոք Եկեղեցին ճշմարիտ է: Թույլ տվեք ձեր ընտանիքին և ընկերներին և միսիոներներին օգնել: Երբ դուք իմանաք, որ այն ճշմարիտ է, եկեք և միացեք մեզ, կատարելով այդ քայլը ձեր կյանքում:

Այս պատմության վերջը դեռ չի գրվել, սակայն օրհնություններ տրվեցին այս հրաշալի կնոջը և նրա ընտանիքին, որովհետև նրանք, ովքեր սիրում էին նրան, գործեցին, հետևելով հուշումներին, և բնական ու նորմալ ճանապարհով կիսվեցին իրենց վկայությամբ և հրավիրեցին նրանց վերադառնալ ետ:

Ես շատ եմ մտածել այս երկու պատմությունների մասին: Մի պատանի, որն աշխատում էր կարգի բերել իր սեփական կյանքը, օգնեց մեկ այլ պատանուն, ով փնտրում էր ճշմարտությունը: Մի կին կիսվեց իր վկայությամբ և հավատքով իր քրոջ հետ, որը 20 տարի Եկեղեցուց հեռացել էր: Եթե մենք աղոթենք և հարցնենք Երկնային Հորը, թե ում կարող ենք օգնել, և եթե գործենք ըստ այն հուշումների, որոնք Նա տալիս է մեզ, Նա կպատասխանի մեր աղոթքներին և մենք կդառնանք գործիքներ Նրա ձեռքերում, կատարելով Նրա գործը: Հոգու հուշումներին սիրով հետևելը խթանիչ ուժ է հանդիսանում:11

Լսելով բնական և նորմալ ճանապարհով ավետարանով կիսվելու այս փորձառությունների մասին նրանց հետ, ում մասին մենք հոգ եք տանում, շատերդ կարող եք տեսնել, որ ունեցել եք նույն փորձառությունը, որն ունեցավ Էյլին Վեյթը: Դուք մտածել եք մեկի մասին, ում պետք է օգնեիք և հրավիրեիք նրան վերադառնալ ետ, կամ կիսվեիք նրա հետ Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին ձեր զգացմունքներով: Իմ հրավերն է ձեզ՝ գործել ըստ այդ հուշումի, առանց հապաղելու: Խոսեք ձեր ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ: Արեք դա բնական և նորմալ ճանապարհով: Թույլ տվեք, որ նրանք իմանան իրենց հանդեպ ձեր և Տիրոջ սիրո մասին: Միսիոներները կարող են օգնել: Իմ խորհուրդը նույնն է, ինչ Նախագահ Մոնսոնն է տվել այս ամբիոնից բազմաթիվ անգամ. «Երբեք մի հետաձգեք հուշումը»:12 Գործելով ըստ հուշումի և անելով դա սիրով, դուք կտեսնեք, ինչպես է մեր Երկնային Հայրն օգտագործում ձեր գործելու ցանկությունը և հրաշք գործում ձեր և այն անձի կյանքում, ում մասին դուք հոգ եք տանում:13

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք կարող ենք կառուցել Նրա Եկեղեցին և տեսնել իրական աճ, աշխատելով և բերելով ավետարանի օրհնությունները մեր ընտանիք և նրանց, ում սիրում ենք: Դա մեր Երկնային Հոր և Նրա Որդու աշխատանքն է: Ես գիտեմ, որ Նրանք ապրում են և որ Նրանք պատասխանում են աղոթքներին: Գործելով այդ հուշումների համաձայն, հավատք ունենալով հրաշք գործելու Նրանց ունակությանը, մենք կտեսնենք, ինչպես հրաշքներ տեղի կունենան և կյանքեր կփոխվեն: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Worldwide Leadership Training Meeting, Feb. 11, 2012, LDS.org:

  2. Տես Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2000), 134:

  3. Տես Boyd K. Packer, “Priesthood Power in the Home,” Worldwide Leadership Training Meeting, Feb. 11, 2012, LDS.org:

  4. Տես Վարդապետություն և Ուխտեր 68.25–28:

  5. 2 Նեփի 25.23, 26:

  6. 2 Նեփի 25.23:

  7. Տես Ղուկաս 15.4–7:

  8. Տես Վարդապետություն և Ուխտեր 18.10:

  9. Մովսես 1.39:

  10. “Status Report on Missionary Work: A Conversation with Elder Thomas S. Monson, Chairman of the Missionary Committee of the Council of the Twelve,” Ensign, Oct. 1977, 14.

  11. Տես Thomas S. Monson, “Anxiously Engaged,” Liahona, Nov. 2004, 56–59; “To the Rescue,” Liahona, July 2001, 57–60; “The Doorway of Love,” Liahona, Oct. 1996, 2–7:

  12. Տես Ann M. Dibb, “My Father Is a Prophet” (Brigham Young University–Idaho devotional, Feb. 19, 2008), byui.edu/devotionalsandspeeches; Thomas S. Monson, “Stand in Your Appointed Place,” Liahona, May 2003, 54–57; “Peace, Be Still,” Liahona, Nov. 2002, 53–56; “Priesthood Power,” Liahona, Jan. 2000, 58–61; “The Spirit Giveth Life,” Ensign, May 1985, 68–70:

  13. Բացի Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնից, մյուս մարգարեները նույնպես ուսուցանել են այս նույն սկզբունքը: Օրինակ, Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը ուսուցանել է Հոգու հուշումների հետևելու կարևորության մասին, ասելով, որ Աստված նկատում է մեզ և հսկում: Սակայն սովորաբար մեկ այլ անձի միջոցով է, որ Նա բավարարում է մեր կարիքները: Հետևաբար, կարևոր է, որ մենք ծառայենք միմյանց արքայությունում (տես Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 82):